Ինձ վիճակված էր երկու օր ու գիշեր Թիֆլիսից մինչև Ռոստով ճամփորդել նրա հետ և սքանչանալ նրանով։ Վագոն մտավ աննկարագրելի աղմուկով, ինչպես մեկն այն երջանիկներից, որոնք ամենուրեք իրենց համարում են տիեզերքի առանցքը։ Նա ոչ ավելի, քան քառասուն տարեկան տղամարդ էր, տակավին շատ կայտառ, շատ գյուբաշարժ։ Այնքան գեր չէր, որքան սովոր է գիրանալ հայը, երբ նրա ստամոքսը կուշտ է և գիտե կերածը մարսել։ Հասակը միջակ էր, կազմվածքը բավարար, թեև կուրծքը չափից ավելի լայն էր, իրանը երկար, գլուխը մեծ, ծոծրակը տափակ և պարանոցը կարճ։ Բայց ես վստահ եմ, որ Մոսկվայի շիկահեր և հաղթանդամ գեղեցկուհիները նրան կհամարեին եթե ոչ «զմայլելի», գոնե, գրավիչ՝ իր ածուխի պես սև մազերի, թավ հոնքերի, թուխ երեսի, մանավանդ սև ու խոշոր աչքերի շնորհիվ, նրա հստակ սափրած երեսը, որ ծնոտի կողմում կապտագույն էր, կարճ խուզված և հարթ սանրած մազերը, նորաձև կտրած ընչացքը, մանավանդ անգլիական կտորից անգլիական ձևով կարված մոխրագույն հագուստը նրան տալիս էին ժամանակակից ջենտլմենի տեսք։ Մի բան ևս, նրա ձայնը խռպոտ էր, ջախջախված։ Մի ձայն, որ հատուկ էր վատանուն ախտ ունեցողներին կամ ոգելից ըմպելիքները ի չար գործ դնողներին։ Վարձատրելով իր գոռոցներից և հրամաններից շփոթված բեռնակրին մի քանի կոպեկներ ավելի, շիկ համարեց ավելացնել երկու-երեք ռուսական հիշոցներ, որոնք, սակայն, շատ էլ թունդերից չէին։ Մարդը սովոր էր, երևի, անպատճառ վիրավորել սոցիալական սանդուղքի վրա իրանից վար կանգնողներին սոսկ այն պատճառով, որ վարձատրում էր նրանց քրտինքը։ Տեղավորելով իրերը, նա բատիստյա թաշկինակով սրբեց նեղ ու մսալի ճակատը և նստեց դիմացի նստարանի վրա։ Ապա գրպանից դուրս բերեց մի մեծ արծաթյա տուփ՝ ծածկված բազմաթիվ ոսկյա և ադամանդյա մենագրերով, վերցրեց մի ծխախոտ, զարկեց տուփին մի քանի անգամ մունդշտուկի կողմով, որպեսզի փոշին դուրս թափի և վառեց մեխանիկական նույնպես արծաթյա հրատուփից։
― Հեռո՞ւ եք բարեհաճում գնալ,― հարցրեց նա ինձ ռուսերեն, ծխախոտի առաջին ծուխն արձակելով իր գլխից վեր, որպեսզի երկրորդն երեսովս տա։
― Մոսկվա։
― Նախանձում եմ։
― Ինչո՞ւ։
― Ես շատ եմ սիրում Մոսկվան, ավելի քան Պետրոգրադը։ Բարի և հյուրասեր քաղաք է։ Այնտեղ կարելի է ապրել քիչ թե շատ մարդավարի։ Եթե գործերս չխանգարեին, կգայի ձեզ հետ, բայց ասացեք խնդրեմ,― շտապեց ավելացնել նա,― այս կուպեում, բացի մեր երկուսից, էլի ճամփորդներ կա՞ն։
Ես ասացի, թե կան երկու ռուս սպաներ։ Նրանք դրսումն են, և, երևի շուտով ներս կգան։
― Ա՛հ,― գոչեց ուղեկիցս ձեռն արհամարանքով թոթափելով օդի մեջ,― ես զինվորականներին ատելով ատում եմ։ Նրանք սիրում են սկանդալներ անել։ Եթե գիտենայի, ուրիշ կուպե կվերցնեի։ Բայց փույթ չէ, հետևյալ կայարանում կանցնեմ առաջին կլաս, մանավանդ որ սովոր չեմ երկրորդով ճամփորդելու։
Եվ, մի քանի անգամ ևս ծխի քուլաները բաց թողնելով գլխից վեր, ավելացրեց.
― Բայց ես սկանդալների երկյուղ չունեմ։ Ես գիտեմ նրանց զսպել և հարկը պահանջելիս մի լավ էլ խրատել։ Ես երկու անգամ օֆիցեր եմ ապտակել և մի անգամ էլ մի գեներալի ապուշ անվանել։ Դուք իմ մասին չե՞ք լսել։ Զարմանալի է, թույլ տվեք ներկայանալ՝ Արկադիյ Մարկովիչ Ալթունով․․․
― Դուք հա՞յ եք։
― Ի՞նչ եք կարծում, ես նմա՞ն եմ հայի։
― Այո, ձեր տիպը հայկական է։
― Սխալվում եք, պարոն, սխալվում եք,― գոչեց ուղեկիցս մի տեսակ վիրավորված,― ինձ ոչ ոք հայ չի համարում։ Ամենը ասում են, որ իսպանացու եմ նման կամ իտալացու։
Ներս մտան մեր ուղեկիցները մի-մի հրացան ձեռքներին։ Ըստ երևույթին, նրանք որսի էին գնում։ Արտաքուստ երկու հակատիպարներ էին։ Մեկը երկայնահասակ էր, նիհար, շիկահեր, փոքրիկ քթով, որի վերին մասը տափակ էր, իսկ ծայրը ներկայացնում էր շագանակի պես մի բան։ Նրա երեսը սերկևիլի գույն ուներ։ Մյուսը միջահասակ էր, սև աչքերով, գեր, առողջ, կարմիր այտերով և հաստ, հյութալի շրթունքներով։ Ես կարծեցի Արկադիյ Մարկովիչ Ալթունովն իսկույն որևէ կերպ կարտահայտի իր արհամարանքը դեպի զինվորականները կամ գոնե կլռի։ Պատահեց հակառակը։
― Ա՜խ,― գոչեց նա, ոտքի ելնելով,― ներեցեք գուցե ես ձեր տեղն եմ բռնել։ Բարի եղեք ընտրել ձեր ցանկացած կողմը։
Սևահեր սպան բարեհամբույր ժպտաց և ասաց։
― Մի անհանգստացեք, մենք շատ էլ հեռու չենք գնում. ընդամենը երեք կայարան։
Երկայնահասակ և նիհար սպան, իր հրացանը տեղավորելով իրեն առջև, թշնամական մի հայացք նետեց նախ ինձ, ապա Արկադիյ Մարկովիչ Ալթունովի վրա։ Նրա աչքերը կլոր էին, փոքրիկ, ապակենման։ Նա նստեց իմ մոտ և, ոտներն առաջ ձգելով, վեր քաշեց կոշիկների երկար վզերը։ Ես ամբողջ օրը դեսուդեն վազելով հոգնել էի, ուստի ներողություն խնդրելով, բարձրացրի նստարանի կռնակը, վեր ելա և պառկեցի։ Օրը դեռ ցերեկ էր։ Գնացքն ընթանում էր վերին աստիճանի դանդաղ, ահագին դղրդոցով և հարվածներով, ամենայն բարեխղճությամբ պահպանելով ռուսական երկաթուղիների սրբազան ավանդությունը՝ երբեք չշտապել և երբեք հանգիստ չթողնել ճամփորդների ոսկորները։ Չանցավ քառորդ ժամ, իմ ուղեկիցներն արդեն բավական ընտելացել էին իրարու։ Առաջին խոսողը դարձյալ Արկադիյ Մարկովիչ Ալթունովն եղավ։ Նա գանգատվեց։
― Կա՞ արդյոք աշխարհի երեսին ավելի ձանձրալի ճամփորդություն, քան մերը։ Գնացքն ընթանում է, ինչպես Բորչալուի ճռճռան սայլ, իսկ փառաբանված կովկասյան բնությունը ձեր աչքի առջևն է։ Նայեցեք, դաշտերն ու ձորերը չորացած, լեռները մոխրագույն, մռայլ։ Անկյուն չկա, ուր հանգստանա գեղասեր ճամփորդի հայացքը։ Բայց որ ամենագլխավորն է, գնացքները բուֆետ չունեն, իսկ կայարանների բուֆետներում մի բան ուտել կամ խմել չի կարելի, այնքան կեղտոտ են։ Սակայն ոչինչ, չկա անախորժ դրություն, որ իր ելքը չունենա։ Այս ասելով, նա բարձրացավ, վերցրեց վերին ցանցի վրայից մի գեղեցիկ զամբյուղ, բաց արավ և նրա միջից դուրս բերեց մի քանի շշեր և զանազան ուտելիքներ։ Ես ո՛չ ախորժակ ունեի և ո՛չ ցանկություն ջենտլմենի սեղանին մասնակցելու, ուստի ինձ քնած ձևացրի։ Նիհար ու երկայնահասակ սպան, որի անունը Իվան Միրոնովիչ Պաստուխով էր, ինչ-որ մրթմրթաց իր քթի տակ։ Իսկ նրա ընկերոջ՝ Իլարյոն Սիրոֆիմովիչ Տարաշչենկոյի, լայն ու կարմիր երեսն ավելի լայնացավ և փայլեց ներքին հաճույքից։
― Ինչո՞ւ չէ կարելի,― ընդունեց նա Ալթունովի հրավերը, իր տեղը շտկելով և ընչացքը շփելով կարճ ու հաստլիկ մատներով։
― Կոնյակը Մարտենի է, բարձրագույն մարկայի,― շարունակեց Ալթունովը, ուտելեղենները տեղավորելով լուսամուտի առջևի ծալովի սեղանիկի վրա։― Ասում են սովորությունը երկրորդ բնույթ է, ինձ համար նա առաջինն է։ Խմել ― արդեն ընտիրը խմել, եթե ոչ ― չարժե։ Այնպես չէ՞, գնդապետ,― դարձավ նա Տարաշչենկոյին։
― Իհարկե,― հաստատեց լայներես սպան, հազալով ու ձեռքերը շփելով իրարու, որպես հաճելի ու սրբազան պարտականություն կատարելու պատրաստվող մեկը։
― Իսկ գինին,― շարունակեց Ալթունովը, ավելի ու ավելի ոգևորվելով,― Ուդելնիյ Վեդոմստվոյի լավագույններից է։ Ճշմարիտ է, շատ էլ հներից չէ, ընդամենը տասնհինգ տարվա, բայց հույսով եմ կհավանեք։ Այս գինին ամեն մարդու չեն տալիս։ Պետք է ասած առանց պարծենալու, որ Ուդելնիյ Վեդոմստվոյի կառավարիչն իմ մտերիմ բարեկամներից մեկն է. երբեմն նա ինձ համար ուղարկում է հատկապես մեծ իշխանների համար պատրաստված գինիներից մի քանի դյուժին։ Ես էլ, իհարկե, պարտքի տակ չեմ մնում։ Ահա խավիար, ռոկֆոր պանիր, անչոուս, կիլկի, զանազան ապխտած ձկներ։ Գնդապետ, առաջին խոսքը ձեզ է տրվում,― դարձավ նա Տարաշչենկոյին։
― Դուք ինձ շարունակ գնդապետ եք անվանում, բայց ես միայն կապիտան եմ,― ուղղեց նրա սխալը Տարաշչենկոն։
Եվ ընդունելով կոնյակի առաջին բաժակը, իսկույնևեթ դատարկեց։
― Համեցեք, կապիտան,― դարձավ Ալթունովը Պաստուխովին, առաջարկելով նրան երկրորդ բաժակը։
― Ներողություն, ես միայն պորուչիկ եմ,― մռմռաց երկայնահասակը, կարծես բարկանալով, որ կապիտան չէ։
― Ձեր կենացը,― առաջարկեց Տարաշչենկոն և շտապեց դատարկել սքանչելի հեղուկի երկրորդ բաժակը։
― Ո՛չ, պարոններ, ո՛չ,― ընդհատեց Ալթունովը,― ես համաձայն չեմ։ Մենք մի մեծ պարտք ունեինք, որ չպիտի մոռանանք ուր որ լինենք։ Դա հայրենիքի սերն է։ Հանուն այդ սիրո ես առաջարկում եմ խմել նախ և առաջ անհաղթելի ռուս զորքերի կենացը։
― Կարելի է,― արտասանեց պորուչիկ Պաստուխովը, այնպես ներողամիտ եղանակով, որ կարծես համայն Ռուսիայի տերն ու հրամանատարն էր։
Եվ երկայն պարանոցն ավելի երկարացնելով, բաժակը բարձրացրեց օդի մեջ, նայեց նրան թափանցիկ և մի կումով դատարկեց։ Ըմպելիքներից հետո Ալթունովը գովեց ուտելիքները, ռոկֆորը Ֆրանսիայի հատկապես նրա համար է բերել տված, խավիարն ու ապխտած ձկներն մասնավորապես նրա համար են պատրաստված Սալյանում։ Կոնյակի բաժակները հաջորդեցին իրարու։ Շուտով սպաների գլուխները բավական տաքացան դեռ գինու շշերը բաց չարած։
― Գիտեք, ես զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են վագոններում քնել,― ակնարկեց Ալթունովը իմ վերաբերմամբ։― Որ խեղդեք էլ նա չի կարող քնել։ Առհասարակ քունը նրա կարծիքով կես մահ է, ուստի բարվոք է համարում գիշերները լուսացնել կլուբներում կամ հյուրանոցներում։ Կյանքը կարճատև է, պետք է օգտվել նրա ամեն մի վայրկյանից։ Այնպես չէ՞, գնդապետ, ներողություն, կապիտան։
― Բոլորովին ճիշտ եք հրամայում,― շտապեց համաձայնել Տարաշչենկոն, մի շատ նշանակալի հայացք ձգտելով գինու փակ շշերի վրա։
Ալթունովը հասկացավ նրա միտքը և շտապեց շշերը բանալ։ Գինու առաջին բաժակը ևս նա պարտք համարեց նվիրել ռուսաց հաղթական զորքերին։
― Դուք սպա՞ եք եղել,― հարցրեց Պաստուխովը, խմելով հետո սրբելով երկայն ու բարակ ընչանցքը, որ գարու հասկերի էր նման։
― Բախտ չեմ ունեցել այդ պատիվը վայելելու,― պատասխանեց Ալթունովը, խոր հառաչանքով։
Բայց մեղավորը ինքը չէր, այլ հայրը։ Հանգուցյալը միայն մի որդի Չունենալով, չկամեցավ նրան ուղարկել պատերազմի դաշտը՝ հայրենիքի պատիվը պաշտպանելու։ Նա բարվոք համարեց, որ իր որդին էլ մնա որպես սոսկ կալվածատեր ու կառավարե տոհմային կալվածքները։
― Ուրեմն դուք կալվածատե՞ր եք,― հարցրեց Պաստուխովը, որ, ըստ երևույթին, շատ անհանգիստ էր իր ուղեկցի սոցիալական դիրքի վերաբերմամբ։
― Այո, ունիմ մի հինգ-տասը կտոր հողեր զանազան տեղերում։
― Հուսով եմ և ազնվակա՞ն եք։
― Մարդու ծագումը ճանաչվում է նրա վարմունքից ու ձևերից,― պատասխանեց Տարաշչենկոն համեստորեն։
― Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվնականի են,― նկատեց Տարաշչենկոն, որ վաղուց էր հափշտակվել Ալթունովի հյուրասիրությամբ։
― Բայց ներեցեք, Արկադիյ Մարկովիչ Ալթունովը համեստ մարդ է։ Նա երբեք չէր խոսիլ իր ազնվական ծագման մասին, եթե չստիպեիք խոսել։ Գիտեք, պարծենալու համար չի ասում, այլ այնպես․ նրա մայրը իշխանական տոհմից է, իսկ հայրը հին հայկական թագավորական տոհմից։ Այս մասին նա ունի անվիճելի փաստաթղթեր, բայց ուշադրություն չի դարձնում նրանց վրա, որովհետև․․․
― Որովհետև հայկական թագավորական ծագումը ոչինչ արժեք չունի Ռուսիայիում,― լրացրեց Պաստուխովը մի տեսակ չարախնդությամբ։
― Մի՛ ասեք, պարուչիկ, մի ասեք, արժեք ունի,― շտկեց ընկերոջ անքաղաքավարությունը բարեսիրտ Տարաշչենկոն, որի առանց այն էլ կակուղ սիրտը բոլորովին փափկել էր ոգելից ըմպելիքներից։― Ինձ հայտնի է, օրինակի համար, որ հայերը հին ազնվական ազգ են և քրիստոնեություն ընդունել են մեզնանից հարյուր տարի հետո։ Եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Մակեդոնացու մայրն էլ հայ է եղել։
― Բոլորովին ճիշտ է,― հաստատեց Ալթունովը կապիտանի պատմական հմտությունը,― բայց ես չեմ պարծենում ոչ Ալեքսանդր Մակեդոնացու մորով և ոչ էլ ուրիշներով։ Եթե ես պարծենկոտ լինեի, ավելի մոտիկ անցյալով կպարծենայի։ Օրինակի համար, կասեի, որ իմ հոր հայրը վրաց վերջին թագավորի քրոջ որդին է և մի տարի որսի ժամանակ տասնումեկ վագր է սպանել։ Գիտեք, Կովկասի անտառներում վագրեր շատ կային։ Ռուս զորքերն եկան թե չէ, այդ սոսկալի գազանները փախան Հնդկաստանի խորքերը։ Եթե հետաքրքրվում եք, բարեհաճեցեք գալ իմ դղյակը, ես ձեզ ցույց կտամ սպանված առյուծների մորթիները։
Ալթունովը ճիշտ այդպես էլ ասաց՝ «դղյակ»։
— Թողնենք պատմությունը, մեր ժամանակներից խոսենք,— գոչեց Պաստուխովը մի փոքր գրգռված, գուցե այն պատճառով, որ իր պապը թագավորների հետ որսի չի գնացել,— ես կկամենայի գիտենալ՝ այժմ դուք ձեզ ի՞նչ եք զգում, հայ, թե՞ ռուս։
— Ես ինձ զգում եմ ծագումով հայ Գրիգորյան-լուսավորչական,― պատասխանեց Այթունովն անմիջապես,― իսկ ազգով՝ ռուս։
— Այդ ինչպե՞ս, ես չհասկացա։
— Ուզում եմ ասել, որ ես հայ-լուսավորչական ռուս եմ, ուղղափառ․․․
— Շատ լավ, դուք հեղափոխակա՞ն եք, թե՞ նացիոնալիստ։
— Ի՞նչ, հեղափոխակա՞ն,― գոչեց Ալթունովը միանգամայն վշտացած,— պորուչիկ, ի՞նչ եմ արել ձեզ, որ ինձ վիրավորում եք։
— Ուրեմն նացիոնալիստ եք։
— Ո՛չ, պարոն պորուչիկ, ես միապետական եմ,― գոչեց Ալթունովը, ձեռը ջերմեռանդորեն կրծքին զարկելով։― Ես պատրաստ եմ առաջին պահանջված դեպքում կյանքս զոհել գահի և կայսեր համար։
— Այդպես էլ հարկավոր է,― խրախուսեց նրան Պաստուխովը և մի մեծ կտոր խավիար դրեց բերանը։
— Իմ կարծիքով, բոլոր ազգերը հավասար են,― ասաց Տարաշչենկոն։
— Ո՛չ, կապիտան, այդպես չէ,― ժխտեց Պաստուխովը, նորեն գրգռվելով,— ով Ռուսիայի սահմաններում է ապրում, պարտավոր է իրան ռուս համարել, ռուս զգալ և մտածել ինչպես իսկական ռուս։ Եթե այդպես չլինի, հայրենիքը կարող է կործանվել։
― Այդ բոլորովին ճիշտ է,― գոչեց Ալթունովը,― բայց չկարծեք, պարոննե՛ր, որ ես բախտ չունենալով զորքին ծառայելու, երկչոտ եմ կամ անընդունակ զենք գործածելու։
Օօ՜, ոչ, նա ճանաչված է որպես առաջնակարգ որսորդ։ Նա կարող է հարյուր քայլի վրա ատրճանակից կրակել խնձորի ծառի վրա որ խնձորը կամենաք, կամ թռցնել ծտի կտուցն ու պոչը։
— Եթե կտուցն ու պոչը թռցնես, տակը ի՞նչ կմնա,― նկատեց Պաստուխովը, կես-հեգնորեն, կես-ներողամտաբար ժպտալով։
— Իհարկե, բայց, այնուամենայնիվ, որ տեղին ուզենամ այն տեղին էլ կզարկեմ։
Գալով մարդկանց, դեռ երեք ամիս չկա, որ Ալթունովը մի ինչ-որ գերմանացի բարոնի մենամարտության կանչեց Բաթումում։ «Գարշելին» երկչոտությամբ մերժեց։
- Հետո դուք ի՞նչ արիք այդ անպիտանին,― հետաքրքրվեց Պաստուխովը, նայելով իր երկայն ընչացքի ծայրերին և սրելով նրանք։
― Այն, ինչ որ դուք կանեիք․ օրը ցերեկով փողոցում մի լավ ծեծեցի մտրակով։
― Այդպես էլ հարկավոր էր,― տվեց Պաստուխովն իր հեղինակավոր հավանությունը։
― Թույլ տվեք հարցնել. ի՞նչ պատճառով էիք այդ վախկոտին մենամարտության կանչել,― հարցրեց Տարաշչենկոն խավիարի պատառաքաղը բերանում։
― Մի դերասանուհու պատճառով։
― Բրավո, ձեր կենացը։
― Կապիտան, ես բրավո չեմ ասիլ,― ասաց Պաստուխովը, ունքերը կիտելով, դերասանուհիները չարժեն մեր արյան կաթիլներն անգամ։ Նրանք չափազանց շատ են սիրում ծաղիկներ և կոնֆետներ։
― Բայց ես ուրիշ բաների համար էլ եմ ուզեցել մենամարտել,― շարունակեց Ալթունովը, ավելի ոգևորվելով,― օրինակ, սրանից երկու տարի առաջ պապիցս ժառանգած ատրճանակի մի գնդակ խրեցի մեկի կուրծքը։
― Ինչո՞ւ։
― Անասունը հանդգնել էր իմ մոտ յապոնացիների քաջությունը փառաբանել և մերոնց ծաղրել։
― Ռեխը պիտի ջարդեիք,— մռնչաց Պաստուխովը, մի ուժգին շարժումն անելով։
― Կամաց, պորուչիկ, մի՛ տաքանար զուր տեղը,― ասաց Տարաշչենկոն, որի գինու բաժակը Պաստուխովի շարժումից ընկավ ձեռքից։
― Եվ ջարդեցի,― շարունակեց Ալթունովը,― ուրիշ կերպ չէի կարող անել։ Ինչ ուզում են թող ասեն, բայց երբ իմ հայրենասիրական զգացումը վիրավորում են, խելքս կորցնում եմ։ Դուք չգիտեք ես ինչեր եմ կրել ռուս-յապոնական պատերազմի օրերին։
Օօ՜, քանի՜-քանիսի հետ է վիճել ու կռվել, քանի՜-քանի անգամ է մենության մեջ մատները կատաղությունից կրծոտել։ Ցուսիմայի և Մուկդենի պարտությունները մի-մի անբուժելի վերք են բաց արել նրա պատրիոտ սրտի վրա։ Օօ՜, նա չի հանգստանալ, մինչև հայրենիքի ռազմական վարկը չվերականգնվի, մինչև որ մի սոսկալի վրեժ չառնվի այդ արհամարհելի մակակներից, այդ ճիպռոտ կապիկներից։
― Այդ մասին չխոսինք,― խստորեն ընդհատեց Պաստուխովը, կուրծքն ուռցնելով և նայելով իր հրացանին։
— Այո, չխոսենք, այլ գործենք, գործենք,— համաձայնվեց Ալթունովը։
Շուտով գինու շշերը մեկը մյուսի հետևից դատարկվեցին և լուսամուտից դուրս թռան։
Խոսակցության նյութը փոխվեց, Ալթունովը պատերազմից անցավ դեպի խաղաղ կյանքը Ռուսիայի։ Պարզվեց, որ նա մայրաքաղաքի լրագրներով է հետևում ներքին և արտաքին քաղաքականություններին։ Նա թունդ խոսքերով հեղափոխականներին հայհոյեց, պետական դուման ծաղրեց, հարձակվեց ուսանողությոան վրա, որ ուսում ստանալու փոխարեն պոլիտիկով են զբաղվում, ապտակեց ազատամիտ պրոֆեսորներին։ Հետո սկսեց հայհոյել նախ հրեաներին, ապա լեհացիներին, այնուհետև ֆինլանդացիներին։
Եվ հանկարծ գոչեց.
― Պարոննե՛ր, ես ուզում եմ ձեզ հետ «բռուտերշաֆթ» խմել, ի՞նչ կասեք։
― Պատրաստ եմ,― գոչեց Տարաշչենկոն։
― Կարելի է,― սառն արտասանեց Պաստուխովը։
Այս երջանիկ բարեկամական համբույրը դրոշմվեց այն վայրկյանին, երբ գնացքը կանգ առավ սոսկալի դղրդյունով։ Վագոնների ընդհարումից համբուրվողները դիպան իրար, ապա բաժանվեցին, մեկ էլ դիպան, նորեն բաժանվեցին և ընկան՝ Ալթունովը մեկ, Պաստուխովը մյուս նստարանի վրա։
Տարաշչենկոն ծիծաղից թուլացավ։ Ձեռքերը դնելով կլորիկ փորի վրա, նա շնշասպառ մի քանի անգամ կրկնեց.
― Ա՜հ, մեռա, ա՜հ, մեռա, տեր աստված։
Պաստուխովը մի քանի վայրկյան ապշած նայեց դիմացինի կրծքին, ապա հանկարծ կատաղեց և մի քանի շատ կտրուկ հիշոցներ ուղարկեց մեքենավարի հասցեին։
― Ինձ թվում է, պարոն պորուչիկ, որ այդ լավ նշան էր,― ասաց Ալթունովը, թաշկինակով սրբելով շապիկի կուրծքը, որ թրջել էր գինով,― ասել է, մենք կբաժանվենք իրարուց և նորեն կհանդիպենք։ Այսպես թե այնպես, թույլ տվեք, պարոններ, հայտնել իմ անկեղծ գոհունակությունը ձեզ հետ ծանոթանալուս համար։ Չգայիք դուք, ով գիտե ձեր տեղերը պիտի բռնեին ինչ-որ հոտած հայեր կամ թուրքեր, որոնց, իմիջիայլոց ասած, ես արհամարհում եմ։ Ինչպե՞ս, դուք արդեն պատրաստվում եք իջնելո՞ւ։
― Այո, արդեն հասել ելք մեր կայարանը,― ասաց Տարաշչենկոն, հրացանը վերցնելով։
― Գնացեք բարով, խնդրեմ վատ հիշատակ չտանեք իմ մասին։
― Օօ՜, ոչ, ընդհակառակը, շատ շնորհակալ ենք,― ասաց Տարաշչենկոն։
― Միայն մի բան ասեմ,― ավելացրեց Պաստուխովը,― Ուդելնոյի Վեդոմստվոյի կառավարիչը ձեզ խաբել է, գինին տասնհինգ տարվա չէր, նույնիսկ հինգ տարվա չէր․․․
Սպաները դուրս եկան վագոնից, Պաստուխովը խրոխտ քայլերով, Տարաշչենկոն երերվելով։ Մինչ Ալթունովը զբաղված էր ուտելիքների և ըմպելիքների մնացորդը զամբյուղի մեջ ժողովելով, ես գլուխս դուրս հանեցի լուսամուտով, որ կարդամ կայարանի անունը։ Սպաներն անցան լուսամուտի տակով, հաղորդելով միմյանց իրենց տպավորությունները Ալթունովից։
― Բարի մարդ էր,― լսեցի Տարաշչենկոյի ձայնը։
― Խորամանկ արմյաշկա է, իր թթված գինով ուզեց մեզ կաշառել,― ասաց Պաստուխովը, հրացանը ուսին ձգելով։
Ես քնից նոր արթնացած ձևանալով իջա ցած։ Ալթունովը երջանիկ տրամադրության մեջ էր։ Մեջքի վրա պառկած, ոտքերը դիմացի պատիկին հենած, ծխում էր ու ինչ-որ քթի տակ մրթմրթում, իբր թե երգում է։ Նրա մուգ դեմքը կարմրել ու կապտել էր, խոշոր աչքերը լցվել էին արյունով, պարանոցի երակները փքվել էին։
― Ա՜հ,― գոչեց նա,― դուք զարթնեցի՞ք։ Վերջապես ազատվեցի այդ սոխերից։ Կերան, խմեցին, կորան։ Ափսոս արթուն չէիք. պետք է տեսնեիք, թե ինչ կատարվեց այստեղ։ Ես այդ խրտվիլակների գլխին մի լավ խաղ խաղացի, երբեք չեմ մոռանալ։
Եվ նա պատմեց իր խաղը։ Բանից դուրս եկավ, որ իմ տեսածներն ու լսածները երազ էին։ Հյուրասիրելով սպաներին, նա «բավական քանակությամբ» թույն է ածել ուտելիքների և ըմպելիքների մեջ։ Նա ոչ միայն չի թաքցրել իր ատելությունը դեպի զինվորականությունն առհասարակ, այլև սաստիկ նախատել է նրանց, որ այդքան վայելուչ պաշտոնների ու արհեստների մեջ «արյան դաշտն են իրանց կյանքի համար ասպարեզ ընտրել»։ Նա պարսավել է Ռուսիայի արտաքին ու ներքին քաղաքականությունները, այժմյան ռեակցիան, փոքր ազգերի հալածանքը և այլն, և այլն։ Նա պաշտպանել է ժողովրդի իրավունքները, պետական դումայի անձեռնմխելիությունը, մամուլի կատարյալ ազատությունը և հազար ու մի այդպիսի ազատամիտ բաներ։
— Գիտեք,– ավարտեց Ալթունովն իր խոսքը, ոտքի կանգնելով,– երևակայել չեք կարող, թե նրանք ինչպես ամաչեցին: Նրանք ոչինչ չկարողացան ասել: Նրանք մինչև անգամ համաձայնվեցին ինձ հետ և ցավ հայտնեցին որ, լինելով պետական ծառայության մեջ, չեն կարող համարձակ խոսել:
Ես, իհարկե, ձևացրի, թե հավատում եմ Ալթունովի ասածներին: Չէ՞ որ ես քնած եմ եղել, ոչինչ չեմ լսել ու տեսել: Հաջորդ կայարանում մեր կուպեն մտան երկու ինչ-որ թուրքեր՝ մի-մի դաշույն մեջքներին կապած: Մեկը նրանցից շիկահեր երիտասարդ էր՝ սափրած երեսով: Հագած էր սև ատլասյա արխալուղ, վրեն կարճ պիջակ, ոտքերին երկայնավիզ կոշիկներ: Գլխին դրած էր Բուխարայի մորթուց կարած փոքրիկ գդակ: Մյուսը ծեր էր, դեմքը խոշոր կնճիռներով ծածկված, թեև ընչացքը ներկած էր և ծայրերը խնամքով սանրած: Նա հագած էր երկայն չուխա լայն փեշերով, ուսերի վրա չուխայից կարճ մոխրագույն վերարկու՝ պղնձյա ոսկեփայլ կոճակներով: Ես նորեն բարձրացա իմ տեղը, որպեսզի չխանգարեմ նորեկներին միմյանց քով տեղավորվելու վարի նստարանի վրա: Ալթունովը կարողացավ հարմար վայրկյան որսալ ականջիս շշնջալու:
— Ահա մի զույգ ևս ցանկալի հյուրեր,— ինչ ասել կուզե: Չէ՛, ես էլ պիտի պառկեմ քնելու, եթե միայն կարելի է քնել դրանց գարշահոտությանն մեջ:
Ներս մտավ կոնդուկտորը կուպեի մոմը վառելու:
— Ինչո՞ւ այդպես ուշ,— դիտողություն արավ Ալթունովը, թեև ուշ չէր,— կարծեմ կարող եք ձեր պարտականությունը ժամանակին կատարել:
Կոնդուկտորը, որ կանգնած էր նստարանի վրա, վառ լուցկին ձեռքին, նայեց վերից վար մի տեսակ արհամարհանքով և ասաց:
— Ես չգիտեի, որ դուք այստեղ եք:
Նրա հեգնական տոնը Ալթունովի ինքնասիրությունը վիրավորեց: Ուղեկիցս ձեռքերը դնելով պանթալոնի գրպանները և գլուխը հպարտ բարձրացնելով, գոչեց.
— Կոնդուկտո՛ր, բարեհաճեցեք մարդկանց ճանաչել և համապատասխան տոնով խոսել նրանց հետ:
— Ճանաչում եմ, - պատասխանեց կոնդուկտորը, առանց երեսը
Ալթունովին դարձնելու,— առաջին անգամ չէ, որ ձեզ նման ճամփորդ եմ տեսնում:
— Կոնդուկտո՛ր, քաղաքավարի եղեք:
— Համենայն դեպս ձեզնից չպիտի սովորեմ քաղաքավարություն։
Ալթունովը բորբոքվեց:
— Լսում ե՞ք, լսում ե՞ք,— դարձավ նա թուրքերեն,— ահա այդպես են այդ գռեհիկները, միշտ կոպիտ: Ես հենց առաջին կայարանից կհեռագրեմ երկաթուղու գլխավոր կառավարչին, որ իմ ամենամտերիմ բարեկամն է ու գիտի ես ով եմ։
— Կարոդ եք հեռագրել, որքան կամենաք,— պատասխանեց կոնդուկտորը, նստարանից իջնելով,— այդ տեսակ սպառնալիքներ մենք ամեն օր լսում ենք:
Եվ, մի հեգնական ժպիտ պարգևելով ուղեկցիս, դուրս գնաց:
— Վայրենի՛,— գոչեց Ալթունովը, մի ոտը հատակին զարկելով և բռունցքն օդի մեջ բարձրացնելով:— Սպասի՛ր, անասուն, երբ քեզ պաշտոնից կզրկեն, այն ժամանակ կիմանաս, թե ով է Արկադիյ Մարկովիչ Ալթունովը։ Ես դեռ երեկ Կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելիս խոսում էի երկրի անկարգությունների մասին: Հարկավոր է միայն չմոռանալ գնացքի համարը և այդ անպիտան կոնդուկտորի անունը հարցնել մեկից: Ես իսկույն հեռագիր կկազմեմ:
Եվ, ծոցից դուրս բերելով հուշատետրը, ինչ-որ գրեց այնտեղ, արտասանելով,— հանդո՛ւգն, լի՛րբ, անասո՛ւն․․․ Այսպիսով, բավականաչափ զգալ տալով նորեկներին իր ընկերական դիրքի բարձրությունը (երկաթուղու կառավարչի հետ մտերիմ բարեկամ լինելը և հենց երեկ կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելը), նա պառկեց մեջքի վրա և սկսեց ինչ-որ կտոր երզել «Գեյշա» օպերետից: Երբ բոլորովին հանգստացավ, դարձյալ զլուխը բարձրացրեց, նստեց և նորեկներին հարցրեց.
— Որտե՞ղ եք բարեհաճում գնալ։
— Եվլախ,— պատասխանեց երիտասարդ թուրքը:
— Երևի առևտրական զորքերով:
— Մենք առևտրով չենք պարապում, – ասաց երիտասարդը մի տեսակ վիրավորված եղանակով:
— Հապա՞:
— Մենք կալվածատերեր ենք։
— Կալվածատերե՞ր,— գոչեց Ալթունովը, կարծես ուրախանալով,— ներեցեք, ձեր ազգանո՞ւնը:
— Բերիխանով Ռահիմ-բեգ:
Եվ որպեսզի իր բեգությունը ապացուցանե, երիտասարդը մորթու գդակը քաշեց աչքերի վրա, ծոծրակը բանալով, և վիզը քորելով:
— Կարո՞ղ եմ իմանալ ձեր անունն ու ազգանունը,— դարձավ Ալթունովը ծերունի թուրքին, որ մինչ այդ լուռ էր:
— Ալլահյար-բեգ Մյուլքադարով,— պատասխանց երիտասարդը ծերունու փոխարեն:
— Երևի գնում եք ձեր կալվածքները:
— Այո:
Ալթունովը շտապեց ուրախություն հայտնել, որ հանդիպեց իր «եղբայրակիցներին», վասնզի ինքն էլ կալվածատեր է: Միևնույն ժամանակ, նա գրպանից դուրս բերեց ոսկյա և ադամանդյա մենագրերով զարդարված արծաթյա տուփն ու ծխախոտ առաջարկեց:
— Ներեցեք, ձեր կալվածքը որտե՞ղ է գտնվում,— հետաքրքրվեց երիտասարդ Ռահիմ-բեգ Բեքիխանովը, չհրաժարվելով ընդունել սիրալիր առաջարկված ծխախոտը:
— Քութայիսի նահանգում:
— Մե՞ծ է,— քորեց նա իր գլուխը:
— Այնքան էլ չէ, ութ հազար հինգ հարյուր դեսյատին, կեսը վարելահող, կեսը անտառ: Իսկ ձե՞րը:
— Իմը փոքր է, հազար դեսյատին, իսկ Ալլահյար-բեգ Մյուլքադարովինը մեծ է, շատ մեծ:
— Է՛հ,— հառաչեց Ալթունովը,— մեծ թե փոքր, ներկայումս կալվածները օգուտ չեն բերում:
Մանավանդ Վրաստանում: Այդ «անհանգիստ» երկրի գյուղացիները միանգամայն երես են առել, հարկ չեն վճարում: Ալլահը գիտե ինչ կլիներ Ալթունովի դրությունը, եթե չունենար, մի չորս-հինգ տներ Թիֆլիսում և մի չորս հագար դեսյատինի չափ հող էլ Բեսարաբիայում:
— Ձեր տները մե՞ծ են,— հետաքրքրվեց Բեքիխանովը:
— Բավական:
— Թիֆլիսի ո՞ր փողոցների վրա են:
— Քուռի ձախ ափերում են, ճշմարիտն արած, փողոցների անունները չգիտեմ:
— Դուք էլ վերջին անկարգություններից վնաս կրեցի՞ք Վրաստանում,— խոսեց վերջապես Ալլահյար-բեգ Մյուլքադարովը, ուսերը վեր քաշելով, որպեսզի վերարկուն չընկնի։
— Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ,— գոչեց Ալթունովը,— բոլոր անտառներս այրեցին կամ կտրատեցին, այնպես որ այժմ ես չգիտեմ՝ կալվածք ունեմ, թե՞ ոչ։ Իսկ դուք, երևի, նույնպես վնասվել եք,— շտապեք հարցնել։
— Տունը քանդվի տունս քանդողների,— հառաչեց Ալլահյար-բեգը։
— Ովքե՞ր էին։
— Ձեր հայերը։
— Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ։
— Հենց այդ անիծյալ տարին։ Նրանք սրիկաների և գլուխ կտրողների փոխարեն ինձ պատժեցին։ Այրեցին տներս, գոմերս, ամբարանոցներս, թալանեցին գույքս․․․ Հարյուր հազար ռուբլու վնաս հասցրին ինձ․․․
Կարծես Ալթունովն իսկ և իսկ մի այդպիսի առիթի էր սպասւմ, որ լիովին արտահայտվի։ Անմիջապես բորբոքվեց, կարմրեց, ու սկսեց կատաղի խսսքերով պարսավել այդ ընդհարումները։ Նա ասաց, թե Կովկասի «հերոսական պատմության մեջ է 1905 թվականը» կբռնե մի շատ ամոթալի էջ, նա պնդեց, թե դա մի սոսկալի վայրենություն էր, որ կատարվեց, մի խայտառակ եղբայրասպանություն, որի համար պիտի ամաչեն ապագա սերունդները և այլն, և այլն, և այլն․․․
— Բայց լսեցե՛ք,— շարունակեց նա,— ես ինքս թեև ծագումով հայ եմ, սակայն ճշմարտությունը ամենից ավելի եմ սիրում, մեղավորները հայերն են, այո՜, հայերը։
— Դուք էլ եք մեղավոր, մենք էլ,— ուղղեց երիտասարդ բեգը, ձեռը տանելով արխալուղի տակ, որ մեջքը քորե։
— Ո՛չ, ո՜չ, դուք մեղավոր չեք, ո՛չ։
— Ինձ թվում է, որ մեղավորը Շեյթանն է,— ուղղեց ծերունի բեգը, կամենալով փրկել հայրենակցիս ազգայնական ինքնասիրությունը, որ պատրաստ էր անդունդը գլորվել։
— Շեյթանն ինքըստինքյան,— համառեց Ալթունովը,— բայց ես էլի պնդում եմ, որ հայերն են մեղավոր, պետք է արդարասեր լինել, ինչ անենք, որ ես ծագումով հայ եմ, ճշմարտությունն ամենից առաջ։ Ես կարող եմ թուրքերին ավելի սիրել, քան իմ հայրենակիցներին։ Այնպես չէ՞, Ալլահյար-բեգ, մեկը մյուսին չի խանգարում։
— Չի խանգարում,— պատասխանեց ծերունին ուսերը տարակուսանքով վեր քաշելով,— բայց ես կարծում եմ, որ ամեն մարդ պարտավոր է նախ և առաջ իր միլլաթը սիրել, հետո ուրիշներին։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ քրիստոնյան մահմեդականին չի կարող սիրել այնպես, ինչպես իր կրոնակցին։
— Ո՛չ, ո՛չ, սխալվում եք, բեգ,— գոչեց Ալթունովը, միանգամայն հափշտակվելով,— կարող է սիրել և շատ ավելի։ Խոսքս, իհարկե, պատրիոտների մասին չէ, խոսքս օրինավոր մարդկանց մասին է։ Մեկը հենց ես, ձեր խոնարհ ծառան։ Երդվում եմ պատվովս, որ ես թուրքերին ավելի համակրելի, ավելի վեհանձն, ավելի ասպետ, ավելի անշահասեր ժողովուրդ եմ համարում, քան հայերին, վրացիներին և ռուսներին։
— Այդ լավ եք խոսում,— դարձյալ համառեց ծերունին,— բայց երբ որ մի թուրք է մեռնում, դուք էլ երևի ձեր հայրենակիցների պես չեք ասում «մեռավ», այլ «սատկեց»։
— Բե՛գ, աղաչում եմ, մի՛ վիրավորեք իմ զգացումները,— գոչեց Ալթունովը, հանկարծակի միանգամայն հրավառվելով ինչպես զտված բամբակ,— մի՛ համարեք ինձ մեկն այն տխմարներից, որոնք իրենց քթից հեոու բան չեն տեսնում։ Ձեզ հետ մարդ է խոսում և ոչ անասուն։
— Գիտեմ, որ մարդ եք, իսկական մարդ, այդ երևում է ձեր շիր ու շնորհքից։ Բայց ասացեք խնդրեմ, մի՞թե դուք մեզ կեղտոտ ու հոտած ժողովուրդ չեք համարում։
— Ե՞ս, ձե՞զ, քավ լիցի։ Ես շատ լավ գիտեմ, որ մահմեդականներն առհասարակ անհամեմատ ավելի մաքրասեր են, քան բոլոր քրիստոնյա ազգերը։ Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ր ազգի կրոնն է պատվիրում ամեն անգամ, գիտեք, այն բանից հետո, բաղանիք գնալ և լվացվել։ Ոչ մի ազգի կրոնը, ոչ մի ազգի։ Իսկ սրբազան ղուրանը հրամայում է։ Բացի դրանից, դուք առավոտ-երեկո նամազ անելիս ձեռքներդ ու ոտքներդ լվանում եք, իսկ մենք քրիստնյաներս, հազար ու մի կեղտոտ բաների դիպչելով, ձեռներս ապականում ենք, հետո մտնում ենք եկեղեցի ու երեսներս խաչակնքում, երբեմն էլ նշխարք վերցնում, ուտում ենք։
— Դուք թուրք բարեկամներ ունի՞ք,— ընդհատեց Ալլահյար-բեգը Ալթունովի բարեկամական զգացմունքների զեղումը, կանխապես կոկորդը մաքրելով և թքելով հատակի վրա։
Իհարկե, ունե, այդ ի՞նչ հարց է։ Կովկասի բոլոր խաներն ու նշանավոր բեգերը Ալթունովի մտերիմ բարեկամներն են։ Դեռ երեկ նա Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում շամպանիայով և երաժշտությամբ ճաշում էր իշխաններ Ուցմիևի և Աղալարովի հետ։ Նա իր ժամանակի մեծ մասը թուրք արիստոկրատների հետ է անցկացնում։
— Գիտեք,— ավելացրեց նա, ձայնը ցածրացնելով,— ես հայերի ու ռուսների հետ չեմ սիրում նստել, վերկենալ։
— Ինչո՞ւ,— հարցրեց Ռահիմ-բեգը, նույնպես թքելով հատակի վրա և ոտով սրբելով։
— Հենց այնպես, ինքս էլ չգիտեմ, երևի իմ պապերի երակներում թուրքի արյուն է եղել։
— Ճշմարիտ, ձեր ազգանունն էլ կարծես թուրքի է, Ալթունով,— նկատեց Ալլահյար-բեգը։
— Կարծեմ, իսկապես թուրք էլ եղել է իմ պապի հայրը։
— Դուք վրացիների հետ լա՞վ եք,— հետաքրքրվեց Ռահիմ-բեգը։
— Ի՞նչ, ո՞ւմ հետ,— հարցրեց Ալթունովը, իբր թե չհասկանալով դիմացինի հարցը։
— Վրացիների․․․
Ալթունովը բարձրաձայն հեգնորեն ծիծաղեց։
— Արհամարհո՞ւմ եք նրանց։
— Իհարկե։
— Ինչո՞ւ։
— Թողնենք։
– Ո՛չ, ո՛չ, հետաքրքրական է,— համառեց երիտասարդ բեգը,— որովհետև ես էլ մի քանի վրացի ծանոթներ ունեմ։
— Գիտեք, ես վրաց ազգի մասին խոսք չունեմ։ Շատ համակրելի, ազնիվ, մաքուր ազգ է, հյուրասեր, աշխատասեր։
— Ուրեմն, ո՞ւմն եք արհամարհում։
— Ազնվականներին։
— Ինչո՞ւ։
— Գոռոզ են, անբարտավան և ծույլ։ Բացի դրանից, շատ մեծ կարծիք ունեն իրենց գեղեցկության մասին։ Երևակայեցեք, ի՞նչ հանդգնություն, նրանք իրենց թուրքերից էլ ավելի գեղեցիկ են համարում։
— Շարունակեցեք, էլ ո՞ւմ եք արհամարհում։
— Ինտելիգենցիային։ Վրաց ինտելիգենցիային, օօ՜, անտանելի է, շովինիստ, մեծախոս, կռվարար։
— Իսկ նրանց օֆիցերնե՞րը, չինովնիկնե՞րը։
— Նրանք էլ իսկի մի բանի նման չեն, օֆիցերները՝ սկանդալիստ, չինովնիկները՝ արբեցող։
— Ուսանողնե՞րը։
— Չեմ ճանաչում, բայց պետք է, որ նրանք էլ մի բանի պիտանի չյինեն։
— Արհեստավորնե՞րը։
— Ճանաչում եմ, չգիտեն իրենց արհեստը, խաբեբաներ են։
— Կանա՞յք։ Գեղեցի՞կ են, չէ՞։
— Հաա՜, դրա մասին խոսք չունեմ։ Շատ շատերի հետ եմ բարեկամ։ Բայց այն էլ կասեմ, որ եթե վաղը, մյուս օրը թուրք կանայք իրենց չադրան դեն գցեն, վրացուհիների աստղը կխավարե․․․
— Դուք գյուղացիների մասին ոչինչ չասացիք, չէ՞ որ կալվածատեր եք, հետաքրքրականը այդ է ձեր համար,— հարցրեց Ալլահյար-բեգը։
— Ես դիտմամբ չասացի,— կոչեց Ալթունովը, նորեն գրգռվելով,— որովհետև արյունս պղտորվում է, երր հիշում եմ վրացի գյուղացիներին։ Այդ տեսակ ըմբոստ տարր աշխարհի ոչ մի կողմում չեք գտնիլ։ Նրանք չե՞ն, որ անտառները կտրատեցին ու այրեցին։ Ատում եմ ամբողջ հոգովս։
— Ուրեմն, ոչ ոքի չեք սիրում վրացիների մեջ,— նկատեց Ռահիմ—բեգը։
— Ասացի, որ վրաց ազգը սիրում եմ։
— Բայց․․․– ուզում էի ես միջամտել, սակայն բարվոք համարեցի լռել, թողնելով, որ հայրենակիցս իր սայլը քշի մինչև վերջը։
Բարեբախտաբար գնացքը հասավ Եվլախ կայարան, ապա թե ոչ համոզված էի, որ Ալթունովը շատ պիտի առաջանար և, պարսավելով աջ ու ձախ բոլորին, դեպի թուրքերն ունեցած իր սիրո ու պաշտամունքի շտեմարանն սպառեր մինչև վերջը։
Բեգերն իրենց նոր բարեկամից բաժանվեցին շատ սիրալիր։
Ռահիմ-բեգը մինչև անգամ հրավիրեց նրան իր կալվածքը հյուր և խոստացավ նրան մի սիրուն նժույգ նվիրել։
— Միայն ոչ այժմ, աշնանը մեզ մոտ ճանապարհները անանցանելի են, եկեք գարնանը կամ ավելի լավ է ամսվա վերջին,— զգուշացրեց Ալլահյար-բեգը, ավելի քան կես տարով հետաձգելով Ռահիմ-բեգի հյուրընկալությունը։
— Շատ շնորհակալ եմ,— ասաց Ալթունսվը, ըստ երևույթին, լավ ընբռնելով այդ տեսակ հրավերների իսկական արժեքը։— Իսկ եթե դուք էլ բարեհաճեք այցելել իմ համեստ կալվածքը, անտառներս կարգի բերելուց և տներս վերաշինելուց հետո, երջանիկ կլինեմ ձեզ հետ որսի գնալու։ Իմ անտառներում մեծ քանակությամբ փասյաններ և թուրաջներ կան։
Թուրքերը դուրս եկան։ Դարձյալ լուսամուտից նայեցի, այս անգամ ուղղակի հետաքրքրվելով, թե ինչ պիտի խոսեն իմ հայրենակցի մասին։
— Ի՞նչ կասես, Ալլահյար-բեգ,— լսեցի երիտասարդ Բեքիխանովի հարցը։
— Թամիզ մարդու նման չէ,— պատասխանեց Ալլահյար-բեգ Մյուլքադարովը,— ես նրա ոչ մի խոսքին չհավատացի։
— Ես էլ։
Անմիջապես ցած իջա իմ տեղից, որպեսզի Ալթունովն իմանա, որ քնած չէի և ամեն բան լսում էի ու տեսնում։
Բայց նա բնավ չշփոթվեց։
— Տեսա՞ք,— դարձավ նա ինձ, տակավին ոգևորված,— տեսա՞ք ինչպես ոչնչացրի այդ հոտածներին. ֆիդոն, օդեկալոն էլ չկա մոտս, որ օդը մի քիչ մաքրեմ։
Այո, նա ուղղակի նրանց ավազակներ անվանեց։ Նա ասաց, որ թուրք տարրը մեր երկրի քաղաքականության համար մի մեծ խոչընդոտ է, որ նա գռեհիկ, ֆանատիկ, հետադեմ, ոչ մաքրասեր և այլն, և այլն․․․
— Բայց ես ձեր ասածները լսեցի,— համարձակվեցի նկատել, հազիվ կարողանալով ծիծաղս զսպել։
Ալթունովը զարմացած ձևանալով, աչքերը լայն բաց արավ և գոչեց.
— Չլսեցի՞ք, անկարելի է, ինչպե՞ս չլսեցիք։
— Այո՛, չլսեցի։
— Ուրեմն, քնած եք եղել։ Շատ ցավում եմ։ Պետք է տեսնեիք նրանց դեմքերի ապուշ արտահայտությունը, երբ բոլորը ասացի։ Գիտեք, երիտասարդ բեգը համաձայնվեց ինձ հետ։
— Իսկ ծերունի՞ն,— հարցրի ես, թույլ տալով ուղեկցիս ասել՝ ինչ կամենում է։
— Ծերունին կատաղեց։ Նա ձեռը սեղմեց իր դաշույնի դաստակի վրա և գոռաց. «Հայ, լռի՜ր»։
— Ահա ի՜նչ, ուրեմն ընդհարվե՞լ եք։
— Ո՛չ, ծերունին իսկույն զսպեց իրեն, երբ, հանգիստ ձևով դուրս բերեցի նագանս և դրեցի քովս։
Նա ետ արավ պիջակի կուրծքը և, ցույց տալով ինչ—որ ռևոլվերի կոթ, շարունակեց.
— Օօ՜, թող միայն փորձեր, ցույց կտայի նրան, թե ինչ ասել է Ալթունով, երբ նրան կատաղեցնում են։
Դրսից լսվող աղմուկն ընդհատեց ուղեկցիս հոխորտանքը, որ երևի, երկար պիտի շարունակվեր։ Ներս մտավ այն կոնդուկտորը, որի հետ Ալթունովը ընդհարվել էր և որին շուտով պիտի արձակեին պաշտոնից։ Նրա ետևից եկավ մի նոր ճամփորդ, որ ամբողջ կոկորդով գոռում էր.
— Այդ այլանդակություն է, խայտառակություն։ Ոչ մի օրինավոր ճամփորդ չի կարող տանել այդպիսի բաներ։
— Հանգստացեք, իշխա՛ն, դուք առանց տեղի չեք մնալ,— համոզում էր կոնդուկտորը բորբոքված ճամփորդին։
— Չէ՛, ասացեք խնդրեմ, այդ ի՞նչ կարգ ու կանոն է, աա՞, ի՞նչ կարգ ու կանոն,— շարունակեց իշխան կոչվածը, ականջ չդնելով կոնդուկտորին և ձեռքերն ուժգին թափով շարժելով օդի մեջ,— փող ենք տալիս, տոմսակ գնում, և հանկարծ տեղ չկա։ Աա՜, այդ ինչ կարգ ու կանոն է։
— Բայց դուք ոտքի վրա չեք մնալ, իշխան, հավատացեք, ո՛չ, չեք մնալ, զուր եք բարկանում։ Ահա այս կուպեում միայն երկու հոգի կա, ուրեմն, երկու ազատ տեղեր կան, կարող եք բռնել։
Իշխան կոչեցյալը մի վիթխարի տղամարդ էր ահագին քթով։ Հագած էր չերքեզի կապա լայն փեշերով ու լայն թևերով։ Ուսերի վրա ուներ չուխայից կարճ տառատոկ ոսկեթել ծոպերով։ Գլխին դրած էր անասելի մեծությամբ մի գդակ, որ նրան լեռնային ավազակի տեսք էր տալիս։
— Անկարգությո՛ւն, այլանդակությո՛ւն, ուրիշ ոչինչ,— չէր հանգստանում իշխանը։
Մեջ մտավ Արկադիյ Մարկովիչ Ալթունովը, որ չէր դադարում ջախջախիչ հայացքներ ձգել հակառակորդ կոնդուկտորի վրա։
— Ձերդ պայծառափայլությունը միանգամայն իրավացի է զայրանում,— ասաց նա,— մի ժամ առաջ այդ միևնույն սուբյեկտը հանդգնեց ինձ էլ կոպիտ ու անվայել պատասխաններ տալ։ Ես այդ մասին արդեն գրել եմ երկաթուղու կառավարչին, որ, իմիջիայլոց ասած, իմ մտերիմ բարեկամն է և որի հետ դեռ երեկ ճաշում էի «Անոննա» ճաշարանում, մի քանի ուրիշ ժեներալների ընկերակցությամբ։
— Աա՜, դուք ո՞վ եք, թույլ տվեք հարցնել,— դարձավ նրան իշխանը։
— Արկադիյ Մարկովիչ Ալթունով։ Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարիչը շատ խստապահանջ է իր ստորադրյալների վերաբերմամբ, միևնույն ժամանակ, սիրալիր է իր բարեկամների հետ։ Հետևաբար, կասկած չունեմ, որ նա, ստանալով իմ նամակը իսկույնևեթ գոհացում կտա ինձ, պաշտոնից ազատելով այդ կիսավայրենուն։
Ապա, դառնալով կոնդուկտորին, սպառնաց.
— Սպասեցե՛ք, սպասեցեք, շուտով կիմանաք, թե ով եմ ես։
Այս անգամ նրտ սպառնալիքը ազդեց կոնդուկտորի վրա։ Խեղճ մարդը ոչինչ չասաց։ Միայն, դառնալով իշխանին, մեղավոր տոնով հարցրեց.
— Ձերդ պայծառափայլություն, գո՞հ եք ձեր տեղով։
— Գոհ եմ, գոհ եմ, գնացեք, իրեղեներս տեղավորեցի՞ք։
— Ահա այստեղ են, մեկ, երկու, երեք։
— Լավ։ Բայց ո՞ւր կորավ բեռնակիրը, ես նրա վարձը չեմ տվել։
— Ձերդ պայծառափայլություն, երբ դուք սկսեցիք գոռալ, նա վախեցավ, իրեղենները թողեց ու փախավ։ Ես եմ ներս բերել։
— Փախավ, հա՛-հա՛-հա՛, փախավ,— քահ-քահ ծիծաղեց իշխանը բարձրաձայն, բաց անելով տերտերի գրպանի չափ բերանը և ցույց տալով սևացած ատամները։—Վախեցավ, որ ծեծեմ, հը՞։
— Այո։
— Ես կծեծեի, ղմերթիմանի, կծեծեի։ Քեզ էլ կծեծեի, եթե տեղ չտայիր։ Դե՛հ, վերցրեք այս և տվեք բեռնակրին։
Սակայն, քսան կոպեկ ստանալով, կոնդուկտորը տատանվեց դուրս գալ կուպեից։
— Ձերդ պայծառափայլություն,— ասաց մի հաշտարար հայացք ձգելով Ալթունովի վրա։
— Հը՛, էլի ի՞նչ ես ուզում, կացո․․․
— Խնդրեմ միջնորդեք պարոն ճամփորդի մոտ, որ իմ մասին գանգատ չգրե կառավարչին կամ վարչությանը։ Ես գիտեմ դեռ չի գրել, բայց կարող է գրել։ Ձերդ պայծառափայլություն, առանց այդ էլ ծառայողներիս դրությունը նախանձելի չէ։ Ընտանիքի տեր եմ, եթե հանկարծ զրկվեմ պաշտոնից, ո՞ւր պիտի գնամ։ Թող չգանգատվի։
Ալթունովի դեմքը փայլեց ներքին հաճույքից։
— Կացո՛, մի գրեք էլի, ի՞նչ է,— ասաց իշխանը, քիթը կնճռոտելով և ձեռքն օդի մեջ շարժելով։
— Եթե ձերդ պայծառափայլությունը խնդրում է, կարող եմ ներել․․․
— Խնդրում եմ, կացո՛, խնդրում եմ, վա՜․․․
— Թողեք ինձնից ներողություն խնդրե․․․
— Է՜հ,— դարձավ իշխանը կոնդուկտորին, ձեռը զարկելով նրա ուսին,— ներողություն խնդրիր․․․
— Խնդրում եմ։
— Դե՛հ, վերջացավ, դե՛ գնա…
— Շնորհակալություն հայտնեցեք իշխանին, գնացեք և այսուհետև լավ ճանաչեցեք ճամփորդներին,— ներեց Ալթունովն իսկ և իսկ հրամանատար ժեներալի տոնով։
— Շնորհակալ եմ,— արտասանեց կոնդուկտորը և դուրս գնաց։
Իշխանը վերցրեց ուսի տառատոկը, քաշ արավ պատին, նստեց և իր ահագին ոտները դրեց իմ նստարանի վրա։ Ինձ թվաց, որ նոր պայծառափայլությունը մի տեսակ արհամարհանքով է վերաբերվում դեպի հասարակ մահկանացուները, ուստի, նրա հպարտությունը չգրգռելու համար երեսս դարձրի լուսամուտի կողմ և սկսեցի դիտել շրջակա ամայի դաշտերը և լերկ լեռները։ Բայց շուտով պարզվեց, որ նա վերին աստիճանի պարզ մարդ է և բնավ չի պարծենում իր իշխանական տիտղոսով։ Հայտնվեց նաև, որ նրա ազգանունը Մերկվելիձե է, որ նույնպես կալվածատեր է և որ նրա կալվածքը նույնպես Քութայիսի նահանգումն է։ Ես կարծեցի, որ Ալթունովը, հանգամանքից օգտվելով, անմիջապես կսկսի խոսել իր ութ հազար դեսյատին վարելահողի ու անտառի մասին, մանավանդ որ իշխան Մերկվելիձեի հարևանն է։ Ամենևին, նա այդ մասին բառ անգամ չարտասանեց, չնայելով, որ «գյուղացիներն այրել էին նրա անտառները»։ Սակայն այդ բնավ նրան չխանգարեց խոսակցության ուրիշ նյութեր գտնելու և գրավելու իշխանի բարեկամությունը։ Սկսեց նա հայտնել իր անսահման սերն ու հարգանքը համայն վրաց ազգին՝ առանց որևէ դասակարգի բացառության։ Ամենից շատ նա գովաբանեց ազնվականությանը, համարելով նրան «ասպետական» դասակարգ։ Շատ անփույթ ձևով հիշեց մի շարք հայտնի իշխանական անուններ, որոնց հետ վաղուց, շատ վաղուց «դու»-ով է խոսում և որոնք ուրիշ կերպ չեն անվանում նրան, եթե ոչ «մեր թանկագին Արշակը»։ Նկարագրեց մի շարք քեֆեր, դուդուկով ու զուռնայով, «Եդեմ» և «Ֆանտազիա» այգիներում։ Պարզվեց ինձ համար, որ իշխան Մերկվելիձեն բացի պարզ մարդ լինելուց, զերծ է ազգայնական տենդենցներից և բոլոր ազգերին ու ազգություններին վերաբերվում է հավասար անտարբերությամբ։ Սակայն անհանգիստ Ալթունովն այնուամենայնիվ չկամեցավ դադարել շոյել իշխանի ազգայնական ինքասիրությունն ու ասաց.
— Բայց, ձերդ պայծառափայլություն, ե՛ս դարձյալ կասեմ, որ հայերը մեղավոր են վրացիների առջև։
— Ինչո՞ւ, կացո՛,— հետաքրքրվեց իշխանը, վերցնելով ահագին գդակը, և շպրտելով մի կողմ այնպես, որ կարծես այլևս հարկավոր չէր իրեն։
— Խոսքս մեր կապիտալիստների մասին է։ Նրանք կլանում են Վրաստանը, օգտվելով ազնվականների նեղ վիճակից և մեկը մյուսի ետևից գնելով նրանց տոհմական կալվածները։
— Այդ ճիշտ չէ, ճիշտ չէ,— գոչեց իշխանը, հանկարծ տաքանալով,— մեղավորը ոչ հայերն են, ոչ օտարները։ Կացո, հանգամանքներն են մեղավոր, մեկ էլ ինքներս, վրացի ազնվականներս։
— Այդ ինչպե՞ս,— հարցրի ես։
— Այնպես, մենք ծախում ենք, կապիտալիստները գնում են։ Որ չծախենք, ո՞վ կարող է զոռով գնել։
— Բայց ինչո՞ւ են գնում,— ասաց Ալթունովը,— հայերը չպիտի գնեն։
— Խնդրում, աղաչում ենք գնել, վաա՜,— ավելի տաքացավ իշխանը,— օրինակ, մեկը ես։ Տասնհինգ տարի է բանկին տոկոսներ եմ վճարում, քանդվեցի, վա՜։ Պարտքերի մեջ, ա՛յ, մինչև կոկորդս եմ խրվել։ Վճռեցի, վերջապես, կալվածքս ծախել։ Սատանան տանի, գոնե մի երկու տարի կուշտ կապրեմ ու այդ անպիտան գյուղացիներից կազատվեմ։ Առաջարկեցի բանկին վերցնել իր իսկական գնով՝ մերժեց։ Առաջարկում եմ գյուղացիներին պակաս գնով՝ մերժում են։ Փող չունենք, ասում են, վա՜, ես մեղավո՞ր եմ, որ նրանք փող չունեն։ Ինձ էլ հենց փող է հարկավոր ապրելու համար, ազգասիրությունը ինչի՞ս է պետք։ Այժմ ինձ հարցրեք, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում։
— Երևի Բաքու եք գնում,— ասացի ես։
— Հաա՜, հա՜, իսկ և իսկ Բաքու։ Ինչո՞ւ եմ գնում, կացո՛, կարոտե՞լ եմ նրա մազութի հոտին։ Գնում եմ կալվածքս մեկին առաջարկելու։
— Ո՞վ է այդ մեկը,— հարցրեց Ալթունովը։
— Նավթա-արդյունաբեր Մարալյանցը, նա փող շատ ունե։ Անցյալ տարի նա Եվլախի մոտ գնեց մի մեծ կալվածք։ Լսեցի, որ այժմ այնտեղ է։ Երեկ Քութայիսից եկա նրան տեսնելու, չկար։ Ասացին՝ գնացել է Բաքու։ Հիմա վազում եմ այնտեղ։ Դե՜հ, ուրեմն, էլ ի՞նչ մեղք ունեն հայերը կամ ուրիշները։ Եթե կամենաք, մենք դեռ շնորհակալ ենք նրանցից, որ չեն թողնում բանկերին մեր կալվածներն աճուրդով կես գնով վաճառելու։
Ալթունովը լուռ էր։ Բայց ինձ համար միանգամայն անհասկանալի էր այն, որ մի ակնարկ անգամ չարավ իր քութայիսյան կալվածքի մասին։ Այս բանն ինձ այնքան հետաքրքրեց, որ չկարողացա ինձ զսպել և հարցրի.
— Ասա՛ խնդրեմ, պարոն Ալթունով, ձեր կալվածքը, որ նույնպես Քութայիսի նահանգումն է գտնվում, տոհմակա՞ն է, թե՞ վրացիներից գնված։
Նա թեթև ցնցվեց և նայեց ինձ մի տեսակ կես-կատաղի ու կես-աղերսական հայացքով։
— Ի՞նչ,— գոչեց իշխան Մերկվելիձեն, ձեռը բարեկամաբար դնելով Ալթունովի ուսի վրա,— դուք էլ ե՞ք կալվածատեր։
— Այո՛,— պատասխանեցի ես հայրենակցիս փոխարեն,— պարոն Ալթունովը Քութայիսի նահանգում ունե ութ հազար դեսյատին մի կալվածք, որի կեսը վարելահող է, մյուս կեսը անտառ։ Թեև անտառները գյուղացիների ձեռքերով այրված են ու կտրատված, բայց այնտեղ մեծ քանակությամբ կաքավներ ու փասյաններ կան։
— Ո՞ւթ հազար դեսյատի՞ն,— գռչեց իշխան Մերկվելիձեն ապշած,— կացո՜, այդ տեսակ մեծ կալվածք Քութայիսի նահանգում ոչ ոք չունե։ Բայց չէ, կարելի է մի քանի կալվածքներ գնել եք ու միացրել։
— Այո՛, ոչինչ, դատարկ բան է,— արտասանեց Ալթունովը անորոշ և դարձյալ նայեց երեսիս։
— Սակայն սպասեցեք,— ուշքը ժողովեց իշխանը,— ես Քութայիսի նահանգի բոլոր կալվածատերերին անձամբ միառմի ճանաչում եմ։ Որքան հիշում եմ այնտեղ Արկադիյ մարկովիչ Ալթունով անունով կալվածատեր չկա, այն էլ ութ հազար դեսյատին ունեցող։
Այս անգամ ես նայեցի Ալթունովի երեսին, խոստովանում եմ, ոչ առանց նենգության։
Հանկարծ նա գլուխը բարձրացրեց և ականջ դրեց դեպի դուրս։
— Ա՛հ,— գոչեց, արագությամբ ոտքի ելնելով,— այդ ի՞նչ աղմուկ է։ Կարծեմ կանայք օգնության են կանչում։
Ես մի ոստումով դուրս վազեցի կուպեից։
— Օգնությո՜ւն, գալիս եմ, գալի՜ս եմ,— գոչեց իշխանը ահեղ ձայնով և ձեռը տարավ դաշույնին։
Դուրս եկանք նրբանցք։ Ոչինչ չկար։ Այնտեղ երկու դեռահաս օրիորդներ և մի պատանի բարձրաձայն ծիծաղում էին։ Պարզվեց, որ նրանց ծիծաղի առարկան մի թուրք կին է, որ անցնում էր դաշտով ձի նստած, երկու երեխա գրկում պահած և երրորդին ձիու գավակին կապած։
— Ա՜հ,— ասաց Ալթունովը, ինքն էլ ծիծաղելով,— այնպիսի աղմուկ էր, որ ես կարծեցի ավազակներ են հարձակվել և խեղդում են․․․ կանանց․․․ հասկանո՞մ եք, կանանց․․․
— Կացո, այստեղ ավազակներ ի՞նչ գործ ունեն,— գոչեց իշխան Մերկվելիձեն,— ինձ էլ զուր անհանգստացրիր։
— Գիտե՛ք, ձերդ պայծառափայլություն,— արդարացավ հայրենակիցս,— այս ճանապարհի վրա ամեն բան սպասելի է։ Վերջերս ավազակությունն այնքան է զարգացել, որ սրիկաները երկաթուղու գնացքներն են կանգնացնում և ճամփորդներին կողոպտում։
— Ճիշտ է,— համաձայնվեց իսկույն իշխանը, չգուշակելով Ալթունովի խորամանկությունը, որ ինձ էլ խաբեց։
Վերադարձանք կուպե, և այլևս խոսք չեղավ Ալթունովի ութ հազար դեսյատին կալվածքի մասին։
Այս անգամ Ալթունովը բարձրացավ կուպեի վերին մասը, իր տեղը սիրալիր զիջելով իշխանին։ Շատ չանցած լսվեց նրա անդորր խռմփոցը։ Նա քնեց, չնայելով, որ քունը համարյա «կես մահ է»․․․
Իշխանը պառկեց, փաթաթվեց տառակոտի մեջ և նույնպես խռմփացրեց, միայն ոչ Ալթունովի պես հանդարտ, այլ անասելի աղմուկով։
Զարթնեցին ուղեկիցներս առավոտյան այն ժամանակ, երբ գնացքն արդեն Բաքու էր հասել։ Իշխանը մեզ ողջերթ մաղթեց և դուրս եկավ վագոնից։
— Մնա՜ք բարով, իշխան, մնա՜ք քարով,– զոչեց Ալթունովը նրա եաևից,— հույսով եմ, որ մեր բարեկամությունը հաստատ կլինի։ Օ՛հ,— դարձավ նա ինձ անմիջապես,— վերջապես ազատվեցինք այդ տխմարի ընկերությունից։ Ա՛յ ստախոս։ Ասում է կավածք ունիմ Քութայիսի նահանգում։ Ես Մերկվելիձե անունով կալվածատեր չեմ ճանաչում։ Արժե՞ր վիճաբանել այդ ստախոսի հետ։
Բայց ինձ համար արդեն պարզ էր, թե որն է նրանցից ստախոսը։
Երբ գնացքը նորեն շարժվեց, մեր կուպեում երևացին երկու հրեական միմյանցից խիստ տարբեր տիպեր՝ մեկը հին, մյուսը նոր։ Մեկը նիհար էր, կուրծքը ներս ընկած, արծվաքիթ, խիստ թանձր և խիստ սև մազերով։ Նրա մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և վերջանում էր չգիտեմ ուր։ Մյուսը գեր էր, առողջ կրծքով, կարմիր երեսով, շեկ մազերով, սպիտակ, ինչպես պինդ խաշած ձու։
Ալթունովը մի արհամարհական հայացք ձգեց ներկաների վրա, իհարկե, գաղտնի և ասաց ինձ հայերեն.
— Հիմա էլ Իսրայելի զավակների ձեռքն ընկանք։ Թյո՛ւ, դրանց հետ չեմ խոսելու։ Եվ իրավ, մոտ կես ժամ նա իրան պահեց ինչպես անմատչելի դալայլամա, հազիվ ինձ ևս մի քանի հատուկտոր խոսքեր ուղղելով։ Միայն չմոռացավ այդ կարճ միջոցում չորս անգամ գրպանից դուրս բերել ոսկյա և ադամանդյա մետաղադրամներով արծաթե ծխախոտատուփը այնպես, որ հրեաները տեսնեն։
Հայտնի է, որ հրեաները ճամփորդության ժամանակ տանել չեն կարող ուղեկիցներին և ընդունակ են անգլիացիներին անգամ շատախոս դարձնելու։
— Ւնչպես երևում է, Թիֆլիսից եք գալիս,— դիմեց ինձ հրեան։
Եվ, բավարար պատասխան ստանալով, նա դարձավ Ալթունովին։
— Դուք նույնպե՞ս։
Հայրենակիցս իսկույնևեթ կակղեց և խզեց իր լռությունը։ Եվ սկսվեց։ Մի ժամ չանցած նա արդեն բարեկամացել էր երկու տարբեր տիպերի հետ։
Մասնավորից սկսելով, Ալթունովն անցավ հասարակական խնդիրներին։ Թողնելով հասարակականը, վազեց դեպի քաղաքականը, այնտեղից դեպի՝ կրոնականը։ Որոնեց, գտավ և որոշեց նախաքրիստոնեական եբրայեցիների կատարած հսկայական դերը պատմության մեջ, հատկացնելով այդ դերին ամենափայլուն էջեր։ Աստվածաշունչը համարելով գիրք գրոց, Թալմուդը դրեց ավետարանի կողքին ու երկուսին էլ հավասար երկրպագեց։ Չլինեին նրանք, կռապաշտությունը պիտի թագավորեր մինչև այժմ ամենուրեք և նրա հետ միասին բարբարոսությունը։
Բաց թողնելով պատմության օձիքը, Ալթունովն անցավ դեպի ներկա և մի քանի թեթև վերապահումներով դարձյալ հրեաներին նստեցրեց ազգերի գլխին։ Ինչ ուզում են թող ասեն օբսկուրանտները, ոչ գիտություն, ոչ ճարտարվեստ, ոչ արդյունաբերություն, ոչ առևտուր, ոչ արվեստներ, ոչ գրականություն և ոչ նույնիսկ բարոյականություն չեն կարող գոյություն ունենալ առանց հրեաների։ Նրանք են ամենախելոք, ամենաաշխատասեր, ամենատաղանդավոր, ամենա․․․ և այլն, և այլն, և այլն ազգը։ Դա մի սովորական ազգ չէ, այլ մարմնացած հանճարը մարդկության, այսպես ասած, նրա մտավոր կվինտ էսենցիան։ Սուտ է, թե հրեաները հարստահարիչներ են, վաշխառուներ և այլն։ Դա թուլամորթների նախանձի արդյունք է․․․ Սուտ է, թե նրանք մաքրասեր չեն և ինչ-որ հատկանիշ հոտ ունին. նրանք եվրոպական որ ազգի հետ ասես կարող են մրցել գործածած սապոնի քանակով։
Վերջապես սուտ է, թե նրանք փողասեր են․․․
— Ներողություն,— ընդհատեց հայրենակցիս ոգևորությունը շիկահեր հրեան,— այդ մեկը սուտ չէ։ Մենք փող սիրում ենք։
— Այո՛, կարելի է, բայց հայերը ձեզանից ավելի փողասեր են։
— Գուցե, ես հայերին լավ չեմ ճանաչում։
Իսկ ես շատ լավ եմ ճանաչում։
Եվ այսպես մի ամբողջ օր ու երեկո Արկադիյ Մարկովիչ Ալթունովը շոյեց, շողոքորթեց իր ուղեկիցներին։
Մի անգամ երբ նա իջել էր ինչ—որ կայարանում թեյ խմելու, մորուքավոր ու սևահեր հրեան ինձ հարցրեց.
— Ասացեք խնդրեմ, դուք հա՞յ եք։
— Այո։
— Իսկ այդ մա՞րդը։
— Նույնպես հայ է։
— Դուք համաձա՞յն եք նրա բոլոր գովասանքներին հրեաների վերաբերյալ։
— Ոչ լիովին։
— Ես նույնպես համաձայն չեմ շատ բաների հետ,— ասաց հրեան ժպտալով։
Հասանք վերջապես Ռոստով։
Ալթունովը հրեաների հետ իջավ գնացքից։
Երբ նա ինձ ողջերթ մաղթելով, ձեռքս սեղմում էր, ես մի րոպե պահեցի նրան և հարցրի.
— Դուք բոլոր ազգերին գովերգեցիք, բոլորին էլ պարսավեցիք, ասացեք խնդրեմ, դուք ինքներդ ի՞նչ եք։
— Կոսմոպոլի՛տ,— պատասխանեց Ալթունովը հանգիստ ու հեռացավ։
Տես նաև Ալեքսանդր Շիրվանզադե Պատմվածքներ
Ալեքսանդր Շիրվանզադե | Կոսմոպոլիտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 20, 2018 Rating: