Պարույր Սևակ | Կաս ու չկաս - Աստծու պես


Երբ քեզ մենակ ես զգում,
Դու զգում ես քեզ աստված՝
Ո՛չ մի բանով չհաստված,
Եվ ոչնչո՛վ չսաստված:
Բայց երբ մենակ ես զգում,
Մենա՜կ-մենա՜կ ես զգում՝
Արարչական արյունըդ
Սառչում է քո տաք բազկում.
Քեզ զգում ես խեղճ ու թույլ,
Քեզ զգում ես անկարող,
Քո մեծ բախտով՝ հար դժբախտ,
Եվ անտաղանդ քանքարով...

Դու քեզ մենա՜կ ես զգում,
Եվ ի՞նչ ես դու վերջապես.
Աստծու նման դու և կա՛ս,
Եվ դու չկա՜ս՝ աստծու պես...

25.X.1955թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Կաս ու չկաս - Աստծու պես Պարույր Սևակ | Կաս ու չկաս - Աստծու պես Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 03, 2018 Rating: 5
Технологии Blogger.