Ժիլ Դելյոզ | Գրականություն և կյանք

Գրել չի նշանակում անպայման վերապրած նյութին (արտահայտման) ձև տալ: Գրականությունն ավելի շուտ անձևի ու անավարտի կողմնակիցն է, ինչպես դա ասում ու անում է Գոմբրովիչը: Գրելը կայացման խնդիր է, որը երբեք ավարտուն չէ ու անընդհատ արվելու ընթացքում է և դուրս է միշտ ցանկացած ապրվող և ապրված նյութի սահմաններից: Դա ընթացք է, այսինքն՝ կյանքի անցնում ապրվողի և ապրվածի միջև:

Գրականությունը անտրոհելի է կայացումից, գրելու ընթացքում դառնում են կին, դառնում են կենդանի, բույս, դառնում մասնիկ ընդհուպ մինչև աննշմար դառնալը: Այդ կերպավորումները կցվում են մեկը մյուսին, հետևելով, ինչպես Լեկլեզիոյի վեպում, ինչ-որ մի հատուկ գծի կամ գոյակցում են բոլոր մակարդակներում՝ անցնելով ինչպես Լավկրաֆտի երկում, դռների, դեմքերի ու ողջ տիեզերքը կազմող հատվածների միջով: Հակառակ ուղղությամբ կայացումը չի լինում և մարդ չեն դառնում, չէ՞ որ մարդը ներկայանում է որպես արտահայտության իշխող ձև, որը հավակնում է ամեն նյութի պարտադրել իր կամքը, այնինչ կնոջ, կենդանու կամ սուբստանցի դեպքում միշտ կա կարծրացումից խույս տալու՝ դուրս պրծնելու բաղադրիչ մասնիկը: Ամոթ է մարդ լինել. կա՞ արդյոք գրելու առավել լավ առիթ: Նույն այդ կայացումը ընդհանուր ոչին չունի այն վիճակի հետ, որին կարող էր հավակնել: Կայացումը որևէ ձևի հասնելը չէ (նույնացում, նմանակում, միմեսիս), այլ դրացի աննշմարելիության հատվածների որոնումն է, այնպիսի անբաժանելիության, որն այլևս անհնար է տարանջատել քեզ որևէ կնոջից, որևէ կենդանուց կամ մոլեկուլից՝ ոչ լղոզված կամ ընդհանրական, այլ չնախատեսված, գոյություն չունեցած, դույզն իսկ չկազմակերպված ձևով, չէ որ ինքնությունը նրանք ձեռք են բերում տեսակի մեջ: Հարևան հատված կարելի է ունենալ ինչի հետ ասես, անգամ՝ աստղի, ինչպես Անդրե Դոտելի մոտ, պայմանով սակայն, որ կստեղծվեն համապատասխան գրական միջոցներ: Սեռերի, տեսակների և աշխարհների միջև ինչ-որ բան է տեղի ունենում: Կայացումները տեղի են ունենում միայն «միջև» կամ «մեջ». կնոջ հետ՝ կանանց շրջանում, կենդանու հետ՝ կենդանիների մեջ: Բայց ինչ-որ անորոշություն բացահայտում է իր ուժը լոկ այն դեպքում, երբ այն, ինչ դառնում ես, ինքնըստինքյան զուրկ է բոլոր ֆորմալ ձևակերպումներից, որոնք որոշակիության մասին խոսելու հնարավորություն են տալիս (ահա այն կենդանին…): Երբ Լեկլեզիոն է դառնում հնդկացի, հնդկացին այդ միշտ հեռու է կատարելությունից, անկարող է (մաիս աճեցնել, մակույկ տաշել), նա ավելի շուտ մտնում է դրացիության հատվածը, քան ձեռք բերում ֆորմալ հատկանիշներ: Ճիշտ այդպես Կաֆկայի հերոս լողի չեմպիոնը լողալ չգիտի: Գրելը ենթադրում է ատլետիզմ այդ գրականությունը չկապելով սպորտին ու չվերածելով գրելը օլիմպիական խաղերի, հմտանում է օրգանապես ծլկելու և խույս տալու մեջ՝ Միշոյի ասած ծույլ մարզիկի:
Կենդանի դառնում ես  առավել հաջող, երբ կենդանին մռնում է, սպիրիտուալիստական նախապաշարմունքներին հակառակ, հենց կենդանին գիտի մեռնել՝ տիրելով մահվան զգացումից կամ նախազգացմանը: Գրականությունը սկսվում է ըստ Լոուրենսի՝ մացառախոզի մահից, ըստ Կաֆկայի՝ խլուրդի մահից… Գրում են սատկող հորթուկների համար, ինչպես ասում էր Մորիցը: Լեզվին հարկ է հասնել կանանց, կենդանիների և մոլեկուլային խուսափումների միջոցով, և ցանկացած խուսափում մահացու կայացում է: Ոչ լեզվում, ոչ իրերի մեջ չկան ուղղաձիգ գծեր: Շարահյուսությունը ամեն անգամ իրերի մեջ կյանք հայտնաբերող նոր ստեղծվող խուսափումների միացություն է: Գրել չի նշանակում պատմել սեփական հուշերը, ճամփորդությունները, սերերն ու դժբախտությունները, սեփական երազներն ու տեսիլները:
Ի՞նչ կնշանակեր մեղանչել ռեալիզմի կամ երևակայության ավելցուկով. Երկու դեպքերում էլ հավերժ «հայր-մայրը»՝ Էդիպյան կառուցվածք, որը պրոյեկտում են իրականությունը կամ ներարկում երևակայելիին:
Գրականության ինֆանտիլ կոնցեպցիայում ճանապարհորդության վերջում կամ երազի խորքում անպատճառ որոնում են հորը: Գրում են հոր-մոր համար: Մարտա Ռոբերն այդ ինֆանտիլիզմը՝ գրականության այդ հոգեվերլուծականությունը հասցրեց վերջնակետի, այլ ելք չթողնելով վիպագրին, բացի ընկեցիկ դառնալու հեռանկարից: Անգամ կենդանի դառնալը ենթարկվում է էդիպյան ռեդուկցիայի՝ «փիսի՜կս, քութի՜կ» իմաստով: Ինչպես ասում է Լոուրենսը. «եթե ես ընձուխտ եմ ու եթե սովորական անգլիացիները, որ գրում են իմ մասին, բարեհամբույր, դաստիարակված շնիկներ են, ուրեմն դրանով ամեն բան ասված է, կենդանիները նման են իրար… դուք բնազդաբար ատում եք դիմացի կենդանուն: Որպես կանոն, ֆանտազմները անորոշը ներկայացնում են այնպես, ասես դա անհատականի ու սեփականի սոսկ դիմակն է…» Առաջին ու երկրորդ դեմքերը չեն կարող ծառայել որպես գրական արտահայտչամիջոց, գրականությունը սկսվում է, երբ մեր մեջ սաղմնավորվում է ինչ-որ երրորդ դեմք, որը զրկում է մեզ Ես ասելու կորովից (Բլանշոյի ասած՝ չեզոք մի բան): Իհարկե, գրական կերպարներն առավելագույնս անհատական են, ոչ տարտամ, ոչ ունիվերսալ, սակայն անհատական գծերը հասցնում են նրանց այն մտապատկերի, որը ներքաշում է նրանց ինչ-որ անորոշության մեջ, ինչը չափազանց մեծ կայացում է նրանց համար: Աքաբը և Մոբի Դիկի տեսիլը: Ժլատը երբեք էլ տեսակ չէ, հակառակը՝ նրա անհատական հատկանիշները (սիրահարություն երիտասարդ կնոջը և այլն) հանգեցնում են նրան մի պատկերի, նա տեսնում է ոսկի, այնպես որ սկսում է խարխափել ինչ-որ դյութական ուղղությամբ, ուր և ձեռք է բերում կախարդական ուժը…
Գրականություն առանց հնարանքի չի լինում, բայց ինչպես նկատեց Բերգսոնը, հնարանքը, ֆաբուլայի ֆունկցիան նրա համար չեն, որ երևակայվի կամ պրոյեկտվի ինչ-որ մի Ես: Ավելի շուտ նա հասնում է այդ տեսիլներին, բարձրանում է մինչև այդ կայացումներն ու ուժերը…

Ժիլ Դելյոզ | Գրականություն և կյանք Ժիլ Դելյոզ | Գրականություն և կյանք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 26, 2017 Rating: 5
Технологии Blogger.