Պարույր Սևակ | Հեքիաթը


Իմ լուսեղենի՛կ, իմ աննմա՛ն,
Իմ ապագա՛, գալի՜ք...
Ի՞նչ ես անում արդյոք հիմա,
Իմ հեռավո՜ր բալիկ:

Բարձիդ տա՞կ ես թևդ կոխում
Ու խորամանկ ժպտում,
Թե՞ վեր կենում ու կիսամերկ
Մահճակալում պտտում:

Թե՞ մայրիկիդ հյուսքը բռնած
Քրքըջում ես անմեղ,
Թե՞ «կարդում ես» քո չըմբռնած
Գրքույկները գունեղ:

Թե՞ երգում ես, արտասանում
«Բանակային եմ քաջ»...
Բանակային ե՛ս եմ, բալիկ,
Մա՛յրդ, պա՛պըդ անգամ:

Բանակայի՛ն, որ մոտ չգա
Ոչ մի գայլ ու գազան,
Ոչ թե, բալիկ, քո իմացած
Հեքիաթներից դաժան,

Ո՛չ աշխարհից քո իմացած
Սև ու Ճերմակ դևի:
Կա մի ուրի՛շ դև ու աշխարհ՝
Ամբողջովին դեղի՜ն:

Դու չգիտես դեղին դևին՝
Գայլի ախորժակով:
Ապրում է նա մեզնից հեռու,
Օվկիանոսից այն կողմ...

Քեզ այդ մասին կպատմեմ ես
Հետո՜, հիմա քնի՛ր:
Այնժամ գուցե դա իսկապես
Հեքիաթի պես լինի...

29.II.1952թ.       
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հեքիաթը Պարույր Սևակ | Հեքիաթը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 12, 2018 Rating: 5
Технологии Blogger.