Վահան Թոթովենց | Հովնաթան որդի Երեմիայի


Թէ ո՛րտեղից եւ ի՛նչպէս Յովնաթանը սովորել էր քանդակել՝ բոլորի համար մնաց գաղտնիք, բայց Յովնաթանը երկար էր աշխատել, բոլորից գաղտնի, յափշտակութեամբ եւ ներքին անիմանալի մղումով։
Նա տեսել էր եկեղեցում Քրիստոսի խաչելութեան արձանը, տեսել էր հրեշտակների արձաններ թեւերով եւ սեռի, փոքրիկ, վարդի կոկոնի նման թարմ նշաններով, տեսել էր նաեւ լերան քաղաքի հին ամրոցում կոտրտւած արձաններ, երբեմն գլուխներ՝ առանց մարմնի, երբեմն մարմիններ՝ առանց գլխի, որոնք բոլորն էլ հաւաքւած էին մի մութ սենեակում։ Կային արձաններ եւ ամրոցի պատերի եւ պարիսպների վրայ, բարձր, էլի կոտրտւած, աղճատւած վիճակում։
Եւ ամէն անգամ, երբ Յովնաթանը տեսել էր այդ բեկորները, նրա մանկական հոգին խայտացել էր խորը ուրախութեամբ, այդ խայտանքին յաջորդել էր ներքին, թաքուն մի դող, որն սկիզբն էր ստեղծագործութեան եւ որին բոլորովին անծանօթ էր նրա գիտակցութիւնը։
Եւ բրուտանոցում,բոլորից բացարձակապէս գաղտնի, Յովնաթանը շինել էր ձեռքեր, գլուխներ, ոտքեր, փոքր, շատ փոքր մեծութեամբ եւ չէր համարձակել ցոյց տալ հօրը կամ հօրը եղբայրներին, մինչեւ անգամ ցոյց չէր տւել պապին, որն իրեն այնքան սիրում էր, որն իրեն անպայման կը քաջալերէր անսահման չափով։ Բաց ի մարմնի այս մասերից՝ նա կաւից սարքել էր մի փոքրիկ սայլ, ճիշդ նման իրենց սայլին՝ զոյգ եգներով։ Յովնաթանը քանդակել էր նաեւ զանազան տեսակի պտուղներ, տերեւներ, քանդակել էր Քրիստոսը խաչի վրայ։ Եւ ահա պատանի Յովնաթանը, ցնցւած պապի մահւամբ, տոգորւած նրան անմահացնելու բուռն տենչով, յանդգնեց քանդակել եւ նրա կիսանդրին։
Պապի կիսանդրից յետոյ՝ Յովնաթանն սկսեց զբաղւել արձաններ շինելով այլեւս համարձակօրէն։
Նա չէր տեսել ո՛չ մի վարպետի ձեռք, նա չէր լսել ո՛չ մի վարպետի հրահանգ։ Նա մինչեւ անգամ կարծում էր, որ ո՛չ ոք աշխարհում կաւից արձաններ չէր շինել, այլ շինել էին ուղղակի քարից կամ բրոնզից եւ որ կաւից արձաններ քանդակելու գիւտը բացարձակապէս պատկանում էր իրեն, որովհետեւ նա չէր տեսել արձանի ստեղծման ո՛չ մի պրոցես։ Ահա քարտաշն էլ շիրմաքարը ձեւաւորեց ուղիղ քարից։
Անվերջ քանդակելով՝ Յովնաթանն ըմբռնեց մարմնի ձեւերը, հասարակ աչքերով աննշմարելի խորութիւնները, բարձունքները եւ ծաւալները։
Պապի կիսանդրիից յետոյ՝ հայրն սկսեց ուշի ուշով հետեւել որդու աշխատանքներին, նրա ամենափոքրիկ փորձերը խորը հրճւանքով էին լցնում նրան, բայց միաժամանակ մտածում էր «Յովնաթանը եղաւ տասն եւ ութը տարեկան, ես եւ եղբայրներս յոգնած ենք, լաւ կը լինէր Յովնաթանն անցնէր չարքի գլուխը, շինէր կուժեր, թասեր, գաւեր եւ փարչեր»։
Մտածում էր Երեմիան, բայց ոչինչ չէր ասում Յովնաթանին, թողնելով, որ նա անի, ինչ սիրտը կʼուզի։ «Դեռ ուժ կայ ոսկորներիս մէջ, դեռեւս կարող եմ աշխատել», — ասում էր նա։
Բայց հօրեղբայրները, որոնց որդիները կաւն էին տրորում բոբիկ ոտներով, հնոցն էին վառում, աւազաններից կաւն էին բարձրացնում սայլերը, մէջքերով աղիւսները կրում՝ բողոքում էին, որ Յովնաթանը դատարկ բաներով է զբաղւում եւ չի աշխատում, որովհետեւ բրուտանոցը եւ ողջ բրուտային առեւտուրը պատկանում էր բոլորին։
Երեմիա ասում էին եղբայրները, — որդիդ անպէտք է, գլուխ շինելը ո՞ւմ փորը կը կշտացնի, աշխատել է հարկաւոր, թո՛ղ անցնի չարխի գլուխը։
Երեմիան չէր կարող ասել, որ Յովնաթանը անկարող է աշխատելու չարխի վրայ, որովհետեւ նա երբեմն պտտեցնում էր պապի չարխը եւ հիանալի անօթներ շինում։
Երբ բողոքները շատացան, եւ երբ Յովնաթանը տեսաւ հօրը խեղճացած այդ բողոքներից՝ անցաւ պապի չարխի գլուխը եւ նրա մատների տակ լպրծուն կաւն ստացաւ սքանչելի ձեւեր։ Նրա շինած անօթները բոլորովին այլ ձեւ ունէին միւսների շինածներից, նրա անօթներից իւրաքանչիւրն էլ տարբերւում էին միւսից, նա չէր կրկնում ո՛չ մի ձեւ, բայց երկար չէր տեւում, ձանձրանում էր, թողնում չարխը, քաշւում բրուտանոցի հեռաւոր մի անկիւնը եւ սկսում կառուցել մի զայրացած բռունցք, որ ցցւում էր դուրս կաւի քաոսային զանգւածից, մի կռացած եւ յոգնած մէջք, մի գլուխ, եւայլն։
Նրա կերտած գլուխները նման էին իր գլխին, որովհետեւ գլխի ձեւը վերցնում էր նա միայն իր գլխից, որը դիտում էր մի կոտրած հայելուց։
Քանի Յովնաթանի շինած անօթները յարգ էին ստանում շուկայում, հօրեղբայրներն այնքան բարձրացնում էին բողոքը եւ պահանդում էին, որ Յովնաթանը չարխի վրայ ոչ թէ պատահաբար աշխատի, այլ արեւածագից մինչեւ արեւամուտը։
Բողոքում էին եւ հօրեղբօրորդիները։
Յովնաթանը վերի արտի ցորե՞ն է, ի՞նչ է, մենք էշ ենք, իսկ նա ձի՞ է, ի՞նչ է։
Բողոքները դառնում էին անտանելի, մանաւանդ երբ սկսւում էր քաղաքում կառուցումների շրջանը։
Աղիւս են ուզում, Երեմիա, — ասում էր եղբայրներից մէկը, — իսկ Յովնաթանը չի աշխատում, աւելի լաւ է իրարից բաժանւենք, մենք՝ մերը, դուք՝ ձերը, եղբայրն էլի եղբայր։
Երեմիան բռնում էր Յովնաթանի գլուխը, աչքերը ձգում նրա աչքերի կապոյտ լճակի մէջ եւ ասում
Յովնաթա՛ն, որդի՛, աղիւս են պահանջում։
Եւ Յովնաթանը, յուսահատ եւ տխուր, վերցնում էր փայտէ նախնական քառակուսի շրջանակը, բոբիկանում եւ արեւածագից մինչեւ արեւամայր աղիւս թափում։
Երեկոյեան երբ բոլորը ուտում էին թանէ սպասը եւ վեր կենում, պառկում, քնում, Յովնաթանը, կտուրի վրայ պառկած իրիկնային հովից զովացած անկողնում, աչքերը յառում էր պաղպաջուն երկնքից կաթող աստղերին, աչքերը լցւում էին արցունքով։
Մայրը մօտենում էր որդուն, տեսնում նրա արցունքը, շոյում էր գլուխը եւ հարցնում
Յովնաթա՛ն, մատա՜ղ, ինչո՞ւ ես լաց լինում։
Յովնաթանը պատասխանում էր, ինչպէս հինգ տարեկան մանուկը
Ես աղիւս չեմ թափի։
Հայրդ ծեր է, որդի, նրան պարտական ես օգնել։
Յովնաթանը նայում էր իր երիտասարդ մօրը լուռ եւ տխուր։
Եւ մայրը շփոթում էր կապոյտ աչքերի արցունքը կապոյտ երկնքի աստղի հետ։
Սառչում էին արցունքները, ինչպէս մարած աստղերը, քունն իջնում էր Յովնաթանի յոգնած մարմնի վրայ, մայրը հեռանում էր, համբուրելով արեւից եփած նրա ճակատը։
Առաւօտեան Յովնաթանը վեր էր թռչում անկողնուց, երբ դեռ լուսաստղն էր շողում երկնքում, ինչպէս մարգարիտը փիրուզեայ ֆոնի վրայ, վազում էր բրուտանոց եւ սկսում էր սեփական աշխատանքը։
Կաւի զովութիւնը խնդութեամբ էր վառում նրա արիւնը։
Հայրը գալիս էր բրուտանովց, մօտենում Յովնաթանին եւ դիտում նրա աշխատանքը։ Ահա մի ձեռք, որ դուրս էր ցցւել կաւի մութ զանգւածից, երկու երեք անգամ աւելի խոշոր, քան բնական մեծութիւնը՝ ուռած երակներով։ Հայրը կարդում էր այդ ձեռքի վրայ կէս դարու չափ ֆիզիքական աշխատանք կատարող մի մարդու ողջ կենսագրութիւնը, պատկերացնում էր քամուց եւ արեւից այրած նրա ճակատը, կոպտացած եւ կռացած նրա մէջքը։ Հայրը գլուխն օրօրում էր ներքին հրճւանքով եւ միաժամանակ խորը տարակուսանքով, նա զգում էր, որ որդու աշխատանքը մի բան է, բայց ի՞նչ բան է, չէր կարողանում ասել։ Մի ժպիտ, հեզասահ առւակի նման գալիս, տարածւում էր նրա դէմքի վրայ եւ ինչ որ լուսաւոր մի ալիք հոսում էր, նոյնպէս հեզասահ առւակի նման, նրա հոգու մթութեան մէջ։
Բայց երբ բրուտանոց էին լցւում հօրեղբայրներն ու հօրեղբօրորդիները եւ խոժոռ նայւածքներ էին նետում Յովնաթանին, նա շորով փաթաթում էր աշխատանքը, թողնում, մօտենում պապի չարխին, որ այլեւս իրեն էր պատկանում։ Չարխը դառնում էր աշխոյժ, Յովնաթանի մատների տակ կաւն ստանում էր նորանոր եւ ապշեցուցիչ ձեւեր։
Բայց Յովնաթանին այրում էր մարմնի ձեւերի այլազան գաղտնիքները։ Գիշերները նա մտնում էր բրուտանոցը։ Ոչ ոք չկար։ Բայց Յովնաթանին թւում էր, որ շնչում է կաւը։ Մերկանում էր, վառում մոմը եւ մոմի օրօրուն լոյսով դիտում իր մարմինը եւ տեսնում էր, որ մարմնի ոչ մի կէտը չի սառչում, այլ անվերջ փոփոխւում է, խորութիւնների եւ բարձրութիւնների անհուն մի ելեւէջ, բայց երբ միեւնոյն մոմի լոյսով դիտում էր իր ձեւակերպած մարմնի մի մասը, գտնում էր, որ գոյութիւն չունի կենդանի մարմինը, ինքը ձեւաւորել էր մարմնի ընդհանուր երեւոյթը։
Երիտասարդ բրուտը, որ ձգտում էր քանդակագործ դառնալու, ո՛չ մի գաղափար չունէր մոդելի մասին, բայց զգում էր, որ եթէ մէկը լինի եւ նրանից վերցնի մարմնի ձեւերը՝ աւելի ճիշդ կը լինի։ Մարմնի մասերը նա քանդակում էր իր մարմնից՝ հայելու մէջ նայելով եւ Յովնաթանն զգում էր, որ դա բաւարար չէր։
2
Յովնաթանը գնաց եւ ո՛չ մի լուր չեկաւ նրանից։
Մայրը երգ կապեց նրա վրայ, երգեց եւ լաց եղաւ։
Հայրը, ամէն պապի չարխի դատարկ տեսնելուն, թափեց արցունքներ ձեւաւորւած անօթների վրայ։
Մարգարիտն ամուսնացաւ եւ կորցրեց իր մարմնի վարդը։
Դաւիթը մեծացաւ, չսիրեց բրուտանոցի աշխատանքը եւ մտաւ առեւտրական ասպարէզ։
Եւ մի օր, երբ Երեմիան, չարխի վրայ նստած՝ մի փարչ էր ձեւաւորում, ձեռներն ու ոտները յանկարծ կանգ առան, ճգնեց, վերջին լարումով, շարունակել աշխատանքը, բայց չկարողացաւ, նրան գրկեցին, դրին սայլի վրայ եւ տարան տուն։
Տան շէմքից լսեց նա գանգրահեր եւ կապուտաչեայ որդու դժբախտ մօր լացը եւ երգը։
Պառկեցրին նրան անկողնում եւ Անդրէասի որդի Երեմիան, առանց ցնցումների, առանց մահւան սարսափի, փակեց աչքերը լռութեամբ եւ խաղաղութեամբ։
Նրան թաղեցին պապի կողքին։
Երեմիայի մահից մի տարի անց՝ մեռաւ Երեմիայի կինը, երբ մի երեկոյ, ըստ երկար ժամանակի սովորութեան, խունկ էր ծխում եւ երգում որդու վրայ կապած երգը։
Դաւիթը քաղաքում չէր, նա գնացել էր հարաւային երկրներ ապրանք բերելու։
Վերադարձին նա գտաւ ծնոներին հանգչած վերի աւազանի վերեւում, պապի կողքին։ Նա խաչ հանեց եւ մի քանի կաթիլ արցունք թափեց եւ յիշեց Յովնաթանին, որի կարօտը քայքայեց ծնողներին։
Դաւիթն այլեւս չուզեց մնալ այդ աշխարհում, վաճառեց ունեցւածքը, գաղթեց դէպի հարաւ, որովհետեւ այնտեղ նրան դիւթել էր մթին գոյնով մի բոցավառ աղջիկ։
Գնալիս համբուրեց իր մեծ քրոջը եւ ասաց
Գերեզմաններին լաւ մտի՛կ տուր։
Մարգարիտը հարցրեց նրան
Եթէ Յովնաթանը վերադառնայ, ի՞նչ ասեմ։
Նա չի վերադառնայ, — պատասխանեց Դաւիթը յուսահատ։
Նա կը վերադառնայ, — ասաց Մարգարիտը խորագոյն հաւատքով։
Եւ բաժանւեցին քոյր եւ եղբայր։
Երբ գարուններին բարձրանում էին հեղեղները՝ Մարգարիտը հոգածութեամբ հողը վրայ էր տալիս գերեզմանների կողքերին, որպէս զի հանգստարանները մնան անվրդով եւ չխռովւի նրանց տակ ննջող բրուտների յաւիտենական սաւառնումը։
3
Եւ մի օր մի կառք կանգ առաւ Անդրէասի որդի Երեմիայի հին տան դրանը։
Կառքից իջաւ մի չափահաս մարդ, ծամերի մէջ արդէն սպիտակ ալիքներով, ընտանի քայլերով մօտեցաւ դրանը եւ բաղխեց դրան երկաթը երեք անգամ՝ ըստ վաղեմի սովորութեան։
Դուռը բաց արաւ մի անծանօթ կին։
Չափահաս մարդը, տեսնելով անծանօթ կինը, ամէն ինչ հասկացաւ հին տունն անցել էր օտարների ձեռքը։
Ո՞րտեղ են այս տան հին բնակիչները, — հարցրեց նա անծանօթ կնոջը։
Կինը խաչակնքեց։ Առանց խաչակնքելու չէր կարելի յիշել անցածներին։
Ո՞րտեղ է Դաւիթը։
Հարաւի աշխարհում։
Իսկ Մարգարի՞տը։
Նա այժմ կինն է մետաքսագործ Գրիգորի, որդի Թադէոսի։
Ո՞րտեղ է նրա տունը։
Ներսի թաղի կամարակապ աղբիւրի ճիշդ դիմացը։
Նորեկը հեռացաւ խոնարհութիւն անելով։
Փողոցներից անցնելիս՝ ո՛չ ոք չճանաչեց նրան։ Երեխաների մի բազմութիւն քայլում էր նրա յետեւից՝ յափշտակւած օտարական մարդու տարազից, մանաւանդ յարդեայ լայնեզր գլխարկից։
Մարգարի՜տ
Յովնաթա՜ն
Մարգարիտը գրկեց Յովնաթանի գլուխը, սեղմեց իր տաք կրծքին, ինչպէս մանկանն իր առաջին, համբուրեց երկար, թափեց արցունքներ ջինջ, աստղային մաքրութեամբ։ Արցունքը ջինջ է, երբ թափւում է ուրախութեան համար, որովհետեւ նա բղխում է լուսաւոր եւ զով յատակից։
Երբ քոյրն համբուրում էր եղբօր գլուխը, քրոջ մանուկները փաթաթւեցին Յովնաթանի սրունքներին, նրանցից մէկը մինչեւ անգամ մագլցեց նրա ուսը։
Մանուկները լսել էին Յովնաթանի անունը, բայց ոչ ոք չյայտնեց նրանց թէ՝ ահա եկել է մօրեղբայրը, նրանք այդ զգացին բնազդով եւ նրանց արիւնը, մօր արեան նման, ոստոստեց երակներում։
4
Յաջորդ առաւօտեան՝ Յովնաթանը բռնեց Մարգարիտի ձեռքը եւ նրանք գնացին վերի աւազանը, տեսնելու պապի, հօր եւ մօր գերեզմանները։
Մինչեւ գերեզմանները՝ Յովնաթանը հարցրեց Մարգարիտին
Ի՞նչ եղան հօրեղբայրները։
Հօրեղբայրները մեռան, ինչպէս հայրիկը որդիները դեռ աղիւս են թափում տե՛ս այն հնոցի ծուխը, նրանց հնոցն է, որ վառւում է, իսկ մենք օտարականներ ենք գրեթէ, երբեմն հանդիպում եմ մէկն ու մէկին փողոցում եւ բարեւում։
Հօրեղբայրներն ինձանով չհետաքրքրւեցի՞ն երբ եւ իցէ։
Յիշում եմ, մի անգամ մեծ հօրեղբայրն հարցրեց՝ ի՞նչ լուր անպէտք տղայից, չպատասխանեցի։
Յովնաթանը ցաւագին ժպտաց։
Հասան վերի աւազանը։
Յովնաթանը վարդեր դրեց շիրմաքարի վրայ, նայեց իր քանդակած եւ թրծած պապի արձանին, որ փշրւելով աւելի էր այլանդակւել ծիծաղեց հոգում եւ բարձրացաւ աւազանի թմբի վրայ։ Աւազանում ջուր չկար, յատակում առաւօտեան արեւի շողերի տակ փայլուն էին ազնւագոյն կաւի հետ խառն զանակները։ Յովնաթանը նայեց նորից այդ կաւին եւ նրա հոգին դողաց ստեղծագործութեան աննախընթաց տենչով, իսկ Մարգարիտը, կանգնած կողքին, յիշում էր այն օրը, երբ ինքը լողանում էր, եւ Յովնաթանը տեսաւ իրեն յիշում էր այն օրւայ ջրի զովութիւնը եւ զգում էր ջրի կաթիլները, որ կաթում էին ծամերից՝ կրծքի եւ ուսերի վրայ։
Նրանք իջան թմբից ներքեւ, Յովնաթանը նստեց պապի շիրմաքարի վրայ եւ խօսեց այսպէս
Դու պատւիրեցիր մեզ, որ մենք, պա՛պ, չբաժանւենք այս կաւից ես բաժանւեցի, բայց կրծքիս վրայ միշտ կրելով այս կաւից մի ափ նա խփում էր իմ կրծքին եւ ես միշտ սարսռում էի նրա ջերմութիւնից ահա վերադարել եմ պա՛պ, այս կաւի կարօտով իմ էութիւնը վառւում է այժմ այս կաւի բոյրով, այս կաւի անիմանալի եւ անքննելի ջերմութեամբ։ Պա՛պ, ես կուրծք տւի աշխարհի երկաթեայ հողմերին, ապրեցի կեանքի բոլոր յուզումները, իջայ կեանքի յատակը, լսեցի ամենից աղեխարշ կանչը կեանքի, ապրեցի եւ վերապրեցի մարդկութեան ողբերգութիւնն ու կատակերգութիւնը։ Պա՛պ, մարդկութեան ազնւագոյն մեծամասնութիւնը տառապում է թշւառութիւնից։ Աշխարհի խորագոյն ողբերգութիւնը ո՛չ թէ մահն է, այլ կեանքի թշւառութւնը։ Եւ թշւառութիւնը ծնեցնում է ազնւագոյն ատելութիւնը, զրահապատում է հոգին, դարձնում է մարդուն ըմբոստ եւ դիւցազն։ Ես լսեցի, որ թշւառութիւնը բարձրացել է եւ այս հին երկրում։
Յովնաթանն այլեւս չշարունակեց, որովհետեւ նրա կապոյտ աչքերը լցւեցին արցունքով։
Մարգարիտը բռնեց նրա ձեռքը եւ ցոյց տւեց նրան քաղաք տանող արահետը։
Արահետը եզերւած էր բարձր խոտերով, մասրենիների թփերով եւ վայրի դեղին վարդերով։ Նրանք քայլեցին այդ արահետով լուռ ու մտախոհ։
Յանկարծ հարցրեց Մարգարիտը
Ո՞րտեղ էիր ապրում այսքան երկար տարիներ եւ ի՞նչ էիր անում։
Յովնաթանը, նստելով մի քարի եւ նստեցնելով Մարգարիտին իր կողքին, ասաց
Ես ապրում էի արեւմտեան մի երկրում։ Այդ երկիրը, երկայնավիզ կօշիկի նման, նխրջւած է կապոյտ եւ մեծ եւ հին մի ծովում։ Այդ երկրում ծաղկում են լիմոնն ու նարինջը, աճում է ձիթենին, աճում է եւ հալւէծառը եւ խաղողի ողկոյզը կախւում է որթատնկից, ինչպէս ստինքն աղջկայ հասակից քաղցրանում է հնդկաթուզը, բարձրանում եւ պտուղ է տալիս արմաւենին, ինչպէս արաբական աշխարհում բամբակի կնգուղն օրօրւում է հարաւի տաք քամուց, կարմրում է նուռը, ինչպէս արիւնալի շրթունքը, իսկ երկրի հիւսիսային լեռներում մթնում են կաղնու եւ մշտագալար մայրիների անտառները։ Հիւսիսային բարեխառն գօտու մէջ երկարած այդ հին երկիրն օժտւած է արեւադարձային հարուստ բուսականութեամբ։ Կանայք ունեն աչքեր, ինչպէս երկրի լիմոնը, աչքեր, ինչպէս ծովը, աչքեր, ինչպէս երկրի ձիթապտուղը եւ ծամեր, ինչպէս նարինջը եւ ծամեր, ինչպէս ածուխը հասակ ունեն նրանք, ինչպէս սօսին, եւ մարմինները ճկուն են, ինչպէս ծովի ալիքները։ Ծովի վրայ գոնդոլներն են սահում, եւ գոնդոլների կուրծքն ուռչում է երգով, երկիրն ամբողջ երգ է եւ ծափ։
Եւ արեւադարձային այդ երկրում կառուցւած են մարմարեայ քաղաքներ։
Ես ապրում էի մարմարեայ այդ քաղաքներից մէկում։ Հին քաղաք է դա, աւելի հին, քան մեր ամենահին մագաղաթը։ Այդ քաղաքի իւրաքանչիւր մարմարէ բեկորը կապւած է առասպելական էպիքական դարերի հետ։ Երբ քամին վազում է ծովից եւ բերում է նոր, թարմագոյն օրերի բուրումը եւ խառնւում հին քարերի բոյրին՝ կեանքը դառնում է զգլխիչ մի երազ, աստղերն իջնում են ծովը եւ երկիրը, հին այդ երկիրը, թրթռում է ծովի եւ երկնքի միջեւ, եբրեւ մի մեծ քնար եւ իւրաքանչիւր թուփ, իւրաքանչիւր քար եւ խոտի իւրաքանչիւր շիւղ շնդում է ու երգում, ինչպէս մարդկային սիրտը։
Իսկ այդ սքանչելի երկրի յատակում հոսում է թշւառութիւնը։ Մարդկային քաղցը, զարհուրելի եւ ահաւոր, գալարում է բազմութիւններ, բազմութիւններ հին ու նոր սերունդի, որոնք այնքան գեղեցկօրէն եւ այնքան հոյակապօրէն կառուցին մարմարեայ քաղաքները։ Երկրի ընդերքում, խուլ տնքոցով, դովում է մարդկային զրկանքը։ Եւ այդ խուլ տնքոցը շուտով, շուտով կը վերածւի ծովի ահարկու մռնչիւնի, եւ աշխատաւոր, ստեղծարար, բայց զրկւած մարդիկ կը բարձրանան յատակից, ինչպէս կիկլոնը եւ ինչպէս հողմերից որոտացող ծառերը։
Երկիրը մարմարներով են ծաղկեցրել մարդկութեան այդ բազմութիւնները։
Այդ երկրում է ապրել աշխարհի եւ բոլոր ժամանակների մեծագոյն քանդակագործը։
Ես իմ աչքերով տեսայ նրա արձանները, իմ այս ձեռքերով շօշափեցի նրա մարմարները, որոնք դարեր շնչում են եւ աւելի կենդանի են, քան այժմ այդ երկրում ապրող մարդիկը։ Տեսայ, իմ այս աչքերով, արձանն այն ծերունու, որ, ինչպէս հին, առասպելապատում մատեաններն են հաղորդել, խօսել է Աստծոյ հետ, այրող աւազներից բարձրացող լերան կատարին։ Աստւած խօսել է, ըստ առասպելապատում մատեանների, ամպրոպի միջոցով, այն ծերունուն, որ ջրվէժի նման թափւող միրուք ունի, եւ որը ազատել է իր ժողովուրդը բռնակալութիւնից, քաղցից եւ անապատի արհաւիրքից։
Ես երկրպագեցի հին այդ վարպետին եւ վարպետներին եւ սովորեցի նրանց արւեստը։ Ես որոշեցի վերադառնալ եւ քանդակել մեր կաւոր եւ մեր սպիտակ քարով։
Յովնաթանը լռեց։
Մարգարիտը հարցրեց
Յովնաթա՛ն, մե՞ծ է թշւառութիւնն այնտեղ։
Այո՛, թշւառութիւնը ծովի չափ եւ ծովը թշւառութեան չափ։
Իսկ ինչո՞ւ երկիրն այդքան գեղեցիկ է եւ թշւառութիւնը շատ։
Այդ նրանից է, քո՛յր, որ կան իշխողներ եւ իշխւողներ։
Տիրեց լռութիւն։
Երգում էր անհուն դաշտի ոզոխը, օրօրում էր վայրի վարդը, իսկ խոտը՝ ծփում։
Յովնաթանը եւ Մարգարիտը հասան տուն, երբ արեւի մեծ նարինջը թեքւում էր սարի յետեւը եւ մուգ կապոյտը բարձրանում էր երկրից։
Ծառերի տակ առւակներ էին նւագում, իսկ ծառերի վրայ թափւում էին իրիկնային զանգակի լուսաւոր փշուրները։

Տես նաև Վահան Թոթովենց Պատմվածքներ
Վահան Թոթովենց | Հովնաթան որդի Երեմիայի Վահան Թոթովենց | Հովնաթան որդի Երեմիայի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 05, 2018 Rating: 5
Технологии Blogger.