Սիամանթո | Հոգեվարքի և հույսի ջահեր | համառոտ


Շարքը բացվում է «Մահվան Տեսիլք» բանաստեղծությամբ:

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
Քաղաքներուն մեջ և քաղաքներեն դո՜ւրս.
Եվ բարբարոսներն արյուններով կդառնան
Մեռելներուն ու ոգեվարներուն վրայեն
Ագռավներու բազմություններ կանցնին վերերեն
Արյունոտ բոերաններով ու գինովի քրքիջներով...
Ցամաքահով մը կիսամեռները զայրույթով կխեղդե,
Ու պառավներու անջայն կարավաններ
Շտապով կփախչին լայն ճամփաներեն...։
Գիշերին մեջեն արյուններուն ալիքը կբարձրանա
Ծառերուն հետ շատրվաններ ուրվագծելով,
Ու ամեն կողմե սոսկումով կսուրան հալածված՝
Նախիրները հրդեհվող ցորյաններուն մեջեն...
Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կտեսնեմ,
Եվ ամբոխներ անպատմելի սրածութենե դարձող.
Արևադարձային տաքություն մը կբարձրանա
Հրդեհի տրված ազնվական քաղաքներեն...
Ու մարմարի ծանրությունով իջնող ձյունին տակ
Ավերակներուն և մեռելներուն մենությունը կմսի,
Օ՜, մտի´կ ըրեք սա սայլերուն ճռնչյունն ահավոր,
Իրենց վրա դիզված դիակներուն տակ,
Ու սգավոր մարդերուն աղոթքներն արցունքոտ,
Որ կածանե մը դեպի համայնափոսերը կերկարին։
Մտիկ ըրե՜ք հոգեվարքներուն ձայները վերջին
Հովին հարվածներուն մեջ, որ ծառերը կջարդե,
Օ՜, մի´ մոտենաք, մի´ մոտենաք, մի´ մոտենաք,
Չըլլա որ մոտենաք գերեզմաննոցներուն և ծովուն,
Կարմիր ջուրերուն վրա նավեր կնշմարեմ հեռուն,
Մեռելներու կուտակումներ անոնց մեջ կան,
Ու ցավեն գալարվող ալիքներուն վրա
Գանգեր ու սրունքներ ինծի կերևան
    
Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք
Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մեջ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...
Մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք, մտիկ ըրե՜ք
Մահաձայն ոռնումը զարհուրյալ շուներուն,
Հովիտներեն ու գերեզմաններեն ինծի հասնող,
Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ,
Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...։

Այս բանաստեղծության մեջ Սիամանթոն ուրվագծում է աhավոր ոճիրի պատկերը: Կոտորոծը ոչ միայն դառնում է ասելիքը խտացնող խորհրդանշան, այլև կատարվածը տոգորում կենսական բովանդակությամբ: Բարբարոս թուրքը վերադառնում է արյունոտ բերանով գիշատչի նման: Ցամաքային տաք խորշակը խեղդում է անպաշտպան կիսամեռ մարդկանց: Ովքեր կարող են՝ փախչում են նախճիրից: Գիշերով ծառերը ասես դառնում են արյունոտ շատրվաններ: Հրդեհվել են ցորենի արտերը, որոնց միջոցով հալածված նախիրներ են անցնում: Փողոցներում ընկած են մորթված դիակներ, մարդկային ամբոխներն են փախչում հերթական սրածությունից, հրդեհում են ազնվական քաղաքները, ձյունը իջնում է մարմարի ծանրությամբ: Սայլերը՝ դիակներով բեռնված, իսկ սգավոր մարդկանց աղոթքներն արյունոտ են, որովհետև նրանց հարազատներն ընդհանուր գերեզմաններում են: Դիակներով բեռնված նավերը, ծովի ալիքները տատանում են մարդկային մարմնի մորթոտված մասեր: Ծովի ալիքները իրենց հերթին են գոչում, շներն իրենց հերթին մահաձայն ոռնում, ամենուրեք՝ «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…»: Համատարած կոտորածի մեջ, սարսափից չխենթանալու համար, բանաստեղծն անկարելին է պահանջում մնացածներից. «Օ՜, պատուհանները փակեցեք ու աչքերնիդ ալ…»:
Հայ միջնադարյան գրականությունը լի է պատմական ողբերով: 20-րդ դարասկիբին գրական այդ տեսակը նորոգվեց: Նույն ողբասացային պատկերներն են նաև «Չարչարանքի երազ» քերթվածի մեջ: «Գարնան ու կոտորումների իրիկուն» ահազանգին հաջորդում է բանաստեղծի միջամտությունը. «Հոգիս վրեժի շատրվան մըն է նորեն կատաղորեն դեպի վեր»: Անդունդներից, երկրի խորքից «սրածումներու ձայն» է լսվում, և այդ ձայնը նորից նրան մահվան ցնորքով: Հաջորդում են նույն ապրումներով գրված «Հոգեվարքի իրիկուն», «Աղոթք», «Հանգստի իրիկուն», «Գիշեր մը» քերվածները: Գիշերը սոսկ ավերումի գիշեր, վախի ու սարսափի գիշեր է: Այս ամբողջ ցավը, ողբը, ցասումը, վրեժը կուտակվում են բանաստեղծի էության մեջ և ծնունդ տալիս «Հոգիս» բանաստեղծությանը, որի մեջ հոգին է դառնում խորհրդանշան և իր պատկերների հաջորդականությամբ ամբողջացնում հեղինակի մենախոսությունը:

Հոգիս ավետարան մըն է, որուն վրա տժգույն ու հուսահատ ձեռքեր
Անկարելի քավության մը համար, ապարդյունորեն, դեղին թերթեր կը թղթատեն:
Հոգիիս մեջ երբեմն արշալույսներ կարյունին,
Եվ պաղատող աղաղակներու անասելի համանվագ մը կորոտա…

Հոգու ջահերը նախ, նրա մտածումն են «արգելակում», այսինքն՝ բռնկում հրեղեն լույսով:Նորանոր պատկերները նորովի բացահայտում են, թե ինչ է հոգին: Հոգին և բոլորի ցավերն է ապրում և լալիս նրանց համար, դառնում է վայր, որտեղ բարձրանում է ժողովրդի ցավով լցված լուսինը: Բանաստեղծը ոչ թե իր պատրանքն է ներկայացնում որպես բանաստեղծություն, այլ իրականությունն է վերակերտում բանաստեղծության: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուր գեղարվեստական ձև ստացած մի իրական վավերագիր է հայ ժողովրդի կանխամտածված ցեղասպանության ճանապարհին: Այս առումով հարկ է առանձնացնել նաև «Ավերումի գիշեր», «Հիշատակ», «Անդրշիրիմյան աղաղակ», «Թաղում», «Մահերգ», «Արյուն է որ կտեսնեմ», «Մեռելոցի օր», «Ես երգելով կուզեմ մեռնիլ»: Վերջին բանաստեղծության մեջ հերոսը նա է, ով դրոշակ է տանում, ով ընդվզումի երթ է առաջնորդում և հանուն գաղափարի պատրաստ է առաջինն ինքն ընկնել, միայն թե գա երազային հաղթության պահը: Այսպես եղեռնի ու տարագրության մահաշունչ ճանապարհներին դեռևս կենդանի է հույսը, որ իր կայծերն է շողարձակում ժողովրդին պատուհասած մղձավանջի մութ ու խավար գիշերվա մեջ:


Սիամանթո | Հոգեվարքի և հույսի ջահեր | համառոտ Սիամանթո | Հոգեվարքի և հույսի ջահեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 09, 2017 Rating: 5
Технологии Blogger.