Էդգար Պո | Սև կատուն


Ես ոչ հույս ունեմ, ոչ էլ խնդրում եմ, որպեսզի հավատաք այն խելացնոր և միաժամանակ առօրեական պատմությանը, որը պիտի շարադրեմ։ Հիրավի, խենթություն կլիներ ապավինել ձեր վստահությանը, երբ իմ իսկ զգայությունները ժխտում են իրենց վկայությունը։ Սակայն ես խենթ չեմ և, անշուշտ, չեմ զառանցում։ Վաղը ես կմեռնեմ և ուրեմն այսօր պիտի թեթևացնեմ սիրտս։ Իմ նպատակն է պարզ, ամփոփ, և առանց որևէ մեկնաբանության պատմել մի շարք զուտ ընտանեկան դեպքերի մասին։ Այդ դեպքերն իրենց հետևանքներով սարսափեցրին, տանջահար արին, կործանեցին ինձ։ Ես չեմ փորձի որևէ բան բացատրել։ Գուցե այն, ինչ ինձ ահաբեկեց, ուրիշներին ամենից անհեթեթ հորինվածքից էլ անմեղ թվա։ Թերևս նույնիսկ գտնվի մի տրամաբանող, սառը դատողությամբ օժտված և պակաս դյուրագրգիռ մարդ, որն ինձ ահ ու դողի մեջ գցած այդ հանգամանքներում տեսնի միայն օրինաչափ պատճառական կապերի սովորական մի շարք։

Մանկության օրերին ինձ հատուկ հեզությունը, փափկասրտությունը և բարեհամբույր խառնվածքն այնքան էին շեշտված, որ հաճախ ես դառնում էի ընկերներիս ծաղրուծանակի առարկան։ Ես հատկապես կենդանիներ էի սիրում, և ծնողներս ինձ թույլ էին տալիս տանը տարբեր գազանիկներ պահել։ Կյանքիս ամենաերջանիկ պահերը նրանց կերակրելու և փայփայելու ժամերն էին։ Մեծանալով ես իմ այդ հատկությունը չկորցրի, և հասուն տարիքում այն նույնպես շարունակում էր ինձ մեծագույն բավարարություն պատճառել։ Նրանց, ում բախտ է վիճակվել հնարամիտ և նվիրված շուն ունենալ, հազիվ թե պետք լինի բացատրել, թե ինչպիսի հաճույք է պատճառում այդ կապը։ Կենդանու ինքնանվեր ու անշահախնդիր սերը իսկույն գրավում է այն սրտերը, որոնք առիթ են ունեցել փորձելու մարդու սին բարեկամությունն ու խախուտ անձնվիրությունը։
Ես վաղ ամուսնացա և շատ ուրախացա, տեսնելով, որ կինս նույն համոզմունքների տեր մարդ է։ Նկատելով իմ այդ հափշտակվածությունը, նա առիթը չէր կորցնում ինձ նորանոր ընտանի կենդանիներ նվիրելու։ Մենք թռչուններ էինք պահում, ունեինք մի հիանալի շուն, ոսկե ձկնիկ, ճագարներ, մի փոքրիկ կապիկ և մի կատու։
Վերջինս բավական մեծ և գեղեցիկ կենդանի էր, բոլորովին սև և ծայր աստիճանի հնարամիտ։ Կինս, որ բոլորովին սնահավատ չէր, նրա մասին խոսելիս մի հին ժողովրդական հավատալիք էր հիշում՝ ըստ որի իբր կատուները կերպարանափոխված վհուկներ են։ Անշուշտ, կինս ոչ մի լուրջ բան նկատի չուներ, և դա ասում էր հենց այնպես, և եթե ես հիմա նշում եմ այդ մանրուքը, ապա պարզապես որովհետև այն հենց նոր միտքս ընկավ։
Պլուտոնը, այդպես էր կատվի անունը, իմ սիրեցյալն ու մշտական խաղընկերն էր։ Ես ինքս էի նրան կերակրում և ուր էլ որ գնայի, նա ինձնից պոկ չէր գալիս։ Նույնիսկ ստիպված էի միջոցներ ձեռք առնել, որպեսզի նա հետս փողոց դուրս չգար։
Այդպես տևեց մի քանի տարի, որոնց ընթացքում (ամոթով եմ խոստովանում) բնավորությունս հիմնովին փոխվեց իմ վարած անժուժկալ կյանքի հետևանքով։ Օրեցօր ես ավելի նյարդային ու դյուրագրգիռ էի դառնում և պակաս հանդուրժող ուրիշների հանդեպ։ Ես ինձ թույլ էի տալիս կոպտել կնոջս և մի անգամ նույնիսկ ծեծեցի նրան։ Բնականաբար, կենդանիները չէին կարող չզգալ այդ փոփոխությունը։ Ես ոչ միայն դադարեցի խնամել նրանց, այլև սկսեցի ծեծել։ Սակայն Պլուտոնի հանդեպ ես դեռ զուսպ էի և չէի տանջում նրան, ինչպես, օրինակ, կապիկին, ճագարներին և նույնիսկ շանը, երբ նրանք պատահմամբ կամ սիրուց մղված ձեռքիս տակ էին ընկնում։ Սակայն նշածս թուլությունը (ալկոհոլից ավելի սոսկալի փորձանք չկա) աստիճանաբար ավելի ու ավելի էր տիրում ինձ, և, վերջապես, նույնիսկ Պլուտոնը, որն արդեն ծեր ու քմահաճ էր դարձել, ենթարկվեց իմ կեղեքումներին։
Մի գիշեր, երբ ես սովորականի պես գինետնից ծայր աստիճան հարբած տուն վերադարձա, ինձ թվաց, թե կատուն խուսափում է ինձնից։ Ես իսկույն ճանկեցի նրան, և խեղճ կենդանին վախից մի թեթև կծեց ձեռքս։ Ես կատաղությունից ինձ չէի ճանաչում, իմ բուն հոգին ասես լքել էր մարմինս։ Ջղերս դողում էին ավելի քան դիվային զայրույթից, որը գինով էր ոգեկոչված։ Ես բաճկոնիս գրպանից հանեցի իմ գրչահատը, բացեցի, և խեղճ անասունի կոկորդից բռնած, սառնասրտորեն հանեցի նրա աչքը։
Առավոտյան, երբ քունը ցրեց գինարբուքի մթագնումը, և խելքս գլուխս եկավ, ես սարսափած զղջացի իմ արած հանցանքը, բայց իմ այդ զգացումը թույլ էր և անկեղծ չէր։ Քիչ անց ես նորից բաց թողեցի սանձերս և գինու մեջ խեղդեցի իմ այդ անախորժ արարքի հիշողությունները։
Անցավ որոշ ժամանակ։ Կատվի վերքը կամաց-կամաց լավանում էր։ Ճիշտ է, դատարկ ակնախոռոչը սահմռկեցուցիչ տեսք ուներ, բայց ցավից նա կարծես էլ առաջվա պես չէր տառապում։ Նա սովորականի պես շրջում էր տանը, բայց, ինչպես և ակնկալվում էր, ինձ տեսնելուն պես սարսափահար փախչում էր։ Ես դեռ այնքան չէի փչացել, որպեսզի չվշտանայի ժամանակին ինձ այնքան սիրող էակի ակնհայտ թշնամությունից։ Բայց իմ ափսոսանքը շուտով փոխվեց ծայրաստիճան բարկության, իսկ հետո, ասես ինձ իմ վերջնական ու անվերադարձ վախճանին հասցնելու համար, իմ մեջ արթնացավ հակասության ոգին։ Փիլիսոփայությունը դեռևս չի անդրադարձել այդ ոգու հարցին։ Սակայն ես պատրաստ եմ ավելի շուտ կասկածանքի ենթարկել սեփական հոգուս գոյությունը, քան այն փաստը, որ հակառակվելը մարդու ամենահիմնական մղումներից մեկն է՝ այն առաջնային ու անքակտելի գործոնը, որը պայմանավորում է Մարդու բնույթը։ Չէ՞ որ մենք բազմիցս ստոր կամ հիմար արարքներ ենք գործում, իմանալով հանդերձ, որ այդպես չի կարելի, չէ՞ որ մենք, առողջ դատողությանը հակառակվելով, անընդհատ ձգտում ենք խախտել օրենքը, թեև քաջ գիտենք, որ այն խախտել չի կարելի։ Կրկնում եմ, հակասության ոգին տիրել էր ինձ և դեպի կործանում էր տանում։ Մարդկային հոգու այդ անըմբռնելի մոլությունը՝ ճնշել ինքն իրեն, բռնանալ իր սեփական էության վրա, չարիք գործել հանուն չարիքի, ստիպում էր ինձ շարունակել և իր ավարտին հասցնել կատվի, այդ անմեղ արարածի կեղեքման գործը։ Մի օր ես սառնասրտորեն թոկը գցեցի կատվի վիզը և նրան կախեցի ծառի ճյուղից։ Ես հեծկլտում էի, խիղճս տանջում էր ինձ. չէ՞ որ ես կախեցի նրան, որովհետև գիտեի, որ նա սիրում էր ինձ, ոչնչով չէր մեղանչել իմ առջև, չէ՞ որ նրան կախելով մեղք էի գործում, աններելի մեղք, որի պատճառով իմ անմահ հոգին, եթե դա հնարավոր լիներ, անկասկած կզրկվեր ամենաողորմած և ամենազոր տիրոջ անհուն գթությունից։
Ոճրագործությանս հաջորդող գիշերը ես արթնացա «հրդե՜հ» գոռոցից։ Մահճակալս այրվում էր։ Ամբողջ տունը կրակի մեջ էր։ Ես, կինս և աղախինը հազիվ փրկվեցինք, մեծ դժվարությամբ դուրս փախչելով բոցավառվող տնից։ Մեր շենքից բան չէր մնացել, կրակը ոչնչացրել էր իմ ամբողջ ունեցվածքը։ Այդ օրվանից ի վեր ես մատնվեցի ծայրաստիճան վհատության։
Ես ինձ բարձր եմ դասում իմ չարագործության և այդ աղետի միջև պատճառային կապեր փնտրելու թուլությունից։ Փաստերի այս շղթան շարադրելով, ես ուզում եմ, որ նրա ամեն մի օղակ ներկայացվի պատշաճ հերթականությամբ և առանց խեղաթյուրման։ Հրդեհի հաջորդ օրը ես այցելեցի իմ տան ավերակները։ Բոլոր պատերը, բացի մեկից, փլվել էին։ Տան կենտրոնական մասում կանգուն էր մնացել միայն մի բարակ միջնորմ, որը ուղիղ անկողնուս սնարի մոտ էր գտնվում։ Այն փաստը, որ պատի ծեփը կրակից համարյա թե չէր տուժել, ես բացատրեցի նրանով, որ իմ սենյակը բոլորովին վերջերս էին սվաղել։ Այդ պատի մոտ մեծ ամբոխ էր հավաքվել, շատերը հետաքրքրությամբ ու զարմանքով մի կետի էին նայում։ «Տարօրինա՜կ է», «Այ քեզ բա՜ն» բացականչությունները գրավեցին իմ ուշադրությունը։ Ես մոտեցա պատին և տեսա, նրա սպիտակ մակերեսին, ասես դրոշմված, կատվի հսկայական մի բարձրաքանդակ։ Կատուն, որի վզին թոկ էր գցված, պատկերված էր ապշեցուցիչ ճշտությամբ ու մանրամասնությամբ։
Երբ այդ տեսիլքը (ուրիշ ի՞նչ կարող էր լինել) առաջին անգամ երևաց աչքիս, ես համակվեցի անսահման զարմանքով ու վախով։ Բայց քիչ անց դատողությունս ինձ օգնության հասավ և ես հիշեցի, որ կատվին կախել էի տանս կից այգում։ Հրդեհից առաջացած իրարանցման մեջ այգին լցվել էր մարդկանցով, և երևի ինչ֊որ մեկը, թոկը կտրելով, կատվին բաց պատուհանից շպրտել էր սենյակս։ Հավանաբար, դա արվել էր ինձ արթնացնելու նպատակով։ Փլչող պատերն իմ դաժանության զոհին սեղմել էին թարմ ծեփի մեջ՝ կրակի և ոսկորներից անջատված ամոնիակի ներգործությամբ ստեղծելով այդ ահավոր պատկերը։
Այսպիսով, չնայած ես, խղճիս հակառակ, հանգստացրի իմ գիտակցությունը, սակայն երևակայությունս, վերը նկարագրված դեպքերի ազդեցության տակ, խիստ բորբոքված էր։ Կատվի տեսիլքը մի քանի ամիս շարունակ ամենուր հետապնդում էր ինձ։ Ես արդեն համարյա զղջում էի իմ արածի համար։ Գարշելի այն պանդոկներում, որոնք ես առաջվա նման հաճախում էի, ես փորձում էի մի որևէ կատու գտնել, որը գեթ փոքր-ինչ հիշեցներ նախկինին և կարողանար գրավել նրա տեղը։
Մի օր, երբ թմրած նստած էի նողկալի մի գինետանը, աչքս ընկավ այդ որջի հիմնական կահույքը հանդիսացող գինու հսկա տակառներից մեկի վրա պառկած սև էակին։ Ես շատ զարմացա, որովհետև վաղուց արդեն նայում էի այդ տակառին և միայն նոր նկատեցի վրան պառկած արարածին։ Ես մոտեցա և ձեռքս դրի նրա վրա։ Դա Պլուտոնի չափ մի մեծ սև կատու էր, որը, սակայն, մի բանով տարբերվում էր նրանից։ Պլուտոնը ոչ մի սպիտակ մազ չուներ, իսկ սրա կրծքին անորոշ ուրվագիծ ունեցող մի մեծ սպիտակ բիծ կար։
Ձեռքս դիպչելուն պես նա տեղից ելավ, քսվեց ինձ և գոհունակությամբ մռմռաց։ Դա հենց այն էր, ինչ ես փնտրում էի։ Ես իսկույն պանդոկապանին առաջարկեցի կատուն ինձ վաճառել, բայց նա ասաց, որ այդ կատուն իրենը չէ, և որ ինքն ընդհանրապես առաջին անգամ է տեսնում դրան։
Ես շարունակում էի շոյել կատվին և երբ ուզեցա տուն գնալ, նա վազեց իմ ետևից։ Ես նրան չխանգարեցի և ճանապարհին շարունակում էի մեկ-մեկ շոյել։ Տանը կատուն իսկույն գտավ իր տեղը և դարձավ կնոջս սիրելին։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շուտով սառեցի նրա նկատմամբ։
Հակառակ իմ սպասումներին, նրա ակնհայտ սերը զզվեցնում և նույնիսկ վանում էր ինձ։ Շուտով այդ զզվանքը վերածվեց ատելության։ Ես խուսափում էի նրանից, ամոթը և իմ գործած ծանր հանցանքի հիշողությունը ինձ թույլ չէին տալիս նրան ծեծել։ Մի քանի շաբաթ ես նույնիսկ ձեռք չէի տալիս նրան և տեսնելուն պես սարսափահար փախչում էի, ինչպես վարակից։
Իմ ատելությունն, անկասկած, սաստկացել էր այն բանից հետո, երբ տուն բերելու հաջորդ օրը ես նկատեցի, որ նա, Պլուտոնի նման, մի աչք չունի։ Ինչևէ, այդ հանգամանքը միայն ավելի սիրելի դարձրեց նրան կնոջս աչքում։ Կինս, ինչպես արդեն ասել եմ, օժտված էր այն բացառիկ բարությամբ, որը ժամանակին հատուկ էր նաև ինձ, բազմաթիվ պարզ ու մաքուր հաճույքների աղբյուր հանդիսանալով։
Ինչքան ես կատվին ատում էի, այնքան նա ավելի էր ինձ կապվում։ Անհասկանալի համառությամբ նա հետևում էր իմ ամեն քայլին։ Երբ ես նստում էի, նա կծկվում էր ոտքերիս մոտ, կամ, որն ավելի վատ էր, թռչում էր ծնկներիս և սկսում իր սահմռկեցուցիչ խաղերը։ Երբ ես վեր էի կենում, նա ընկնում էր ոտքերիս տակ և քիչ էր մնում ինձ վայր գցեր, և կամ իր երկար ճանկերով կառչում էր կրծքիցս։ Այդպիսի պահերին ես քիչ էր մնում նրա վիզը պոկեի, բայց ինձ զսպում էր նախորդ հանցանքիս հիշողությունը, իսկ մասամբ էլ, ինչ մեղքս թաքցնեմ, վախը։
Այդ վախը ոճրագործության վախ չէր, բայց և այնպես ես դժվարանում եմ այն այլ կերպ բնութագրել։ Նույնիսկ այստեղ, զնդանում, ես ամաչում եմ խոստովանել, որ այդ անասունի ինձ ներշնչած վախը ոգեկոչված էր մի տեսիլքով, որից ավելի չնչինը դժվար է նույնիսկ պատկերացնել։ Կինս ինձ բազմիցս մատնացույց էր արել կատվի կրծքի սպիտակ բիծը՝ միակ բանը, որ տարբերում էր նրան իմ խոշտանգած կատվից։ Եթե հիշում եք, այդ բիծը սկզբում որոշակի ձև չուներ, սակայն հետագայում, աննշմարելի փոփոխություններից հետո, որոնք ես երևակայության խաղ էի համարում, ստացավ իր այժմյան անողոք ու որոշակի ուրվագիծը։ Այն պատկերում էր մի առարկա, որը ես անկարող եմ անվանել առանց սարսուռի... Ես վաղուց ոչնչացրած կլինեի այդ հրեշին և այդ բիծը, եթե համարձակվեի, որովհետև այն զազրելի, նողկալի մի բան էր պատկերում՝ ԿԱԽԱՂԱ՛Ն, սարսափի ու հատուցման, հոգեվարքի ու Մահվան գործիքը։
Ամենաճղճիմ և ամենից ողորմելի մահկանացուն եմ ես այս աշխարհում։ Մի անբան արարած, որի ընկերոջը ես արհամարհանքով ոչնչացրի, մի չնչին անասուն ինձ, որին աստված ստեղծել է իր իսկ օրինակով, հասցներ այս վիճակի՞ն... Ավա՜ղ... Ես գիշեր-ցերեկ այլևս հանգիստ չունեի։ Ցերեկը նա ամենուր հետապնդում էր ինձ, գիշերը ես սարսափահար վեր էի թռչում, իմ դեմքին մղձավանջիս շարունակության պես զգալով այդ ճիվաղի տաք շունչը։
Այս տառապանքներն իմ սրտից քամեցին լավի ու բարության վերջին կաթիլը։ Այսուհետև միայն չար, մութ և նենգ մտքերն էին ինձ տիրում։ Իմ սովորական քինոտությունն իր տեղը զիջել էր ամենքին և ամեն ինչի հանդեպ տածած անհուն ատելությանը, որի մշտական, անզուսպ և հանկարծակի պոռթկումների զոհը, ավա՜ղ, դարձավ նաև իմ խեղճ կինը։ Մի օր ինչ-որ գործով նրա հետ իջա մեր նոր վարձած խարխուլ տան մառանը։ Կատուն վազեց մեր ետևից և քիչ էր մնում ինձ վայր գցեր։ Ես գազազեցի, մանկական այն վախը, որը մինչ այդ զսպում էր ինձ, անէացավ։ Կացինը բարձրացնելով, ես, անկասկած, տեղնուտեղը կսատկացնեի այդ գարշելի էակին, եթե կինս ձեռքս չբռներ։ Հրեշային կատաղությամբ բռնկված, ես դուրս քաշեցի ձեռքս և կացինը իջեցրի նրա գլխին։ Կինս ընկավ, առանց որևէ ձայն հանելու։
Այդ նողկալի հանցանքը գործելով, ես գլուխս չկորցրի և սկսեցի մտածել, թե որտեղ թաքցնեմ մարմինը։ Պարզ էր, որ առանց հարևանների ուշադրությունը գրավելու ինձ հազիվ թե հաջողվեր ցերեկով կամ նույնիսկ գիշերը մարմինը տնից դուրս բերել։ Մտքովս ինչ ասես, որ չէր անցնում։ Սկզբում ես մտադիր էի մարմինը մանր մասերի բաժանել և այրել, հետո որոշեցի թաղել նկուղում։ Ես նույնիսկ ուզում էի դիակը գցել մեր բակի ջրհորը, կամ էլ, սնդուկի մեջ դնելով, մի բեռնակիր վարձել, որպեսզի տնից հեռացնի։ Վերջապես գտա ամենից հարմար միջոցը՝ որոշեցի դիակը պահել նկուղի պատի մեջ։ Ես լսել էի, որ այդ ձևով էին թաքցնում իրենց զոհերին միջնադարյան վանականները։
Նկուղը շատ հարմար էր իմ մտադրությունն իրագործելու համար։ Նրա պատերը շարված էին առանց շաղախի և ծածկված էին թարմ ծեփով, որը խոնավության պատճառով դեռ չէր հասցրել չորանալ։ Դեռ ավելին, պատերից մեկում ծխնելույզի թե բուխարու համար մի փոս կար, որն այժմ ծածկված էր աղյուսներով և պատից ոչնչով չէր տարբերվում։ Ես համոզված էի, որ դիակը հեշտությամբ կարելի էր թաքցնել այդ խորանում և պատը նորից շարել այնպես, որ ոչ մի կասկած չառաջանար։
Եվ ես չէի սխալվել։ Պատը լինգով քանդելը ոչ մի դժվարություն չներկայացրեց։ Մարմինը ես խնամքով հենեցի խորանի ներսի պատին և ամրացնելով այդ դիրքում, հեշտությամբ վերականգնեցի շարվածքը։ Հետո, բոլոր կանխազգուշություններով, ավազ, գաջ ու ցցամազ ճարելով, ես նոր, հնից ոչնչով չտարբերվող ծեփ պատրաստեցի և խնամքով սվաղեցի պատը։ Գործն ավարտելով, ես գոհունակությամբ եզրակացրի, որ պատի մեջ ոչ մի փոփոխություն չէր նկատվում։ «Վերջապե՜ս իմ ջանքերն իրենց արդարացրին»,— ասացի ես ինքս ինձ։
Իմ հաջորդ գործն ինձ կործանած կատվին գտնելն էր, քանի որ ես հաստատ որոշել էի նրա վերջը տալ։ Եթե նա այդ պահին ձեռքիս տակն ընկներ, իր բախտը որոշված կլիներ, բայց խորամանկ կենդանին, իմ վայրենի պոռթկումը տեսնելով, ճիշտ հետևություններ էր արել և որոշել էր աչքիս չերևալ։ Անհնար էր նկարագրել, թե ինչպիսի խորը և երանելի թեթևություն զգացի այդ ատելի կենդանու բացակայությունից։ Կատուն չհայտնվեց նաև գիշերը, և դա միակ գիշերն էր, երբ ես հանգիստ ու խաղաղ քնեցի, չնայած սպանություն էի գործել։
Անցավ ևս երկու օր, որի ընթացքում իմ հոգեառը դարձյալ չերևաց։ Վերջապես ես կարող էի ազատ շունչ քաշել։ Սարսափած ճիվաղը հավիտյան լքել էր իմ տունը և ես նրան այլևս չէի տեսնելու։ Երջանկությունս սահման չուներ, խղճի խայթերն ինձ համարյա չէին անհանգստացնում։ Ինձ, իհարկե, հարցուփորձ էին անում, բայց ես հանգիստ պատասխանում էի բոլոր հարցերին։ Ոստիկանական հետաքննությունը ոչ մի արդյունք չտվեց, և ես այլևս ապագայիս համար անհանգստանալու առիթ չունեի։
Դեպքի չորրորդ օրը մի խումբ ոստիկաններ անսպասելիորեն եկան տունը խուզարկելու։ Ես բոլորովին հանգիստ էի, քանի որ իմ թաքստոցը հնարավոր չէր գտնել։ Ոստիկանները խնդրեցին, որպեսզի ես նրանց ուղեկցեմ։ Նրանք խուզարկեցին ամեն ծակ ու ծուկ և վերջապես, երրորդ թե չորրորդ անգամ, իջան նկուղ։ Ես բոլորովին չէի հուզվում, սիրտս հանգիստ էր խփում, անմեղ քնով քնած մարդու սրտի նման։ Ձեռքերս կրծքիս խաչած, ես հանգիստ քայլում էի նկուղում։ Ոստիկանները բավարարված էին և պատրաստվում էին հեռանալ։ Ես ցնծում էի, այրվում գեթ մի բառ ասելու ցանկությունից, որպեսզի ընդգծեմ իմ անմեղությունն ու ամրապնդեմ հաղթանակս։
Պարոնայք,— ասացի ես վերջապես, երբ նրանք արդեն աստիճանների վրա էին,— ուրախ եմ, որ ձեր կասկածները չարդարացան։ Ցանկանում եմ, որ դուք լինեք առողջ և մի քիչ ավելի քաղաքավարի։ Ի միջի այլոց, պարոնայք, սա... սա շատ լավ տուն է (անմիջական թվալու ցանկությունից ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ դուրս տալիս), ես կասեի նույնիսկ գերազանց տուն է։ Այս պատերը,— դուք արդեն գնո՞ւմ եք,— պարոնայք, սրանք բացառիկ ամուր պատեր են։ Այստեղ ես հոխորտալով պատահմամբ ձեռքս ընկած փայտը ուժգին խփեցի պատի հենց այն մասին, որի ետևում դրված էր կնոջս դիակը։ Աստվա՜ծ իմ, պահպանիր ու փրկիր ինձ Սադայելի ճանկերից։ Հարվածիս արձագանքը դեռ չմարած, գերեզմանից լսվեց մի ահավոր ճիչ... Սկզբում մանկան հեծկլտոցի պես խեղդված ու ընդհատվող, այդ ճիչն արագ վերածվեց երկար, բարձր ու անմարդկային մի ոռնոցի, կես սարսափի ու կես ցնծության, ոռնոցի, որը կարող էր լսվել միայն դժոխքից, ուր նզովյալների ողբը ձուլվում է նրանց տանջող դևերի վայնասունին։
Թե ինչ էի մտածում այդ պահին, անհնար ու անիմաստ է պատմել։ Ուժերս բոլորովին սպառվել էին, և ես անզոր հենվել էի դիմացի պատին։ Ոստիկանները քարացած կանգնել էին աստիճանների վրա։ Հաջորդ պահին տասներկու պինդ ձեռք արդեն քանդում էին պատը, որը շուտով փլվեց։ Լերդացած արյունով պատած ու կիսով չափ փտած դիակը ցցված էր մեր առջև։ Նրա գլխին, արյունոտ երախը բաց և կրակի պես վառվող իր միակ աչքն ինձ հառած, նստել էր այդ գարշելի կենդանին, որի նենգությունն ինձ ոճրագործության դուռը բերեց, իսկ մատնիչ ճիչը՝ հանձնեց դահիճների ձեռքը։ Ես այդ հրեշին, դիակի հետ մեկտեղ փակել էի պատի մեջ։

Տես նաև Էդգար Պո Պատմվածքներ
Էդգար Պո | Սև կատուն Էդգար Պո | Սև կատուն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 18, 2017 Rating: 5
Технологии Blogger.