Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներեքերորդ


Փախուստ

 Մեքենայացումը նկատելիորեն թեթևացրեց գործը, և աշխատանքն արագացավ: Երկու մեքենան այս ու այն կողմ էին սլանում և միրգը տեղափոխում նկուղները: Խնձորն ու տանձը մեկ-մեկ էին տեղափոխում, իսկ սալորը՝ միանգամից հինգ հատ: Մեքենայացման շնորհիվ աչոնիկներից շատերը ազատվեցին աշխատանքից, բայց ձեռքերը ծալած նստելու փոխարեն նրանք փողոցում երկու վրան խփեցին: Վրաններից մեկում դրին քաղցրահյութով գազով ջուր, իսկ մյուս վրան բերին կարկանդակներ, տեսակ-տեսակ բլիթներ, օղաբլիթներ ու կոնֆետներ: Այժմ արդեն աշխատողներից ամեն մեկը ազատ րոպեին կարող էր նախաճաշել կամ ջուր խմել:
Պոնչիկը իսկույն պաշարեց կարկանդակների ու կոնֆետների վրանը, իսկ Քաղցրահյութիկը հարձակվեց քաղցրահյութով գազով ջրի վրա: Երկուսին էլ անհնար էր հեռացնել վրաններից:
Հանկարծ անսպասելի մի դեպք տեղի ունեցավ: Հեռվից լսվեց ինչ-որ մեկի ծղրտոցը, և աշխատողները փողոցի ծայրին տեսան փախչող բժիշկ Հաբիկյանին: Նրան հետապնդում էր հիվանդանոցը սպասարկող ամբողջ կազմը՝ Մեղրածաղիկի գլխավորությամբ: Հաբիկյանը գրեթե բոլորովին մերկ էր, այսինքն՝ ակնոցով էր և կարճ կիսավարտիքով: Մոտենալով ծառին, նա արագ-արագ մագլցեց ծառի բունն ի վեր:
-Ինչո՞ւ եք փախել, հիվա՛նդ,- մոտ վազելով ծառին՝ ճչաց Մեղրածաղիկը:
-Ես այլևս հիվանդ չեմ,- պատասխանեց Հաբիկյանը, ջանալով ինչքան կարելի է վեր մագլցել:
-Ինչպե՞ս թե հիվանդ չեք: Մենք ձեզ դեռ դուրս չենք գրել,- ասում էր Մեղրածաղիկը՝ արագ վազքից շնչահեղձ լինելով:
-Ես ինքս եմ դուրս գրվել,- քմծիծաղ տվեց Հաբիկյանը և Մեղրածաղիկին լեզու ցույց տվեց:
-Ախ, հանդո՛ւգն: Միևնույն է, մենք չենք տա ձեր շորերը:
-Հարկավոր չի,- պատասխանեց Հաբիկյանը ծիծաղելով:
-Դուք կմրսեք ու կհիվանդանաք:
-Հիվանդանամ էլ, ձեզ մոտ վերադարձողը չեմ:
-Ամո՛թ է,- գոչեց Մեղրածաղիկը: -Ինքներդ բժիշկ եք, բայց չեք հարգում բժշկությունը:
Նա շրջվեց և գլուխը հպարտ-հպարտ վեր պահած հեռացավ: Նրա հետևից քարշ եկավ սպասարկող ողջ կազմը:
Հաբիկյանը տեսավ, որ իրեն այլևս վտանգ չի սպառնում, իջավ ծառից:
Աչոնիկները շրջապատեցին նրան և սկսեցին կարեկցանքով հարցնել.
-Ցուրտ է: Դուք կմրսեք: Ուզո՞ւմ եք շոր բերենք ձեզ համար:
-Բերեք տեսնեմ,- համաձայնեց Հաբիկյանը:
Փետուրիկը տուն վազեց ու բերեց կանաչ, զոլավոր մի շրջազգեստ:
-Էս ի՞նչ է,- զարմացավ Հաբիկյանը: -Ես չեմ ուզում այդ շորը հագնել: Բոլորն ինձ աչոնիկի տեղ կդնեն:
-Է, ի՞նչ կա որ: Աչոնիկ լինելը վա՞տ բան է որ:
-Վա՛տ է:
-Ինչո՞ւ: Ուրեմն, ձեր կարծիքով մենք վա՞տն ենք:
-Չէ, դուք լավն եք…- կմկմաց Հաբիկյանը,- բայց մանչուկներն ավելի լավն են:
-Ինչո՞վ են լավ, ասացեք խնդրեմ:
-Իհարկե, լավն են: Մեզ մոտ մի Տավղիկ կա: Գիտե՞ք ինչ երաժիշտ է: Դուք չեք լսել, թե ինչպես է նվագում ֆլեյտայի վրա:
-Լսել ենք: Իսկ մեր աչոնիկներից շատերը նվագում են տավղի վրա:
-Իսկ մենք Ներկամոլիկ ունենք: Մի տեսեք թե ի˜նչ դիմանկարներ է անում:
-Տեսել ենք: Դուք մի Ներկամոլիկ ունեք, իսկ մեր աչոնիկներից ամեն մեկը կարող է նկարել և նույնիսկ գործել գույնզգույն թելերով:
-Այ, դուք կարո՞ղ էիք այսպիսի գեղեցիկ սկյուռիկ գործել, ինչպես իմ գոգնոցի վրայինը,- հարցրեց Սկյուռիկը:
-Չէի կարող,- խոստովանեց Հաբիկյանը:
-Այ, տեսնո՞ւմ եք, իսկ մեզ մոտ բոլորը կարող են գործել՝ կուզես՝ սկյուռիկ, կուզես՝ նապաստակ:
-Դե, լա˜վ,- թափ տվեց ձեռքը Հաբիկյանը և վրան քաշեց շրջազգեստը:
Հագնելուն պես, նա սկսեց ձեռքերը վեր բարձրացնել, ոտքերն իրարից հեռու դնել, զննելով իրեն բոլոր կողմերից: Հաբիկյանին այդպիսի տարօրինակ զգեստի մեջ տեսնելով՝ Անգետիկը փռթկաց: Նրան հետևեցին մյուս մանչուկները:
-Ինչպե՞ս չեք ամաչում,- վրդովեց Փիսոնիկը: -Ծիծաղելու ի՞նչ կա դրա մեջ:
Բայց ծիծաղը չէր դադարում: Չորս կողմը նայելով և շուրջը միայն ծիծաղող կերպարանքներ տեսնելով, Հաբիկյանը քաշեց հանեց վրայի զգեստը:
-Լավ է, ինչո՞ւ եք հանում,- համոզում էին նրան աչոնիկները:
-Պետք չի,- վճռականորեն հայտարարեց Հաբիկյանը: -Շուտով կբերեն իմ հագուստը:
-Մեղրածաղիկը չի տա: Նա շատ խիստ է:
Ի պատասխան դրա, Հաբիկյանը միայն խորհրդավոր ժպտաց:
Երբ Մեղրածաղիկն ու ողջ սպասարկող կազմը վերադարձան հիվանդանոց, իսկույն նկատեցին, որ անհայտացել է Փնթփնթիկը: Նրանք նետվեցին հանդերձարան և տեսան, որ անհետացել է երկու ձեռք հագուստ: Հանդերձարանում մնացել էր միայն Փամփուշտիկի հագուստը:
Այդպիսով պարզվեց Փնթփնթիկի և բժիշկ Հաբիկյանի փախուստի հղացած ծրագիրը, որի համաձայն բժիշկ Հաբիկյանը պետք է մերկ փախչեր լուսամուտից: Չարագործները համոզված են եղել, որ հիվանդանոցի ողջ կազմը կընկնի նրա հետևից, այդ ժամանակ Փնթփնթիկը ազատ կներթափանցի հանդերձարան և կհափշտակի ինչպես իր, այնպես էլ Հաբիկյանի հագուստները: Ծրագիրն արդարացավ բոլոր մանրամասներով:
Մեղրածաղիկը դեռ երկար փնտրում էր Փնթփնթիկին՝ իր գողացված հագուստների հետ, և մինչ փնտրտուքը շարունակվում էր, Փնթփնթիկը թաքնվել նստել էր կռատուկ թփերի մեջ:
Չնայած թփերի մեջ նստելն այնքան էլ հաճելի բան չէր, բայց Փնթփնթիկն ուրախությունից կորցրել էր իրեն, որ վերջապես ազատվել է: Նա հրճվանքով նայում էր կապույտ, թափանցիկ երկնքին, թարմ կանաչ խոտերին: Նրա դեմքին նույնիսկ ժպիտ երևաց: Նա ինքն իրեն երդվեց կյանքում երբեք չփնթփնթալ այլևս և աշխարհում գոհ լինել ամեն ինչից, եթե միայն նորից հիվանդանոց չընկնի:
Վերջապես Փնթփնթիկը տեսավ, որ Մեղրածաղիկը մտավ հիվանդանոց: Այդ ժամանակ նա կամացուկ դուրս սողաց իր դարանից, փնտրեց գտավ Հաբիկյանին և հանձնեց նրա հագուստը:
-Ստացիր հագուստդ, ձախորդ օրվա ընկեր,- ասաց Փնթփնթիկը, Հաբիկյանին մեկնելով ձեռքի կապոցը:
Հաբիկյանը նետվեց գրկելու իր բարեկամին: Հիվանդանոցում եղած ժամանակ նրանք շատ էին մտերմացել: Հաբիկյանը արագ հագնվեց:
Շվարիկը, Երևիկը, Պտուտակիկն ու մյուս մանչուկները շրջապատեցին Փնթփնթիկին ու սկսեցին շնորհավորել նրան հիվանդանոցից բարեհաջող ճողոպրելու համար: Բոլորին զարմացրել էր նրա ուրախ տեսքը:
-Առաջին անգամ եմ տեսնում Փնթփնթիկին ժպտալիս,- ասաց Պոնչիկը:
Աչոնիկներն էլ շրջապատել ու հետաքրքրությամբ նայում էին Փնթփնթիկին:
-Ինչպե՞ս է ձեր անունը,- հարցրեց նրան Փետուրիկը:
-Փնթփնթիկ:
-Կատա՞կ եք անում:
-Գետինը մտնեմ, թե սուտ եմ ասում: Ինչո՞ւ եք այդպես կարծում որ:
-Դուք այնպես բարի, սիրալիր դեմք ունեք: Ձեզ չի սազում այդ անունը:
Փնթփնթիկի բերանը գրեթե մինչև ականջները բացվեց:
-Այդ ե՛ս չեմ սազում իմ անվանը,- սրամտեց նա:
-Ուզու՞մ եք ծառը բարձրանալ,- առաջարկեց նրան Փիսոնիկը:
-Կարելի՞ է:
-Ինչո՞ւ չէ: Ձեզ համար սղոց կբերենք, կաշխատեք բոլորի հետ միասին:
-Ինձ էլ սղոց տվեք,- խնդրեց բժիշկ Հաբիկյանը:
-Դուք դրան արժանի չեք, որովհետև արհամարհում եք աչոնիկներին, բայց մենք ձեզ ներում ենք,- ասաց Փիսոնիկը:
Աչոնիկները երկու սղոց էլ բերին, և Փնթփնթիկն ու բժիշկ Հաբիկյանը գործի կպան:
Փնթփնթիկն ասում էր, թե ծառերը մագլցելը շատ ավելի հաճելի է, քան Մեղրածաղիկի մոտ փակված նստելը:
-Եվ, բացի այդ, շատ ավելի օգտակար,- ավելացրեց բժիշկ Հաբիկյանը:
Նա գտնում էր, որ վերևում օդն ավելի մաքուր է ու հարուստ թթվածնով, քան ներքևում: Դրա համար էլ Փնթփնթիկն ու Հաբիկյանն աշխատում էին ծառի կատարին:

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներեքերորդ Անգետիկի և նրա ընկերների արկածները | Գլուխ քսաներեքերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 25, 2019 Rating: 5
Технологии Blogger.