Ֆրիդրիխ Հյոլդեռլին | Նամակ Սյուզետե Գոնտարդին


Ամեն օր ես պետք է կրկին կանչեմ չքացող աստվածությանը: Երբ ես մտածում եմ մեծ ժամանակների մասին, թե ինչպես են նրանք՝ սրբազան մի կրակ՝ իրենց շուրջբոլորը բռնել, և ամենայն մեռյալ, փայտյա բան, աշխարհի ծղոտը բոցի վերածել, որը նրանց հետ ճախրել է երկինք, և ապա՝ իմ մասին, թե ինչպես եմ ես հաճախ՝ մարմրող մի փոքրիկ ճրագ՝ թափառում չորս դին և ուզում մի կաթիլ յուղ մուրալ՝ ևս մի ակնթարթ գիշերվա մեջ փայլելու համար,- տե~ս, այդժամ զարմանահրաշ մի սարսուռ է անցնում իմ բոլոր անդամներով, և ես լուռ զարհուրելի բառերն եմ ուղղում ինձ՝ կենդանի մեռյա~լ:
Գիտե՞ս՝ ինչն է բանը, մարդիկ վախենում են իրարից, որ մեկի հանճարը կլափի մյուսին, և այդ պատճառով նրանք իրենց ուտելիք և խմելիք տալիս են անշուշտ, բայց ոչինչ, ինչը հոգին է սնում, և չեն կարողանում հանդուրժել, երբ մի բան, ինչ նրանք ասում և անում են, այլոց մեջ  ոգեղեն ընկալման փոխված, կրակի է վերածվում: Անմիտնե~ր: Ասես ինչ-որ բան, որ մարդիկ կարող են իրար ասել, ավելին լինի, քան վառելափայտը, որը, հենց որ բռնկվում է ոգեղեն կրակով, դարձյալ կրակ է դառնում, ինչպես որ կյանքից և կրակից առաջացել է: Եվ եթե նրանք փոխադարձաբար լոկ կերակուրն են տալիս միմյանց, ապա չէ՞ որ երկուսն էլ ապրում և լույս են տալիս, և ոչ մեկը չի ճարակում մյուսին:
Դու հիշո՞ւմ ես մեր անխռով ժամերը, երբ մենք և միայն մենք էինք կողք-կողքի: Ի~նչ հաղթահանդես, երկուսս էլ այնքան ազատ և հպարտ և արթուն և փթթուն և փայլելով հոգով ու սրտով, աչքերով ու դեմքերով, և երկուսս էլ երկնային խաղաղության մեջ այնպե~ս կողք-կողքի: Ես դեռ այն ժամանակ կռահում էի և ասում. անցի՛ր ողջ աշխարհը թեկուզ, և հազիվ թե այդ նորից գտնես: Եվ օրավուր ես դա ավելի խորունկ եմ զգում:
Երեկ կեսօրից հետո իմ սենյակ մտավ Մուհրբեքը: «Ֆրանսիացիները Իտալիայում դարձյալ ջախջախվել են»՝ ասաց նա: «Միայն թե մեր բանը լավ լինի՝ ասացի ես նրան՝ այդժամ արդեն ողջ աշխարհում լավ կլինի», և նա փարվեց ինձ, և մենք համբուրվեցինք՝ խորունկ համակված հրճվալից հոգիներով, և արցունքից թրջված մեր աչքերը հանդիպեցին: Այնուհետև նա գնաց: Նման ակնթարթներ ինձ տրված են դեռ: Բայց դա կարո՞ղ է ողջ մի աշխարհի փոխարինել: Եվ դա է, որ իմ հավատարմությունը հավերժական է դարձնում: Այս կամ այն մարդու մեջ գեղեցիկ շատ բան կգտնես: Սակայն այնպիսի մի խառնվածք, ինչպիսին քոնն է, ուր ամենայն ինչ այդպես միացած է ներքին անքակտելի կենդանի կապով, ժամանակի մարգարիտն է, և ով այն ճանաչել է՝ նրա երկնածին հատուկ երջանկությամբ, որը նաև նրա խորունկ դժբախտությունն է, նա էլ հավիտյանս երջանիկ է և հավիտյանս դժբախտ:

Թարգմանությունը գերմաներենից՝ Հակոբ Մովսես 

Տես նաև Հյոլդեռլին Հիպերիոն
Ֆրիդրիխ Հյոլդեռլին | Նամակ Սյուզետե Գոնտարդին Ֆրիդրիխ Հյոլդեռլին | Նամակ Սյուզետե Գոնտարդին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 13, 2018 Rating: 5
Технологии Blogger.