Կորնեյ Չուկովսկի | Բարմալեյ


Առաջին մաս

Ի˜նչ էլ լինի, երեխանե˜ր,
Ո՛չ մի դեպքում, երեխանե˜ր,
Վեր չկենաք ու չգնաք
Աֆրիկայում զբոսնելու:

Գորիլաներն ահավոր,
Կոկորդիլոսներն ամեհի
Ձեզ երբեք չեն խնայելու:
Կծելո˜ւ են նրանք ձեզ,
Ծեծելո˜ւ են նրանք ձեզ:
Չէ˜, չգնա՛ք, երեխանե˜ր,
Աֆրիկայում զբոսնելու:

Ավազակն է Աֆրիկայում,
Թալանչին է Աֆրիկայում,
Չար,
Ելուզակ,
Արյունարբու Բարմալեյն է Աֆրիկայում:
Նա այլանդակ ու անկշտում՝
Ամբողջ օրը առավոտից
Վազվզում է Աֆրիկայում,
Որ մանուկներ գտնի, ուտի:

Ե՛վ հայրիկը, և՛ մայրիկը
Ծառի տակ նստել,
Ե՛վ հայրիկը, և՛ մայրիկը
 Ասում են այսպես.
«Ահավո˜ր է Աֆրիկան,
Վտանգավո˜ր է Աֆրիկան,
Երեխանե˜ր, ոչ մի դեպքում դուք Աֆրիկա չգնաք»:

Բայց հայրիկը և մայրիկը ննջեցին մի պահ,
Եվ մեր Տանյան ու մեր Վանյան Աֆրիկա փախան:
Ա˜ֆրիկա:
Ա˜ֆրիկա;

Ի˜նչ երկիր է, մե˜ծ ու լա˜վ,
Որքան ասես՝ թո˜ւզ, արմա˜վ.
Ա˜յ քեզ Աֆրիկա,
Հրա˜շք Աֆրիկա:

Մի ռնգեղջյուր թամբեցին,
Զբոսնեցին, ճամփեցին.
Ա˜յ քեզ Աֆրիկա,
Հրա˜շք Աֆրիկա:

Փղերի հետ խելացի
Իծաշարուկ խաղացին,
Ա˜յ քեզ Աֆրիկա,
Հրա˜շք Աֆրիկա:

Նրանց դեմ ելավ գորիլան,
Եվ այսպես ասաց գորիլան,
Ա˜խ, գորիլան, գոռգոռիլան,
Այդ կապիկը մեծաբերան.
«Ծովի խորքում Կարակուլա
Շնաձուկը մարդակեր
Երախը բաց սպասում է,
Սոված-ծարավ սպասում է,
Չէի՞ք դառնա
Նրան կեր»:

«Կարակուլա ցմփորին, ցմփորին,
Կարակուլա լղպորին, լղպորին,
Մենք կխփենք ճիշտ փորին,
Որ դաս լինի բոլորին, բոլորին»:

Շնաձուկը սարսափեց,
Երկտակվեց ու խորտակվեց:
Տե˜ղն է, տե˜ղն է քեզ, շնաձուկ, դաս լինի թող քեզ:

Սակայն ահա ճահիճներով, սրտաճմլիկ ճիչերով,
Գետաձին է գալիս լալով, աղմկելով ու ողբալով:

Տանյան, Վանյան քրքջում են,
Ձեռ են առնում ու ճչում են.
«Փոր է, հա˜, փոր է, հա˜,
Չէ՛, չէ՛, ի՞նչ փոր,
Հո˜ր է, հա˜»:

Իսկ գետաձին վիրավորվեց,
Նեղացավ,
Փախավ, գնաց մեծ բուրգերից էլ
Անցավ,
Լաց է լինում ու կանչում է
Բարձրաձայն.
«Բարմալե˜յ, Բարմալե˜յ, Բարմալե˜յ:
Թե քնած ես, շուտ արթնացիր, քնից ե˜լ,
Այս զզվելի մանուկներին արի կե՛ր,
Սրանց երբեք էլ մի խղճա Բարմալե˜յ»:


Երկրորդ մաս

Տանյան, Վանյան վհատվեցին,
Բարմալեյին նկատեցին,
Նա քայլում էր առաջ ու հետ,
Երգում Աֆրիկայով մեկ.
«Արնախո˜ւմն եմ ես,
Անզիջո˜ւմն եմ ես,
Չա˜ր, ավազա˜կ,
Արյունարբու Բարմալե˜յն եմ ես:
Մարմելադն իմ ինչի՞ն է պետք,
Շոկոլադն իմ ինչի՞ն է պետք,
Ես սիրում եմ փոքրի˜կ, փոքրի˜կ
(Այո՝ փոքրիկ
մանուկներ)»:

Նա աչքերն է շողացնում իր ահավոր,
Ատամներն է կրճտացնում իր ահավոր,
Նա խարույկ է վառում մեծ ու ահավոր
Եվ գոռում է, գոռգոռում է ահավոր.

Սրանց կուտեմ ես վռազ»:

Մանուկները արտասվում են,
Արտասվում ու աղերսում են.
«Մեր սիրելի Բարմալե˜յ,
Խնդրո˜ւմ ենք՝ գթա˜:
Մեր փոխարեն՝ ի˜նչ ուզես,
Մերոնք քեզ կտան:
Մայրիկից մեր սիրելի
Չենք փախչի մենք էլ,
Չենք կամենա Աֆրիկա
Գալ ու զբոսնել:
Ա˜խ, սիրելի մարդակեր,
Խնդրում ենք՝ գթա˜:
Մենք քեզ անուշ կոնֆետներ,
Համո˜վ թեյ կտանք»:

Մարդակերը բարձրագոչ ասաց՝ ո-ո-ո˜չ:

Եվ ասաց Տանյան Վանյային.
«Հապա նայի՛ր, լա՛վ նայիր,
Ինչ-որ մեկը աերոպլանով
Օգնության է մեզ շտապում:

Ճի˜շտ է, ճի˜շտ է,
Դա բժիշկն է,
Մեր լավ բժիշկ,
Բարի բժիշկ Այբոլի˜տն է»:
Բարի բժիշկ Այբոլիտը
Մոտ է վազում փոքրիկներին,
Համբուրում է նրանց մեկ-մեկ
Եվ չարագործ Բարմալեյին
Ասում է մեղմ ժպտալով.

«Խնդրո˜ւմ եմ ձեզ խոնարհաբար,
Բարմալե˜յ իմ սիրելի,
Ազատեցեք այս փոքրերին
Թոկերից ու պարաններից»:

Բայց չարագործ Բարմալեյը անմիջապես
Այբոլիտին նետում է բորբ խարույկի մեջ:
Եվ այրվո˜ւմ է, և ճչո˜ւմ է Այբոլիտը,
Մեր բարի ու շա˜տ սիրելի Այբոլիտը…

Իսկ մանուկները, ծեծված, կապկպված,
Բարմալեյին են նայում սարսափած,
Հե չե˜ն լալիս, հո չե˜ն լալիս, հո չե˜ն լալիս:

Երրորդ մաս

Ահա Նեղոսի կողմերից
Գորիլան է երևում,
Կոկորդիլոսին թևանցուկ
Շտապում է ու հևում:

Այբոլիտն է ասում բարի.
«Կոկորդիլոս ջան, մոտ արի,
Խնդրում եմ քեզ մարդավարի,
Պատժիր դու այս Բարմալեյին,
Չար ու դաժան Բարմալեյին,
Որ ավազակն այդ ագահ
Բամփ չանի,
Համփ չանի
Այս պուճուրիկ մանուկներին»:

Կոկորդիլոսը ծիծաղեց,
Բամփ արեց
Ու չարագործ Բարմալեյին
Համփ արեց:
Ուրախացան մանուկները, հիացան,
Պար բռնեցին ու երգեցին միաձայն.
«Դու մեզ,
Դու մեզ
Մահվան ճանկից
Ազատեցիր իրոք:
Բարո˜վ եկար,
Բարո˜վ տեսանք
Հերո˜ս կոկորդիլոս»:

Կոկորդիլոսի փորի մեջ
Նեղվա˜ծք է, մո˜ւթ է, տխո˜ւր,
Կոկորդիլոսի փորի մեջ
Բարմալեյն է թնկթնկում.
«Այս ի՞նչ եղավ…
Այս ի՞նչ արի…
Մի՛ սպանեք, մի՛ չարչարեք…
Խոստանում եմ, որ կդառնամ
Ձեզ պես բարի˜, բարեհա˜ճ ու բարեգո˜ւթ»:

Մանուկները Բարմալեյին կարեկցեցին,
Կարեկցանքով կոկորդիլոսին խնդրեցին.
«Թե նրա սիրտը փափկել է իրոք,
Եվ բարություն է անելու առատ,
Արձակիր նրան, կտանենք սիրով,
Կտանենք սիրով մեզ հետ Լենինգրադ»:
Կոկորդիլոսը գլխով անում,
Իր մեծ երախն է բաց անում,
Եվ այնտեղից դուրս է գալիս անմիջապես
Բարմալեյը անչա˜փ բարի ու ժպտերես.
«Ուրա˜խ, երջանի˜կ եմ ես էլ,
Որ Լենինգրադը կտեսնեմ:

Դե, Բարմալե˜յ, դու պարի˜ր, դու պարի˜ր:
Այսուհետև լինելու ես մի˜շտ բարի, մի˜շտ բարի

Խոստանում եմ ձեզ, մանուկնե˜ր անուշի˜կ, անուշի˜կ,
Գաթա˜, նազո˜ւկ, թելանո˜ւշ ու լա˜վ բիշի, լա˜վ բիշի,
Շուկաների աղմուկը ինձ կօրորի˜, կօրորի˜,
Կբաժանեմ, ձրի կտամ բոլորի˜ն, բոլորի˜ն,
Իմ պատրաստած թխվածքները ամենալա˜վ խմորից:

Իսկ մեր Տանյան
Եմ մեր Վանյան
Կստանան, երբ կամենան
Նկանակնե˜ր ու կուտապնե˜ր,
Համովնե˜րը ամենա:

Դե մո˜տ եկեք,
Աճապարե˜ք,
Ոչ մի կոպեկ մի վճարեք,
Որովհետև Բարմալեյը
Փոքրերին շատ է սիրում:

Բարմալեյը շա˜տ է սիրում,
Շա˜տ է սիրում,

Փոքրերին շա˜տ է սիրում»:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Բարմալեյ Կորնեյ Չուկովսկի | Բարմալեյ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 21, 2019 Rating: 5
Технологии Blogger.