Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:
Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:
- Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:
- Մեքսիկացիներ են,- ասացի:
- Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:
- Շներին նայիր,- բացատրեցի ես: - Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:
- Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:
- Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:
Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:
- Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:
- Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:
Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.
- Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:
- Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:
- Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:
- Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:
- Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:
- Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:
- Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:
- Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:
- Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:
Հորեղբայրս շվարեց:
- Երեսուն սենթ,- կասծածելով ասաց նա: - Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:
- Ժամը երեսուն սենթ,- ասացի մեքսիկացուն:
- Չէ,- ասաց Ժուանը,- բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:
- Ի՞նչ,- անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:
- Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:
- Ովքե՞ր են այդ սովածները:
- Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:
Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:
- Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:
- Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:
Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:
- Սա ի՞նչ է,- հարցրեց նա ինձ:
- Մեքսիկացու շներից մեկն է,- ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:
- Ասա՝ թող հեռու գնա:
- Հեռու գնա,- խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.
- Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:
- Ճիշտ է,- ասացի ես;
- Մի պեննի էլ չարժե:
- Պեննիի կեսի կեսն էլ չարժի,- ասացի ես,- վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:
- Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:
- Երբեք:
- Գողերի կարող է վախեցնել:
- Երբեք,- ասացի ես: - Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:
- Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:
- Ոչ մի օգուտ:
- Չեմ հասկանում,- համառեց հորեղբայրս,- ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:
- Մեքսիկացիներ են,- ասացի ես,- պարզ մեքսիկացի մարդիկ են:
- Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:
- Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:
- Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:
- Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:
- Նա կենդանիներին էլ է հաշվում:
- Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա,- ասաց հորեղբայրս:
- Որթատունկ էտել գիտե՞ք,- հարցրի ես մեքսիկացուն:
- Ոչ սենյոր, ես զինվոր եմ:
- Ի՞նչ ասաց,- չհասկացավ հորեղբայրս:
- Նա զինվոր է,- ասացի ես,- քաջ զինվոր:
- Պատերազմն արդեն վերջացել է,- Ժուանին հայտնեց հորեղբայրս:
Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:
- Հեռացրու հրացանը,- ասաց նա: - Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:
Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.
- Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:
- Չի սպանի,- ասացի ես:
- Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին,- ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:
Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:
- Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ,- պնդեց նա:
Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:
- Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:
- Երեխաներ են,- ասացի ես: - Երկու տղա, երեք աղջիկ:
- Ի՞նչ են ուզում երեխաները:
- Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:
- Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: - Նա որթնատունկ էտել չգիտի:
- Ամեն մարդ էլ կարող է սովորել:
- Նա կավերի իմ այգին:
- Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:
- Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:
- Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:
- Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:
- Սենյոր Քաբրալ,- դարձա ես մեքսիկացուն,- դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:
- Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:
-Այո,- ասացի ես,- համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:
- Աշխատանքը շա՞տ է,- հարցրեց մեքսիկացին:
- Բոլորովին աննշան է,- ասացի ես
- Հաճելի՞ աշխատանք է:
- Անչափ հաճելի է,- ասացի ես,- և առողջության համար օգտակար:
Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:
- Սենյոր,- այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս,- ես կաշխատեմ ձեր այգում:
- Ինձ համար մեծ պատիվ է,- թոթովեց հորեղբայրս:
Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:
Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:
Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:
- Գործերն ինչպե՞ս են,- հարցրեց նա:
- Հրաշալի,- ասացի ես:
Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.
- Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:
- Շները կապ չունեն,- ասացի ես,- ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:
- Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի,- ասաց հորեղբայրս:
- Ոչ,- ասացի,- նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:
- Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:
- Ավելի առողջ երբեք չեն լինում:
- Ի՞նչ են ուտում:
- Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: - Այն բաները, որ քեզ համար անօգուտ են:
- Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:
- Անկասկած,- ասացի:
- Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:
- Չէ, ասացի,- տրակտորը չափից շատ ծանր է:
- Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի,- ասաց հորեղբայրս:
- Գիտեմ,- ասացի,- նախանցյալ տարի էլ նույն էր:
- Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում,- բողոքեց հորեղբայրս: - Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:
- Միգուցե այս տարի կփոխվի՞:
- Կարծո՞ւմ ես:
- Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:
- Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:
- Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու,- ասացի:
- ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: - Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:
- Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:
- Նրանք կքշեին շներին:
- Եվ կքարկոծեին,- ասացի ես:
- Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:
Մենք այլևս ոչ մի բառ չխոսեցինք ճանապարհին:
Տես նաև Ծիծաղ և Առաջին օրը դպրոցում
Վիլյամ Սարոյան | Մեքսիկացին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 02, 2016 Rating: