Մխիթար Գոշ | Առակներ


Սպառազեն մկները
Մկները մի օր կխոսեին իրար մեջ. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ո՛չ զենք ունինք, ո՛չ եղջյուր: Այդ է պատճառը, որ կատուն դյուրությամբ կբռնե մեզ»:
Ու մեր մկները մեկ-մեկ փայտ սրեցին և գլխներին կապեցին. մի բան է, թե կատուն գա՝ կռվեն և չբռնվեն: Եվ ահա եկավ կատուն: Շուրջի մկները փախան և ծակը մտան: Իսկ որ փայտե եղջյուրներ ունեին՝ չկարացին ծակը մտնել: Կատուն բռնեց և կերավ ամենը:

Ագռավը և իր ձագերը
Ագռավը ժողովեց իր ձագերը և խրատ տվավ նրանց՝ ասելով. «Զավակնե՛րս, խելոք եղեք և ամեն մարդուց զգույշ կացեք, մանավանդ, երբ տեսնեք, որ նա կկռանա քար վերառնելու»:
Ձագերը կհարցնեն. «Մա՛յր, իսկ ի՞նչ անենք, երբ մարդն արդեն իր ձեռքն առած լինի քարը»:
Մայրը թե՝ «Այժմ արդեն կհամոզվեմ, զավակներս, որ ամեն վտանգ ձեզնից հեռու է: Դուք չեք կորչի երբեք»:

Անհոգ պարտապանը
Թագավորանիստ քաղաք Կոստանդնուպոլիս մի տնատեր կար: Անթիվ և անչափ պարտքեր ուներ: Միայն թե՝ ոչ ոք տեղյակ էր այդ բանին: Պարտապանը մի բոլորովին անհոգ մարդ էր: Գիշերներն էլ շատ հանգիստ կքներ:
Երբ այդ մարդը մեռավ, նոր միայն իմացան, որ շատ պարտքեր թողած է: Կայսրը որ այդ լսեց, հրամայեց. «Բերե՛ք ինձ մոտ այն մարդու անկողինը: Կերևա, թե գաղտնի զորություն կա մեջը և անդորր քուն կբերե մեջը պառկողին: Ապա թե ոչ, զարմանալ և ապշել միայն կարելի է, թե այսչափ պարտք ունեցողի քունը ո՞նց կը տանի»:

Աղվեսը և ձկնորս գայլը
Գայլն ու աղվեսը եղբայրացան և ձուկ որսալու ելան: «Ագիդ գե՛տը ձգե,- ասաց աղվեսը գայլին,- որ ձուկ բռնեն»:
Ցուրտ ձմեռ էր: Գայլը որ պոչը գետը ձգեց, քիչ հետո ջուրը պաղեցավ, և գայլի պոչը կպած մնաց սառույցին:
«Դե՛հ,- ասաց աղվեսը գայլին,- զորությամբդ մեկ քարշե ագիդ, արդեն շատ ձկներ բռնված կը լինին»:
Գայլը ձիգ տվավ պոչը, բայց այն հատավ: Ու՝ կկզած վա՛յ կուտար իր գլխին գայլը և լալով կասեր. «Վա՛յ է ինձ, պոչիցս զրկվեցա ես, բայց ձուկ ալ չը բռնեցի»:

Բեռնակիր անասունը
Մի բեռնակիր անասուն իր վրա կը կրեր երկու հակ բեռ: Առաջին հակը մահադեղով լի էր, իսկ երկրորդը՝ սպաննիչ սուր ու սուսերով:
Եվ ահա մեր բեռնակիրը ճանապարհին եկավ հասավ մի նեղ տեղ, ուր կարող չէր անցնել: Երբ շատ նեղվեցավ, մեկ կողմեն սուր ու սուսերը խոցեց զինքը, իսկ մյուս կողմեն մահադեղը թափավ և մեռցուց բեռնակիրը:

Երկու աքլոր
Երկու աքլոր կկռվեին մի փողոցի մեջ: Մեկը հաղթեց մյուսին ու վայր գլորեց գետին: Հաղթական աքաղաղը հպարտ-հպարտ կտուր թռավ, սկսավ բարձր-բարձր երգել և իր հաղթության գովքը անել:
Բայց տես, հանկարծ ավելի վերեն մի արծիվ վար սլացավ, ճանկեց աքլորը ու նորեն երկինք բարձրացավ:

Հրակեր գազանը
Ծովը մի գազան կապրի, որ կրակ կլափե: Երբ որսորդները այն բռնել կուզեն, կըժողվին ծովեզերքը, կրակ կվառեն և կայծեր կարձակեն, իսկ իրենք կթագնուին:
Գազանը մոտ կգա, կսկսի ագահորեն լափել կայծերը և կրակի զորությունից կթմրի: Ահա այդ ժամանակ որսորդները դուրս կելնեն իրենց թաքստոցից, կսպանեն գազանը և կառնեն, կտանին:

Կուղբ
Մի գազան կա, որի ձուն բժշկության դեղ է: Երբ կտեսնի, որ որսորդը նեղում է իրեն, սեփական ատամներով կկտրի իր ձուն, որսորդին կնետի և այդկերպ կփրկի իր կյանքը:

Վարազը և աղվեսը
Մի օր վարազը մեծ աշխատությամբ կսրեր իր ատամները: Մոտ կգա աղվեսը և կասե. «Ինչո՞ւ համար այդպես կաշխատիս. չէ՞ որ առայժմ կռվի և պատերազմի կասկած չկա»:
Վարազը կպատասխանի աղվեսին. «Լսե՛, գարշելի աղվեսուկ: Դու պատերազմեն բան չէս հասկնար: Ո՞վ ժամանակ ունի՝ կռվի միջոցին զենք սրելու: Մարդ պետք է զենքը այն ժամանակ սրե ու պատրաստե, երբ ազատ է դեռ»:

Տես նաև Վարդան Այգեկցի Աղվեսագիրք, Խնկո Ապեր Առակներ, Խաչատուր Աբովյան Առակներ

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Մխիթար Գոշ | Առակներ Մխիթար Գոշ | Առակներ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 15, 2017 Rating: 5
Технологии Blogger.