Մարտիրոս Սարյան | Նամակ Ավետիք Իսահակյանին

1925, փետրվարի 2, Երևան

Սիրելի Ավետիք,
Ես քեզ քանի անգամ գրել էի նամակներիս մեջ, որ քո ուղարկած լուսանկարները և Վենետիկի ալբոմները տիկին Մարտիրոսյանի միջոցով վաղուց ստացել և դրա համար քանի-քանի անգամ շնորհակալություն եմ քեզ հայտնել: Ես կարծում եմ, որ իմ նամակները դու ստացել ես արդեն, քանի որ ես քո նամակները ստանում եմ կանոնավոր կերպով:
Ինչպես գիտես, մեզ մոտ կյանքը մեծ թափով առաջ է գնում, աշխատողի համար գործ շատ կա, ճիշտ է՝ հարմարություններ քիչ կան: Երևանում կոմֆորտով ապրելու հնարավորություն չկա, հենց դրա համար էլ Ա. Թամանյանի Երևանի նոր կազմած նախագծով գարնանից սկսվելու են կառուցվել նոր շենքեր, իհարկե՝ հարմարություններով, համենայն դեպս, այդ շենքերը կլինեն ավելի գեղեցիկ և հարմար, քան թե այն բոլոր շենքերը, որ հայ բուրժուազիան շինել է Թիֆլիսում, Բաքվում, Արմավիրում, Ռոստովում և մի շարք քաղաքներում Հայաստանից դուրս:
Այստեղի վերջին նորությունները, որոնք կարող են քեզ համար հետաքրքիր լինել, հետևյալն են. Միքայել Մանվելյանը գրել է մի նոր պիեսա՝ «Լուսնոտ աղջիկը» անունով, որը կարդաց ընկերական շրջաններում և, կարծեմ, տպագրվելու է «Նորքում», որտեղ, չեմ հասկանում ինչու, մինչև հիմա դու չես մասնակցում: Դերենիկը Երևանում է, և նրա «Քաջ Նազար» պիեսան Պետական թատրոնի բեմի վրա մեծ հաջողությամբ ներկայացվում է, կարծեմ 15, թե 16-րդ անգամ: Ի միջի այլոց, մեր Պետական թատրոնը մեծ նվաճումներ է արել, և հասարակությունը մեծ հաճույքով հա-ճախում է:
Կոնսերվատորիան տալիս է հերթական համերգներ, լրացնելով հասարակության երաժշտական պահանջը, որի գլուխն է կանգնած Արշակ Ադամյանը՝ շատ լուրջ և գործին նվիրված մարդ:
Երևանում գտնվում է նույնպես կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը, պատրաստել և վերջնականապես կավարտի մոտակա օրերս մի հայկական օպերա՝ «Ալմաստ» անունով, որի լիբրետտոն վերցված է Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմայից և մշակված է Սոֆիա Փարնոկ ռուս բանաստեղծուհու միջոցով:
Նկարիչների, այսինքն՝ կերպարվեստի աշխատավորների ընկերությունը, պատրաստվում է Երկրորդ գարնանային պատկերահանդեսին, որը բացվելու է ամենաուշը մայիսի մեկին:
Այս օրերս Վենետիկից՝ Հացունուց ստացա նամակ, և պատասխանը կստանա իրան հետաքրքրող տեղեկություններով՝ Հնությանց պահպանության կոմիտեի քարտուղար Աշխարհբեկ Քալանթարից:
Նորերս գտնվել է հայկական արքայի արձանի գլուխը, որը մեծ հնագիտական արժեք է ներկայացնում:
Ուրեմն, նամակս պետք է վերջացնեմ, որովհետև չորս երեսը լրանում է: Բարևներս ընտանիքիդ:


Քո՝ Մարտիրոս
Մարտիրոս Սարյան | Նամակ Ավետիք Իսահակյանին Մարտիրոս Սարյան | Նամակ Ավետիք Իսահակյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 11, 2017 Rating: 5
Технологии Blogger.