Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանչորսերորդ


Ներկամոլիկի նորարարությունը

 Հաջորդ օրը խնձոր ու տանձ հավաքելու աշխատանքը շարունակվում էր: Քաղաքի փողոցներում հայտնվեց երրորդ մեքենան՝ Շուրուպիկի ութանիվ շոգեավտոմեքենան:
Բանն այն է, որ Ֆռռանաշենում նկատել էին, որ Բուբլիկն անհետացել է: Բնակիչները գիտեին, որ նա իր մեքենայով Կանաչ քաղաք է տարել Պտուտակիկին ու Ագուցիկին: Բայց քանի որ Բուբլիկը չէր վերադարձել այդ ճամփորդությունից, բոլորը Շուրուպիկին խնդրեցին, որ գնա և իմանա, թե դժբախտություն հո չի՞ պատահել: Շուրուպիկը եկավ Կանաչ քաղաք և երբ տեսավ, որ Բուբլիկն իր մեքենայով աշխատում է միրգ հավաքողների հետ՝ չդիմացավ ու ինքն էլ գործի կպավ:
Ֆռռանաշենի բնակիչները մինչև երեկո սպասեցին, բայց նա հաջորդ օրն էլ չվերադարձավ: Քաղաքում տարածվեցին ամենաանհավանական լուրեր: Ոմանք ասում էին, թե Կանաչ քաղաք տանող ճանապարհը բռնել է մի կախարդ պառավ, որը ում տեսնում՝ կուլ է տալիս: Մյուսներն ասում էին, թե դա կախարդ պառավ չի, այլ անմահ Կաշչեյը: Մնացածները վիճում ու ապացուցում էին, որ անմահ կաշչեյներ չեն լինում, այլ դա երեք գլխանի վիշապ է, որ ճանապարհը չի բռնել, այլ տեղավորվել է հենց Կանաչ քաղաքում: Օրը մի աչոնիկ է ուտում այդ վիշապը, իսկ երբ մանչուկ է հայտնվում քաղաքում, մանչուկին է ուտում, որովհետև մանչուկը աչոնիկից լավն է:
Եռագլուխ վիշապի լուրը տարածվելուց հետո Ֆռռանաշենի բնակիչներից ոչ մեկը չէր հանդգնում գնալ աչոնիկների քաղաքը ու իմանալ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ամեն մեկը գտնում էր, որ տանը նստելն ավելի խելամիտ է: Բայց շուտով գտնվեց մի խիզախ, որն ասաց, թե կգնա ու կպարզի ամեն ինչ: Դա ոչ անհայտ Բևեռիկն էր, որի մասին արդեն ասվել է այս ճշմարտացի պատմության մեջ: Բնակիչները գիտեին, որ Բևեռիկը տաք գլխի մեկն է և իսկապես կարող է առանց երկար-բարակ մտածելու գնալ ուղիղ դեպի անհագ վիշապի երախը: Բոլորը նրան համոզում էին, որ չգնա, բայց Բևեռիկը ոչինչ լսել չէր ուզում: Նա ասաց, որ շատ մեղավոր է աչոնիկների առաջ, և որ խիղճը տանջում է իրեն: Դրա համար էլ ուզում է քավել իր մեղքը. կգնա նրանց քաղաքը և կթքի ուղիղ այդ վիշապի պոչին, որից իբր թե վիշապը կսատկի ու վերջ կտա իր խայտառակ արարքներին: Թե Բևեռիկը որտեղից էր հնարել, որ դրանից սատկում են վիշապները՝ հայտնի չէ:
Բևեռիկը գնաց: Բնակիչներից ոմանք շատ էին խղճում նրան և վաղօրոք ողբում նրա կորուստը: Մյուսներն ասում էին, թե առանձնապես խղճալու բան չկա, որովհետև առանց նրա մի խուլիգան ևս կպակասի, և քաղաքը ավելի խաղաղ կլինի:
-Բայց ախր մենք ինքներս ենք մեղավոր, որ չենք վերադաստիարակել նրան,- ասում էին առաջինները:
-Կդաստիարակես, ո˜նց չէ,- պատասխանում էին մյուսները: -Նրան միայն գերեզմանը կդաստիարակի:
Այս խոսակցությունից երևում էր, որ առաջինները նրանք էին, որոնց դեռ վնաս չէր հասել Բևեռիկից, իսկ երկրորդները՝ նրանք, որոնց հախից եկել էր նա:
Բևեռիկը, ինչպես և սպասվում էր, չվերադարձավ, և այդ ժամանակ քաղաքում բոլորը հավատացին վիշապի մասին եղած լուրերին, որի մասին սկսեցին պատմել խելքից, մտքից դուրս ստեր: Պատմողներից ամեն մեկը մի-մի գլուխ էր ավելացնում այդ հրեշին, այնպես որ, երեք- գլխանիից շուտով նա դարձավ հարյուր գլխանի:
Իհարկե, դրանք բոլորը փչոցներ էին: Ոմանք, ամենախելոք ընթերցողները, երևի գլխի են ընկնում, թե Բևեռիկն ինչու չվերադարձավ, իսկ նրանք, ովքեր դեռ գլխի չեն ընկել, կարող ենք հաղորդել, որ Բևեռիկը բնավ էլ վիշապի զոհը չէր դարձել և վիշապ առհասարակ չկար: Բևեռիկն ուղղակի տարվել էր աշխատանքով: Նա էլ ցանկացավ ծառը մագլցել ու աշխատել սղոցով: Ախր դա այնքա˜ն հետաքրքիր ու միաժամանակ վտանգավոր էր: Ո՞ր մանչուկը կնահանջի վտանգի առաջ:
Այդ օրերին միայն Ներկամոլիկն էր նստել տանը ու դիմանկարներ էր անում: Աչոնիկներից ամեն մեկն ուզում էր ունենալ իր դմանկարը, և նրանք տանջեցին նկարչին իրենց պահանջներով: Բոլորն էլ ուզում էին անպայման ամենասիրունը լինել: Եվ զուր էր Ներկամոլիկը համոզում, թե ամեն մեկն էլ գեղեցիկ է յուրովի, և որ նույնիսկ փոքր աչքերը կարող են գեղեցիկ լինել: Չէ, աչոնիկները պահանջում էին, որ աչքերն անպայման խոշոր լինեն, թարթիչները՝ երկար, հոնքերն՝ աղեղնաձև, բերանը՝ փոքր: Վերջիվերջո Ներկամոլիկը դադարեց վիճել և սկսեց նկարել ինչպես պահանջում էին իրենից: Դա շատ ավելի հարմար էր, որովհետև ոչ մի ավելորդ առարկության առիթ չէր տալիս և, բացի այդ, Ներկամոլիկը նկատեց, որ կարելի է նորություն մտցնել նկարչական գործի մեջ: Քանի որ բոլորի պահանջը նույնն էր, Ներկամոլիկը վճռեց, այսպես ասած՝ տրաֆարետ անել: Ամուր թղթի մի կտոր վերցնելով, նրա վրա կտրեց մի զույգ խոշոր աչքեր, երկար, աղեղնաձև հոնքեր, ուղիղ, շատ գեղեցիկ քիթ, փոքրիկ շուրթեր, փոսիկով կզակ, կողքերից մի զույգ փոքրիկ, կանոնավոր ականջներ: Վերևում կտրեց փարթամ մազեր, ներքևում՝ բարալիկ վիզ ու երկար մատներով երկու ձեռք: Այդ տրաֆարետը պատրաստելուց հետո նա անցավ շաբլոն պատրաստելու գործին:
Թե ինչ բան է շաբլոնը, հիմա պարզ կլինի ամեն մեկի համար: Ներկամոլիկը տրաֆարետը դրեց մի կտոր թղթի վրա և կարմիր ներկ քսեց այն տեղը, ուր տրաֆարետի վրա կտրված էր բերանը: Թղթի վրա իսկույն նկարվեցին շուրթերը: Դրանից հետո նա մարմնագույն ներկով ներկեց քիթը, ականջները, ձեռքերը, հետո թուխ կամ շեկ գույնով՝ մազերը, շագանակագույն կամ երկնագույն՝ աչքերը: Այսպիսով ստացվեց շաբլոնը:
Ներկամոլիկը այդպիսի մի քանի շաբլոն պատրաստեց: Եթե աչոնիկներից մեկը երկնագույն աչքեր ուներ ու շեկ մազեր, նա վերցնում էր երկնագույն աչքերով ու շեկ մազերով շաբլոնը, մի քիչ էլ նմանություն էր ավելացնում և նկարը պատրաստ էր: Իսկ եթե աչոնիկի աչքերն ու մազերը թուխ էին, ապա դրա համար էլ Ներկամոլիկի մոտ համապատասխան շաբլոն էր գտնվում:
Բազմաթիվ շաբլոն դիմանկարներ պատրաստեց Ներկամոլիկը: Այդ կատարելագործումը շատ արագացրեց աշխատանքը: Բացի այդ, Ներկամոլիկը հասկացավ, որ փորձված վարպետի պատրաստած տրաֆարետով ամեն մի ճստլիկ կարող է շաբլոն պատրաստել և գործի մեջ ներգրավեց Երևիկին: Երևիկը, ըստ շաբլոնի, համապատասխան ներկերով հաջողությամբ ներկում էր շաբլոնները, և դրանք ոչնչով վատ չէին ստացվում նրանցից, որոնք պատրաստել էր ինքը՝ Ներկամոլիկն իր ձեռքով: Աշխատանքի այդ բաժանումը Ներկամոլիկի ու Երևիկի միջև ավելի արագացրեց աշխատանքը, որ մեծ նշանակություն ուներ, քանի որ դիմանկարներ պատվիրել ցանկացողների թիվը չէր քչանում, այլ օրեցօր ավելանում էր:
Երևիկը շատ էր հպարտանում իր նոր պաշտոնով: Ներկամոլիկի և իր մասին նա հպարտությամբ ասում էր. «Մենք՝ նկարիչներս»: Բայց ինքը՝ Ներկամոլիկը, գոհ չէր իր աշխատանքից և չգիտես ինչու «խալտուրա» էր անվանում դա: Նա ասում էր, որ Կանաչ քաղաքում նկարած բոլոր դիմանկարների մեջ իսկական արվեստի ստեղծագործություն կարող են համարվել միայն Ձյունիկի և Կապտաչիկի նկարները, մնացածները պիտանի են միայն կճուճի ու կաթսայի բերան ծածկելու համար:
Բայց այդ կարծիքը չէին բաժանում դիմանկարների տերերը: Բոլորին դուր էր գալիս, որ գեղեցիկ էին դուրս եկել, իսկ նմանությունը, ասում էին նրանք, տասներորդական գործ է: Ամեն ինչ կարելի է գնահատել տարբեր տեսանկյուններից:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանչորսերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսանչորսերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 26, 2019 Rating: 5
Технологии Blogger.