Կորնեյ Չուկովսկի | Ֆեոդորայի վիշտը


1
Մաղն է փախչում դաշտերով,
Տաշտը իր հետ քարշ տալով:

Բահերի հետ տնքտնքան
Կացիններն ընկան ճամփա:

 Ցախավելն էլ՝ ա˜յ-հարա˜յ,
Շտապում են սարն ի վար:

Այծ մայրիկը ծանր ու մեծ
Մկկաց ու հարցրեց.

«Ովքե՞ր եք: Ի՞նչ եք անում,
Ես ոչինչ չեմ հասկանում»:
2
Տեսե˜ք, տեսե˜ք, գլխապատառ ու մրոտ
Սլանում է խաչերկաթը՝ մեն մի ոտ:

Դանակները շարժվում են. «Վազի˜ր:
Դե վազի˜ր, վազի˜ր, վազի˜ր, վազի˜ր»:

Կաթսայիկն էլ թե՝ «Էհե˜յ,
Արդո՛ւկ, ի՞նչ է պատահել,
Ես վազում եմ հևիհև
Ու չեմ կարող ինձ պահել»:

Թեյամանն ու սրճեփները ծնգծնգում,
Գլորվում են, ծլնգում են, զրնգում…

Արդուկները վազում են ու կռնչում,
Շրջանցում են ջրափոսերն ու ճչում:

Նրանց ետքից՝ աման-չաման,
Հոպ-պա-լյա˜: Հոպ-պա-լյա˜:
Մի՛ դանդաղեք, փախե˜ք ամա˜ն,
Հոպ-պա-լյա˜: Հոպ-պա-լյա˜:

Բաժակները բախվում իրար, զրնգում են,
Զրը˜նգ-զրը˜նգ, ծլը˜նգ-ծլը˜նգ փշրվում են:

Թավան սողում ու տնքում է շատ տխուր.
«Ո՞ւր ենք փախչում այսպես հապճեպ, ախր, ո՞ւր»:

Բոլորի հետ արագ-արագ
Սլանում են շիշ ու բաժա˜կ,
Պատառաքաղ, գդալ, դանա˜կ,
Սպասքների մի ո˜ղջ բանակ:

Պատուհանից սեղանն ելավ:
Սեղանն ասաց. «Հերի˜ք եղավ»:

Իսկ սեղանին փախստական
Ինքնաեռն է բազմել հսկա,
Հորդորում է ընկերներին,
Որ փախչեն, չմնան գերի:
Փողհարում է ու շտապում.
«Փո˜ւհ-փո˜ւհ-փո˜ւհ: Փո˜ւհ-փո˜ւհ-փո˜ւհ»:
3
Իսկ հետևից՝ փեշը քշտած
Ֆեոդորան է շարժվում շտապ:
«Վա˜յ-վա˜յ-վա˜յ: Վո˜ւյ-վո˜ւյ-վո˜ւյ:
Ո՞ւր եք փախչում, եկեք տուն»:

Եվ տաշտակը խոսեց շարքից.
«Քար գցեցիր դու մեր բախտին»:

Խաչերկաթը ասաց մռայլ.
«Ո՛չ քո ճորտն ենք, ո՛չ էլ ծառան»:

Ափսեներն էլ հախճապակե
Կարծես հերսից պիտի ճաքեն,
Սլանում են ճվճվալով.
«Հետ չենք դառնա, մնա˜ս բարով»:

Ֆեոդորայի կատուները՝
Պոչերը ցից խաթունները,
Ո˜նց են վազում ու շտապում,
Որ բոլորին հետ բերեն տուն.
«Հե˜յ, ափսենե՛ր, նազկտելով
Ո՞ւր եք վազում ցատկոտելով,
Ձեր ի՞նչ գործն է, ա˜յ հիմարներ,
Թռչունների պես սավառնել:
Դուք ջրանցքի մեջ կթափվեք,
Կմոլորվեք ու կխաբվեք,
Մի՛ հեռացեք, վերադարձե˜ք
Վերադարձե˜ք շուտով տուն»:

Ափսեներնին փառք ու պատիվ,
Շրջանցեցին փնթի տատին.
«Լավ է այսպես կորչենք, գնանք,
Քան թե քեզ մոտ վերադառնանք»:
4
Ճամփի եզրին, մոտիկ այգում,
Հավն էր քջուջ անում մարգում.
«Կըռթ-կըռթ, ո՞ւր: Կըռթ-կըռթ, ո՞ւր:
Այդ որտեղի՞ց, դեպի ո՞ւր»:
Այստեղ խոսեց թասը դեղին.
«Մենք կյա˜նք չունենք նրա ձեռին:
Նախատո˜ւմ է նա մեզ
Ու ատո˜ւմ է նա մեզ
Մրոտո˜ւմ է, կեղտոտո˜ւմ է,
Ջարդոտո˜ւմ է նա մեզ»:

«Կո-կո-կո˜: Կե-կե-կե˜:
Վատ տիրոջ ձեռք եք ընկել»:

«Ճիշտ է,-ասաց մի աման,
Մենք այս ինչի՞ ենք նման.
Ջարդոտված ենք ու ծեծված,
Կեղտով, մրով ներծծված:
Բա տակառը ո˜նց է հոտել,
Մեջը լիքը՝ որդ ու գորտեր:
Տաշտի մասին ի՞նչ ասեմ ես,
Բլոճների բույն է կարծես:
Այ թե ինչու այդ կնոջից
Փախանք, ինչպես կեղտոտ որջից,
Ու նրանից փախչելով
Թափառում ենք դաշտերով,
Եվ անամոթ կեղտոտի մոտ
Մենք հետ դառնալ չե˜նք ուզում»:
5
Նրանք փախան, մտան խորքերն անտառի՝
Թաքնվելու ճյուղերի տակ թուփ ու ծառի:
Իսկ խեղճ կինը տխուր-տխուր
Լաց է լինում հոնգո˜ւր-հոնգուր:
Նա կնստեր սեղանի մոտ,
Բայց սեղանն էլ փախավ կեղտոտ:
Ապուր կեփեր անչափ ընտիր,
Բայց դե արի պղինձ գտիր:
Դատարկվել է ր տունը ողջ,
Ի՞նչ մնացին՝ ճանճ ու բլոճ:
Ա˜խ, Ֆեոդորա,
Ա˜խ, Ֆեոդորա Եգորովնա…

Ափսեները՝ առա˜ջ ու առա˜ջ,
Շարժվում են բախտին ընդառաջ:

Թեյամանն ասաց դողալով.
«Ես արդեն չեմ կարող, չեմ կարող»:
Լաց եղավ ափսեն դառնագին.
«Երանի˜ թե հետ դառնայինք»:

Արտասվեց տաշտակը խաղաղ.
«Խեղվա˜ծ եմ, ջարդվա˜ծ եմ, ավա˜ղ»:

Փախչողներից ո՞վ էր՝ ասաց.
«Այնտեղ մեկն ինձ ծանոթ թվաց»:

Տեսան, իրոք, պառավ հալով,
Ֆեոդորան է գալիս լալով:
6
Բայց հրաշք էր կատարվել մի.
Գալիս ու երգում էր մեղմիկ:
Երգից նրա տխո˜ւր-տրտում
Բարություն էր ճառագայթում.
«Ինչ ասեմ ձեզ, որբուկնե˜ր դուք իմ խեղճ:
Թավանե˜ր ու արդուկնե˜ր դուք իմ խեղճ:
Հե՛տ դարձեք, գնացե՛ք հիմա տուն,
Ես կգամ, կլվամ ձեզ մաքուր:
Ես կպրտեմ ձեզ հավեսով,
Ընտիր մոխրով ու ավազով,
Եվ դուք եռման ջրով ցողված,
Կփայլփլեք ու կշողաք»:

Եվ ասաց կողպեքը.
«Ֆեոդորան շա˜տ մեղք է»:

Եվ ասաց հին սանրը.
«Նրա վիճակը ծա˜նր է»:

Եվ խոսեց դանակը.
«Գուցե հետ դառնանք, հը՞»:

Եվ ասաց մի կաթսա.
«Մեր թշնամին չէ սա»:
7
Երկա˜ր, երկա˜ր գուրգուրում էր,
Համբուրում էր նրանց:
Շփո˜ւմ, պրտո˜ւմ, լվանո˜ւմ էր
Ու մաքրո˜ւմ էր նրանց:

«Ա˜խ, սիրելի իմ ամաննե՛ր,
Ձեզ չեմ թողնի անխնամ,
Կփայփայե˜մ, կխնամե˜մ,
Որբուկնե՛ր իմ աննման»:

Ժպտաց շարքը պղինձների,
Աչքով արին ինքնաեռին.
«Դե՛, Ֆեոդո՛րա, իմացի˜ր,
Մենք արդեն քեզ ներեցի˜նք»:

Դրնգացի˜ն,
Զրնգացի˜ն
Ու շարվեցին կրակին,
Որ եփեն ու տապակեն,
Որ Ֆեոդորա Եգորովնան ուտի համե˜ղ թխվածքներ:

Իսկ ավելն ու ցախավելը գո˜հ են, գո˜հ,
Ո˜նց են ավլում, ո˜նց են ավլում բերկրանքով,
Որ փոշի կամ փոշեհատիկ էլ ոչ մի տեղ չմնա:

Ուրախացան աման-չաման,
Հոպ-պա-լյա˜: Հոպ-պա-լյա˜:
Ո˜նց չպարեն, չուրախանան՝
Հոպ-պա-լյա˜:

Իսկ ճեփ-ճերմակ աթոռին,
Ինչպես աքլորը թառին,
Ինքնաեռն է շնչում,
Քլթքլթում է, փչում:

Քլթքլթում է, փլթփլթում է ու տատին է նայում.
«Ա˜խ, Ֆեոդո՛րա, կյանքդ սիրեմ,
Արի քեզ թեյ հյուրասիրեմ,
Խմի˜ր, խմի˜ր, անո˜ւշ արա,
Բարո˜վ վայելես»:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Ֆեոդորայի վիշտը Կորնեյ Չուկովսկի | Ֆեոդորայի վիշտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 24, 2019 Rating: 5
Технологии Blogger.