Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երկրորդ


 Թե ինչպիսի երաժիշտ էր Անգետիկը

Երբ Անգետիկը մի գործ էր բռնում, ապա դա անում էր ոչ այնպես, ինչպես հարկն է, և ամեն ինչ շիլա-շփոթ էր ստացվում: Նա սովորել էր հեգելով կարդալ, իսկ գրել կարողանում էր միայն տպագիր տառերով: Շատերն ասում էին, իբր թե Անգետիկի գլուխը բոլորովին դատարկ է, բայց դա ճիշտ չէ, որովհետև այդ դեպքում նա ինչպե՞ս գլխի կընկներ հասարակ բաները: Ճիշտ է, նա վատ էր հասկանում, բայց կոշիկները հագնում էր ոտքերին և ոչ թե գլխին՝ դե, սրա համար էլ հասկացողություն է պետք, չէ՞: 
Անգետիկն այնքան էլ վատ տղա չէր: Նա շատ էր ուզում որևէ բան սովորել, բայց չէր սիրում չարչարվել: Նա ուզում էր միանգամից սովորել, առանց ջանք թափելու, իսկ այդպես, իհարկե, ոչինչ չէր ստացվի, նույնիսկ ամենախելոք ճստլիկը բան չէր սովորի:
Մանչուկներն ու աչոնիկները շատ էին սիրում երաժշտություն, իսկ Տավղիկը սքանչելի երաժիշտ էր: Նա զանազան երաժշտական գործիքներ ուներ և հաճախ նվագում էր դրանց վրա: Բոլորը լսում էին այդ երաժշտությունը և գովաբանում նրան: Անգետիկը նախանձում էր, որ գովում էին Տավղիկին: Մի օր էլ նա խնդրեց.
-Ինձ նվագել սովորեցրու: Ես էլ եմ ուզում երաժիշտ դառնալ:
-Սովորիր,- համաձայնեց Տավղիկը: -Ի՞նչ ես ուզում նվագել:
-Ո՞րն է ամենից հեշտ սովորելու գործիքը:
-Բալալայկան:
-Դե, տուր բալալայկան փորձեմ:
Տավղիկը նրան տվեց բալալայկան: Անգետիկը ծնգծնգացրեց լարերի վրա: Հետո ասաց.
-Չէ՛, բալալայկան շատ ցածր ձայն է հանում: Բարձր ձայն ունեցող մի ուրիշ բան տուր:
Տավղիկը նրան տվեց ջութակը: Անգետիկը սկսեց աղեղով խզխզացնել լարերի վրա ու ասաց.
-Ավելի բարձր նվագող բան չունե՞ս:
-Գալարափող ունեմ,- պատասխանեց Տավղիկը:
-Մի դեսը տուր, փորձենք:
Տավղիկը նրան տվեց պղնձե մեծ գալարափողը: Անգետիկը որ չփչե˜ց, խլացուցիչ ոռնոց դուրս եկավ:
-Այ, սա լա˜վ գործիք է,- ուրախացավ Անգետիկը: -Բարձր ձայն ունի:
-Դե, եթե քեզ դուր է գալիս, սովորիր դա նվագել,- համաձայնեց Տավղիկը:
-Ինչի՞ս է պետք սովորելը: Ես առանց այն էլ գիտեմ,- պատասխանեց Անգետիկը:
-Չէ, դու դեռ չգիտես:
-Գիտե՛մ, գիտե՛մ: Այ, լսի՛ր,-գոռաց Անգետիկն ու ամբողջ ուժով սկսեց փչել փողը:-Բու-բու-բո˜ւ: Դու-դու-դո˜ւ:
-Դու հենց այնպես փչում ես, չես նվագում,- պատասխանեց Տավղիկը:
-Ո՞նց թե չեմ նվագում,- նեղացավ Անգետիկը: -Շատ լավ էլ նվագում եմ: Բարձր է ու զիլ:
-Ախ դու, անգե՛տ: Բանը հո բարձր նվագելը չէ: Հարկավոր է, որ գեղեցիկ ստացվի:
-Դե գեղեցիկ էլ ստացվում է, էլի:
-Իսկի էլ գեղեցիկ չէ,- ասաց Տավղիկը: -Ես տեսնում եմ, որ դու շնորհք չունես:
-Դու չունես,- բարկացավ Անգետիկը: -Դու նախանձից ես այդպես ասում: Դու ուզում ես, որ մենակ քեզ լսեն ու գովեն:
-Ամենևին էլ չէ,- ասաց Տավղիկը: -Վերցրու ու նվագիր ինչքան ուզում ես, եթե կարծում ես, որ հարկավոր չէ սովորել: Թող քեզ էլ գովեն:
-Հա՛, հենց կնվագեմ,- պատասխանեց Անգետիկը:
Նա սկսեց փչել, բայց քանի որ նվագել չգիտեր, գալարափողը մերթ մռնչում էր, մերթ խռխռացնում, մերթ ծղրտում, մերթ էլ խրթխրթացնում: Տավղիկն ականջ դրեց, դրեց…Վերջապես ձանձրացավ: Նա հագավ իր թավշե բաճկոնը, վարդագույն բանթը, որ կրում էր փողկապի փոխարեն, ամրացրեց վզին և հյուր գնաց:
Երեկոյան, երբ բոլոր ճստլիկները տուն եկան, Անգետիկը նորից վերցրեց գալարափողն ու սկսեց փչել.
Բու-բու-բո˜ւ: Դու-դու-դո˜ւ:
-Այս ի՞նչ աղմուկ է,- գոչեցին բոլորը:
-Աղմուկ չի,- պատասխանեց Անգետիկը: -Ե՛ս եմ նվագում:
-Վե՛րջ տուր իսկույն,- գոռաց Գիտունիկը: -Քո նվագից ականջներս ցավում են:
-Դա նրանից է, որ դեռ չես վարժվել իմ երաժշտությանը: Այ, կվարժվես, էլ ականջներդ չեն ցավի:
-Ես իսկի էլ չեմ ուզում վարժվել: Շա˜տ պետքս է:
Բայց Անգետիկը չլսեց նրան ու շարունակեց նվագել: Բու-բու-բո˜ւ: Խըռ-խըռ-խը˜ռ: Վիու-վիո˜ւ:
-Դե վ՛երջ տուր,- հարձակվեցին բոլոր ճստլիկները: -Կորիր այստեղից քո գարշելի գալարափողով:
-Ո՞ւր գնամ:
-Գնա դաշտ ու այնտեղ նվագիր:
-Ախր դաշտում ինձ ոչ ոք չի լսի:
-Իսկ քեզ պետք է, որ անպայման մեկն ու մեկը լսի՞:
-Անպայմա՛ն:
-Դե, գնա փողոց, թող հարևանները լսեն:
Անգետիկը գնաց փողոց ու սկսեց նվագել հարևան տան մոտ, բայց հարևանները խնդրեցին չաղմկել լուսամուտների տակ: Նա գնաց մի ուրիշ տան մոտ՝ այնտեղից էլ վռնդեցին: Գնաց երրորդ տան մոտ՝ այնտեղից էլ քշեցին: Անգետիկն էլ վճռեց ի հեճուկս նրանց նվագել ու նվագել: Հարևանները զայրացան, դուրս վազեցին տներից ու ընկան նրա հետևից: Անգետիկը գործիքը ձեռքին հազիվ փախավ նրանցից:
Այդ օրվանից Անգետիկը դադարեց գալարափող նվագել:
-Իմ երաժշտությունը չեն հասկանում,- ասում էր նա: -Դեռ չեն հասել իմ երաժշտությունը հասկանալու աստիճանին: Երբ կհասնեն, իրենք կխնդրեն, բայց ուշ կլինի: Էլ չե՛մ նվագի:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երկրորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ երկրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.