Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա | համառոտ



«Խաթաբալա» կատակերգությունը կազմված է չորս արարվածից և վեց պատկերից: Գործող անձինք են 60 տարեկան հարուստ վաճառական Գարասիմ Յակուլիչ Զամբախովը, նրա աղջիկը՝ 19 տարեկան տգեղ ու կարճահասակ Մարգրիտը, Զամբախովի ազգական, 40 տարեկան վաճառական Իսային և վերջինիս կինը՝ 20 տարեկան գեղեցիկ ու բարձրահասակ Նատալիան, 27 տարեկան աստիճանավոր երիտասարդ Գեորգ Մասիսյանցը, վերջինիս մայրը՝ 52 տարեկան այրի Քեթևան, Գեորգի մորաքույրը՝ 50 տարեկան Խամփերին, Զամբախովի ծառան՝ 25 տարեկան Սարգիսը և Իսայու ծառան՝ 14 տարեկան Արտեմը: 
Առաջին, երրորդ և չորրորդ արարվածները կատարվում են Զամբախովի տան առաջ և տանը, իսկ երկրորդը՝ Մասիսյանցի տանը: Դեպքը տեղի է ունենում Թիֆլիսում 1860 թվականին: Գեորգը վերադարձել է Փարիզից և փնտրում է ոմն Մարտիրոսյանցի տունը, որը չի կարողանում գտնել, քանի որ փողոցը զարմանալիորեն փոխվել է: Այդ պահին Զամբախովի դռանն է մոտենում Նատալիան: Գեորգը նրան է հարցնում: Նատալիան չի ճանաչում նման մարդու: Տղան ներողություն է խնդրում, որ անհանգստացրել է, հեռանում է՝ մտածելով, թե որքան գեղեցիկ արարած էր: Ահասարսուռ Նատալիան շփոթված է: Վերջապես պատշգամբից նրան տեսնում է Մարգրիտը, դուռը բացում են, սա բացատրում է, որ վախեցած էր, քանի որ երիտասարդ էր մոտեցել իրեն և հարց տվել: Փողոցում հանդիպում են Իսային և Գեորգը: Իսային կատակ է անում Գեորգի՝ փարիզյան նորաձևության համաձայն կարճ հագուստի վերաբերյալ, որը տարօրինակ էր Թիֆլիսի համար: Հարցնում է՝ արդյոք նստած է ձևել տվել հագուստը: Գեորգին ծիծաղում է: Նրանց զրույցի ընթացքում տղան հարցնում է, թե այն շքեղ տունն ումն է, ինքն այնտեղ մի գեղեցիկ աղջիկ է տեսել: Իսային շատ է ուրախանում, կարծելով, որ Գեորգը հավանել է տգեղ Մարգրիտին և խոստանում է, որ երկու հազար թումանով այդ գործը գլուխ կբերի, քանի որ դա իր բարեկամ Կարապետի տունն  է, և Գեորգը հավանել է Կարապետի աղջկան: Ապա Իսային նույնը պատմում է Կարապետին: Վերջինս զարմանում է, որ իր տգեղ աղջկա համար փեսացու է հայտնվել, սակայն տանը հարցուփորձ անելով, իմանում է, որ Նատալիան այնտեղ է և պարզվում է, որ Գեորգը իրականում Նատալիային է տեսել: Նատալիան խնդրում է, որ Կարապետը ամուսնուն չպատմի այդ դիպվածի մասին, քանի որ ինքը տնից թաքուն էր դուրս եկել, որպեսզի գնար խանութ կտոր գնելու, հետո եկել էր այստեղ դեդեին տեսակցության: Կարապետը խոստանում է ոչինչ չասել: Իսային գալիս է իր մոտ ճաշի և զարմանում է՝ կնոջը տեսնելով Կարապետի տանը, բայց վերջինս բացատրում է, որ ինքն է Նատալիային կանչել այնտեղ, երբ վերջինս տուն էր գնում, որ միասին ճաշեն: Կարապետը Իսայուն չի ասում, որ Գեորգն իրականում նրա կնոջն է հավանել և խնդրում է իր աղջկա ամուսնության հարցը լուծել: Իսային տղային պետք է բերի իր տուն, սակայն Գեորգը չի ուզում առանց աղջկա հետ ծանոթանալու գնալ նրա տուն և նշան դնել: Գեորգը խոսում է մոր՝ Քեթևանի հետ: Զարմանում է, թե այդ ինչ երկիր է, որ օտար աղջկա հետ չի կարելի ծանոթանալ, խոսել: Թեև նա գեղեցիկ էր, ուսում ու հարստություն էլ ունի, բայց ինքն ինչ իմանա, թե նա ինչ բնավորություն ունի: Կարապետն ինքն է Իսայու հետ գնում նրա տուն և առաջարկում տղային իր մոտ թեյի գալ և աղջկան մեկ անգամ էլ տեսնել: Գեորգը շատ ուրախ է, որ իրեն հնարավորություն է տրվել աղջկան ավելի լավ ճանաչել, նոր նշանվելու որոշում կայացնել, իսկ խորամանկ Կարապետը ներկայացնում է, թե իբրև իր աղջկա հետ շատերն են ցանկանում ամուսնանալ, բայց ինքը նախընտրում է ուսում ունեցող փեսա ունենալ, ահա ինչու ինքն է անձամբ եկել նրա տուն: Երբ նա գնում է, գալիս է Գեորգի մորաքույրը՝ Խամփերին: Վերջինս հաճախ միջնորդություններ է անում և այդպես փողի իր բաժինն է ստանում: Իմանալով, որ Գեորգին հավանել է Մարգրիտին և նրան գեղեցիկ է համարում, զարմանում է: Սակայն Իսային հասցնում է նշաններով հասկացնել, փող խոստանալ, և Խամփերին իսկույն խոսքը փոխում է ու ասում, թե ինքն անձամբ չի տեսել նրան, գուցե գեղեցիկ է: Գեորգը ևս նկատում է, որ Իսային ու մորաքույրը ծածուկ ինչ-որ բան պայմանավորվեցին և սկում է կասկածել, որ ինչ-որ բան այն չէ: Գուցե ինքն իսկապես ուրիշ աղջկա է տեսել, բայց մյուս կողմից էլ Զամբախովին խոստացել է թեյի գնալ: Այս ընթացքում Իսային գնում է Զամբախովի մոտ և ասում, որ մորաքույրը հիսուն թուման է պահանջում, թե չէ կասի, որ Գեորգը ուրիշ աղջկա է տեսել: Իսային էլ է սկսում կասկածել, բայց Զամբախովը կարգադրում է, որ վճարի հիսուն թումանը, իսկ Գեորգն էլ թող անձամբ գա տեսնի աղջկան: Գեորգը գալիս է ու պատուհանի մոտ պատահաբար տեսնում է Նատալիային՝ դարձյալ կարծելով, թե դա Մարգրիտն է: Զամբախովը Նատալիային խնդրում է երգել պատուհանի մոտ, իսկ Իսայուն խաբում է, թե այնտեղ իբր Մարգրիտն է: Այսպես Գեորգը հիանալով նրա երգով համաձայնում է տուն մտնել: Մարգրիտին գեղեցիկ հագուստ են հագցրել, դեմքը նմանեցրել են Նատալիային և բարձրակրունկ կոշիկներ են կարել տվել, որով խեղճ աղջիկը բարձրահասակ պիտի թվար: Սակայն, երբ նրան բերում են, Գեորգը տեսնում է, որ դա իր տեսած Մարգրիտը չէ: Բղավում է, որ դա խաբեություն է, որ Զամբախովը նույնիսկ իր սեփական աղջկան չի գթացել, ներողություն է խնդրում Մարգրիտից, որ նրա տխրության պատճառ դարձավ: Տեսնում է Իսայու ծառա Արտեմին և հարցնում, թե ով էր այն աղջիկը, որի հետ իրեն տեսել էր նախորդ օրը: Սա պատասխանում է: Իսային զարմանում է, բայց սրտով զգում էր: Գալիս է Նատալիան: Զամբախովը ձևացնում է, թե իբր չգիտեր: Ահա Գեորգի տեսած Մարգրիտը: Այսպես կեղծիքը բացահայտվում է: Ինչպես Սարգիսն է ասում. «Այ խաթաբալա»: Ամենքը քարացած մնում են իրենց դրության մեջ:

Տես նաև Գաբրիել Սունդուկյան Պեպո, Վարինկի վեչերը
Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա | համառոտ Գաբրիել Սունդուկյան | Խաթաբալա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 01, 2019 Rating: 5
Технологии Blogger.