Պարույր Սևակ | Բարի ճանապարհ

Եթե աշխարհիս ճանապարհները 
Լինեին միա՜յն միակողմանի՝ 
Լոկ գալո՛ւ համար, 
Եվ ո՛չ գնալու... 
Բայց բիլ երկնքի աստղագիր թղթին 
Իր վայրկենական վարժ ձեռագըրով 
Շանթն է վերստին ինքնաշարժ գրում՝ 
Ասես պետի պես ստորագըրում. 
Ա՛յն պետի, 
Որի մականունն է Կյանք, անունն՝ Անհրաժեշտ. 
Դու մեկնե՛ս պիտի. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Տե՛ս, 
Ծիր Կաթինը կարծես թե լինի մի ուղեփակոց 
Մայրուղու վրա կողպ Տիեզերքի: 
Բայց ամպերն ահա կծածկեն նրան, 
Ու քեզ կթվա, 
Թե ճանապարհը բացված է արդեն. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Պտղած ծառերը կկտցահարի անձրևը շուտով, 
Բայց չի կարենա կտցածն իր ուտել. 
Նա ընդամենը կտցով կկծի 
Ու ցած կգցի՝ 
Այնքա՜ն են հասած: 
Նո՛ւյնքան հասած է միտքը մեկնումիդ. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Ծառերի վրա, 
Նրանց սաղարթի հովանու ներքո, 
Եվ թռչուններն են համագումարվել. 
Նո՛ւյնպես քննում են հարցը մեկնումի: 
Ու շուտով նրանք սուր եռանկյունով 
Պիտի չափչփեն երկինքն աննկար՝ 
Քարտեզագրման բնազդով ծածուկ: 
Դո՛ւ էլ չես կարող և պիտի չվես. 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Քեզ հասկանում եմ և լա՜վ հասկանում. 
Անհայտի կանչը վախեցնում է մեզ, 
Բայց անկարելի-անհնարին է այդ կանչը չանսալ 
Եվ չհետևել այդ ահեղ կանչին... 
 
Հասկանում եմ քեզ և լա՜վ հասկանում. 
Տարածությունը ձգում է այնպես, 
Ինչպես... անդունդը կամ վիհը, 
Հիշի՜ր, 
Ինչպես... անդո՛ւնդը կամ վի՛հը: 
Եվ դու 
Կարո՞ղ ես չափել խորքերը նրանց 
Գլխիվայր անկման քո թիռ-թռիչքով: 
Իսկ մենք մեխված ենք՝ ցուցանակի՛ պես՝ 
Ապրելու տենչով մեխված ենք կյանքին: 
Հանե՞լ ես քեզնից այդ մեխերը դու... 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Մեր ծերությունը 
Կարող է հանկարծ մեզ հարցնել մի օր. 
«Իսկ որտե՞ղ, ասե՜ք, 
Ինչպե՞ս երևաց, 
Ինչո՞վ երևաց 
Ջահելությունը ձեր ամենազոր»: 
Գնո՞ւմ ես: Գնա՛: 
Բայց խորհի՛ր նաև, 
Թե քո ծերության անխուսափ հարցին 
Դու ի՞նչ ես մի օր պատասխանելու: 
 
Ասել-ասում են, թե լավ է այնտե՛ղ,
Որտեղ մենք չկանք: 
Իսկ ես պնդում եմ, որ լավ է այնտե՛ղ, 
Որտեղ չե՛նք կարող չլինել ու կա՜նք: 
Դու ինձ կարող ես հիմա չլսել: 
Եվ մի՛ էլ լսիր: 
Գնա՛, 
Որ ինքըդ նո՛ւյնը հասկանաս 
Եվ հասկանալով նաև հասկացնես, 
Որ աշխարհումըս ճշմարտությունը չի՛ հետազոտվում. 
Ճշմարտությունը ապըրվո՜ւմ է լոկ: 
 
-Բարի ճանապա՜րհ: 
 
Կյանքի վճռական բոլո՛ր պահերին
Միշտ էլ լռում են մի քանի րոպե:
Այդպես էլ՝ նաև ճանապարհելիս:
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս,
Նաև` հապշտապ:
Ահա թե ինչու
Հոգուս խորքերում ու լեզվիս վրա
Բազմակետերն են խոսքերին հաղթում,
Եվ ինչ-որ զեռուն բառեր են վխտում՝
«Իհարկե... սակայն... և այսուհանդերձ»...
Եվ, այսուհանդերձ, թերևըս գուցե 
 
-Բարի... վերադա՞րձ:

22.II.1964թ.

Երևան


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Բարի ճանապարհ Պարույր Սևակ | Բարի ճանապարհ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 29, 2019 Rating: 5
Технологии Blogger.