Չիպոլինոյի արկածները | Գլուխ առաջին


Որտեղ Չիպոլոնեն տրորում է իշխան Լիմոնի ոտքը

Չիպոլինիոն Չիպոլոնեի տղան էր։ Նա յոթ եղբայր ուներ՝ Չիպոլետտոն, Չիպոլոտտոն, Չիպիլոչ֊Չիպոլու֊չչան, և այսպես մինչև վերջ, ամենահարմար անուն սոխի ընտանիքի համար։ Պետք է ուղղակի ասել, որ նրանք լավ մարդիկ էին, միայն թե կյանքում բախտները չէր բանում։ Ի՞նչ կարող ես անել, որտեղ սոխ կա, այնտեղ էլ արցունք։
Չիպոլոնեն, նրա կինն ու տղաները ապրում էին փայտե խրճիթում, որ սածիլի արկղից մի քիչ էր մեծ։
Երբ պատահմամբ այդ կողմերը որևէ հարուստ էր ընկնում, քիթը տհաճությամբ կնճռոտում էր ու մռթմռթում «Թյու, ինչ սոխի հոտ է փչում» և հրամայում էր կառապանին, որ կառքն արագ քշի։
Մի անգամ քաղաքի ծայրամասը որոշեց այցելել երկրի տերն ու տիրակալը, իշխան Լիմոնը։ Պալատականները խիստ անհանգստացան։ Սոխի հոտը հանկարծ չկպչի՞ նորին մեծության քթին։
Ի՞նչ կասի իշխանը, եթե հանկարծ այդ աղքատության հոտն առնի։
Կարելի է աղքատների վրա օծանելիք ցանել, ― առաջարկեց Ավագ Սենեկապետը։
Անմիջապես մի խումբ Լիմոնուկ֊զինվորներ ուղարկեցին ծայրամաս, որպեսզի օծանելիք ցանեն նրանց վրա, ումից սոխի հոտ էր գալիս։ Այս անգամ զինվորները իրենց թնդանոթներն ու սրերը թողեցին զորանոցներում և շալակներն առան սրսկելու հարմարանք ունեցող հսկայական տակառներ։ Տակառների մեջ լցված էին ծաղկի օծանելիք, մանուշակի հյութ և նույնիսկ ամենալավ տեսակի վարդաջուր։
Հրամանատարը Չիպոլոնեին, նրա որդիներին և բոլոր հարազատներին հրամայեց տնակներից դուրս գալ։ Զինվորները նրանց շարք կանգնեցրին և բոլորի վրա ոտից֊գլուխ օդեկոլոն շաղ տվին։ Այդ հոտավետ անձրևից Չիպոլինոն խիստ հարբուխ կպավ։ Նա սկսեց ուժեղ փռշտալ և չլսեց հեռվից հնչող շեփորի ձայնը։
Այդ իշխան Լիմոնն էր, որ ծայրամաս ժամանեց Լիմոնների, Լիմոնուկների և Լիմոնիկների շքախմբով։
Իշխան Լիմոնը ոտից գլուխ դեղին էր հագել, և նրա դեղին գլխարկի վրա զնգզնգում էր մի ոսկե զանգակ։ Պալատական Լիմոնների զանգակներն արծաթից էին, զինվոր Լիմոնուկներինը՝ բրոնզից։ Այդ բոլոր զանգակներն էլ անընդհատ զնգզնգում էին, այնպես որ հրաշալի երաժշտություն էր ստացվում։ Ունկնդրելու համար հավաքվել էր ամբողջ փողոցը։ Մարդիկ կարծում էին, թե թափառաշրջիկ նվագախումբ է եկել։
Չիպոլոնեն և Չիպոլինոն առաջին շարքում էին։ Հետևում կանգնածները հենվել էին նրանց վրա, և անընդհատ հրում էին ու ոտքերով խփում։ Վերջապես խեղճ ծերուկ Չիպոլոնեն այլևս չկարողացավ համբերել և գոռաց
Ե՛տ, ե՛տ գնացեք․․․
Իշխան Լիմոնն ականջները սրեց
Այս ի՞նչ բան է։
Նա իր կարճ, ծուռտիկ ոտները հպարտությամբ առաջ գցելով, մոտեցավ Չիպոլոնեին և խստությամբ նայեց ծերուկին։
Ինչո՞ւ ես գոռում «ետ գնացեք»։ Իմ հավատարիմ հպատակներն այնպես են ուզում ինձ տեսնել, որ նետվում են առաջ իսկ դա քեզ դուր չի՞ գալիս, հա՞։
Ձերդ մեծություն, ինձ թվում է, թե այս մարդը սարսափելի խռովարար է, ― իշխանի ականջին շշնջաց Ավագ սենեկապետը, ― նրան հարկավոր է հատուկ հսկողության տակ առնել։
Լիմոնուկ֊զինվորներից մեկն անմիջապես Չիպոլոնեի վրա ուղղեց հեռադիտակը, որ գործ էր ածվում խռովարարներին հսկելիս։ Ամեն մի Լիմոնուկի մոտ այդպիսի հեռադիտակ կար։
Չիպոլոնեն վախից մեռելի գույն ստացավ։
Ձերդ մեծություն, ― շշնջաց նա, ― ախր նրանք ինձ ոտնատակ կտան։
Եվ շատ էլ լավ կանեն, ― որոտաց իշխան Լիմոնը։ Այդպես էլ քեզ պետք է։
Այստեղ Ավագ Սենեկապետը ամբոխին դիմեց այսպիսի ճառով
Մեր սիրելի հպատակներ, ― ասաց նա, ― նորին մեծությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հավատարմության համար և այն եռանդուն աքացիների համար, որով դուք հյուրասիրում եք իրար։ Ավելի թափով հրեցեք իրար, ինչքան ուժ ունեք, սեղմեցեք։
Բայց նրանք ձեզ էլ կարող են ցած գցել, ― փորձեց հակաճառել Չիպոլինոն։
Անմիջապես մի ուրիշ Լիմոնուկ հեռադիտակն ուղղեց տղայի վրա, և Չիպոլինոն տեսավ, որ ավելի լավ է թաքնվի ամբոխի մեջ։
Սկզբում հետևի շարքերը այնքան էլ ուժեղ չէին հրում առաջիններին, բայց Ավագ Սենեկապետն այնպես կատաղի նայեց չջանացողներին, որ ի վերջո ամբոխն ալեկոծվեց, ինչպես ջուրը տաշտակի մեջ։ Ծերուկ Չիպոլոնեն ճնշմանը չդիմանալով, գլուխկոնձի տվեց և պատահմամբ տրորեց իշխան Լիմոնի ոտքը։ Նորին մեծությունը, որի ոտքերին բավականաչափ կոշտուկներ կային, առանց պալատական աստղագետի օգնության, երկնքի բոլոր աստղերը տեսավ։ Տասը Լիմոնուկ֊զինվոր ամեն կողմից նետվեցին դժբախտ Չիպոլոնեի վրա և ձեռքերին երկաթե ձեռնակապեր անցկացրին։
Չիպոլի՜նո, Չիպոլի՜նո, որդի՜ս, ― շփոթված շուրջը նայելով ձայն էր տալիս ծերուկը, երբ զինվորները թևերից բռնած տանում էին նրան։
Չիպոլինոն այդ րոպեին շատ հեռու էր դեպքի վայրից և մտքովն էլ չէր անցնում, թե ինչ է կատարվում, բայց բերանբացները, որ քարշ էին գալիս մոտերքում, արդեն ամեն ինչ գիտեին և, ինչպես լինում է նման դեպքերում, նույնիսկ ավելի շատ գիտեին, քան իրոք եղել էր։
Լավ է, որ նրան ժամանակին բռնեցին, ― ասում էին պարապ շաղակրատները։
Մի դրան տեսեք, ուզում էր դաշույնով խփի նորին մեծությանը։
Այդպես չէ՛, չարագործի գրպանում գնդացիր է եղել։
Գնդացի՞ր, գրպանո՞ւմ։ Չի կարող պատահել։
Իսկ դուք, ի՞նչ է, կրակոցներ չե՞ք լսում։
Իրականում դրանք բոլորովին էլ կրակոցներ չէին, այլ իշխան Լիմոնի պատվին կազմակերպված տոնական հրավառության ճարճատյուններ։ Բայց մարդիկ այնպես սարսափահար եղան, որ գլխապատառ փախան այս ու այն կողմ։
Չիպոլինոն ուզում էր ճչալ, այդ բոլոր մարդկանց ասել, որ իր հոր գրպանում ոչ թե գնդացիր է եղել, այլ սիգարի մի փոքրիկ մնացորդ, բայց մտածեց որ միևնույն է, բերանբացների ձայնը չի կարող կտրել և խոհեմաբար լռեց։
Խե՜ղճ Չիպոլինո, նրան հանկարծ այնպես թվաց, որ վատ է տեսնում այդ նրանից էր, որ աչքերին արցունքի մեծ կաթիլներ հայտնվեցին։
Ե՛տ դարձեք, հիմարներ, ― նրանց վրա գոռաց Չիպոլինոն և ատամները սեղմեց, որ լաց չլինի։
Արցունքները վախեցան, ետ֊ետ գնացին և այլևս չերևացին։
*  *  *
Կարճ ասած, ծերունի Չիպոլոնեին դատապարտեցին ցմահ բանտարկության և ոչ միայն ցմահ, այլև մահից հետո էլ շատ֊շատ տարիների բանտարկության, քանի որ իշխան Լիմոնի բանտերին կից գերեզմանոցներ կային։
Չիպոլինոն տեսակցություն հաջողեցրեց և հանդիպելով ծերունի հորը, պինդ գրկեց նրան։
Իմ խե՜ղճ հայրիկ, քեզ գողերի և ավազակների հետ, որպես ոճրագործի, զնդան են նստեցրել։
Ի՞նչ ես ասում, ի՞նչ ես ասում, որդյակ, ― քնքշորեն ընդհատեց նրան հայրը, ― ախր բանտերը լեփ֊լեցուն են ազնիվ մարդկանցով։
Իսկ ինչի՞ համար են նրանք նստած, ի՞նչ վատ բան են արել։
Ոչ մի բան, որդի՛ս։ Ա՛յ, դրա համար էլ նրանց նստեցրել են։ Կարգին մարդիկ իշխան Լիմոնի սրտովը չեն։
Չիպոլինոն մտածմունքի մեջ ընկավ։
Ուրեմն բանտ ընկնելը մեծ պատի՞վ է։ Բանտերը կառուցվել են նրանց համար, ովքեր գողություն են անում և մարդ սպանում, բայց իշխան Լիմոնի մոտ ամեն ինչ հակառակն է արված, գողերն ու մարդասպանները նրա պալատում են, իսկ բանտերում ազնիվ մարդիկ են նստած։
Ես էլ եմ ուզում ազնիվ մարդ լինել, ― հայտարարեց Չիպոլինոն, ― բայց բանտ ընկնել չեմ ուզում։ Մի քիչ համբերիր, ես կվերադառնամ և բոլորիդ կազատեմ։
Ծերուկը ժպտաց։
Դու քեզ վրա շատ ես վստահ, դա այնքան էլ հեշտ գործ չէ։
Ա՛յ, կտեսնես, ես իմ ասածը կանեմ։
Այդ ժամանակ պահակախմբից ինչ֊որ Լիմոնուկ եկավ և հայտարարեց, որ տեսակցությունն ավարտված է։
Չիպոլինո, ― հրաժեշտ տալիս ասաց հայրը, ― հիմա արդեն դու մեծ ես և կարող ես գլուխդ պահել։ Մորդ և եղբայրներիդ մասին կհոգա քեռի Չիպոլան, իսկ դու գնա աշխարհ տես, խելք ու խրատ սովորիր։
Ինչպե՞ս սովորեմ։ Գրքեր չունեմ, և փող էլ չունեմ, որ գնեմ։
Բան չկա, կյանքը կսովորեցնի։ Միայն թե աչքերդ լայն բաց արա, աշխատիր բոլոր տեսակի խաբեբաներին ու խարդախներին լավ ուսումնասիրել, հատկապես նրանց, ովքեր իշխանություն ունեն։
Իսկ հետո՞, հետո՞ ինչ անեմ։
Ժամանակը որ գա, ինքդ կհասկանաս, թե ինչ անես։
Դե, պրծեք, հերիք է բլբլաք, ― գոռաց Լիմոնուկը։ Իսկ դու, քրջոտ, եթե չես ուզում, որ բանտ ընկնես, այստեղից հեռացիր։
Չիպոլինոն Լիմոնուկին կպատասխաներ մի ծաղրական երգով, բայց մտածեց, որ քանի դեռ կարգին գործ չի սկսել, չարժե բանտ ընկնել։
Նա պինդ համբուրեց հորն ու դուրս վազեց։
Հաջորդ օրը նա մորն ու յոթ եղբայրներին հանձնեց բարի քեռու Չիպոլոյի խնամքին, որին բախտը մի քիչ ավելի էր ժպտացել կյանքում, քան մյուս բարեկամներին։ Սա ինչ֊որ տեղ ծառայում էր որպես դռնապան։
Քեռուն, մորն ու եղբայրներին հրաժեշտ տալով, Չիպոլինոն իր ունեցած֊չունեցածը մի կապոց արեց, կախեց ձեռնափայտի ծայրին և, ուսին դնելով, ճամփա ընկավ։ Գնաց ուր աչքը կկտրեր, բայց երևի ճիշտ ճանապարհ էր ընտրել։
Մի քանի ժամից հետո նա հասավ մի փոքրիկ գյուղ, այնքան փոքրիկ, որ ոչ ոք նույնիսկ չէր փորձել որևէ սյան կամ առաջին տան վրա այդ գյուղի անունը գրել։ Ասենք այդ առաջին տունն էլ ոչ թե տուն էր, այլ ինչ֊որ փոքրիկ շնաբուն, որ կարող էր միայն բակային փոքրիկ շանը պետք գալ։ Պատուհանի մոտ մի շիկամորուս ծերունի նստած, նայում էր դուրս և կարծես ինչ֊որ բանով մտահոգված էր։

Հաջորդ գլուխները կարդա ԱՅՍՏԵՂ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ առաջին Չիպոլինոյի արկածները | Գլուխ առաջին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 24, 2019 Rating: 5
Технологии Blogger.