Ջորջ Բայրոն | Իսրայելի բախտը


Թող վազե վայրի եղնիկը զվարթ
Դաշտով ու բլրով Հուդայի երկրի.
Եվ թող ջուր խմե աղբյուրից արծաթ,
Անզուսպ խայտանքով խենթորեն բերկրի,
Քանզի սուր աչքի խինդին անեզերք
Եվ թեթև ոտքին չի՛ք թումբ ու արգելք:

 Բայց Իսրայելը տեսել է այնտեղ
Առավել արագ քայլ ու պայծառ աչք.
Եվ բնակիչներ՝ առավե˜լ շքեղ,
Եվ խոր բերկրություն, հիացք ու հրաշք.
Կանգուն է մայրին լեռն ի Լիբանան՝
Բայց ո՞ւր են նրա դուստրերն աննման:

Բախտ ունի անգամ և արմավենին,
Քան թե ցիրուցան ցեղն Իսրայելի.
Քանզի արմատով կապված է հողին՝
Թեկուզ մենավոր, բայց շնորհալի:
Բայց Իսրայելը այսօր գահավեժ՝
Բնիկ աշխարհն իր կհիշե՛ հավերժ:

Եվ ահա, ավա˜ղ, վիճակված է մեզ
Թափառել, մեռնել խորթ աշխարհներում.
Մենք չենք թաղվելու մեր պապերի պես
Աստծուց մերժված հայրենի հողում.
Մեր տաճարն այսօր ավեր հիմնովին,
Եվ ծա՛ղրն է բազմել մեր թափուր գահին:

Թարգմանությունը՝  Ս. Տարոնցի

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Իսրայելի բախտը Ջորջ Բայրոն | Իսրայելի բախտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 25, 2019 Rating: 5
Технологии Blogger.