Պարույր Սևակ | Զարմացնում եմ

Ահավասիկ այս խնձորը՝ 
         Մեղրածորը, 
         Կամ այս դեղձը՝ 
Անձեռակերտ-անստեղծը... 
Սա մի պատառ կերպափոխված արեգակ է. 
Զովություն է այստեղ դարձել նրա տաքը, 
Հոսուն հուրը ստացել է մի հստակ ձև, 
Շողն ու լույսը փոխվել գույնի, համ ստացել: 
         Եվ այս՝ գիտե՞ք ինչի՛ համար, 
         Միայն նրա՛, որ մեզ համար 
         Արեգակը դառնա հարմար. 
         Որ այս դեղձը պոկենք հիմա, 
         Աղվամազոտ դունչը շոյենք, 
         Այս խնձորով նախ հիանանք՝ 
                  Ա՛յս կողմ շուռ տանք, 
                  Ա՛յն կողմ շրջենք 
Եվ - թե հանկարծ սրտներս ուզի - 
Ոչ այս - ոչ այն՝ բռնենք կրծենք: 
 
Տարօրինակ բան չեք կարծո՞ւմ, 
Որ արև է մարդը կրծում...


20.XI.1957թ.

Մոսկվա


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Զարմացնում եմ Պարույր Սևակ | Զարմացնում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 08, 2019 Rating: 5
Технологии Blogger.