
Գնաց Սաիսն եգիպտական, ուսանեց
Խորախորհուրդ իմաստություն քրմական,
Ոգու, մտքի սանդուղքն ի վեր բարձրացավ:
Միշտ հարցասեր մտքով առաջ էր մղվում,
Եվ հազիվ էր երազողին անհամբեր
Ուսուցիչը պատասխանով հագեցնում:
«Ի՞նչ ունեմ ես,- հարց էր տալիս պատանին,-
Երբ ամեն բան չունեմ… Ի՞նչ է «շատ» կամ «քիչ»:
Ճշմարտությունն իբրև բերկրանք զգացման,
Գումա՞ր է լոկ, որ կարող ենք ունենալ
Երբեմն մեծ, երբեմն փոքր առավել…
Ճշմարտությունն անբաժան չէ՞ և միակ…
Դու ներդաշնակ երգից վերցրու մի հնչյուն,
Ծիածանից վերցրու թեկուզ մի երանգ,
Եվ ի~նչ. անհետ կչքանա հիասքանչ
Միասնությունն հնչյունների, գույների…
Զրուցելով նրանք հասան մի անգամ
Գմբեթազարդ լուռ, մենավոր մի սրահ,
Ու պատանին հանկարծ տեսավ զարմանքով
Քողով ծածկված հսկայական մի արձան:
Նայեց տղան և հարց տվեց ուսուցչին.
«Ասա, ի՞նչ է այս շղարշի տակ պահված»:
«Ճշմարտություն»- տրվեց նրան պատասխան:
«Ինչպե՞ս, չէ՞ որ ճշմարտության եմ ձգտում,
Մինչդեռ ահա, քողարկված է նա այստեղ»:
«Աստվածներին այդ հարցը տուր: Այս քողին
Մահկանացուն ինձնից առաջ ձեռք չի տա,
Իսկ թե մեկը իր ձեռքով պիղծ ու մեղսոտ
Ավելի շուտ իջեցնի այս քողը սուրբ,
Այն ժամանակ, աստվածներն են բարբառում…
«Ի՞նչ»: «Կտեսնի ճշմարտության դեմքը նա»:
«Տարօրինակ պատգամ է դա: Մի՞թե դու
Չես իջեցրել այս շղարշը մինչ հիմա»:
«Ե՞ս, ոչ, որդիս, չեմ էլ փորձել երբևէ»:
«Չեմ հասկանում. ճշմարտությունն ինձանից
Բաժանված է միայն բարակ մի քողով»:
«Եվ օրենքով,- ուսուցիչը ընդհատեց:
Քողը ծանր է, քան դու կարծում ես, որդիս.
Ձեռքիդ համար և´ բարակ է, և´ թեթև,
Սակայն ծանր է խղճիդ համար չափազանց»:
Եվ պատանին մտամոլոր դարձավ տուն:
Բայց գաղտնիքը իմանալու տենչն այրող
Քունը խլեց: Թավալվելով տենդագին՝
Մահճից ելավ կես-գիշերին, և նրան
Տաճար տարան երկչոտ քայլերն ակամա:
Թեթևորեն պարիսպն ի վեր բարձրացավ,
Ահա ճարպիկ մի ոստյունով հայտնվեց
Գմբեթազարդ, բոլորանիստ սրահում:
Կանգնած է նա, և լռությունն է մեռյալ
Զարհուրելի իր գիրկն առել պատանուն,
Միայն ունայն ոտնաձայներն են խզում
Դամբանների խաղաղությունն անմեկին:
Ներս է ընկել նեղ բացվածքից գմբեթի
Լուսնի դալուկ, արծաթաբիլ շողն ահա,
Եվ ահարկու, իբրև աստված իրական,
Փայլ է տալիս կամարների տակ խավար
Այն արձանը՝ երկար քողով պարուրված:
Մոտ է գալիս նա վարանոտ քայլերով,
Սրբությանը հանդգնորեն ձեռք տալու,
Բայց ողջ մարմնով սարսռում է նույն պահին,
Անտես մի ձեռք ետ է քաշում պատանուն:
«Թշվառակա´ն, կա´նգ առ, այդ ի՞նչ ես անում,-
Ներքին ձայնն է նրան սաստում տիրաբար,-
Աստվածներին փորձե՞լ ես դու կամենում»:
«Ոչ մի էակ,- պատգամախոսն է ասել,-
Ինձնից առաջ ձեռք չպետք է տա քողին»:
«Բայց և չասա՞ց, որ ով քողը իջեցնի,
Նա կտեսնի ճշմարտությունն իսկական:
Քողն իջեցնեմ, ինչ որ լինի, թող լինի.
Ես ուզում եմ ճշմարտությունն այս տեսնել»:
«Տեսնե~լ»,- ծաղրեց արձագանքը ընդերկար:
Տղան ասաց ու ձգեց քողն արձանի:
«Իսկ ի՞նչ եղավ, ի՞նչ տեսավ նա»,- կհարցնեք:
Ես չգիտեմ: Առավոտյան պատանուն
Գտան քուրմերն ընկած դալուկ, անզգա
Ոտքերի մոտ Իզիդայի արձանի:
Թե ի´նչ տեսավ, ի´նչ իմացավ տաճարում,
Ոչ մի մարդու նա չպատմեց այդ մասին:
Կյանքի բերկրանքն ընդմիշտ կոցրեց, և նրան
Մի խոր կսկիծ շիրիմ տարավ վաղաժամ:
Մահից առաջ նա պատգամեց ամենքին.
«Վա´յ այն մարդուն, ով գործելով ծանր մեղք,
Ճշմարտությունն իմանալ է կամենում»:
Տես նաև Ֆրիդրիխ Շիլլեր Ավազակներ, Խարդավանք և սեր և Բալլադներ
Ֆրիդրխ Շիլլեր | Սաիսյան քողածածկ արձանը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 24, 2017 Rating:
