Ֆրանսուա Վիյոն | Կյանքը և գործը




Ֆրանսուա Վիյոնի (1431-1463-ից հետո) բանաստեղծությունների մեծ մասը գրված է պահի օրհասականության բացարձակ զգացողությամբ: Այդպիսին է «Կտակը», որը ներկայացնում է նրա ստեղծագործության բոլոր տարրերի համադրությունը: Այդ տարրերից են նախ և առաջ հակասականությունը և հեգնանքը, քնարական սուբյեկտիվիզմը և ծայրահեղ սենսուալիզմը՝ ձգտումը դեպի կյանքի զգայական վայեքները:
Վիյոնը պատկանել է Փարիզի ուսանողական բոհեմին: 1456 թ. ավազակային հերթական հարձակմանը մասնակից բանաստեղծը լքում է Փարիզը և գրում է իր «Փոքր կտակը», որտեղ ընկերներին և թշնամիներին է թողնում գինետան ցուցանակը, գարեջրի գավաթը, դատարկ քսակը և այլն: Ներում ստանալով և վերադառնալով Փարիզ՝ նա գրում է «Մեծ կտակը», որի մեջ ներառում է նաև թափառման տարիներին գրված բանաստեղծությունները:
Հարուստ խառնվածքի և բարձր ինքնագիտակցության տեր Վիյոնը բացառիկ անկեղծությամբ պատմում է իր նախասիրությունների, անօրենությունների, տառապանքի, արատների և իր սիրելիի անսրտության մասին, որը սիրում է իրեն միայն վճարի դիմաց: Պատմում է, թե ինչպես է իր մյուս սիրելիի հրամանով ենթարկվել դաժան ծեծի, ինչպես է կավատի կարգավիճակում ապրել «չաղլիկ Մարգոյի» հետ, տրվել նրա հետ հարբեցողության, ծեծել նրան, ինչպես է շրջել երկրով մեկ՝ ընկերակցելով գողերին ու ավազակներին, ինչպես է տառապել բանտում և ինչպես է մահապատժի նախօրեին ծածկվել սառը քրտինքով:
Վիյոնն անձնական զգացողության տակավին նոր սրություն է հաղորդում իր խոստովանություններին՝ միաժամանակ վեր խոյանալով դրանցից շնորհիվ հեգնանքի և քննադատական վերաբերմունքի: Խոսելով իր մասին՝ Վիյոնը նկատի ունի գլխավորապես իր ժամանակը: Ճակատագիրը դես ու դեն է նետում Փարիզի համալսարանի շրջանավարտին, որը չի կարողանում կողմնորոշվել սխոլաստիկական բանաձևերի և հումանիստական մտքի առաջին ցոլքերի մեջ: Թաթախվելով արկածախնդիր և անօրեն գոյության մեջ՝ նա այդկերպ բավարարում է իր բուռն կրքերը և ըմբոստ մտքերի ծարավը:
Վիյոնը միստիկայի և միջնադարյան մետաֆիզիկայի մոլեգին թշնամի է: Նա բացահայտում է մարմնավոր սիրո և կրքի թեման՝ պսակազերծ անելով նրբին զգացմուքների կուրտուազ իդեալականացումը: Նա երգում է գինին, փառաբանում է անցյալի մեծ հարբեցողներին՝ Նոյին և Ղովտին: Դրա հետ մեկտեղ նրա պոեզիան լավ գիտի ամենայն գեղեցիկի անցողիկության մասին: Այս թեմայի վրա է կառուցված «Անցյալի տիկնանց մասին բալլադը»:
«Կախաղան հանվածների մասին բալլադում» Վիյոնը դիտում է մահվան ճշմարտությունը ներսից՝ մահացածների աչքերով, այն աչքերով, որոնք «հանել են ագռավները»:
Վիյոնի պոեզիան կառուցվում է հակասությունների վրա: Սա միջնադարի մայրամուտն է և Վերածնության նախաշեմը: Վիյոնի մեջ ծնվում է նոր մարդը, որը փորձում է գտնել իրեն և չի կարողանում, փնտրում է ուղիներ և չի գտնում:

Վիյոնի ազդեցությունը այս կամ այն չափով նկատելի է Ռաբլեի, Լաֆոնտենի և Մոլիերի վրա:

Տես նաև Ֆրանսու Վիյոն Բալլադներ 
Ֆրանսուա Վիյոն | Կյանքը և գործը Ֆրանսուա Վիյոն | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 02, 2015 Rating: 5
Технологии Blogger.