Էդգար Ալան Պո | Ձվաձև դիմանկարը


Այն դղյակը, որտեղ, իր վիրավոր տիրոջն անօթևան չթողնելու համար, ներխուժեց իմ սպասյակը, ճոխության ու մաղձի այն կուտակումներից մեկն էր, որոնք դարերով խոժոռվում են Ապենինյան լեռներում ոչ միայն տիկին Ռադքլիֆիiii երևակայության մեջ, այլև իրականում։ Ըստ իս այն լքել էին բոլորովին վերջերս և միայն ժամանակավորապես, այնպես որ մենք որոշեցինք հանգրվանել ամենից փոքր ու անշուք սենյակում, որը գտնվում է դղյակի հեռավոր աշտարակներից մեկում։ Սենյակի հարդարանքը ճոխ էր, բայց բավական հին ու մաշված։ Գորգերով ծածկված պատերին բազմապիսի զենք ու զրահ էր կախված, ինչպես նաև բազմաթիվ ժամանակակից նկարներ՝ ոսկեզօծ շրջանակներով։ Այդ նկարները, որոնք կախված էին ոչ միայն պատերին, այլև նման կառույցների համար անխուսափելի բազմաթիվ խորաններում, չափազանց հետաքրքրեցին ինձ, թեև դրա պատճառը գուցե ինձ մոտ սկսվող տենդն էր։ Արդեն մթնում էր, և ես Պեդրոյին խնդրեցի փեղկերը փակել, վառել անկողնու մոտ դրված աշտանակի մոմերը և ետ քաշել ամպհովանու թավշյա սև վարագույրը։ Եթե ինձ չհաջողվեր քնել, ես գոնե կկարողանայի զբաղվել նկարներով և դրանք թվարկող ու քննող մի փոքր հատորյակով, որը գտել էի բարձիս տակ։ Ես երկար ու կլանված կարդում էի այդ գրքուկր, նույնքան երկար ու ակնապիշ դիտում պատերին կախված նկարները։ Ժամանակն արագ ու աննկատելի էր անցնում՝ շուտով արդեն ուշ գիշեր էր։ Մոմակալի դիրքն ինձ դուր չէր գալիս, և ես, սպասյակիս չարթնացնելու համար, ձեռքս պարզեցի և այն դրի այնպես, որ գիրքն ավելի լավ լուսավորվեր։

Այդ տեղափոխությունը բոլորովին անսպասելի արդյունք տվեց։ Բազմաթիվ մոմերի լույսն ընկավ մինչ այդ աննշմարելի մի խորանի մեջ, որն առաջ քողարկված էր ամպհովանու սյուներից մեկի ստվերով։ Պայծառ լույսի տակ երևաց մի նկար, որը ես մինչ այդ չէի տեսել։ Դա մի դեռատի, կանացի փթթումի շեմին կանգնած աղջկա դիմանկար էր։ Մի հպանցիկ հայացք նետելով այդ նկարին, ես հապճեպ փակեցի աչքերս։ Սկզբում ինքս էլ չհասկացա, թե ինչու այդպես վարվեցի։ Հետո, փակ աչքերով պառկած, գտա պատճառը։ Ես պարզապես ուզեցել էի ժամանակ շահել, համոզվել, որ իմ տեսողությունն ինձ չի խաբել, սանձել երևակայությունս հանուն ավելի սթափ ու վստահ հայացքի։ Քիչ անց նորից ուշադիր նայեցի նկարին։
Այս անգամ ես չէի կարող և չէի էլ ուզում կասկածել, որ ճիշտ եմ տեսնում։ Մոմերի ցոլքը կտավի վրա ցրել էր այն քնկոտ ընդարմացումը, որն աստիճանաբար բթացնում էր զգայություններս, և իսկույն արթնացրել էր ինձ։
Ինչպես արդեն ասացի, դա մի դեռահաս կնոջ դիմանկար էր։ Նրա գլուխը և ուսերը պատկերված էին այն զարդանկարային եղանակով, որը հիշեցնում էր Սալլիի սիրած կանացի գլխիկների ոճը։ Թևերը, կուրծքը և նույնիսկ լուսափայլ մազերն ասես ձուլված լինեին այն անորոշ, բայց խորը ստվերին, որը կազմում էր նկարի հիմնագույնը։ Ոսկեզօծ ձվաձև շրջանակն առատորեն զարդարված էր մավրիտանական հյուսքով։ Նկարը հիրավի անգերազանցելի էր որպես կերպարվեստի կատարյալ նմուշ։ Բայց ոչ նկարչի վարպետությունը և ոչ էլ պատկերված դեմքի երկնային գեղեցկությունը չէին կարող այդպես խորն ու հանկարծակի ցնցել ինձ։ Բացառվում էր նաև, որ իմ կիսարթուն երևակայությունը կենդանի կին պատկերացրած լիներ։ Նկարի ուրվագիծը, ոճը, շրջանակը պիտի որ իսկույն ցրած լինեին նման տպավորությունը, ավելի ճիշտ, պետք է ընդհանրապես կանխած լինեին այն։ Մի ամբողջ ժամ, երևի, ես անցկացրի այդ մասին խորհելով, թիկնած իմ բարձին, և հայացքս նկարին հառած։ Վերջապես, գտնելով այդ անսովոր ազդեցության գաղտնիքը, ես գոհունակությամբ ետ ընկա անկողնուս մեջ։ Նկարի հմայքը նրա կատարյալ շնչավորության մեջ էր, որը սկզբում ցնցեց, ապա շփոթեցրեց, ընկճեց ու ահաբեկեց ինձ։ Խորին երկյուղածությամբ ու ակնածանքով լցված, ես մոմակալն իր նախկին տեղը դրի։ Վերացնելով այդպիսով իմ խռովության պատճառը, ես իսկույն դիմեցի նկարները մեկնաբանող գրքույկին։ Գտնելով ձվաձև դիմանկարի համարը, ես կարդացի հետևյալ տարօրինակ ու առեղծվածային պատմությունը։

«Նա անզուգական գեղեցկությամբ օժտված մի օրիորդ էր, նույնքան հմայիչ, որքան և զվարթ։ Ձախորդ եղավ այն օրը, երբ նա տեսավ ու սիրեց նկարչին և դարձավ նրա կինը։ Նկարիչը համառ էր, անզիջում ու մոլեռանդ և արդեն պսակված էր Արվեստի հետ։ Աղջիկն օժտված էր անզուգական գեղեցկությամբ, հմայիչ էր, զվարթ և ասես հյուսված լիներ լույսից ու ժպիտներից։ Եղնիկի պես կայտառ մի էակ էր նա և սիրում ու գուրգուրում էր ամեն բան ատելով միայն իր ախոյան Արվեստը, սոսկալով միայն վրձնից, երփնապնակից և նման չարագուշակ պիտույքներից, որոնք խլում էին իրենից իր սիրելիին։ Ինչպիսին պիտի լիներ ուրեմն իր սարսափը, երբ մի օր նրան հայտնի դարձավ, նույնիսկ իր ջահել կնոջը դիմանկարելու նկարչի ցանկությունը։ Բայց նա խոնարհ ու հնազանդ կին էր և երկար շաբաթներ նստեց բարձր աշտարակներից մեկի մութ մի սենյակում, ուր գունատ կտավը լուսավորվում էր միայն վերևից ծորացող դալուկ լույսով։ Նկարիչն անզուսպ էր ու քմահաճ և բոլորովին հափշտակված էր իր գործով, որը երկար ժամեր ու օրեր էր տևում։ Ստեղծագործ մոլությամբ տարված, նա չէր ուզում տեսնել, որ մենավոր աշտարակի դժգույն լույսը հյուծում է իր կնոջ մարմինն ու հոգին, և բոլորն էին դրա վկան, բացի նկարչից։ Իսկ նրա կինը շարունակ ժպտում էր և չէր տրտնջում, քանի որ զգում էր, որ նկարիչը (անդին լայն ճանաչում ունեցող) ինքնամոռաց հաճույք է ստանում իր գործից, պատկերելով իրեն այդքան սիրող, սակայն օրեցօր նվազող ու հանգչող էակին։ Եվ իրոք, նրանք, ովքեր տեսել էին կտավը, շշուկով էին խոսում այն ապշեցուցիչ նմանության մասին, որը, հաստատելով կատարման հմտությունը, միևնույն ժամանակ վկայում էր նկարչի անհուն սերը դեպի նա, ով նկարում արդարև պատկերված էր անօրինակ ներշնչանքով։ Սակայն հետո, երբ գործն արդեն իր ավարտին էր մոտենում, ոչ ոք այլևս իրավունք չստացավ աշտարակ մտնել, իսկ նկարիչը, աշխատանքի մարմաջով բռնկված, սակավ էր հայացքը պոկում կտավից նույնիսկ իր կնոջը նայելու համար։ Նկարիչը չէր ուզում տեսնել, որ կտավին դրած իր երանգները նա խլում է դիմացը նստած էակի այտերից։ Վերջապես, շատ շաբաթներ անց, երբ վրձնի սոսկ մեկ հարված էր մնացել շուրթերին և մի նուրբ երանգ աչքի մոտ, տիկնոջ հոգին նորից, մոմի բոցի պես, մի պահ բռնկվեց։ Հենց այդ պահին էր, որ վրձինը քսվեց կտավին, վերջին երանգը գտավ իր տեղը, և նկարիչը, զմայլված իր գործով, մի պահ անշարժացավ կտավի առաջ։ Հետո նա հանկարծ գունատվեց, երերաց ու, բացականչելով՝ «Հիրավի սա ինքը կյանքն է», կտրուկ դարձավ սիրելիի կողմը ՆԱ ՄԵՌԱԾ ԷՐ»։

Տես նաև Էդգար Ալան Պո Պատմվածքներ
Էդգար Ալան Պո | Ձվաձև դիմանկարը Էդգար Ալան Պո | Ձվաձև դիմանկարը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 04, 2017 Rating: 5
Технологии Blogger.