Վիլյամ Սարոյան | Սարյանի մասին



Մարտիրոս Սարյան: Մարկ Շագալ: Պաբլո Պիկասո: Խուան Միրո: Անրի Մատիս:

Այս անունների մեծ մասը իսկույն ճանաչելի է: Առաջինն է միայն բացառությունը:
Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880-ին և մահացել 1972-ին: Նրա տեղը համաշխարհային նկարչության մեջ դեռ չի հաստատված լոկ այն պատճառով, որ իր երկերը լայնորեն չեն ցուցադրվել: Նրա ստեղծագործությունն ինքնին մեծ է, այնպիսին, որ հիացմունք է հարուցում և ավելին՝ անմիջական համակրանք, նույնիսկ սեր: Նա մերն է, մեզնից մեկն ենք զգում նրան: Առանց աճպարարությունների, առանց արտառոցությունների, առանց սեթևեթանքների, նրա նկարները մարդկային են խորագույն իմաստով, լի են կենսականությամբն այն պարզաբնույթ ճշմարտության, որ մեզ հաղորդում է անսպառ զանազանությունները մարդկության, բնության, իրականության, մտածման, զգացման, հիշողության ու բանականության մեջ:
Նրա ստեղծագործության գրեթե 5 տասնյակ նմուշների հոյակապ ցուցահանդես է բացված այժմ Պոմպիդու կենտրոնում՝ ներշնչյալ մարդկանց համար լրացուցիչ կրթության այդ փառավոր դպրոցում, որ արևմտյան աշխարհի մեր մշակութային սիրելի կենտրոնն է: Գնացեք ու ինքներդ տեսեք, թե ինչպես մի մարդ, հավատարիմ ու բերկրալի նվիրումով իր գործին, իր արհեստին, իր կոչումին, կարող է իմանալիորեն բացահայտել իր պայծառ հոգին, ձեր իսկ պայծառ հոգին, ու պայծառ հոգին բոլոր վերապրողների, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր գոնե բախտավոր են եղել այնքան, որ չեն կրել որևէ կարգի բնաջնջման ենթարկվելու փորձությունը՝ լինի հավաքականորեն, լինի անհատապես:
Այո, Մարտիրոս Սարյանը հայ է, ուստի՝ վերապրող: Ահա թե ինչու վերի ցուցակում երկրորդ անունը Մարկ Շագալ է:
Հայերն ու հրեաները զարմիկներ են որպես աղետի ենթարկվածներ: Ու եղբայրներ են որպես աղետը հօգուտս հաղթահարող, մահացուն հրաշալի կենդանության փոխակերպողներ: Շագալի նկարներում դուք ջարդեր չեք տեսնի, ոչ էլ կոտորածներ՝ Սարյանի նկարներում: Յուրաքանչյուրը լայնաբաց աչքերում մի փոքր տղա է, որ կենդանի մտքի ու ոգու բերկրանքներն է տոնում: Մարտիրոս Սարյանն իր վերջին տարիներին հնարեց գծանկարի մի լեզու, որ հարմարվում էր ժամանակի կողմից իրեն պարտադրված ֆիզիկական սահմանափակումներին: Թղթի վրա փոքր գծանշաններ դնելու եղանակով նա ստեղծում էր հատուկ ձև ու գեղեցկություն ունեցող բնանկարներ: Այս երկերից մի քանի նմուշ կգտնեք Պոմպիդու կենտրոնի ցուցահանդեսում:
Երբ 1935-ի մայիսին Երևան գնացի, Մարտիրոս Սարյանը 55 տարեկան էր, իսկ ես նման ազգանունով՝ Սարոյան, 28 տարով փոքր էի իրենից, բայց բնավ չգիտեի նրա մասին, ինչպես Հայաստանում ոչ ոքի մասին չգիտեի առհասարակ, ու հենց դրա համար էլ, անշուշտ, գնացի այնտեղ առաջին իսկ դրամով, որ վաստակել էի որպես գրող:
Ուզում էի տեսնել երկիրը, իմ հոր ու իմ նախնիների բնաշխարհը, և շնչել այն օդը, որ մենք բոլորս շնչել ենք դարերով:
Ճիշտ այնպես, ինչպես բոլոր ժողովուրդները մարդկային ցեղում, հայերը սերտ կապված են իրենց հողին, իրենց աշխարհագրությանը, իրենց շնչած օդին և բոլոր այն բաներին, որ կազմում են patrie-ի, ինչպես ֆրանսիացիներն են ասում, այսինքն հայրենիքի յուրահատուկ ճշմարտությունը: Հրճվում էի քայլելով աշխարհի մի քաղաքում, ուր բոլորը հայ էին: Հանդիպած ամեն մի անձի դեմքը, ինձ թվում էր, մի առեղծվածի, մի հանելուկի, մի ճշմարտազանցության ցուցադրումն է կարծես. յուրաքանչյուր դեմք շատ էլ կարող էր որևէ ոչ հայի պատկանել, և սակայն յուրաքանչյուր դեմքի մեջ կար մի բան, որ շատ էլ պարզ ասում էր. «Ահա տե՛ս, մի հայ էլ, որ դեռ ողջ է, դեռ այստեղ է՝ մարդկային աշխարհի մեր այս քարքարոտ անկյունում»:
Այս հայտարարությունը գալիս էր աչքերից, բայց նաև շատ այլ բաներից, որ հազիվ թե կարելի է բնորոշել՝ դիրք, կեցվածք, շարժուձև, շունչ:
Շուտով սկսեցի հանդիպել բանաստեղծություն, պատմվածք, վեպ ու թատերախաղ գրողների, որոնցից մեկն ինձ նվիրեց ժողովրդական հեքիաթների մի գիրք հայերեն լեզվով: Ես երբեք չեմ սովորել հայերեն կարդալ, թեպետ խոսել եմ հայերեն 8 տարեկանից սկսած, երբ դուրս եկա Օքլենդի մի որբանոցից, ուր մնացել էի 5 տարի: Ֆրեզնոյում մեր տանը բիթլիսի բարբառը յուրացրի առառավելն 2 շաբաթում: Բաթումից Սևաստոպոլ գնացող սևծովյան նավում, 1935-ին, աչքի էի անցկացնում հայկական համր տառերը ժողովրդական հեքիաթների այդ գրքում և հաճույք էի զգում տեսածիցս, ինչպես մարդ կարող է հաճույք զգալ աշխարհի 100 և ավելի ժողովուրդների տպագիր լեզվից՝ գիտնալով, որ նշանները, մեհենագրերը, գծագրերը, պատկերները, այդ բոլորն էլ մի ասելիք են կազմում: Եվ ապա գրքում տեսա գունավոր մի պատկեր, հետո մի հատ էլ, և այս 2 արևոտ, կարմիր, դեղին, սրճագույն, խորազգաց գույներով բնանկարները, իրենց մեջ կենդանական ու մարդկային կերպարանքներով, կրկին ասում էին ասելիքը, միայն թե ավելի լավ: Նկարիչը, պարզվեց, Մարտիրոս Սարյանն է:
Ու հետո հաջորդ բանը եղավ այն, որ ես նստած էի նրա արվեստանոցում Սրևանի սրտի մոտ, և 1960 թվականն էր, ու նա 80 տարեկան էր, ես՝ 52: Նա իմ դիմանկարն էր անում, և ես ջանում էի օգնել նրան, չընդունելով անշարժ դեմք, հանգիստ արտահայտություն, լուռ դիմակ, այլ իմ սովորական անզոր որգևորությունը հայտնելով մեր վերապրելու մասին:
- Գուրգեն Մահարին ինձ ասաց, որ անցյալ օրը քեզ տեսել է Մոսկվայում, և դու մի խոշոր բեղ ես ունեցել,- ասաց նա: - Սպասում էի, որ տեսնեմ այդ բեղը… ո՞ւր է:
Ստիպվեցի խոստովանել, որ կարճացրել եմ բեղս Մոսկվայից թռչելուց առաջ: Ունայնամտությունից էի արել այդ բանը՝ հուսալով, որ 52 տարեկան հասակի հետ կարճ բեղը, խոսք է, ավելի լավ կգնա: Շատ չշեշտելու համար այս կետն ասեմ, որ խոշոր բեղը կարճացրել էի այնքան, ինչքան ինձ թվում էր, ընդունելի կլինի Հայաստանի հայերի աչքին, ինչպես ուրիշ որևէ մեկին էլ, որ ինձ կարող էր տեսնել հարևանցիորեն:
4 կամ 5 ցերեկ պետք եղավ նստել, որպեսզի նա դիմանկարն ավարտի, որից հետո ասաց:
- Չէ, պետք է նորից նկարեմ:
Ու նորից նկարեց, իսկ այդ երկու դիմանկարները տեսա նրա արվեստանոցում 1968-ին ու պիտի ասեմ՝ բնավ էլ պետք չէր, որ կարճացնեի բեղը: Այնուամենայնիվ, երկու դիմանկարներ էլ իր հանճարի անարատ դրսևումներն են, որովհետև նա պատկերել է այնպես, որ իր բնորդը թվում է մի ոք և միաժամանակ ոչ ոք (կամ ավելի ճիշտ՝ որևէ ոք կամ ամեն ոք), հայ և ընդհանրապես մարդ, նույնիսկ առանց այն իսկական բեղի: 
Երբ առաջին դիմանկարն էր անում, ես խոսեցի պտուղ պատկերող նրա նատյուրմորտների մասին, որովհետև այդ նկարներն առաջին հայացքից վերեցական էին թվում: Եթե գնաք ցուցահանդես, կարող եք վայելքով դիտել 2 այդպիսի նատյուրմորտներ:
Մի օր, երբ գնացել էի դիմանկարի համար նստելու, արվեստանոցից դուրս էր գալիս քառասունի մոտ մի խռովարար մարդ, որ երևի հոգին թեթևացրել էր՝ խոսելով Հռոմում իր կյանքի մասին օտարազգի կնոջ հետ, որին թողել էր այնտեղ իր մի քանի երեխաների և շատ այլ բաների հետ: Մարտիրոս Սարյանը շատ մեղմ ասաց.
- Դե լավ, համբերիր, համբերիր, բայց, իհարկե, մարդ չի կարող իր ծոցում թշնամի ունենալ:
Նա բնավ էլ, այսպես ասած, նահապետական մի հոր կեցվածք չէր ընդունում որևէ մեկի, ընդ որում նաև, շատ հավանաբար, իր երկու որդիների հանդեպ, և բոլորին էլ զարմացնում էր այն հեշտությունը, որով նա իր գործն էր անում օր օրի և տարեցատի: Եվ բոլոր նկարիչները սեր ու հիացմունք ունեին ամեն ինչի հանդեպ, որ նա կատարել էր, նույնիսկ նրանք, ովքեր պնդում էին, որ իրենք չպետք է ջանան նրա պես անել: Եվ ահա մի գեղեցիկ խորհուրդ կա այն բանի մեջ, որ Հայաստանի հաջորդ մեծագույն նկարիչը՝ վաղամեռիկ Մինաս Ավետիսյանը, բացահայտորեն ընդունում էր ծերունի Սարյանի ստեղծագործության էական ազդեցությունը, բայց երիտասարդ նկարիչն այդ ազդեցությունը շարունակեց մի այնպիսի ձևով, որ իրեն ազատ պահեց որևէ նմանակումից և նույնիսկ զորացրեց ծերունի վարպետի իրագործածը:
Երևանում արկածամահ լինելուց մի քանի տարի առաջ Մինաս Ավետիսյանը, իր տանն ու արվեստանոցում  ողբերգական հրդեհի հետևանքով, հանկարծ իրեն ծաբված զգաց, իր ավելի քան 20 տարիների ստեղծագործության մեծ մասը կողոպտված: Ծերունի վարպետն իր ներկերը տվեց նրան ու ասաց.
- Մինաս, շարունակիր աշխատել, մի վհատվիր:
Եվ կրտսեր նկարիչը շուտով կրկին ստեղծեց նույնքան նկարներ, որքան հրդեհն էր կորզել և ավելի էլ արեց, ու թեպետ կորցրած նկարները կորան ընդմիշտ, դրանց տեղ ստեղծածները, ինչ խոսք, ավելի ուժեղ են նույնիսկ: Եթե չլիներ հրդեհը, եթե Մարտիրոս Սարյանը չտար իր պարզ հայկական խորհուրդը նրան, ու եթե Մինաս Ավետիսյանը չունենար իր մեջ մղումը, պահանջը, պարտադրանքը՝ գտնելու այդ աղետը հօգուտս հաղթահարելու ճշմարիտ ուժը, մենք՝ մնացյալ մարդիկս, չէինք ունենա հոյակապ նկարները Մինաս Ավետիսյանի, որի ստեղծագործությունը տարիների ընթացքում պիտի ավելի մեծանա իր նշանակությամբ ու իմաստով:
Երկուսի միասին լուսանկարը կա մի գրքում, կարող եք ցուցահանդեսում նայել ուշադիր: Նրանք իսկական հայր և որդի են, կատարելապես հարազատ իրար, և սակայն յուրաքանչյուրն իր եզակի անհատականությունն ու հանճարն ունի:
Հայաստանը շատ փոքր, շատ քարքարոտ երկիր է, բայց ինձ ծանոթ ամեն հայ իր երկիրն աշխարհի ուրիշ որևէ երկրի հավասար է համարում ֆիզիկական մեծությամբ, գուցե որովհետև Հայաստանը լի է հայերով, որոնք իրենց էլ, իրենց երկիրն էլ ու միասին աշխարհն էլ խաղաղ պահելով են զբաղված, գիտության ասպարեզում՝ ինչպես աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, երաժշտության մեջ՝ վերջերս հանգուցյալ Արամ Խաչատուրյանը և ապրող Առնո Բաբաջանյանը, և շատ ու շատ ուրիշներ՝ ճարտարապետներ, քանդակագործներ, գիտնականներ, անցյալի մեծ գանձերի պահապաններ, ընդ որում այն երիտասարդը, որ Երևանում Մարտիրոս Սարյանի թանգարանի պահապան տնօրենն է՝ Շահեն Խաչատրյանը:
Դու կգտնեք նրան ցուցահանդեսում և կվայելեք նրա խանդավառ նվիրվածությունը հայ նկարչության մեծ ալևոր երիտասարդ Մարտիրոս Սարյանին:

Փարիզ, չորեքշաբթի, 9 հուլիս 1980

Տես նաև Վիլյամ Սարոյան Պատմվածքներ

Վիլյամ Սարոյան | Սարյանի մասին Վիլյամ Սարոյան | Սարյանի մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 02, 2017 Rating: 5
Технологии Blogger.