Աղասի Այվազյան | Չիխլի



Աղասի Այվազյան Չիխլի Նա կաղալով անցավ փողոցը, հետո ծռվեց դեպի ձախ՝ մյուս փողոցը և մոտեցավ թունելին: Նա քայլում էր գլուխը կախ, պոչը իջեցրած, հայացքը հոնքի տակից… Նա մի տարօրինակ զգացում ուներ. ասես էլի ինչ-որ մեկը տխրել է իր համար, նույնիսկ ավելին՝ ամաչում է, որ ինքն այսպես հուսալքված է…

Նա մտավ թունել: Նախկինում նա էլի մի քանի անգամ եղել էր այստեղ և ծանոթ էր այս սառնությանը: Թունելի առաստաղից ջուրը կաթեց նրա զանգին:
Նա շուն էր: Եվ նրա անունը Չիխլի էր: Ինչ-որ մի ժամանակ, դեռ մանուկ հասակում, նա ուրիշ անուն ուներ: Հիմա նա մոռացել էր այդ ավելի բարեհնչյուն անունը: Նա սկլերոտիկ ուղեղ ուներ, սկլերոտիկ կարմիր աչքեր… Այդ մոխրագույն, լպրծուն զիբիլը, որ առաջացնում է սկլերոզ, լիքը-լիքը ճխտվել-տեղավորվել էր Չիխլիի բոլոր անոթներում՝ ուղեղի, աչքերի, սրտից դեպի ուղեղը գնացող, ամեն տեղից ամեն տեղ գնացող անոթներում… Ու հազիվ էին շարժվում նրա մտքերը այդ նեղացած անոթներով: Խցանվել, փակվել էր հուշերի ճանապարհը, և մանկության պատկերները չէին հասնում այդ անպետք նյութերով լցված անոթներով: Միայն մի բան, այնումանենայնիվ, շարժվում էր նրա մեջ և զբաղեցնում նրա ողջ էությունը. դա միտքն էր հավատարմության մասին:
«Հավատարիմ լինե՞լ, թե ոչ»,- անընդհատ մտածում էր Չիխլին: Եվ երբ եզրակացնում էր, որ անպետք է հավատարիմ լինել, այդ է աշխարհի իմաստը, նա ոգևորվում էր ու երջանիկ էր… Աշխարհը թեթև էր, սպիտակ, ու ինքը անչափ սիրում էր տիրոջը և ուրիշներին՝ ուրիշ մարդկանց, ուրիշ շների, ուրիշ շների տերերին… Ու զարմանալիորեն հենց այդ ժամանակ նա սիրում էր իրեն, բայց մի յուրօրինակ սիրով:
Չիխլին գիտեր ե՛րբ վազել տիրոջ առջևից և ե՛րբ ետևից, ե՛րբ ձեռքը լիզել և ե՛րբ ոտքերն ընկնել: Ուրիշի հաճույքը իր հաճույքն էր:
Նա չէր վախենում, որ որևէ մեկը կարող է իրեն նեղացնել, նա վախենում էր, որ ինքը հանկարծ որևէ մեկին տհաճություն չպատճառի ու նայում էր յուրաքանչյուրի աչքերի մեջ, հետևում տրամադրությանը ու հանգիստ էր, երբ շուրջը գոհ էին:
Եվ զարմանալի հպարտ էր Չիխլին. նրա հպարտությունը գալիս էր իր հավատարմության գիտակցությունից, նրա բարձր ինքնարժեքից:
Եվ, այնուամենայնիվ, անկախ օրվա տրամադրությունից, Չիխլին անընդհատ, մեկ՝ ծույլ-ծույլ, հայեցողաբար, մեկ՝ անհանգիստ, զգայական, մտածում էր հավատարմության ու շների և մարդկանց ներդաշնակության մասին: Հաճախ Չիխլիի համոզվածությունն իր ճշմարտացիության մեջ այնտեղ էր հասնում, որ նա բարձր զգացմունքներից ուզում էր լաց լինել, գետինը համբուրել. երկնքին էր նայում և կարճ-կարճ հաչոցներ էր արձակում, աչքերը ջրակալվում էին, ու Չիխլին թավալվում էր իր տիրոջ ոտքերի առջև: Հետո նա պտտվում էր իր շուրջը, իր տիրոջ շուրջը, նրա ընկերների շուրջը, նրանց ծանոթների շուրջը, անծանոթների շուրջը… Հաճախ Չիխլին զգում էր, որ տերը չի հասկանում իրեն, չի տեսնում իր ճշմարտությունը, բայց ներում էր, և այդ ներումն էլ մի նոր երջանկություն էր բերում նրան…
Աշուն էր… Չիխլին սիրեց: Գալիս էր նրա մոտ մանր աչքերով մի ճարպիկ շուն: Իսկ մի անգամ նա սողոսկել էր տուն և մտել-մնացել տիրոջ մահճակալի տակ:
Տեսան, զայրացան: Ճարպիկ շունը փախավ, իսկ Չիխլիին կես գիշերին ոտքերի տակ առան և մի քանի օր փողոցում պահեցին: Ու դուրսը, անձրևի տակ, ծեծված, կուչ եկած Չիխլին կրկին կարճ-կարճ հաչոցներով մտածեց հավատարմության մասին և կասկածի տակ վերցրեց իր համոզվածությունը: Ի՞նչ է հավատարմությունը… Արդյոք դա՞ է կյանքը օրենքը, թե մի ուրիշ բան կա… Մտածեց, մտածեց Չիխլին, հոգնեց իր մտքերից, նորից կակղեց, բարիացավ և եկավ, սկսեց թափառել իրենց տան շուրջը: Նրան ներս թողեցին, ու Չիխլին ջերմացավ նախամուտքի մորթու վրա. տաքացավ նրա մարմինը, յուրաքանչյուր նյարդ, անոթ առանձին-առանձին տաքացան, հետո տաքությունն անցավ ամբողջ մարմնին, ու մարմնի մասերն ասես իրարից բաժանվեցին, ու մարմինը շատ զզվելիորեն փլվեց, թուլացավ… Ու մի շատ շնային հաճույք շատ շնավարի մտավ իր ամեն մի ծակոտիկի մեջ, և նա կրկին մտածեց տիրոջ բարության մասին և ամաչեց հավատարմությունից հրաժարվելու ժամանակավոր ցանկության համար: Սակայն ինչ-որ բան իր գիտակցությունից թաքուն փոխվել էր նրա մեջ: Այդ ընթացքում ոտքով տալիս էին նրա դնչին, նրա գանգին, նրա փորին, նրա մեջքին… Ու այդ ընթացքում Չիխլին կրկին խորհում էր հավատարմության մասին, ծանր ու թեթև անում և զարմանում աշխարհի անխելքության մասին:
Չիխլին արդեն շատ բաներից էր հրաժարվել, շատ բաների հետ էր հաշտվել, ջարդվել էր… Նա փորձ ուներ և տխուր ժպիտ աչքերում, սակայն կրկին, այդպես ծեծված, տխուր ժպիտով, այդ փորձով, անմիջապես կռահում էր ուրիշի ցանկությունը, նույն վայրկյանին մոռանում իր ցանկությունը և կատարում ուրիշինը՝ ինչքան էլ մանր լիներ ուրիշի ցանկությունը և ինչքան էլ կարևոր ու լուրջ՝ իրենը…
Եղավ օր և Չիխլին ձագեր ծնեց: Նա հասարակ երջանիկ էր, նույնիսկ տխուր ու սուսուփուս երջանիկ:  Աչքերը ճպճպացնում էր, հորանջում և նայում իր ձագերին: Ու հանկարծ մթնեց երկինքը նրա գլխին. մի առավոտ վերցրին նրա ձագերին և տարան անհետացրին: Իրար անցավ Չիխլին, գլուխը կորցրեց. լալիս էր, կաղկանձում, ոռնում, խնդրում տիրոջը, բացատրում ինչպես կարող էր, որ սխալ է նրանց արածը, լիզում տիրոջ ոտքերը. բայց ոտքերը հրում էին նրան, և տերը թափ էր տալիս շալվարը:
Փոխվեց Չիխլին և միանգամից որոշեց. ի՛նչ հավատարմություն, ի՞նչ բան. պետք է ուրիշ ձևով լինել, վերջապես հասկացավ, վերջապես պատասխան գտավ իր կասկածներին: Ու Չիխլին սկսեց հաչել բոլորի վրա, ընկել էր փողոցները, մի մայթից մյուսն էր վազում, մռռում էր, վախեցնում, ատամներն էր ցույց տալիս… Ի վերջո մի երկու հոգու շալվար պատռեց և կծեց մեկի ոտքը… Այնքան ծեծեցին Չիխլիին, որ նա հազիվ իրեն փախցրեց ու մնաց այդպես կաղ: Նա կաղալով ու վնգստալով փախավ ձորը, բարձրացավ վեր ու թաքնվեց թթենիների մեջ: Նրա աչքերում միշտ արցունք կար, ու նա կաղալով զգույշ քայլում էր ձորի պռնկի բարձունքի քարերի մեջ և նայում ներքև՝ մարդկանց փոքրացած մարմիններին և չէր համարձակվում ցած իջնել: Նա պառկում էր, և հատկապես գիշերները, դունչը դնելով թաթին, մտածում էր. «Բան չի ստացվում ոչ այսպես, ոչ այնպես, ոչ հավատարմությունն է պետք մարդկանց, ոչ՝ շանը… Երևի ուղղակի ինքը պետք չէ նրանց՝ ուզում ես հավատարիմ եղիր, ուզում ես՝ մի եղիր»:
Մի անգամ մի մերկ տղա գետից դուրս եկավ և սկսեց վազել վեր: Նրա մարմինը թաց էր, փայլում էր արևից ու մի քիչ էլ մրսում էր:
Չիխլին թթենու տակ նստած արևից աչքերն էր կկոցում և վերևից նայում էր գետում լողացողներին և բարձրացող տղային:
Տղան բարձրացավ ավելի վեր: Չիխլին տեսնում էր, որ տղան չի նայում իրեն, բայց զգաց, թե ինչպես տղայի աչքերի մեջ մի կետ փայլեց՝ ուղղված իր կողմը: Չիխլին դանդաղ ետ-ետ սողաց: Տղան լրիվ բարձրացավ, և երբ մոտեցավ ծառին, Չիխլին վեր կացավ տեղից և ուզեց հեռանալ մյուս ծառի կողմը… Ու հանկարծ խղճաց տղային. չնեղանա, որ նրանից փախչում է… Այսքան էլ չի կարելի կողի ընկնել… նա մտածեց և իբր թե այնպես, ինքն իր համար խաղ է անում, երկու ծառի արանքում նստեց, ոչ այս կողմ, ոչ այն կողմ… Տղան բարձրացավ ծառը և սկսեց թութ ուտել: Թութը սև էր, ու տղայի դեմքը և մարմինը սևացան: Նա պոկում էր թութը, դնում բերանը և ժպտալով մի հայացք գցում Չիխլիի կողմն ու մեկ-մեկ թութ նետում նրան: Չիխլին դեռ ուշադրություն չէր դարձնում. հոգնած էր նման խաղերից. միամիտ են մարդիկ, ինչով են զբաղվում… ասես չգիտեն, որ շունը թութ չի ուտում…
Տղան համառորեն թութը նետում էր նրան, ու Չիխլիի սրտի հեռու մի մասում ինչ-որ բան խաղաց… Մեղք է տղան: Ու Չիխլին բերանը բաց էր անում հենց այնպես՝ տղային չնեղացնելու համար, բռնում էր թութը, հետո մի կողմ դնում… Տղան ուրախանում էր, և Չիխլին հանգստացավ նրա համար: Ներքևից՝ ձորից, գետափին պառկած տղաները ձայն տվեցին, ու տղան սկսեց կամաց-կամաց իջնել ծառից: Իջավ, կանգնեց ծառի տակ: Փորը ուռել էր, դուրս ընկել: Չիխլին ժպտաց: Տղան էլ ժպտաց նրան: Տղայի ժպիտը հաճույք բերեց Չիխլիին, հաճույքից նրա մարմնի բոլոր մասերը թուլացան: Նա դունչը դրեց գետնին: Տղան ժպտալով մոտենում էր Չիխլիին «Տուզիկ» ասելով: Չիխլին ուզեց պոչը խաղացնել, չստացվեց, ծանրացել էր պոչը անգործությունից, ու մտածեց՝ տղային թվում է, թե շները չեն հասկանում, երբ իրենց անունը չգիտեն: Ուղղակի ուշադրություն չեն դարձնում այդ բաների վրա…
Տղան ընդհուպ մոտեցավ Չիխլիին, ոտքի մատներով շոյեց դեռ գլուխը, հետո ականջները, հետո փորը… Ու լրիվ թուլացավ Չիխլին, շնային մի անդիմադրելի հաճույք շատ շնավարի սողոսկեց նրա մարմնի մեջ, ջերմացան ոտքերը, թեթևացան, կախվեցին ականջները, փակվեցին կարմրած խոնավ աչքերը, բացվեց բերանը շնային ժպիտի մեջ, ուզեց համբուրել տղայի ոտքը, տղայի ձեռքը և, ինչպես երբեմն անում էր, շուռ եկավ մեջքի վրա:
Ու, հանկարծ, չհասկացավ, թե ինչպես ինչ-որ մի հարվածով նետվեց դեպի ձորը:
Դեռ սարսափած ուզեց մարմինը մի կողմ շարժել, ձգվել, հաչել, բաներ ասել, օգնություն կանչել… Բայց անասելի հոգնած էր ու միայն մի բան կարողացավ մտածել. «Ինչու մոռացա, որ որոշել էի անհավատարիմ լինել»…
Ու մինչև կհասներ ձորի հատակը, կընկներ քարերի վրա ու ջարդուփշուր կլիներ, նրա ծեր ու հոգնած մարմինն արդեն երանության մեջ էր…    

Տես նաև Աղասի Այվազյան Պատմվածքներ
Աղասի Այվազյան | Չիխլի Աղասի Այվազյան | Չիխլի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 22, 2017 Rating: 5
Технологии Blogger.