Պարույր Սևակ | Ձեռքեր


Դուք՝ քրտնաթոր, տանջված ձեռքեր,
Արեգակից խանձված ձեռքեր,
Ձեռքեր՝ բքից, շոգից ճաքած,
Դո՛ւք, որ հողից քամում բերքեր,
Ցավն եք անգամ դարձնում երգեր՝
Վհատության դուռը փակած:

Դո՛ւք, որ հանքից քար եք հանում,
Որ ծակծըկվում՝ կար եք անում,
Տապակվում եք՝ հալում մետաղ,
Եվ, հոգնատանջ, դառնալով տուն,
Մեկով թոռին, մեկով որդուն
Պինդ գրկելով՝ ասում «մատա՜ղ»:

Դո՛ւք, որ երեկ բռնել եք զենք,
Դո՛ւք, որ այսօր շինում եք շենք,
Կամուրջ գցում, կապում կամար.
Որ քիչ վերցնում, շատ եք դնում,
Շատ եք տալիս, քիչ ստանում՝
Հասկանալով ինչի համար:

Դո՛ւք, որ մթնում լույս եք փռում,
Որ խրախույս, հույս եք փռում,
Ձեռքե՛ր, ձեռքե՜ր ժողովրդի,
Դուք՝ ստեղծո՛ղ, ճարտա՜ր ձեռքեր,
Դուք՝ չկեղծո՛ղ, արդա՜ր ձեռքեր,
Ձեզ է երգում ձեր խորթ որդին՝

Ակնածանքո՜վ՝ ձեռքը սրտին,
Մեծարանքո՜վ՝ երգը շրթին...

30.X.1955թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ձեռքեր Պարույր Սևակ | Ձեռքեր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 08, 2018 Rating: 5
Технологии Blogger.