Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին


Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ... Օ՜ սարսափ... պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունհաուզենը երբեք չի կորչի։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 10, 2020 Rating: 5
Технологии Blogger.