Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հանդիպում կետ ձկան հետ


Այս բոլորից դուք կարող եք հասկանալ, որ Ցեյլոնն ինձ շատ դուր եկավ։
Ես զինվորական նավ նստեցի և ճանապարհ ընկա դեպի Ամերիկա, ուր ո՛չ կոկորդիլոսներ կան, ո՛չ առյուծներ։
Տասն օր մենք լողում էինք առանց արկածների, բայց հանկարծ Ամերիկայի մոտ մեզ փորձանք պատահեց, մենք ընդհարվեցինք ծովային ժայռի։
Զարկն այնքան ուժեղ էր, որ կայմի վրա նստած նավաստին ընկավ ծովը՝ երեք մղոն ափից հեռու։
Բարեբախտաբար, ջուրն ընկնելիս, նա կարողացավ բռնել մոտիկից թռչող կարմիր ձկնկուլի կտցից, և ձկնկուլն օգնեց նրան մնալ ջրի երեսին, մինչև որ մենք վրա հասանք ու վերցրինք։
Մենք ժայռին ընդհարվեցինք այնպես անսպասելի կերպով, որ ես չկարողացա ոտքի վրա մնալ, վեր թռա և գլուխս խփեցի իմ նավասենյակի առաստաղին։
Այդ պատճառով գլուխս խրվեց ստամոքսիս մեջ, և միայն մի քանի ամսվա ընթացքում քիչ-քիչ կարողացա դուրս հանել՝ մազերիցս ձգելով։
Պարզվեց, որ մենք ոչ թե ժայռին ենք ընդհարվել, այլ մի հսկա կետ ձկան, որը հանդարտ ննջում էր ջրի վրա։
Երբ ընդհարվեցինք կետ ձկանը, նա զարթնեց և այնպես բարկացավ, որ ատամներով բռնեց մեր նավի խարսխից և ամբողջ օրը, առավոտից մինչև գիշեր, քարշ էր տալիս օվկիանոսով մեկ։
Մեր բախտից, վերջիվերջո խարսխի շղթան կտրվեց, և մենք կետ ձկից ազատվեցինք։
Ամերիկայից վերադառնալիս, մենք կրկին հանդիպեցինք այդ կետ ձկանը։ Նա մեռած-ընկած էր ջրի վրա և կես մղոն չափ տարածություն էր գրավում։
Այդ հսկային մեր նավը քարշ տալու մասին մտածել իսկ չարժեր։ Այդ պատճառով մենք կտրեցինք միայն կետ ձկան գլուխը և ինչքան ուրախացանք, երբ տախտակամածի վրա դնելով, նրա բերանի մեջ գտանք և մեր խարիսխը և քառասուն մետր նավի շղթա, որն ամբողջությամբ տեղավորվում էր նրա մի փտած ատամի խոռոչում։
Բայց մեր ուրախությունը երկար չտևեց, մենք նկատեցինք, որ մեր նավը ծակվել է, և ջուրը լցվել է նավանբարը։
Նավն սկսեց ընկղմվել։
Բոլորը գլուխները կորցրին, գոռում, գոչում, լաց էին լինում։
Ես իսկույն գտա, թե ինչ պետք է անել։ Մինչև անգամ վարտիքս էլ չհանելով, նստեցի ուղիղ անցքի վրա և իմ հետույքով փակեցի։
Նավը փրկված էր։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հանդիպում կետ ձկան հետ Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հանդիպում կետ ձկան հետ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 17, 2020 Rating: 5
Технологии Blogger.