Պլատոն | Պետություն | հատված



Ստորև ներկայացնում ենք հատված Պլատոնի «Պետություն» տրամախոսության հայերեն թարգմանությունից (գրքի թարգմանությունը՝ Սերգեյ Ստեփանյան, հրատարակությունը՝ Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ.Անտարես 2017):


Արդ, երբ բոլոր հոգիներն ըստ քվեարկության ընտրեցին իրենց կյանքը, հերթով մոտեցան Լաքեսիսին: Վերջինս յուրաքանչյուրի ընտրած դեմոնին ուղարկում էր նրա հետ որպես կյանքի պահապան և ընտրությունն իրականացնող: Նախ, պահապանը տանում էր հոգին Կլոթոյի մոտ՝ նրա ձեռքի և պտտվող իլիկի շրջապտույտի տակ. այդկերպ նա հաստատում էր յուրաքանչյուրի ընտրած ճակատագիրը: Կլոթոյի հպումից հետո նա տանում էր հոգին Ատրոպոսի գործվածքի մոտ, ինչն այլևս անփոփոխ էր դարձնում կյանքի թելերը: Այստեղից հոգին, առանց շրջվելու, գնում էր դեպի Անանկեի գահը և անցնում դրա միջով: Երբ մյուս հոգիները նույնպես անցան դրա միջով, նրանք բոլորը շոգի և տապի պայմաններում ուղևորվեցին Լեթեյի հովիտը, որտեղ չկար ո՛չ ծառ, ո՛չ էլ ուրիշ բուսականություն: Արդեն երեկոյան նրանք հանգրվանեցին Ամելետոն գետի ափին, որի ջուրը ոչ մի անոթի մեջ չի կարող պահվել: Բոլորը պիտի չափավոր խմեին գետի ջրից, սակայն անխոհեմները խմում էին առանց չափի, իսկ այդ դեպքում նրանք ամեն ինչ մոռանում են: Երբ պառկեցին քնելու, կեսգիշերին մոտ թնդաց և երկրաշարժ եղավ: Հանկարծ նրանք տարվեցին տարբեր կողմեր և ապա այնտեղ, ուր պիտի ծնվեին, այնպես որ ցրվեցին երկնքում, ինչպես աստղերը: Էրին արգելված էր խմել այդ ջրից: Նա չիմացավ, թե ինչպես նորից հայտնվեց իր մարմնի մեջ: Ուշքի գալով՝ նա տեսավ, որ պառկած է խարույկի վրա:
Ահա այսպես է փրկվել և չի կորել այս պատմությունը, Գլավկոն: Այն կփրկի նաև մեզ, եթե հավատանք դրան, և մենք կանցնենք Լեթեն առանց պղծելու մեր հոգին: Բայց հավատացեք ինձ. մտածելով, որ հոգին անմահ է և ունակ է կրելու ամեն չարիք ու ամեն բարիք, բոլորս կընթանանք վերին ճամփով և, խոհեմաբար պահպանելով արդարությունը, բարեկամ կլինենք և՛ ինքներս մեզ, և՛ աստվածներին: Իսկ եթե շահենք մրցանակը, ինչպես դա անում են մրցույթների՝ ամենուր ընծաներ հավաքող հաղթողները, ապա և՛ այստեղ, և՛ հազարամյա այդ ճամփորդության ընթացքում, որը քննեցինք, կմնանք բարյավ

Պլատոն | Պետություն | հատված Պլատոն | Պետություն | հատված Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 13, 2017 Rating: 5
Технологии Blogger.