
Դարեր առաջ, երբ աշխարհը դեռ այնքան մանուկ էր, և Կենդանիները նոր-նոր էին աշխատում մարդու համար, մի Ուղտ կար, որը աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող Անապատում, մանավանդ՝ ինքն էլ Ոռնացող էր: Այս ահավոր ծույլն ուտում էր փուշ ու տատասկ, մոշ ու փուշ, կաթնախոտ ու մոլախոտ, և երբ մեկը փորձում էր խոսել հետը, շարունակ կրկնում էր . ,,Ուզ, ուզ,,:
Մի երկուշաբթի առավոտ Ձին, թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ նրա մոտ.
-Ուղտ, այ Ուղտ, դուրս արի մեզ նման վազիր:
-Ուզ, ուզ:
Ձին գնաց ու պատմեց Մարդուն:
Որոշ ժամանակ անց, մի փայտի կտոր բերանին, եկավ Շունը:
-Ուղտ, այ Ուղտ, արի, մեզ նման իրեր տար ու բեր:
-Ուզ, ուզ:
Շունը գնաց ու պատմեց Մարդուն:
Վերջապես, լուծը վզին, եկավ Եզը.
-Ուղտ, ա՛յ Ուղտ, արի՛ մեզ նման վարուցանք արա:
-Ուզ, ուզ:
Եզը գնաց ու պատմեց Մարդուն:
Օրվա վերջում Մարդը կանչեց Ձիուն, Շանը և Եզին.
-Եռյակ, այ եռյակ, մեղքս գալիս եք /աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ/, բայց այդ Անապատի Ուզը չի կարող աշխատել, թե չէ մինչև հիմա եկած կլիներ: Ուրեմն ես նրան հանգիստ կթողնեմ, իսկ դուք պետք է նրա փոխարեն էլ աշխատեք, տեղը լրացնեք:
Սա շատ բարկացրեց Եռյակին: Եվ նրանք խորհուրդ արեցին, ժողով գումարեցին, համագումար հրավիրեցին, խելք խելքի տվին Անապատի եզրին: Ուղտը՝ այդ ահավոր ծույլը, եկավ կաթնախոտ ծամելով ու ծիծաղեց նրանց վրա: Հետո ուզ, ուզ ծոր տալով ՝ հեռացավ:
Շուտով փոշու ամպի մեջ հայտնվեց Բոլոր Անապատների Ջինը /Ջիները միշտ այդպես են ճամփորդում, որովհետև դա Հրաշք է/ և ժողովեց Եռյակին ու խորհուրդ արեց նրանց հետ:
-Բոլոր անապատների Ջին, մի՞թե հնարավոր է անգործ նստել, երբ աշխարհն այսքան նոփ-նոր է ու մանուկ,-հարցրեց Ձին:
-Իհարկե ոչ:
-Դե ուրեմն լսիր,-շարունակեց Ձին,-քո Ոռնացող Անապատում կա մեկը /մանավանդ՝ ինքդ էլ գիտես Ոռնացող է/՝ երկար վզով, երկար ոտքերով, որ երկուշաբթի առավոտից ի վեր մատը մատին չի խփել, չի վարգել:
-Ֆյույթ,- սուլեց Ջինը,- երդվում եմ Արաբիայի ոսկով, իմ Ուղտն է, որ կա: Իսկ ի՞նչ է ասում:
-Շարունակ՝ ուզ, ուզ,- վրա բերեց Շունը,- և իրեր չի տանում-բերում:
-Ուրիշ ոչինչ չի՞ ասում:
-Միայն ՝ ,,ուզ,, և վար ու ցանք չի անում,- բողոքեց Եզը:
-Շատ լավ, քիչ համբերեք, ես նրան ,,ուզ,, ցույց կտամ,- սպառնաց Ջինը:
Ջինը կոլոլվեց փոշեթիկնոցի մեջ, կտրուկ շրջվեց դեպի Անապատը, գտավ Ուղտին՝ այդ ահավոր ծույլին, ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով հիանալիս:
-Իմ լողլող, փսլնքոտ ընկեր, ուրեմն ճիշտ են ասում, որ դու ոչ մի գործ չես անում, երբ աշխարհը դեռ նոփ-նոր է ու մանուկ:
-Ուզ, ուզ:
Ջինը նստեց, ծնոտը հենեց ձեռքին և հղացավ մի Մեծ Հրաշք, մինչ Ուղտը հիանում էր ջրափոսի մեջ արտացոլված իր պատկերով:
-Երկուշաբթի առավոտից ի վեր քո ահավոր ծուլության պատճառով Եռյակն աշխատում է նաև քո փոխարեն,- ասաց Ջինը և շարունակեց մտորել՝ ծնոտը ձեռքին հենած:
-Ուզ, ուզ:
-Եթե ես քո տեղը լինեի, այլևս ,,ուզ,, չէի ասի,- խորհուրդ տվեց Ջինը,-կգա ժամանակ, երբ կզղջաս դրա համար: Հե՜յ, փսլնքոտ, դու պետք է աշխատես: Բայց Ուղտը դարձյալ կրկնեց՝ ,,ուզ, ուզ,, , և հենց այդ պահին տեսավ, որ իր մեջքը, որով այնքան հպարտանում էր, սկսեց ուռչել, ուռչել, մինչև վերածվեց-դարձավ մի մեծ հսկա, ցցուն կուզ:
-Ա՛յ, տեսնում ես՝ ինչի հասցրեց քո ,,ուզը,,. որ կուզ դարձավ: Այսօր հինգշաբթի է, և դու երկուշաբթի օրվանից՝ աշխատանքի հենց սկզբից, ոչինչ չես արել, դե՛, հիմա պետք է աշխատես:
-Կուզը մեջքիս: Ես ո՞նց աշխատեմ,- սրտնեղեց Ուղտը:
-Դա քո երեք օրվա անգործ նստելու վաստակն է,-ասաց Ջինը:
Հիմա առանց ուտելու, կուզիդ հաշվին, կաշխատես երեք օր: Հետո չասես, թե քեզ համար ոչինչ չեմ արել: Դուրս արի Անապատից, գնա՛, միացի՛ր Եռյակին ու քեզ կարգին պահիր: Կուզիցդ ամաչիր:
Ուղտն իրեն կարգին պահեց, կուզից ամաչեց և գնաց միացավ Եռյակին: Այդ օրվանից մինչև օրս նա կոչվում է սապատավոր /մենք կուզիկին սապատովոր ենք ասում, որպեսզի չվիրավորենք նրա զգացմունքները/: բայց նա երբեք այն երեք օրվա տեղը չհանեց, երբ աշխարհը դեռ նոփ-նոր էր ու մանուկ, և մնաց ,,Ուղտի պես համառ,,:
Տես նաև Ռեդյարդ Քիփլինգ Հեքիաթներ
Ռեդյարդ Քիփլինգ | Թե ինչպես ուղտը դարձավ սապատավոր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 30, 2018 Rating:
