Գրիգոր Զոհրապ | Փոթուրլըն


Վերադարձին՝ մրցանակաբաշխութենեն – ո՞վ հնարեր է այս բարբարոս բառը – Զարուհի՝ երջանիկ, բայց քիչ մը հոգնած հանդեսին հուզումներեն, իր ոսկեզօծ գրքերուն ծրարը թևին տակ, դեղին մանառիկ ու զառիվեր փողոցներեն կանցներ, տուներուն առջև նստած գուլպա հյուսող կիներուն, բոբիկ ոտքով հողին վրա փոշիներուն մեջ վազվզող, տապլտկող տղոց մեջեն, զինքը դիտող գեղջուկներուն նետելով հպարտությամբ ու քիչ մըն ալ արհամարհանքով լեցված նայվածքը:
Հաղթական վերադարձ մը իրեններուն քով. իրենց տնակը, վե՛րը, գեղին մեկ ծայրը, ա՜յնքան խարխուլ, ա՜յնքան հին տնակ, որ քովի տուներուն կռթնելուն համար միայն կարծես կանգուն կմնար:
Ինքը իր 16 տարիներու ծլումովը, իր կենսաբույր երիտասարդության բոլոր ճոխություններովը, այս մութ ու աղտոտ խրճիթին մեջ՝ աղբերու պարարտ բողբոջումովը ծաղկած վարդի մը տպավորությունը կձգեր:
Հոս, սակայն, իր շրջանավարտի բոլոր ցնծահույզ խնդությունը անտեղի կթվեր այս աղքատության հանդեպ:
Քիչ մը առաջ արտասանված ճառերեն, տնօրենին և հոգաբարձության իրեն շռայլած գովեստներեն ու ժողովրդին ծափահարություններեն, որ ամեն մեկ մրցանակի շնորհվելուն կկրկնվեին, ամեն կերպ շնորհավորություններու, գրեթե խոստումներու եփներանգ ծաղկեփունջեն՝ ոչինչ կմնար ահա իր ձեռքը, տանը սեմեն ներս ոտք կոխած վայրկյանեն:
Իր հիվանդ ու ցավագար մայրը անկողինն էր ու պզտիկ եղբորը, ցնցոտիներ հագած 4 տարու երեխայի մը, ճչելու, պոռալու ձայնը, որ փողոցին ծայրեն կլսվեր, դժգոհության մշտնջենական աղաղակը, այս աղքատիկ տան ճշմարիտ ձայնը ըլլալ կթվեր:
Պահ մը մորը անկողնին մոտ գնաց, ցուցնելու անոր իր առած մրցանակներուն շքեղ կազմվածքը, որ, հիվանդ կնոջմեն ավելի, գետինը տախտակին վրա մոռցած մանկիկին ուշադրությունը գրավեց իսկույն: Հետո, վեր ելավ իր փոքրիկ խցիկը, խնամքով զետեղելու, պահելու համար այս ամենը իր դասագրքերուն քով, որոնց՝ այնքան անձկությամբ սպասված վերջավորությունը կբերեր, սպասելով, որ լավագույն կյանքի մը սկզբնավորությունն ալ բերեր միասին:

Բ
Այդ կյանքը կգուշակեր, կտեսներ, գրեթե կվայելեր կանխավ, իր երևակայությանը մեջ: Կանխահաս զարգացումով մը՝ իր աճապարող իմացականությունը իր շուրջի իրական մթնոլորտեն շուտով դուրս հաներ էր զինքը: Ուսումնական աղջիկ մըն էր հիմա, լիովին իրագործելով փափագները իր մորը, Պոլսո մեջ երկար տարիներ ստնտվություն ու սպասավորություն ընող կին, որ իր կաթովը մեծցուցած օտար աղջիկներուն ուսումնական օրիորդներ դառնալը տեսնելով, իր աղջիկն ալ անոնց պես տեսնելու փառասիրությունը ու անձուկը ունեցեր էր: Զավկին քով դառնալուն և նույնիսկ դեռ չդարձած, որևէ ծախք ու զոհողություն չէր խնայեր անոր տալու այն կրթությունը, որ գեղին մեջ էն հարուստի զավակը կրնար ձեռք բերել: Պոլսո հայ հանըմներու կենցաղին վրա՝ հիանալի բաներ պատմած էր իր աղջկան, այնչափ՝ որ ճոխություններու, վայելքներու առասպելախառն ավանդություններով լեցուցեր էր անոր հոգին: Զարուկ՝ իր պզտիկ դասընկերներուն մեջ՝ բան գիտցողն էր ամեն ատեն, վճիռ արձակելու կարողը, որուն ետին իր Պոլիս ապրած մորը հեղինակությունը կար:
Դպրոցին մեջ՝ Զարուհին պսակեր էր իր վրա դրված բոլոր ակնկալությունները, ամեն տարի, ինչպես այս վերջին տարին ալ, առաջին կհանդիսանար քննություններուն մեջ, ծափերով ողջունված ու չորպաճիներու աղջիկներեն ավելի փառավորված:
Եվ մայր ու աղջիկ, միևնույն լռին ու թաքուն համաձայնությամբ, գեղջուկ կյանքե վեր աստիճանի մը հասնելու տենչանքը կսնցուցանեին իրենց սրտին մեջ:
Վարժարանի մեջ, իր Պոլսեցի վարժուհին՝ կատարելագործյալ կնոջ տիպար մը Զարուկին աչքին՝ մնացածը ամբողջացուց: Մայրքաղաքեն հեռանալու համար, անկյալ հրեշտակի մը ձևերը ուներ այս կինը և գեղացի աղջիկներուն քով ապրելու, անոնց բան սովորցնելու պարտականությունը՝ պատիժ մը կրելու պես ի գործ կդներ: Պոլիսը, իր Պոլիսը հիշելու առիթը չէր փախցներ. Գերագույն բաղդատության եզրը որուն տակ՝ բոլոր գեղը գեղացին ու գեղին դպրոցը կընկճեր, կփճացներ:
Զարուկ, երբոր բարձրագույն կարգը անցավ, ընկերուհի մը եղավ անոր, այնքան ավելի մտերիմ, որքան միևնույն խուլ տրտունջը կար երկուքին ալ սրտին մեջ:
Ընթերցանությունն ալ եկավ իր բաժինը բերելու այս մատաղ հոգին խռովեցնող հովերուն մեջ, և դպրոցական վերջին տարին, երազամոլ տարին մը եղավ, չքնաղ ու անդարձ տարին, որուն մեջ քաղքենի կյանքը, իր բոլոր չնչին մանրամասնություններովը, անմիտ կարգ ու սարքովը, այլազանությամբը, վարքերու արտոնյալ ազատությամբը՝ գունագեղ երանգներու ծիրանի գոտիի մը պես իր գեղացիի նսեմ մթնոլորտին վրա կգծագրվեր ամեն վայրկյան:

Գ
Առտուն կանուխ աղբուրին քով հավաքված էին մահալեին աղջիկները, կիները, մեյ մեկ դույլ, մեյ մեկ պարխան ձեռքերնին, կանուխ-կանուխ սկսելով իրենց տնեցի աշխատավորի միօրինակ վաստակը ու բամբասանքը:
Աղբուրը ամեն անցած դարձածի, ամեն գայթակղությանց արձագանքի կեդրոնավայրն էր, թելեֆոնի ընդունարանի մը պես, ուրկե լուրը իսկույն կտարածվեր գեղին մեջ հազար ու մեկ բերաններով:
Բարևներեն, առաջ անցնելու պզտիկ վեճերեն ետքը, Իսկուհին, ամենեն հետաքրքիր ու լավատեղյակ կինը բոլոր գեղին, օրվան նոր լուրը հաղորդեց ներկաներուն.
- Գիտե՞ք, աղջիկներ, Օհանճանը Զարուկը ուզեր է:
- Օհանճա՞նը:
Չհավտալու, զարմանալու պզտիկ մրմունջ մը՝ որուն վրա նախանձի պզտիկ հով մը կթռչտեր՝ հանդարտ ծովի մը մակերևույթը փոթփոթող թեթև քամիի մը հպումին պես:
Օհանճանը՝ առույգ ու կորովի կտրիճ մը, որուն վրա էին կարգելու աղջիկ ունեցող բոլոր մայրերու աչքերը: Ապայե փոթուրովը, որ իր ջղուտ՝ բայց աղվոր կնկան մը նախանձը շարժելու չափ բարեձև սրունքնին բումբը կգրկեր, չեփկենեն դուրս պոռթկացող լանջքին տոկուն կամարովը, իրեն պես բարձրահասակ մարդոց հատուկ քալվածքին պզտիկ երերումովը, որ պչրանքի պես բան մը կավելցներ առնական հրապույրին վրա, իրոք աղվոր տղա մըն էր անիկա, որուն յազմայով փաթթած ծուռ ֆեսին երկար ծոպը ուսը կծեծեր: Իր նորաբույս ու նուրբ պեխին ոլորքը, առանց ուզելու շատ մը սիրտեր էրած ու մրկած էր:
Ասոնց բոլորին վրա զույգ մը եզի ու աղվոր արտի տեր, պարզ ռենճպերությամբ առաջ եկած, բանվորության մաքուր ու թարմ հոտը, պարզությունը, քիչ մըն ալ ռամկությունը պահելով իր վրա և հպարտանալով այդ ռամկությունովը որ կվայլեր իրեն:
Եվ սակայն գացեր եկեր գիտնական աղջիկ մը իրեն կին առնելու որոշում տվեր էր ահա. տարօրինակ ամուսնության գաղափար, որ իր մտքին մեջ մտեր ու իր կամքին հակառակ հետզհետե գամվեր ու հաստատվեր էր հոն, Տյումային խոսքին համեմատ, այնքան ավելի խոր՝ որքան զարկեր էր այդ գաղափարին վրա:
Պզտիկ մը վերլուծելով՝ գեղին էն ուսյալ աղջիկը, ինքը ռամիկ ու անուս մարդ, իրեն կին առնելու փառասիրութենեն ավելի՝ ճշմարիտ ու հիմնական համակրություն մը այս ընտրությունը թելադրած էր իրեն, և աղքատ աղջիկ մը չքավորութենե ազատելու համեստ, բայց անդորր կենցաղ մը անոր ընծայելու ներքին գոհունակությունը ավելցրած էր այդ համակրության վրա: Ու այս բոլոր մտածումներով առաջնորդված՝ Օհանճան, իր մորը խուլ ընդդիմությանը հակառակ, Զարուկը ուզելու ելեր էր օրին մեկը, անոր շրջանավարտ ըլլալեն 6 ամիս չանցած:
Այս բախտը, որովհետև իրոք բախտ մըն էր ասիկա, աղբյուրին քովը հավաքված կիներուն միաձայն կարծիքին նայելով, միայն Զարուկին աչքին չերևաց սակայն, իր գիտնական աղջիկի երազներեն ռամիկ զարթնում մըն էր ասիկա, ջուր կրող, լաթ լվացող աղջիկներուն սովորական ու գռեհիկ ամուսնությունը՝ հողագործի մը հետ, անոր կոպիտ ու դժնդակ ապրուստին մշտնջենական մասնակցությունը. հերկելու, ցանելու, քաղելու սահմանված գործունեություն մը՝ ցորենի, հարդի, աղբի կապված երիտասարդության մը հետ. ահա բոլոր ստուգությունը, որ այս ամուսնությունը իրեն կխոստանար: Ու մարդ մը դեմը՝ որ իր աղվոր երիտասարդի բոլոր հրապույրները կկորսցներ գեղացիի անշնորհ հագուստներովը:
Զարուկ լավագույն սեպեց իր աղքատությանը մեջ մնալ, քան թե այս տղու հետ կարգվիլ: Իզուր ազգականներ մեջ մտան և ավագերեցը եկավ զինքը խոստովանեցնելու: Բան մը օգուտ չըրավ. աղջիկը անդրդվելի մնաց իր որոշումին վրա, միջնորդելու եկող մարդիկ մեկիկ-մեկիկ ելան գացին. ծեր հորաքույր մը մնաց հոն, համառելով Զարուկը համոզելու, գեթ անոր մերժումին պատճառը հասկնալու համար:
- Աղջիկս, ինչո՞ւ չես ուզեր Օհանճանը:
- Ես փոթուրլը մարդու հետ չեմ կարգվիր,- պատասխանեց Զարուկ:

Դ
Իրոք փոթուր չուներ ան տղան որուն հետ տարի մը վերջը Զարուկ ամուսնացավ: Պոլիսեն եկեր ինկեր էր այդ գյուղը. չեմ գիտեր ի՛նչ կերպով, ու ազդ վարժարանին մեջ տնօրեն-դասատուի պաշտոն մը կվարեր քիչ մը ատենե իվեր:
Զարուկին աչքին՝ գիտության, ազնվության ու ճաշակի ներկայացուցիչն էր այդ ազազուն ու վտիտ երիտասարդը, որ պարծուկ աքաղաղի ու դեմինին զիջողություն ընող մարդու մը ձևերը ուներ գեղացիներուն մեջ:
500 ղուրուշ էր իր ամսեկանը, որ գեղ տեղերու մեջ մեծ բան մըն է հարկավ, և որ, ամեն պարագայի մեջ, իր չնչին արժանիքեն շատ ավելի էր:
Իր կիսկատար, ամեն կերպով թերի ուսումը՝ կատարյալ իմաստակ մը մեր տգետ ուսուցիչներուն ճշմարիտ տիպարը ըրած էր զինքը:
Ավելցուր ասոր վրա պահանջկոտ մեծամտություն մը, ոչ մեկ բան քիթին չտանող մարդու բնավորությունը, ահա Զարուկին ընտրած ամուսինը, մայրաքաղաքեն եկեծ մեկը, որ օր մը զինքը հոն տանելու ամեն երաշխավորությունները կընծայեր:
Արդարև այս էր իրենց խոսակցությանց մեջ հաճախող հանկերգը.
- Երբոր Պոլիս երթանք…
Անկեղծ էր այս մարդը, երբոր Զարուկին հետ մայրաքաղաք դառնալու ծրագիրը, գուցե հազարերորդ անգամ ըլլալով, կը պարզեր անոր շլացած աչքին առջև: Քանի-քանի անգամ Պոլիսը նկարագրեր, բացատրեր էր:
Քանի մը տարի այս գեղին մեջ կենալե ետքը, Պոլսո կարոտը ու անձուկը կը զօրանար այս դասատուի հոգիին մեջ, ու գեղին միօրինակ ու ընդարմացուցիչ կյանքովը ապրելու տեղ, մայրաքաղաքին մեջ անոթի տանջվիլը կը նախընտրեր:
Երբեմն իր երիտասարդ կնոջը կը նկարագրեր Վոսփորը, իր օձապտույտ գալարումներովը, երկու դիեն բարձրացող ապարարանքներու շքեղությանը մեջ. ու կը պարծենար ատով՝ իբրև թե իրը ըլլային այդ բոլորը: Ու անսալով այր ու կին կը համաձայնեին, մոռանալով չնչին ամսականե մը ձևացած ապրուստի մը բոլոր զրկանքները, միամիտ վստահությամբ մը հավատալով, որ Պոլիս ոտք կոխելնուն՝ իսկույն ձեռքե ձեռք պիտի քաշեին այս ուսուցիչը, ամսականները թափեին չորս դիեն, ըղձացված հանգիստը բերելով իրենց:
Ու առժամանակյա կայանքի համոզումով այս գեղին մեջ կեցեր էին, դիմումներ ընելով Պոլիս, հոն գործ ու պաշտոն ձեռք գցելու համար. ոչ ոք պատասխան կուտար իրենց, մանկավարժական տաղանդնուն կոչում կըներ. սկիզբները այս դժվարությունները չբավեցին անոնց երիտասարդի հուսալից կորովը փճացնելու. նոր նամակներ գրեցին գեղեն, ծանոթներու դիմումներ ըրին շարունակ:
Զարուկ տարի մը չանցած իր առջինեկը ունեցավ. հետո երկրորդ մը. և հե՜ա, միշտ շնորհալի կին, տնական սպասավորության տաժանքովը կը պաշարվեր հետզհետե: Իր ոսկեզօծ երազները, խուսափող ստվերներու պես, միշտ մոտ՝ բայց միշտ անմատչելի կը մնային:
5 տարիե ի վեր ամուսնացած էին, երբոր առաջնորդի, թաղականի, հոգաբարձուի կռիվ մը, պարբերական կռիվը վրա հասավ և իր էրիկը վարժարանեն ճամփեց:
Ուսուցիչը բացը մնաց. զինքը պաշտոնի կոչող հոգաբարձուներուն հակառակորդները գործի գլուխ անցեր էին: Ինքը, իր խրոխտ բավականությանը ապաստանած, չուզեց ասոր անոր դիմել աղաչել իր պաշտոնը վերստանալու համար: Զրկված, անիրավված դասատուի, ազգային աշխատավոր դերը ուզեց վարել, ապերախտ դեր, որ եթե իր հպարտությունը կը գգվեր, բնավ դրական օգուտ մը չէր ընծայեր:
Հիմա փողոցները կը թափառեր, գեղջուկներուն դեմ իր արհամարհոտ պզտիկ ժպիտը շուրթին վրա, ուրիշ գործ մը գտնելու, հացի ստակ մը ճարելու մտմտուքը պահելով իր հոգվույն խորը:
Գեղեն ոչ ոք ձեռք երկարեց այս պոլսեցիին. նոր եկող տնօրենը, վանեցի մը, նահանջած ոսոխ մը բոլորովին չքացնելու, ու ասոր անոր օգնությամբ՝ հարձակողական վերադարձ մը արգիլելու մտադրությամբ: Նոր տնօրենին խոսքին նայելով՝ կերևար թե Զարուկին էրիկը բան մը չէր սորվեցուցեր իր խնամքին հանձնված աշակերտներուն:
- Ո՛չ տղոց միտքը, ո՛չ անոնց հոգին մշակեր է,- կըսեր ան ամեն դեմը ելլողին:
Այս մարդը մանկավարժի հովեր ուներ, հոգեբանության վրա կճառեր, ու ապշած հոգաբարձուներուն երեսին՝ Ֆրեոպելի ու Փեստալոցցիի անունները կնետեր:
- Խեղճ տղոց բոլոր ժամանակը զուր տեղը վատնել տվեր է ձեր պոլսեցի ուսուցիչը. Երեխաներու հոգիին պետք է խոսիլ, փոխանակ չոր ու ցամաք կերպով կարգ մը անուններ բերնուց սորվեցնելու անոնց:
Այս հարձակումներուն տակ՝ ճամփված դասատուն անդարձ կորսված կը զգար ինքզինքը: Կուսակից չուներ, ինչ-որ հազվագյուտ բան մըն է գեղերուն մեջ. պարտքը մինչև վիզը ելած էր, ու հացի, չոր հացի կռիվը կը սկսեր՝ իր բոլոր զարհուրանքին տակ ընկճելով այս հեք ընտանիքը:
Նախ, իր ունեցած բառգիրքերը ծախեր էր. հետո կնոջը քանի մը գիրքերը, ոսկեզօծ մրցանակները, որոնք այս նեղության օրերուն մեջ միայն՝ իրենց պահված տեղեն դուրս ելեր էին, իրական ու շոշափելի օգուտ մը արտադրելու համար:
Ե
Երբոր, դատի մը առիթով, ես այդ կողմերը գացի ասկե քանի մը տարի առաջ, դրացիներուն ողոջմությունը միայն և կապրեցներ այս ընտանիքը:
Դասատուն ծանր հիվանդ էր, գացի տեսնելու զինքը իր անկողնին մեջ: 30 տարի չկար դեռ հեք տղան և սակայն մազերը ալևոր էին բոլոր: Աչքերը, որ ջերմեն կը փայլեին, փոսը ինկած էին. դիակի դեղնություն մը ծավալած էր իր խոռոչացած այտերուն վրա. դրան առջև՝ երկու տղաքը, պզտիկ շալվարներ հագած, երկու պզտիկ փոթուրլըներ, կը խաղային իրենց տարիքին անգիտակից ու շքեղ անփութությամբը:
Մայրերնին՝ գույնը նետած պասմաե զրջազգեստի պես բան մը հագած էր. իր սև ու հին յազմաեին՝ որ այրիի մը երևույթը կուտար անոր՝ առատ մազերը կը թափեին դուրս ճակատին վրա ու կռնակեն մեջքը կը հասնեին:
Մաքուր հայերենով մը, որուն մեջ զիս զարմացնելու անմեղ պչրանքը զգացի, խոսեցավ հետս, իր էրկանը կարոտ վիճակը պարզեց, ամուսնացած օրեն օր մը դեռ հանգստի երեսը տեսած չըլլալը խոստովանեցավ:
Հիվանդությունը, հյուծախտ մը՝ սնունդի անբավականութենե ու բարոյական հոգերե առաջ եկած, օր օրի կը հալեցներ անոր տկար ույժերը ու դյուրավ գուշակել կուտար վախճանը, որ մոտալուտ էր:
Իմ հոն երթալես 8 օր առաջ վերջը մեռավ անիկա, մահ մը որ փրկություն մըն էր գրեթե անտանելի թշվառութենե մը. իր կարճատև կյանքին պես աղքատիկ ու անշուք եղավ իր թաղումը. ես, մեկ երկու պոլսեցիներ, որ դիպվածով այդ կողմը կգտնվեինք, հուղարկավոր գացինք իրեն մինչև գերեզմանատունը, որ անոնց տունեն հեռու ալ չէր: Գեղացիներեն հազից չորս հինգ հոգի, որոնց մեջ չորպաճիներեն մեկը, երիտասարդ մը, զոր ճանչցուցին ինծի. Օհանճան աղան:
Համեստ, գրեթե ամաչկոտ մեկը, որ իմ մոտս գտնվելուն, ինծի հետ խոսելու համարձակելուն համար կարծես թե ներում կը խնդրե:
- Խապա մարդեր ենք մենք,- կըսե ինծի,- մեր ըրածին խոսածին մի՛ նայիր, մենք ուսումնական չենք. փոթուր լը հագնինք, եմենի ունինք ոտքերնիս:
Պակասություն մը խոստովանելե ավելի, լուռ բողոքի, գանգատի պես բան մը կա այս խոսքին մեջ, որ միտքս կչարչարե: Շուտով կը բարեկամանա հետս ու վերադարձին՝ ճամփունուս վրա իր գործատունը կը հրավիրե, խոզակի գործատուն՝ թթենիի պարտեզներով շրջապատված՝ զոր հաջողությամբ կը բանեցնե:
Մեկիկ-մեկիկ քովի արտերը, հողերը կը թվե ինծի, անոնց բերքը, հասույթը կը բացատրե, բոլոր իր սեփականությունը, որուն վրա արդար ու համարձակ հպարտությամբ մը կը պարծենա:
- Ես ռենչպերությունե առաջ եկած եմ:
Կը գովեմ իր հաջողությունը, այնքան սիրահոժար, որքան Օհանճան խոնարհ ու ստորին աստիճանե մը տակավ բարձրանալով ձեռք բերած էր զայն:
Իրիկվան, իր տունը ճաշի կը հրավիրե զիս. կը մերժեմ, բայց անիկա կը թախանձե ու օձիքս չի թողնուր. չեմ կրկար իր այսքան հյուրասիրությանը դեմ համառիլ. մանավանդ, որ պարզուկ, բայց ազնիվ սրտի տեր մեկը կերևա ինձ:
Տունը էն աղվորներեն մեկն է գեղին մեջ. ծովեզերքը տանող կառուղիին վրա կը նայի ու գեղեցիկ պարտեզի մը մեջ շինված է. ընդարձակ շենք մը, որուն մեջ իրմեն զատ մայրը կա միայն, դեռ կորովի կին մը, աշխատասեր ու խնայող հայուհիի տիպար մը:
- Բարի եկաք,- կըսե ինծի,- Օհանճան միսաֆիրը կը սիրե, կը մեծարե. բարի եկաք:
Քիչ մը կմտերմանամ հետը ու կհարցնեմ թե ինչո՞ւ մինչև հիմա հարս մը չունի տանը մեջ:
- Օհանճանիս հարցո՛ւր,- կը պատասխանե ինծի:
Բան մը չեմ հասկնար ասկե. ուրիշ խոսքեր վրա կբերեն. հին ու նոր պատմություններ կը պատմեն ինծի: Ճաշեն վերջը, դրացիներ կը հավաքվին ու մինչև գիշեր կը զբոսնունք: Գիշերը ես կը դառնամ այն տունը՝ ուր այս գյուղը անցուցած բոլոր միջոցիս հյուրընկալված եմ:
Հետևյալ առտուն այնտեղ պատմեցին ինծի Օհանճանին պատմությունը, իր մերժված սերը, մինչև հիմա ամուրի մնալուն գաղտնիքը:

Զ
Անցյալները սպասուհի մը եկավ մեզի այդ գեղեն. Իմ այցելութենես ի վեր 2 տարի անցած էր: Շատ մը հարց ու փորձեր արի իրեն: Ի՞նչ կընեին գեղացիները, խոզակի շահ կձգե՞ր առաջվան պես. գեղին իմ ճանչցած անձե՞րն էին, Հաճի կարապետը, Օհանճան աղան, ուրիշները:
Այս վերջին անունին՝ սպասուհին ժպտեցավ.
- Օհանճան աղան կարգուկ է հիմա,- պատասխանեց ինծի,- որբևայրի առավ ամիս մը առաջ:
- Ի՞նչ, որբևայրի՞,- հարցուցի:
- Վարժապետին կնիկը, Զարուկը: Իր առջի ուզածը առավ. տեսա՞ր, էֆենտիս, խըսմեթը ինչ է՝ ան կըլլա:
Երկու բառով ամեն բան հասկցուց ինծի, ասիկա ամենուն գիտցածն էր գեղին մեջ:
- Առաջ՝ փոթուրլու ըլլալուն՝ չուզեց Օհանճան աղան անի՛կա ալլըման տելիխանլը մըն էր, ըմա հիմակին պես հարուստ ալ չէր շտտակը: Աղջիկը կարդալ կիտեր, դպրոց գացեր ու կիտնական էր, չհավնեցավ անոր. առջի էրիկը վարժապետ է. աղեկ օր մը չցուցուց կնկանը: Հիմա Օհանճան աղան առավ նորեն: Առաջ ալ աղվոր էր Զարուկը, չունևորութենեն չէր ցուցներ: Թե որ հիմա տեսնես, պոյ, պոս, ծովի պես մազեր, լուսնի պես երես մը հրեշտակ կըլմանի:
Ու բարոյականը հանելով այս բոլոր պատմությունը, իր պարզամիտ՝ բայց խելացի գեղջուկի բարոյականը՝

- Նայե, էֆենտիս, մեր գեղը Պոլիս չէ, հոն շալվար կը հագնինք, մեր էրիկմարդիկ ալ փոթուր պիտի հագնին:   

Տես նաև ՍառաԽարիսխը և Կարծեմ թե
Գրիգոր Զոհրապ | Փոթուրլըն Գրիգոր Զոհրապ | Փոթուրլըն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 21, 2016 Rating: 5
Технологии Blogger.