Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին


Վերադառնալով Անգլիա, ես ինձ խոսք տվի այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարել, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել։
Բանն այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին, չգիտեմ ինչու, փչել էր, իբրև թե աշխարհում գոյություն ունի այնպիսի երկիր, ուր հսկաներ են ապրում։
Նա ինձ խնդրեց անպատճառ գտնել այդ երկիրը և փոխարենը խոստացավ մեծ ժառանգություն թողնել ինձ։ Նա հսկաներին տեսնել շատ էր ուզում։
Ես համաձայնեցի, նավը սարքավորեցի, և ճանապարհ ընկանք դեպի Հյուսիսային օվկիանոս։
Ճանապարհին ոչ մի զարմանալի բանի չհանդիպեցինք, բացի մի քանի թռչող կանանցից, որոնք թիթեռների պես ճախրում էին օդում։
Բայց տասնութերորդ օրը սարսափելի փոթորիկ սկսվեց։
Քամին այնքան ուժեղ էր, որ մեր նավը բարձրացրեց ջրից և փետուրի պես քշեց օդով։ Շարունակ բարձրացնում էր ու բարձրացնում։ Վեց շաբաթ սլանում էինք ամենաբարձր ամպերի վրայով։ Վերջապես մի կլոր ու փայլուն կղզի տեսանք։
Դա, իհարկե, լուսինն էր։
Մենք հարմար նավահանգիստ գտանք և լուսնափ դուրս եկանք։ Ներքևում, հեռու-հեռու, տեսանք մի ուրիշ մոլորակ, որի վրա քաղաքներ, անտառներ, սարեր, ծովեր և գետեր կային։ Մենք գլխի ընկանք, որ դա մեր թողած երկիրն է։
Լուսնի վրա մեզ շրջապատեցին ինչ-որ հսկաներ, որոնք նստել էին եռագլուխ արծիվների վրա։
Լուսնի բնակիչների համար այդ թռչուններն իբրև ձի էին ծառայում։
Հենց այդ ժամանակ լուսնի թագավորը պատերազմում էր արեգակի կայսեր հետ։
Նա իսկույն ինձ առաջարկեց իր բանակի գլուխն անցնել և կռվի տանել, բայց ես, իհարկե, կտրականապես մերժեցի։
Լուսնի վրա ամեն բան շատ ավելի մեծ է, քան մեզ մոտ՝ երկրի վրա։
Այնտեղ ճանճերը ոչխարի չափ են, խնձորը ձմերուկից փոքր չէ։
Զենքի փոխարեն լուսնի բնակիչները բողկ են գործածում։ Իսկ երբ բողկ չկա, նրանք աղավնու ձվերով են կռվում։ Վահանի փոխարեն կարմիր ճանճասպան սունկ են գործածում։
Այնտեղ ես տեսա հեռու աստղի մի քանի բնակիչների։ Նրանք եկել էին լուսնի վրա առևտուր անելու։ Նրանց դեմքը շան մռութի էր նման, աչքերն էլ տեղավորված էին կամ քթի ծայրին, կամ քթածակերի տակ։ Նրանք արտևանունքներ չունեին, երբ որ պառկում էին քնելու, աչքերը լեզվով էին ծածկում։
Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում. նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա. այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում։ Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակը, որ լինում է ամիսը մի անգամ։ Նրանք տարեկան ընդամենը տասներկու անգամ են ճաշում։
Դա շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները և քաղցրասերները համաձայնեն այդքան ուշ-ուշ ճաշել։
Լուսնի բնակիչներն աճում են ուղղակի ծառերի վոա։ Այդ ծառերը շատ գեղեցիկ են. բաց-կարմիր գույնի ճյուղեր ունեն։ Ճյուղերի վրա չափազանց ամուր կեղև ունեցող ընկույզ է աճում։
Երբ ընկույզները հասնում են, զգուշությամբ հավաքում են ծառերից և մառանում պահում։
Հենց որ լուսնի թագավորին նոր մարդիկ են պետք գալիս, հրամայում է այդ ընկույզները եռացող ջրի մեջ գցել։
Մի ժամից հետո ընկույզները պայթում են, և նրանցից դուրս են ցատկում բոլորովին պատրաստի լուսնի մարդիկ։ Այդ մարդիկ սովորելու կարիք չեն զգում։ Նրանք միանգամից մեծահասակ են ծնվում, և ամեն մեկն իր արհեստը գիտե։ Մի ընկյուզից ծխնելույզ մաքրող է դուրս գալիս, մյուսից՝ երգեհոն նվագող, երրորդից՝ պաղպաղակ ծախող, չորրորդից՝ զինվոր, հիգերորդից՝ խոհարար, վեցերորդից՝ դերձակ։
Եվ յուրաքանչյուրն իսկույն սկսում է իր գործը՝ ծխնելույզ մաքրողը կտուրն է բարձրանում, երգեհոն նվագողն սկսում է նվագել, պաղպաղակ վաճառողն սկսում է գոչել. «տաք պաղպաղակ, տաք պաղպաղակ» (որովհետև լուսնի վրա սառույցը կրակից տաք է), խոհարարը խոհանոց է վազում, զինվորը կրակում է թշնամու վրա։
Ծերանալուց հետո լուսնի մարդիկ չեն մեռնում, այլ հալվում են օդի մեջ, ինչպես ծուխ կամ գոլորշի։
Նրանց յուրաքանչյուր ձեռքի վրա միայն մի մատ կա, բայց աշխատում են այնպես լավ, ինչպես մենք՝ հինգ մատով։
Նրանք իրենց գլուխը պահում են թևատակ՝ և տեղ գնալիս թողնում են տանը, որ ճանապարհին չփչանա։
Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ մինչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում։ Սա շատ հարմար է։
Երբ թագավորն ուգում է իմանալ, թե ժողովուրդն իր մասին ինչ է մտածում, մնում է տանը, պառկում գահավորակի վրա, իսկ գլուխն աննկատելի կերպով մտնում է, ուրիշի տները և լսում բոլոր խոսակցությունները:
Լուսնի խաղողը կարկուտից ոչնչով չի տարբերվում։
Ես չեմ կասկածում, որ այն կարկուտը, որ երբեմն թափվում է երկրի վրա, նույն լուսնի խաղողն է, որ փոթորիկը պոկում է լուսնի դաշտերից։
Եթե ուզում եք լուսնի գինու համը տեսնել, մի քանի կարկուտ վերցրեք և թողեք, որ լավ հալչի։
Լուսնի բնակիչների համար փորն իբրև պայուսակ է ծառայում։ Նրանք երբ ուզեն, կարող են փակել կամ բաց անել և մեջն ինչ ուզեն՝ դնեն։ Նրանք ոչ ստամոքս ունեն, ոչ փայծաղ, ոչ սիրտ, նրանց ներսը բոլորովին դատարկ է։
Նրանք իրենց աչքերը կարող են հանել ու դնել։ Աչքը ձեռքին բռնած՝ նրանք այնպես լավ են տեսնում, ինչպես գլխի վրա եղած ժամանակ։ Եթե աչքը փչանում է կամ կորչում, նրանք շուկա են գնում ու նորը գնում։ Այդ պատճառով էլ լուսնի վրա աչքավաճառներ շատ կան։ Այնտեղ ամենուր ցուցանակների վրա կկարդաս. «Էժան գնով վաճառվում են տեսակ-տեսակ աչքեր, նարնջագույն, կարմիր, բաց մանուշակագույն, կապույտ»։
Ամեն տարի լուսնի բնակիչների աչքերի գույնի մոդան փոխվում է։
Այն տարին, երբ լուսնի վրա էի, մոդաիկ էին կանաչ ու դեղին գույնի աչքերը։
Բայց ինչո՞ւ եք ծիծաղում։ Միթե դուք կարծում եք, որ ես սուտ եմ ասում։ Ո՜չ. իմ ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է, իսկ եթե չեք հավատում, ինքներդ գնացեք այնտեղ և կիմանաք, որ ես բան չեմ հնարում, այլ միայն ճշմարտություն եմ պատմում։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Երկրորդ ճանապարհորդությունս դեպի լուսին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 27, 2020 Rating: 5
Технологии Blogger.