Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներկուերորդ


Նոր ծանոթներ

 Երբ Կապտաչիկը գնաց, Անգետիկը մի քիչ պառկեց, հետո հիշեց, որ վճռել էր նայել, թե ինչից է շինած տիկնիկը և արդեն ուզում էր վեր կենալ, բայց այդ ժամանակ դռան հետևից կրկին քայլերի ձայն լսվեց և ինչ-որ մեկի փսփսոցը.
-Ո՞ւր է նա:
-Այնտեղ:
-Ի՞նչ է անում:
-Պառկած է:
-Մեռա՞ծ:
-Չէ՛, կարծեմ, կենդանի է:
-Մի թող նայեմ:
-Սպասի՛ր:
Անգետիկը նայեց դռանը և նկատեց, որ ինչ-որ մեկը բանալու անցքից նայում է:
-Դե, թո՛ղ, ագա՛հ: Ախր ես էլ եմ ուզում նայել,- կրկին շշուկ լսվեց:
-Ա՛յ, որ ագահ ես ասում, չե՛մ թողնի:
Դռան հետևից քաշքշոցի ձայն լսվեց:
-Մի՛ հրիր, մի՛,- լսվեց մեկի զայրացած ֆշշոցը: -Այ, մեկ էլ որ հրես, մազերդ կպռճոկեմ:
-Ես էլ քո հյուսերից կքաշեմ ու ոտքով էլ կհրեմ:
Անգետիկն ուզում էր իմանալ, թե ովքեր են վիճողները: Նա դուրս թռավ մահճակալից և թափով բաց արեց դուռը: Խուլ հարվածի ձայն լսվեց և Անգետիկն իր առջև տեսավ երկու աչոնիկի: Նրանք մի կողմ թռան, ձեռքերով բռնեցին ճակատներն ու վախեցած նայեցին Անգետիկին: Մեկի գոգնոցին կանաչ նապաստակ էր գործած, իսկ մյուսին՝ կարմիր սկյուռիկ: Նրանք երկուսն էլ, ասես հրամանով, ճպճպացրին աչքերը, լաց եղան և, շուռ գալով, սկսեցին բարձրանալ դռան աջ կողմից վեր ելնող փայտե նեղ սանդուղքով:
-Ա-ա˜-ա˜-, բարձրաձայն լալիս էր աչոնիկներից մեկը, որի կարճ հյուսերը վզի վրա երկու տարբեր կողմեր էին ցցվում:
-Ու-ո˜ւ-ո˜ւ,- կրկնում էր գագաթին երկնագույն բանթ կապած մյուս աչոնիկը:
Անգետիկը քորեց ծոծրակն ու քթի տակ մռթմռթաց.
-Ա˜յ քեզ պատմություն: Կարծես թե շատ պինդ շրխկացրի:
Վախենալով, որ էլի մի խաղ կխաղա օտար տանը, Անգետիկը մտավ անկողին և վճռեց ննջել, բայց շատ չանցած միջանցքում կրկին քայլերի ձայն լսվեց: Դուռը բացվեց և ներս նայեց մի նոր աչոնիկ:
Սա խուճուճ մազեր ուներ, ուրախ, չարաճճի աչքեր և սուր քթով խորամանկ դեմք:
-Մանչո˜ւկ,- ճչաց նա: -Կռվարա˜ր:
Անգետիկն անակնկալից վեր թռավ: Դուռը տեղնուտեղը փակվեց և լսվեց արագ հեռացող քայլերի ձայն: Անգետիկն ուսերը թոթվեց և արհամարհանքով փնթփնթաց.
-Լոպա՛զ:
Նա գլուխը դրեց բարձին և նույնիսկ սկսեց ննջել, բայց այդ պահին դուռը կրկին բացվեց և դարձյալ ներս նայեց խոպոպիկներով աչոնիկը:
-Կռվարա˜ր,- ծղրտաց նա: -Հա˜-հա˜-հա˜:
Դուռն անմիջապես փակվեց: Անգետիկը անկողնուց դուրս թռավ և վազեց միջանք, բայց այնտեղ ոչ ոք չկար:
-Լա˜վ,- մռթմռթաց Անգետիկը սպառնալի:
Նա գրասեղանից վերցրեց քանոնը և թաքնվեց դռան հետևը: Երկար չսպասեց: Շուտով միջանցքում քայլերի ձայն լսվեց: Անգետիկը բարձրացրեց քանոնը: Դուռը բացվեց, սենյակ մտավ Կապտաչիկը և իսկույն քանոնի մի հարված ստացավ ճակատին:
-Վա˜յ:
Կապտաչիկը ճակատը բռնեց:
-Ինչո՞ւ եք քանոնով կռվում,- ճչաց նա,- հիմա ճակատս կկապտի:
-Ոչ էլ կկապտի,- պատասխանեց Անգետիկը՝ քանոնը շփոթված շուռումուռ տալով ձեռքի մեջ:
-Չէ՛, կկապտի˜, կկապտի˜: Դուք գիտե՞ք, թե ինչ քնքուշ եմ ես: Խցանով էլ խփեք՝ իսկույն կկապտի:
-Կարելի է մի կտոր սպեղանի դնել,- ասաց Անգետիկը,- դուք սպեղանի բերել եք դեղատնից, չէ՞:
-Ես ձե՛զ համար եմ բերել:
-Բոլորիս էլ կհերիքի,- պատասխանեց Անգետիկը:
Նա վերցրեց սպեղանին և մկրատով չորս մասի բաժանեց:
-Կպցրեք, շո՛ւտ,- հուզվում էր Կապտաչիկը: -Այ, այստեղ, այստե՛ղ…
Նա դեմ արեց ճակատն ու մատով ցույց տվեց, թե որտեղ պիտի կպցնել սպեղանին:
Անգետիկը կպցրեց սպեղանին, բայց, նկատելով, որ ծուռ է կպցրել, քաշեց, որ պոկի:
-Զգո˜ւյշ, զգո˜ւյշ,- ճչում էր Կապտաչիկը: -Ճակատիս կքսվի այդ զզվելի սպեղանին:
-Հիմա լավ է,- ասաց Անգետիկը, իր գործն ավարտելով:
Կապտաչիկը վազեց դեպի հայելին:
-Լավ է, բա ո˜նց չէ: Հանկարծ մեկնումեկը տեսնի ինձ, այս սպեղանին ճակատիս: Հապա, մի ցույց տվեք ձեր ուսը: Որտե՞ղ է ձեր կապտածը:
Կապտաչիկը մի կտոր սպեղանի դրեց Անգետիկի ուսին:
-Ես ձեզ չէի ուզում խփել,- ասաց Անգետիկը:
-Բա ո՞ւմ էիք ուզում խփել:
Անգետիկն ուզում էր ասել, թե մի անծանոթ աչոնիկ ծաղրում էր իրեն, բայց ժամանակին գլխի ընկավ, որ դա չարախոսություն կլինի:
-Ոչ ոքի,- պատասխանեց նա: -Ուղղակի ուզում էի փորձել, թե կարելի՞ է այդ քանոնով որևէ մեկին հասցնել:
-Դուք, մանչուկներդ, հենց միայն ուրիշին խփելու մասին եք մտածում, իսկ երբ ձեզ են հասցնում, այնքան էլ դուր չի գալիս… Ինչո՞ւ եք ժպտում: Ծիծաղներդ գալի՞ս է, որ ճակատիս սպեղանի է կպցրած:
Նա նորից մոտեցավ հայելուն:
-Իսկապես որ շատ ծիծաղելի է, երբ մարդու ճակատին քառակուսի սպեղանի է կպցրած:
-Իսկ դուք կլոր կտրեցեք,- խորհուրդ տվեց Անգետիկը:
Կապտաչիկը պոկեց սպեղանին, մկրատով կլոր կտրեց և նորից կպցրեց Ճակատին:
-Ձեզ թվում է, որ այսպես ավելի լա՞վ է,- շուռ եկավ նա դեպի Անգետիկը:
-Իհարկե,- հաստատեց Անգետիկը: -Ըստ իս, նույնիսկ սազում է ձեզ:
Աչքերը կկոցելով, Կապտաչիկը նայեց հայելուն:
-Իսկ այժմ տվեք իմ շորերը,- խնդրեց Անգետիկը:
-Գնացեք լվացվեք, հետո կստանաք ձեր հագուստը:
Կապտաչիկը Անգետիկին տարավ խոհանոց: Այնտեղ, պատի վրա, լվացարան կար: Կողքին մեխից կախված էր երեսսրբիչը, իսկ թարեքին դրված էին օճառն ու ատամի փոշին:
-Ահա ձեզ, խոզանակ, ահա և ատամի փոշի: Կմաքրեք ատամներդ,- ասաց Կապտաչիկը, Անգետիկին մեկնելով ատամի խոզանակը:
-Տանել չեմ կարող ատամի փոշին,- փնթփնթաց Անգետիկը:
-Ինչո՞ւ:
-Համով չի:
-Դա ուտելու բան չի:
-Միևնույն է: Դա լեզուն կծկծեցնում է:
-Կկծկծեցնի ու կանցնի:
Անգետիկն ակամա սկսեց ատամները մաքրել: Երկու անգամ ատամների վրայով խոզանակը տանել բերելուց հետո նա ծամածռեց դեմքը և թքեց: Հետո բերանը ողողեց ջրով և ձեռքերին օճառ քսեց: Ձեռքերը լվանալուց հետո օճառը դրեց թարեքին և սկսեց երեսը լվանալ:
-Երեսն էլ պետք է օճառով լվանալ,- ասաց Կապտաչիկը:
-Թող գրողի ծոցը կորչի օճառը,- պատասխանեց Անգետիկը: -Օճառը միշտ աչքերն է խցկվում:
-Այդ արդեն չեղա˜վ,- խստությամբ ասաց Կապտաչիկը,- Այլապես զգեստը չեք ստանա:
Ճար չկար, Անգետիկը երեսին օճառ քսեց և անմիջապես էլ լվաց երեսի օճառը:
-Բը˜ռ-ռ-ռ,- դողդողում էր նա: -Ի˜նչ սառը ջուր է:
Մի կերպ երեսը պարզաջրելով, նա ձեռքերն առաջ մեկնեց և, աչքերը խուփ, սկսեց պատը շոշափել:
Կապտաչիկը՝ հազիվ ծիծաղը զսպելով նայում էր նրան:
-Ի՞նչ եք փնտրում:
-Ս-սրբիչը,- պատասխանեց Անգետիկը,  ցրտից դողահար:
-Ինչո՞ւ եք փակ աչքերով փնտրում: Բաց արեք աչքերդ:
-Ախր ոնց բաց անեմ, երբ այս ա-ա-անիծյալ օճառն առանց այն էլ աչքս է խցկվում:
-Իսկ դուք պիտի կարգին լվացվեիք:
Կապտաչիկը վերցրեց պատից կախված երեսսրբիչը և երկարեց Անգետիկին: Անգետիկը սրբիչը քսմսորեց երեսին և նոր միայն համարձակվեց աչքերը բաց անել:
-Ահա, այժմ դուք շատ մաքուր և նույնիսկ սիրուն մանչուկ դարձաք,- ասաց Կապտաչիկը և, նկատելով սրբիչի վրա դրոշմված կեղտի հետքերը, ավելացրեց. –բայց հաջորդ անգամ ավելի լավ պիտի լվացվեք: Առաջին անգամն է, դրա համար եմ ներում:
Նա բերեց Անգետիկի հագուստն ու ասաց.
-Հագնվեցեք և եկեք թեյ խմելու: Երևի դուք արդեն քաղցած եք:
-Սարսափելի քաղցած եմ,- խոստովանեց Անգետիկը: -Թվում է, թե մի ամբողջ փիղ կուտեմ:
-Ա˜խ, խեղճ մանչուկ: Դե, շուտ եկեք, մենք սպասում ենք ձեզ:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներկուերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ տասներկուերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 22, 2019 Rating: 5
Технологии Blogger.