Գրիմ եղբայրներ | Զարմանալի երաժիշտը


Լինում է, չի լինում՝ մի զարմանալի երաժիշտ է լինում: Մի օր մենակ գնում է անտառի միջով ու միտք անում հազար ու մի բաների մասին և, երբ ձանձրանում է մտածելուց, ասում է.
-Անտառում ժամանակը դանդաղ է անցնում, պետք է մի լավ ընկեր գտնել:
Վերցնում է ջութակն ու սկսում նվագել, էնպես բարձր և ուրախ, որ ձայնը տարածվում է ողջ անտառով մեկ:
Մեկ էլ դիմացից մի գայլ է հայտնվում:
-Օ˜, գազյլը եկավ, սրան իսկի չէի ուզի տեսնել:
Բայց գայլը մոտենում է, ասում.
-Օ˜, սիրելի՛ երաժիշտ, էդ ի˜նչ լավ ես նվագում: Ես կուզեի քեզ պես նվագել:
-Դժվար բան չի: Եթե ուզում ես նվագել, ինչ որ ասեմ, պիտի անես,- ասում է երաժիշտը:
-Օ˜, ես կենթարկվեմ քեզ, ինչպես աշակերտը՝ ուսուցչին:
Երաժիշտը պատվիրում է հետևել իրեն: Մի քիչ որ գնում են, ճամփեզրին մի ծեր կաղնի են տեսնում, որ մեծ փչակ է ունենում, իսկ փչակի կեղևին՝ ճաքճքած տեղեր:
-Էստե՛ղ նստիր,- ասում է երաժիշտը, - եթե ուզում ես ջութակ նվագել, առջևի թաթերդ պիտի էս ճեղքերի մեջ մտցնես:
Գայլը ենթարկվում է, իսկ երաժիշտը մի քար է վերցնում ու դրանով նրա թաթերը ավելի ամուր խրում ճեղքի մեջ, էնպես, որ գայլը է՛լ չի կարողանում տեղից շարժվել:
-Դե՛, հիմա էստեղ սպասի՛ր, մինչև որ ես գամ,- ասում է երաժիշտն ու շարունակում ճանապարհը:
Շատ ժամանակ է անցնում թե քիչ, Աստված գիտի, էս երաժիշտն էլի ասում է.
-Անտառում դանդաղ է անցնում ժամանակը, լավ կլիներ՝ մի ուրիշ ընկեր գտնեի:
Էլի վերցնում է ջութակն ու սկսում նվագել: Շուտով թփերի միջից մի աղվես է դուրս գալիս:
-Ըհը՛, հիմա էլ աղվեսն եկավ, սրան էլ չէի ուզի տեսնել,- ասում է երաժիշտը:
Իսկ աղվեսը մոտենում է նրան ու ասում.
-Օ˜, սիրելի՛ երաժիշտ, ի˜նչ հրաշալի ես նվագում: Ի՛նձ էլ սովորեցրու, խնդրում եմ:
-Ի՞նչ կա որ, հեշտ է սովորելը, միայն թե ինչ որ ասեմ, պիտի անես,- ասում է երաժիշտը:
-Օ˜, երաժի՛շտ, ես կենթարկվեմ քեզ, ինչպես աշակերտը՝ ուսուցչին:
-Որ էդպես է, արի՛ իմ ետևից:
Էդպես որ մի քիչ գնում են, հասնում են մի արահետի, որի երկու կողմերում պնդուկի թփեր են լինում: Երաժիշտը բռնում է երկու կողմերի թփերը, կռացնում, հասցնում գետնին ու ասում.
-Դե՛, աղվես ջան, եթե իսկապես շատ ես ուզում նվագել սովորել, առջևի ձախ թաթդ տո՛ւր ինձ:
Աղվեսը մեկնում է թաթը: Երաժիշտը բռնում է և ամուր կապում ձախ թփից:
-Իսկ հիմա ա՛ջդ տուր, աղվե՛ս ջան,- աջն էլ կապում է աջ կողմի թփից: Հետո, երբ ստուգում է, որ ամուր է կապել, բաց է թողնում աղվեսին: Ճյուղերն ուղղվում են և իրենց հետ վեր թռցնում աղվեսին, որը օդում սկսում է թպրտալ:
-Դե՛, հիմա էդտեղ սպասի՛ր, մինչև որ գամ,- ասում է երաժիշտն ու առաջ շարժվում:
Գնում է, գնում, երբ էլի ձանձրանում է, ասում է.
Անտառում ժամանակը դանդաղ է անցնում, ա՛յ թե մի լավ ընկեր հանդիպեր:
Սկսում է ջութակ նվագել, ու նվագի ձայնը տարածվում է ամբողջ անտառում: Մեկ էլ մի նապաստակ է հայտնվում:
-Ըհը, հիմա էլ նապաստակն եկավ, իսկ ես սրան չէի սպասում:
-Օ˜, սիրելի՛ երաժիշտ,- ասում է նապաստակը,- ի˜նչ հրաշալի ես նվագում, ես էլ կուզեի նվագել իմանալ:
-Դա շատ հեշտ բան է,- ասում է երաժիշտը,- միայն թե դու պետք է կատարես իմ բոլոր պահանջները:
-Օ˜, երաժի՛շտ, -պատասխանում է նապաստակը,- ես կենթարկվեմ քեզ, ինչպես աշակերտը՝ ուսուցչին:
Էդպես մի քիչ գնում են, հասնում են անտառի բացատը: Բացատում մի բարդի է լինում: Երաժիշտը երկար պարանը կապում է նապաստակի վզին, իսկ մյուս ծայրը՝ ծառին:
-Իսկ հիմա, նապաստա՛կ, քսան անգամ վազի՛ր ծառի շուրջը,- ասում է երաժիշտը:
Նապաստակը քսան անգամ վազում է ծառի շուրջը ու կպչում է ծառին: Որքան էլ որ քաշում է, քաշքշում պարանը, կրծում, կրծմրծում, ոչինչ չի ստացվում:
-Դե՛, հիմա էստեղ սպասի՛ր, մինչև որ ես գամ,- ասում է երաժիշտն ու գնում:
Գայլն էնքան քաշում, քաշքշում է, կրծմրծում քարը, որ արյունաթաթախ թաթերն ազատում է ճեղքերից ու կատաղած ընկնում երաժշտի ետևից, որոշում է պատառ-պատառ անել նրան: Աղվեսը տեսնում է վազող գայլին, սկսում է ոռնալ ու ծվծվալ և կոկորդով մեկ կանչել.
-Գա˜յլ եղբայր, գա˜յլ եղբայր, օգնությա՛ն հասիր, երաժիշտը խաբել է ինձ:
Գայլը կռացնում է պնդուկի թփի ճյուղերը, կրծում պարանը ու ազատում աղվեսին: Ու երկուսով վազում են, որ հասնեն երաժշտին, վրեժ լուծեն:
Ճանապարհին հանդիպում են նաև կապած նապաստակին, նրան էլ են ազատում, ու երեքով գնում են իրենց թշնամուն որոնելու:
Իսկ երաժիշտը շարունակում է նվագել անտառում, բայց էս անգամ նրա բախտը բերում է, փայտահատն է լսում նրա նվագը ու աշխատանքը թողնում, կացինը ձեռքին գալիս է նրան լսելու:
-Վերջապես իսկական ընկեր գտնվեց ինձ համար,- ասում է երաժիշտը: -Չէ՞ որ ես մարդ էի փնտրում, ոչ թե վայրի գազաններ:
Եվ սկսում է նվագել, էնպես գեղեցիկ, էնպես հրաշալի, որ խեղճ փայտահատը կանգնում է հմայված, սիրտը լցվում է հրճվանքով: Էդ ժամանակ հայտնվում են գայլը, աղվեսն ու նապաստակը: Փայտահատն անմիջապես զգում է, որ նրանք վատ մտադրություն ունեն, կացինը բարձրացրած կանգնում է երաժշտի առաջ, ուզում է ասել՝ ով համարձակվի ձեռք տալ նրան, ինձ հետ գործ կունենա: Գազանները վախից թողնում են ու փախչում անտառ, իսկ երաժիշտը երախտագիտությունից մի անգամ էլ է նվագում փայտահատի համար ու շարունակում է իր ճամփան:

Թարգմանությունը ռուսերենից՝ Ամալյա Ղուկասյան

Գրիմ եղբայրներ | Զարմանալի երաժիշտը Գրիմ եղբայրներ | Զարմանալի երաժիշտը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 09, 2020 Rating: 5
Технологии Blogger.