Վարդգես Պետրոսյան | Կրակե շապիկ | համառոտ


Վեպում զուգահեռ նկարագրվում են երկու տարբեր ժամանակներ: Գլխավոր դեպքերը տեղի են ունենում 1980-ականներին, սակայն վեպի միջանկյալ գլուխներում մեջբերվում են թուրք Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. իմ վկայությունները» գրքից հատվածներ։ Սրանով հեղինակին հաջողվում է 1980-ականներին սփյուռքահայերի առջև ծառացած հիմնախնդիրները կապել հիմնական պատճառի՝ հայերի ցեղասպանության և դրա հետևանքների հետ։ Մեկ ընտանիքի՝ Վահանյանների և նրանց հետ կապված ազգականների կյանքի օրինակով հեղինակը ցույց է տալիս հայ ժողովրդի աշխարհասփյուռ ճակատագրի ողբերգությունը: Թուրք Մուստաֆա Նեմիդի կերպարում հեղինակը պատկերում է ցեղասպանության տարիներին հայերի կողքին կանգնող, հայի համար ցավող մարդուն՝ անցյալի մարդուն, իսկ Էնիս բեյի կերպարը ներկայացնում է մերօրյա թուրքին, որն անտեղյակ է իր պապերի վայրագություններին, ցավով, բայց կասկածանքով է մոտենում ցեղասպանության մասին փաստերին և փորձում է ընդունել իր ազգի մեղքը: Վեպը բաղկացած է երեք մասից: Սյուժեն կառուցված է տարբեր հատվածների կցումով: Վեպում պատմվում են 1980-ական թթ. դեպքերը, որոնց զուգահեռվում են 1912 թ.-ից առաջ Ալքեսանդրոպոլում և Կարսում կատարված դեպքերը: Ապա տարբեր հաջորդականությամբ պատկերվում են 1914 թ.-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, 1915 թ.-ի ջարդը Կարսում, Էրզրումում, Տիգրանակերտում, գաղթը Արևելյան Հայաստան, Համաշխարհային երկրորդ պատերազմը, հետպատերազմյան դեպքերը և 1980-ական թթ.: Առանցքային ժամանակը 1982 թ. դեկտեմբերի ութն է՝ ընտանիքի, ավելի ճիշտ գերդաստանի տատի՝ Նունե մայրիկի ծննդյան 85-ամյակը: Բոլոր գործողությունները պտտվում են այդ օրվա և այդ կերպարի շուրջ: Հաջորդող ու նախորդող դեպքերը տեղի են ունենում Երևանում, Ռուսաստանում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Բեյրութում, Սիրիայում, Անգլիայում և հայկական մի փոքրիկ քաղաքում, որի անունը հեղինակը չի նշում:
Նունե մայրիկի հուշերից իմացվում է, որ 1910 թ. նա Ալքեսանդրապոլում ամուսնացել է կարսեցի Շիրակ Վահանյանի հետ: Սկիզբ է դրվում Վահանյան-Մուղնեցյան գերդաստանին: Նունե մայրիկի հուշերում հառնում են Կարսի խաղաղ կյանքը, իր հարսնության տարիները, ապա 1914 թ. պատերազմը, ամուսնու մասնակցությունն այդ պատերազմին, հարազատների դաժան սպանդը, գաղթը: Գաղթի ճանապարհին գերդաստանը շատ բարեկամներ է կորցնում, թուրքի յաթաղանից սպանվում են շատերը, «էրգրի» հանդեպ կարոտը տանջում է ծեր կնոջը ողջ կյանքում, անգամ 70 տարի անց Նունե մայրիկը ծոցում պահում է Կարսի իրենց տան բանալիները և մահից առաջ հանձնում իր շառավիղներից մեկին՝ թոռանը: Բայց ցավի, կարոտի, անցյալի ու ներկայի սահմանագծում ապրող այս կնոջ մեջ բացակայում են ցասումը, ատելությունը այդ ոճիրն իրագործողի նկատմամբ: Նա մեծ սիրով է ընդունում իր տանը թուրք երիտասարդին, անգամ մտահոգվում նրա համար: Արհավիրքին ականատես եղած և դրանից տուժած կինը չի կորցնում իր մարդկային հատկանիշները: Ցեղասպանության տարիներին տեղի ունեցած արհավիրքներից մահանում են Նունե մայրիկի բարեկամներից շատերը, մյուսներն էլ գաղթում են տարբեր երկրներ՝ Սիրիա, Բեյրութ, Անգլիա: Մուղնեցյան-Վահանյան գերդաստանը առաջին անգամ մասնատվում է: Սյուժետային հաջորդ գիծը տանում է 1941 թվական, երբ ընտանիքին պատուհասում է նոր փորձությունը՝ պատերազմը: Ավագ որդին՝ Արմենակը, գնում է կռիվ՝ թողնելով նորահարս կնոջն ու մեկ տարեկան երեխային՝ Վարուժանին: Երկար ժամանակ նրան համարում են սպանված, բայց 30 տարի անց գալիս է նամակ, որից իմացվում է, որ նա ողջ է, ապրում է Ամերիկայում, նորից է ամուսնացել և իր ամերիկացի կնոջից ունի երկու երեխա: Մուղնեցյան-Վահանյան տոհմածառից հեռանում է ևս մի ճյուղ: Ճակատագիրը Նունե մայրիկից խլում է նաև մյուս երկու որդիներին՝ Վռամին և Սիրակին: Առաջինը, թողնելով կնոջն ու մանկահասակ որդուն, գնում է Ռուսաստան, այնտեղ կազմում նոր ընտանիք, իսկ երկրորդը ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրալիա: Հետագայում տատից հեռանում է նաև թոռը՝ Վռամի որդի Շիրակը:
Սյուժետային հաջորդ գծերը զարգանում են Վարուժան և Արամ Վանահյանների հիշողություններում և մենախոսություններում: Վարուժանը վեպի առանցքային կերպարներից մեկն է: Հեղինակը ներկայացնում է այդ հերոսի ներքին դրաման: Վարուժանը Արմենակ Վահանյանի ավագ որդին է, ում հայրը վերջին անգամ տեսել է մեկ տարեկան հասակում, գնացել է պատերազմ և չի վերադարձել: Տղան որբ է մեծանում, մինչդեռ հայրը ողջ է և նա միայն 30 տարեկանում է իմանում վերջինիս ողջ լինելու մասին, իսկ 40 տարեկանում մեկնում Ամերիկա՝ նրան հանդիպելու: Վարուժանը առաջին անգամ հիշատակվում է գնացքի մեջ Երևանից հեռու մի վայր ուղևորվելիս: Այդ փոքրիկ քաղաքում գրող Վարուժանը անվերջ հիշում է անցյալը՝ մանկությունը, ամուսնությունը, կնոջը, Ամերիկա կատարած այցը: «Ծովից ծով Հայաստան էիք ուզում, օվկիանոսից օվկիանոս Սփյուռք ստացաք»: Սժետային հաջորդ գիծը զարգանում է Արամ Վահանյանի հիշողություններում, երբ ներկայացվում է 1980 թ. Մոսկվայում նրա հանդիպումը թուրքի հետ (Արամը Նունե մայրիկի մյուս որդու՝ Տիգրան Վահանյանի որդին է): Վեպի ավարտվում է Նունե Մայրիկի ծննդյան տոնակատարությունից 12 օր նրա մահով:

Տես նաև Վարդգես Պետրոսյան Վերջին ուսուցիչը, Մուշեղ Գալշոյան Կանչը և Ստեփան Զորյան Խնձորի այգին

Վարդգես Պետրոսյան | Կրակե շապիկ | համառոտ Վարդգես Պետրոսյան | Կրակե շապիկ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 05, 2016 Rating: 5
Технологии Blogger.