Պարույր Սևակ | Ու եթե հիմա հայր եմ...


Ու եթե հայր եմ ամենից առաջ,
Ինչպե՞ս չխոսեմ զավակներիս հետ,
        Նրա՛նց հետ,
        Ովքեր եկել են արդեն,
        Առավել՝ նրա՛նց,
        Ովքեր պիտի գան:

        Հոգնած խրատից,
        Քարոզից զզված՝
Ես հարգալից եմ նայում կտակին,
Թերևս - ո՜վ գիտի - լոկ այն պատճառով,
Որ դա արվում է կյանքում մե՛կ անգամ,
        Ինչպես ես՝ հիմա:

Եվ այն, ինչ որ ես ուզում եմ ասել,
        Գիտեմ շա՜տ վաղուց,
        Եվ այնքա՛ն վաղուց,
Ինչքան շաբաթվա օրերը գիտեմ
Կամ ամիսների անունը:
                        Սակայն
Այսօր եմ ուզում և պիտի ասեմ,
Քանզի հույս ունեմ, թե այսօր դուք ինձ
Կարող եք լսել թեկուզ և այնպես,
Ինչպես լսում են անձրևի ձայնը,
        Քամու հռինդը,
        Աղմուկն անտառի -
        Ուզած թե չուզած,
        Կամա-ակամա...

19.XII.1959թ.
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ու եթե հիմա հայր եմ... Պարույր Սևակ | Ու եթե հիմա հայր եմ... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 13, 2018 Rating: 5
Технологии Blogger.