Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա
Ինքնամոռացումը մեր խենթ ջրվեժների,
Մեր ձորերը անտակ, մեր ծերպերը մռայլ,
Մեր կեռ կածանները, որ անջուր առվի պես,
Մերթ՝ միայնա՜կ, խռո՜վ, մերթ՝ խճողո՛ւն,
Գլորվում են սարից, գալիս ու վերջապես
Ձուլվում գետի նման լայն խճուղուն:
Ձորերն ի վար խուժող մեր մշուշը կապույտ՝
Ներշնչման պես ցնդող, հղացման պես անձև,
Մեր ամպերի լողը, մերթ ցաքուցի՜ր, անփո՛ւյթ,
Ու մերթ՝ հանդիսավո՜ր թափո՛ր լինի կարծես:
Մեր սարերը ձյունոտ, արոտները կանաչ,
Կարոտը երգեցիկ՝ կոմիտասյա՜ն,
Մեր հարսների քայլքը, նազանքը մեր կանանց՝
Ամեն մեկը խոյակ միայն մի սյան:
Մեր հին պատմությունը՝ մի փառահեղ վիպերգ-
Հյուսված կրկներգներով սխրանքների, ցավի,
Ու մեր ներկան՝ իբրև և՛ անցյալի վերջերգ,
Ե՛վ նախերգանք վաղվա, ապագայի:
14.IV.1951թ. [1950թ.]
Երևան Երևան
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 15, 2018 Rating: