Կորնեյ Չուկովսկի | Հեռախոսը


1
Հեռախոսը զանգեց երկար:
-Ո՞վ է խոսում:
-Փի՜ղն է, եղբա՜յր:
-Ի՞նչ եք ուզում:
-Դեսի՜ց-դենի՜ց:
-Ավելի ճի՞շտ:
-Քաղցրավենի՜ք:
-Իսկ ու՞մ համար:
-Պա՜րզ է՝ որդուս:
-Ինչքա՞ն է պետք:
-Մի հինգ-վեց փութ:
Նա դեռ նո՜ր է կանգնում ոտքի,
Փոքրի՜կ է դեռ,
Շատ չի ուտի:
2
Եվ նորից զանգեց իմ հեռախոսը:
Այս անգամ խոսում է կոկորդիլոսը.

-Ա˜խ, ցա˜վդ տանեմ, ինքդ որոշիր,
Քանի՞ զույգ է պետք մեզ կրկնակոշիկ.
Ինձ, իմ տիկնոջը
Եվ մեր Տոտոշին:

-Սպասի՛ր հապա,
Հենց անցյալ շաբաթ
Կրկնակոշիկ չե՞մ ուղարկել
Չորս զույգ:

-Հա˜, ճի˜շտ է, ճի˜շտ է,
Վաղո˜ւց են բերել:
Ստացել ենք ու հաճույքով կերել,
Եվ սպասում ենք հիմա անհամբեր,
Որ այս անգամ էլ սիրով կճամփեք
Մի դյուժին համո˜վ,
Մի դյուժին հոտո˜վ,
Փափլի˜կ, անուշի˜կ կրկնակոշիկներ:
3
Հետո զանգեցին նապաստակները.
-Մրսո˜ւմ ենք, ո՞ւր են մեր թաթնոցները:

Իսկ հետո զանգեց փոքրիկ կապիկը.
-Կորե˜լ է գրքիս սիրուն շապիկը:
4
Իսկ հետո զանգեց ծուռթաթը՝ գոնչոն,
Ո˜նց է մռթմռթում, աղմկում, գոչում:

-Ա˜րջ ջան, խնդրո˜ւմ եմ, մի քիչ սպասեք:
Մի պահ մտածեք, իսկ հետո՝ խոսեք:

Իսկ նա՝ «մըռթ» հա «մըռթ»,
Իսկ նա՝ «մու» հա «մու»…
Ուզածը ի՞նչ է, բան չեմ հասկանում:
5
Ձկնկուլները զանգեցին. «Ելե˜ք,
Մեզ համար իսկույն դեղորայք բերեք,
Այսօր գորտեր ենք կերել անհամար,
Փորիկները մեր ցավում են հիմա»:
6
Իսկ հետո զանգեց չաղլիկ մերունը.
-Սոխակի ձայնը անչափ գերում է:
Կյանքում մենք երբեք
Չենք երգել մեկտեղ,
Ուղարկեք ինձ մոտ,
Միասին կերգենք:

-Չէ˜, ի՞նչ ես ասում, սոխակն աննման
Երբեք չի երգում խոզերի համար:
Ավելի լավ է կանչես ագռավին:
7
Եվ դարձյալ արջը.
-Փրկեցե˜ք գայլին,
Ոզնի կուլ տվել, չի կարող քայլել:
8
Ահա այսպիսի անհեթեթություն
Մինչև իրիկուն:
Զանգում են կկուն,
Եղնիկը, կատուն:
Խնդրում են, կանչում,
Պահանջում, պատմում:

Իսկ վերջերս երկու այծիկ
Զանգեցին ինձ ու երգեցին.
-Ճի՞շտ լսեցինք,
Որ գեղեցիկ
Կարուսելներն
Այրվեցին:

-Ա˜խ, հիմարնե˜ր,- ես ասացի,-
Չհավատաք ձեր լսածին:
Կարուսելները չայրվեցին,
Ճոճանակները չփլվեցին,
Լավ կլինի եկող շաբաթ
Այցելեք մեզ ժամը վեցին:

Այծիկներն ինձ չլսեցին,
Առաջվա պես աղմկեցին.
-Ճի՞շտ են ասում,
Որ մեր սիրած
Կարուսելներն
Այրվեցին:

Եկ ու բան հասկացրու այծին:
9
Իսկ երեկ իրիկուն
Կենգուրուն՝
-Կներե˜ք, հո չե՞մ խանգարում:
Կացարանը չէ՞ Մաքրիլվայի:

Ես կատաղել եմ ու ո˜նց եմ գոռում:
-Չէ˜, կջարդեի, թե ձեռս տային:
-Իսկ Մաքրիլվան ո՞ւր է,
Չե՞ք ասի:
-Չե˜մ կարող ասել:
Զանգահարեցեք մեկ-երկու ամսից:
10
Երեք օր է
Հանգիստ չունեմ,
Քուն չունեմ:
Տունս արդեն գժանոց է,
Տուն չունեմ:
Հենց աչքերս փակեցի,
Զանգեցին:
-Ալլո՛, ո՞վ է:
-Ռնգեղջյուրն է, լսե՛ք ինձ:
Թե չհասնեք,
Ուրեմն՝ վե˜րջ:
Գետաձին է սուզվել մոտիկ ճահճի մեջ:

-Ճահճի մե՞ջ:
-Այո˜, այո˜…
Նրան փրկել մենք չենք կարող
Ոչ մի ձևով…
Կխորտակվի˜,
Կխեղդվի˜,
Կմահանա˜,
Դու հոգնած ես,
Բայց ի՞նչ արած,
Մե˜ղք է նա:

Եկա˜, եկա˜:
Ես չեմ հոգնել,
Թե կարող եմ, նրան կօգնեմ:
11
Օ˜ֆ, ծա˜նր ու դժվա˜ր բան է
Գետաձիուն ճահճից հանել:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Հեռախոսը Կորնեյ Չուկովսկի | Հեռախոսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 18, 2019 Rating: 5
Технологии Blogger.