Դավթակ Քերթող | Ողբ մեծ իշխան Ջեվանշիրի մահվան մասին


Աստվածային խոսքի արվեստատու Ոգի՛,
Հորինիր իմաստուն տխրական երգեր,
Որ սգալի ձայնով ողբանք անդադար
Ծանր ու դժնդակ կորուստը այս մեր:


Բեկվեց փառքի սյունն Արևելից երկրի,
Աշխարհով հնչեց գույժը կործանման,
Ազգեր ու ցեղեր խոսքս թող լսեն,
Եվ բոլոր մարդիկ ինձ հետ թող ողբան:

Գլորվեց հզոր վեմը կենդանի.
Եվ պարիսպն ամուր հանկարծ խորտակվեց.
Աշտարակը խոսող տապալվեց գետին.
Ցանկը շինության հիմնիվեր քանդվեց:

Դառնություն դարձավ խաղաղությունը մեր,
Կարծավեն մեր դեմ հեներ զանազան,
Քանզի մեծափառ տերությունն ընկավ.
Մարեց ճաճանչը վսեմ պետության:

Եվ կատարվեցին անեծքները այն,
Որ գուշակում էր Եսայի մարգարեն,
Ու մեզ Սուրբ խաչի օրը տոնական
Նետեցին դառն սուգ ու լացի մեջ:

Զազրաբար փորեցին անդունդ կորստյան,
Որ բարի հովվին գցեն խորխորատ,
Մոլուցքի ոգին ներշնչեց նրանց,
Գաղտնի լարեցին մահվան որոգայթ:

Էությամբ հզոր մի առյուծ էր նա,
Որ սարսեցնում էր իր ոսոխներին,
Տոհմապետերն ու իշխաններն ամեն
Ահով ու սիրով ենթարկվում էին ու լսում իրեն:

Ընդլայնվեց համբավն ու փառքն ամենուր,
Ծավալվեց անունն աշխարհից աշխարհ,
Նրա միտքն արթուն և ուժը կայտառ
Գովեստով հնչեց տիեզերքի մեջ:

Թագավորն Հունաց, տերերն Հարավի
Տենչում էին միշտ իշխանին տեսնել,
Ընդունում էին հատուկ ողջույնով,
Փառքով պսակում, պատվում մեծապես:

Ժամանեցին մեզ չարիքներ բազում,
Մեր մողքն անվարան բարձրացավ երկինք,
Բարկացրին աստծուն մեր արարքներով,
Եվ մահվան մատնեց նա մեծ իշխանին:

Իսկ համհարզները մնացին հեռու,
Օգնության չեկան զորքերը վերին,
Տերը հեռացավ և թողեց, որ նա
Ոտնակոխ լինի ժանտագործներին:

Կարեց աղեղն իր թշնամին չարկամ
Եվ նենգությունը սրեց որպես սուր,
Ու ինչպես կորավ ցեղը Մովաբի՝
Վեհազնի մահը հասավ գիշերով.
Խարդախ խոստումով տարավ մի խուլ տեղ
Ու խոր վերքերով խոցեց նենգաբար:

Խրոխտ էիր միշտ թշնամու հանդեպ,
Եվ խոցում էիր ախոյաններիդ,
Իսկ արևը արդ՝ այլ ուղի բռնեց,
Ու ծառաներդ քո դեմ նետվեցին:

Ծնունդը այն չար, որ հանցանք գործեց,
Անօրենի որդին՝ նրան չարչարող
Անեծքով բռնված գետնի տակն անցնի,
Կայենի երերմամբ շրջի շփոթված:

Կապվեն շավիղները նրա փախուստի,
Երկնի թռչուններ ճախրեն թող վրան,
Ձորի ագռավները սուրան շուրջ բոլոր,
Վայրի գազաններ հոշոտեն նրան:

Հուրն Հերովդեսի առաքվի վերուստ,
Ծնվեն թող փորում որդեր ու մկներ,
Ցավերն աղեկեզ մեջը բորբոքված՝
Նրա տիրասպան մարմինը լափեն:
Ձեռքն այն, որից սպանվեց տերը,
Ոտքերն, որ ճզմեցին չքնաղ պատկերը,
Բորածին ախտի եռմամբ գոսացած՝
Չարակեղ խոցոտմամբ ցեցակեր լինեն:

Ղողելով թող լոկ ապաստան գտնի
Դժնիկի փշոտ հովանու ներքո,
Եվ նրան խայթեն ձագերը իժի,
Թող քարբ օձերի թույնի ազդումից
Սաստիկ ուռուցքով մաշկը ճաքճքի:

Ճշմարիտ ջահն էր մեր խաղաղության,
Եվ խռովահույզ խոլ ալիքները հանդարտեցնող
Անվախ նավորդն էր Ջեվանշիրը քաջ,
Որ սանձ էր դնում փոթորկումներին մեր ոսոխների:
Մարգարտաշարի հյուսվածքն ունեին
Նրա բերանի խոսքերը դյութիչ,
Իսկ վարքը կենաց ջինջ էր, մաքրափայլ:

Յուրակերպ պահ էր ամեն օր ապրում,
Քնից ելնում էր նման առյուծի
Ու օդն ըմբոշխնում զով այգաբացի,
Ոչխարի փափուկ միս էր բաժանում:

Նիրհում էր մարմնով, բայց հոգով արթուն
Արեսի կառքն էր աստղերի միջով վարում քաջաբար,
Բերելով իր հետ վարդն ուշիմության:

Շնորհները վեհ, աստվածահաճո
Հիսուսն էր առատ ընծայել նրան.
Հոտոտելիքին ծովն ծոցն հոգեբուխ,
Ախորժաճաշակ անուշությունից
Արտամղում էր անմահական բույր:

Ողբերն ինձ համար ջրահարսների
Կամ լալկան խմբի երգեր չեն բնավ,
Այլ որդիների վրա սգացող
Մայրական կական ու կոծ ցավագին,
Որդիներ, որոնք զատվելով հավերժ՝
Քարոտ քաղաքում մենակ մնացին:
Չարաղետ մահիդ օրերն այս ցավոտ
Ժամանակներ անց, տարիներ հետո
Չեն դիտվի արդեն այսքան դառնաբեր,
Բայց չարիքներով թող նա չորանա,
Ով քեզ դժնդակ մահով չարչարեց:

Պայծառ արևդ լույս էր մեզ անմար,
Օ՜, ի՜նչ սև գիշեր, խավար թխպացած,
Եվ անհույս մարմին քո դեմքը ծածկեց յուրայիններից
Անփարատ ստվեր նետեց մեզ վրա:

Ջերմախտով այրվում, տառապում եմ լուռ,
Երբ նայում եմ ես քո գահին քո թափուր:
Ռազմիկ քաջարի, գնացիր, գնացիր մեզնից,
Եվ փակվեց ուղին մխիթարության,
Ուստի աչքերս վշտոտ վերքերով
Հավետ արցունքի աղբյուրներ դարձան:
Սիրելիներդ սիրովդ են այրվում,
Եվ սերդ անմոռաց մնում է պայծառ,
Օ՜հ, երանի թե քո գերեզմանին
Անուշաբույր խունկ լինենք մշտավառ:

Վերացավ թագը, գահը մեր ընկավ,
Փառքը մեր վսեմ քեզ հետ հող մտավ:
Տիբերյան ծովը, Լեռը Լիբանոս
Հիանում էին քո վսեմ տեսքով:
Աչքը օձիքին հյուսիսի հողմի
Սիրելիներդ քեզ են որոնում,
Երբ չկաս արդեն, հոնաց տապարով
Նռնիներն են անգութ կոտորվում:
Րախճանքը թողին մեր թագվորները,
Հանուն քո սիրո սգազգեստ եղան,
Հարսները վշտից փոշոտվեցին առագաստները:
Ցավում են, հեծծում տղամարդ ու կին,
Լալիս դառնագին:

Ու նստած ասես ամայության մեջ
Ինչպես մոլորյալ հավքեր ձագամեռ
Սաստիկ հյուծվելով տառապում են դեռ:

Փախչել են ուզում փառքից երկրային,
Ունայնություն է աշխարհի վրա,
Քո դաժան մահով հաստատվեց կրկին,
Թե ոչ մի մարդու կյանքն այս չի մնա:

Քեզ համար պիտի նորից հեծեծել,
Բայց լավագույն է քեզ հետ հող մտնել:

Տես նաև  Ղևոնդ Ալիշան Հրազդան և Հայ հանճար

Դավթակ Քերթող | Ողբ մեծ իշխան Ջեվանշիրի մահվան մասին Դավթակ Քերթող | Ողբ մեծ իշխան Ջեվանշիրի մահվան մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 27, 2016 Rating: 5
Технологии Blogger.