Պարույր Սևակ | Ոսկին վերստին ոսկի է մնում


Շրթերիս վրա խոսքեր են դողում՝
         Խոսքեր արտառո՛ց,
         Իմաստազրկվա՛ծ,
         Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

Ուզում եմ ասել.
         -Գթասի՛րտ եղեք,
         Եղեք ողորմա՜ծ,
Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:

Ու երբ չգործած մեղքերի համար
Մարդը հայցում է մեղքի թողություն
         Ու ներողություն՝
         Ոչնչի՜ համար,-
Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,
Անսրտության մեջ մի՛ եղեք համառ...

Շրթերիս վրա խոսքեր են դողում՝
         Խոսքեր արտառո՛ց,
         Իմաստազրկվա՛ծ¸
         Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:
         Հնացա՜ծ խոսքեր,
         Հնացա՜ծ,
Ինչպես ոսկին է հիմա,
Որով առ ու ծախ արդեն չեն անում,
Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ
Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ.

Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում...

01.IX.1958թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ոսկին վերստին ոսկի է մնում Պարույր Սևակ | Ոսկին վերստին ոսկի է մնում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 01, 2018 Rating: 5
Технологии Blogger.