Գիյոմ Ապոլիներ | Ամստերդամցի Նավաստին


Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:
Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույտվություն ստացան իջնել ափ:

Նրանցից մեկը՝ Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին՝ մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:
Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:
Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:
-Իմ ուզածը,- ասաց պարոնը,- հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի՝ առանց սպասելու իմ պատասխանին: Եվ հետո, ես մենակ եմ ապրում:
Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:
-Հետևեք ինձ,- ասաց վերջինս,- ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:
Երկնային պարգևից այնքան երջանիկ՝ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել՝ հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:
Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:
Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օրը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:
Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.
-Մոտենում ենք իմ տանը:
Նրանք քաղաքից դուրս էին եկել: Ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային: Մերթ ընդ մերթ ծառերի արանքից  փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:
Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:
Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:
Լռակյաց անծանոթ, անկյանք տուն՝ այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:
«Խենթի մեկն է»,- մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական մի կասկածից:
-Եթե լուցկի ունեք, լուսավորեք,-ասաց անծանոթը՝ բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:
Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:
Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:
Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ՝ ձեռքին վանդակ:
-Թութակը մեջը դրեք,- ասաց նա,- թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:
Հետո շլմորած թութակի վրա փակելով վանդակի դռնակը՝ նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակ, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:
Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:
Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել: Բայց մի ձայն կանգնեցրեց նրան.
-Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:
Գլուխը բարձրացնելով՝ Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:
Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի հետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:
-Ուշի ուշով լսեք ինձ,- ասաց անծանոթը,- և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը…Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա՝ մեջը հինգ փամփուշտ…Վերցրեք այն:
Հոլանդացի նավաստին ենթարկվում էր՝ գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.
-Սենյակի խորքում վարագույր կա: Հետ քաշեք:
Հենդրիյկը վարագույրը հետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը՝ լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:
-Արձակեք այդ կնոջ կապերը,- ասաց անծանոթը,- և բերանի լաթը հանեք:
Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը բղավեց.
-Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի, վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել…Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:
-Չեմ հավատում,- շեշտակի ասաց անծանոթը:
-Հարրի, ես անմեղ եմ,- կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:
-Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,- անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:-Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,- ավելացրեց նա,- եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ…
Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք…
Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք՝ նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:
Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:
Նրանք գտան երիտասարդ կնոջ և նավաստու դիակները:
Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ՝ սրանք ատրճանակը պարպեցին կապկի վրա:
Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ՝ ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը՝ Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ՝ այդպես էլ անհասկանալի մնաց:
Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տրվել մի ոմն մանչեսթերցի Քոլինզի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինզը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր դնովի լինել:
Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:
Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա ապրում է Քենսինգթընի իր տանը՝ ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.
-Հարրի, ես անմեղ եմ:

Թարգմանությունը՝ Վահրամ Աբաջյան


Տես նաև Գիյոմ Ապոլիներ Բանաստեղծություններ
Գիյոմ Ապոլիներ | Ամստերդամցի Նավաստին Գիյոմ Ապոլիներ | Ամստերդամցի Նավաստին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 12, 2019 Rating: 5
Технологии Blogger.