Պարույր Սևակ | Ավելորդ անհավատություն


Քո անունո՛վ, Մարիա՜մ,
Քո անունով՝
Այստեղ նահանջում է ձմեռն արագ:
Ամառն առանց հերթի՝
Գարունի՜ց էլ առաջ,
Նպաստով է ապրում՝ քո անունով...

Եվ այստեղ կա մեկը քո անունով:
Ու երդվում եմ ես քեզ՝ քո՛ անունով,
Որ ատում եմ մի քիչ
Եվ սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան՝ քո անունով:

Նա ինչպե՞ս է ապրում քո՛ անունով.
Ինքը դո՛ւ չես, և նա... քո անունո՞վ:
Ուստի ատում մի քիչ
Ու սիրում եմ նույնքան
Օտա՜ր այս աղջըկան քո անունով:

Ես կանչում եմ նրան քո անունով
Ու... տանջում եմ ես ինձ քո՛ անունով,
Իսկ նա իմ տանջանքից չի հասկանում ոչի՜նչ.
Այսքա՜ն անհակացող՝ քո անունո՞վ:

Բայց կանչում եմ նրան քո անունով,
Կանչում այնպես, ինչպես մարդիկ հնում
Կանչում-կոչում էին ոգիներին բարի...
Ոգիդ չի՜ հայտնվում՝ քո՛ անունով:

Ուրեմն աշխարհումըս իրո՞ք չկա
Ու չի՞ լինում իրոք ո՛չ մի ոգի...

Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում... քո՛ անունով:

20.III.1964թ.
Դիլիջան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ավելորդ անհավատություն Պարույր Սևակ | Ավելորդ անհավատություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 21, 2017 Rating: 5
Технологии Blogger.