Հրանտ Մաթևոսյան | Սկիզբը

Հրանտ Մաթևոսյան
I

Դույլը այնտեղ չէր, ուր նիրհել էր եղնիկների ընտանիքը՝ հայրը, մայրը և հորթուկ-տղան: Դույլը այդտեղ չէր: Չի կարելի ասել փարախ, որովհետև փարախը շատ, կեղտոտ ոչխար ու անհամ կատակ է: Մի գորգի չափ տեղին, ուր մինչև տղայի գալը նիրհել էր եղնիկների ընտանիքը, չի կարելի փարախ ասել և չի կարելի եղնիկների նստատեղ, նիստ, եղնանիստ ասել, որովհետև հրացանավորված կգան: Թուքը պետք է կուլ տալ և այս տեղը, ուր քիչ առաջ նիրհել է եղնիկների հայր-մայր-հորթ ընտանիքը, պահել քո մեջ հենց այսպես առանց անունի – գորգի չափ հարթ մի տեղ, կարմիր երեք եղնիկ, շողի մեջ դեղնականաչ մոռի մի թուփ և լուռ անտառ: Մոռի թփից ներքև, մոռուտում, լռության մեջ մոռ է քաղում տղան: Մոռերը հեշտ են քաղվում՝ որովհետև տղան ճիշտ քաղվելու օրն է գտել մոռուտը, և ոչ մի մոռ գետնին չի ընկնում՝ որովհետև այդ մոռուտի բոլոր թփերը միայն տղայինն են: Եղնիկները միայն տղայինն են. եղնանիստը միայն տղայինն է, այնտեղ տղայի լիքը դույլն է. եղնիկի մեկ, երկու, երեք նստատեղ ու մորու տափակված թփերից մի քիչ հեռու տղայի դույլն է: Դույլն արդեն լիքն է, բայց չի կարելի այս մոռուտի տեղն ասել, որովհետև խումբ տված կգան: Կգան կքաղեն, կտրորեն, կկշտանան կամ չեն կշտանա, կոխ կբռնեն, կգլորվեն, ուսուցչուհու զգեստի մասին հիմարություններ կասեն և գյուղ կիջնեն դույլերին դհոլ խփելով: Եվ քանի որ մոռ չեն տանի՝ եղնիկների մասին բարի լուր կտանեն: Մեծերը նրանց կծաղրեն՝ շիտա՞կ, շիտակ-շիտակ: Մեծերը նրանց չեն լսի, բայց մեկ էլ սուսուփուս, կարծես ճանապարհից թեքվում են միզելու, կմտնեն անտառ: Կրակոց չի լինի, ծուխ չի ելնի, նրանք միմյանց բան չեն ասի, նրանք միայն կնայեն ու գյուղավարի հանդարտ կթարթեն աչքները, բայց եղնիկներն այլևս չեն լինի:
Մոռով լիքը կռատուկի թերը փորին պահած՝ տղան չտեսավ դույլը եղնիկների գահի մոտ, ուր դրել էր ինքը և մտքի մեջ զգացել, որ ինքն ահա քաղում է իր մոռը իր մոռուտում, իր եղնիկների մոտ: Տղան չգտավ նաև մոռի դեղնականաչ թուփը և կարծեց սխալվել է: Մոռի մենավոր մի թուփ կար, բայց դեղնականաչ չէր: Քիչ հեռվում մենավոր եղինջն էր դեղնականաչ: Շողն ուրեմն սահել էր մոռի թփից, գնացել ընկել էր եղինջին ու դարձրել դեղնականաչ: Տղան, ոչ, չէր սխալվել. տեղն այն տեղն էր, ուր նա դրել էր դույլը:
Տղան տեսավ, որ ինքը պարպվում է իրենից ու խլանում է և իր մեջ զզվանք է ուռչում նրա դեմ, ով այստեղ էր և փոխել էր դույլի տեղը: Տղան իր մեջ լսում էր նրա թաքուն քռքռոցը, տեսնում էր մտերիմ դավադրի նրա դեմքը, զգում էր նրա մեջ արթնացող գողին, որ հանկարծ կարող էր մտերիմ կատակը լրջացնել. տղան զզվում էր նրա կատակից, զզվում էր նրա մտերմությունից, զզվում էր նրանից այն բանի համար, որ նա եկել ու տնկվել էր հենց այս մոռուտի գլխին: Տղայի ծոծրակն զգում էր նրա հայացքը, տղան զզվում էր նրա հայացքից, տղայի թիկունքն զգում էր նրա շունչը, նա շունչը պահել էր, տղան ատում էր նրա շունչը, տղան շուռ եկավ տեսնելու նրան իր ետևում, տեսավ նրան, բայց հետո նա չկար, իսկ տղայի փորը թրջվել էր: Կռատուկի թերի մեջ մոռը ճմռվել էր, հյութը մատների արանք էր ծծվում, իսկ շապիկը փորի վրա դարձել էր թանաքագույն:
Դույլը դեղնականաչ եղնջի կողքին էր: Որպեսզի մարդու իր հոտը և դույլի իր մոր հոտը և իրենց ամբողջ տան հոտը չընկներ ու մնար եղնիկների գահին և հայր-մայր-հորթ եղնիկները տղայի մտքում միշտ այդտեղ լինեին և նրանց մոտ տղան քաղելիս լիներ իր մոռը՝ տղան դույլը դրել էր նիրհարանից հեռու եղնջի մոտ, բայց միևնույն է՝ տղան ատում էր նրան, ով քիչ առաջ համարյա թե այստեղ էր, ում պատճառով ճմռվեց մոռը կռատուկի թերի մեջ տղայի փորի վրա: Դույլը մի քիչ, մի մատ թերատ էր, կարծես թե դույլի կողքին նստել էին ու հատ-հատ կերել երեսի մի փռվածքը: Կարելի էր ձեռքերը ծնկներին դրած կռանալ բույրի վրա, նայել, խլանալ և տեսնել, թե ժամանակի մեջ ինչ շշուկով է անջատվում բույրը և ինչպես է իջնում մոռը և ինչպես է թերատվում դույլը և դառնում այնպիսին, կարծես այդտեղ նստել են, դույլը քաշել ոտքերի արանքն ու կերել երեսի մի փռվածքը... Տղան ատում էր նրան, ով կարող էր այդպես առնել նրա քաղած մոռը իր ոտքերի արանքը և ուտել մի քիչ կատակով, մի քիչ արհամարհանքով, իսկ ընդհանրապես՝ անտարբեր, ինչպես որ եզն է կոխում քո ոտքը:
Կռատուկի թերը, ճմռված մոռը մեջը, տղան դրեց դույլի վրա, կռատուկի թերը բացեց, փռեց երեսով մեկ և ճմռվածը փռեց թերի երեսով մեկ, որպեսզի հանդիպողները եթե կանգնեցնեին՝ մի երկու հատիկ ուտեին ճմռվածից: Ուտեին ճմռվածից և գովեին շիլ Եղըշի մինուճարին և իբր թե շոյում են՝ մատները սրբեին նրա գլխի մազերով: Մոռի ճմռված շերտի տակ կռատուկի թերի կանաչ եզրերը երևում էին, երևում էր, որ մինուճարը մեծ ճագարի ու շլդիկների համար տանում էր շատ լավ մոռ, բայց տղան կանաչ եզրերը թողեց բաց:
Հետո տղան դույլի մոտ նստել էր, մնչում ու օրորվում էր: Չէր ուզում տուն գնալ, չէր ուզում մնալ անտառում: Եթե ուզում էր՝ լսում էր գյուղի ձայները, եթե ուզում էր՝ գյուղը չկար, միայն անտառի լռությունն էր: Մարդիկ եթե չլինեին՝ աշխարհը տխուր կլիներ: Շատ խոտ կլիներ, խոտերի միջով գետը կգնար, սպիտակ թիթեռը խոտերի վրայով դեսուդեն կքշվեր... տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես: Ինչո՞ւ է պտտվում բազեն: Ինչո՞ւ են կանգնած ծառերը: Կանգնած են ու միայն կանգնած են: Պտտվեց-պտտվեց ու, ասենք թե, ընկավ ու մի լոր խփեց, հետո՞: Հետո դարձյալ պտտվում է: Երբ պտտվում է՝ գեղեցիկ ու տխուր է, չգիտես ինչ իմաստ, բայց գեղեցիկ ու տխուր մի իմաստ է լինում: Ինչպե՞ս է առաջացել երկիրը, ո՞ւր են գնում գետերը, ի՞նչ է մտածում ձին՝ երբ չի արածում և չի շարժվում, այլ ժամերով կանգնած մտածում է, ո՞ր ծովից ինչ անտառների վրայով են գալիս ամպերը, ինչո՞ւ երեկոները լինում են այդպես տխուր, մտածկոտ ու ծանր, իսկ առավոտները՝ այդպես մաքուր ու հիմար, ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը: Հետո այդ բազեին նայում ես մոտիկից՝ և ձեռքերդ քաշվում են թևքերիդ մեջ – կտուցը, մագիլները, աչքերը ճանկռտում են:
Հեռու ծովերի երկնքում ամպերը բացում են իրենց թևերը և ճանապարհ են ընկնում գալու անձրևելու մեր ձորում մեր անտառի վրա: Անձրևը խաղաղ խշշում է տերևների մեջ: Եվ ապրում են, այդպիսով, մի հաճարկուտ, մի երկու եղնիկ, մի երկու կաղնի, մի քանի աղբյուր ու մի գետակ: Խանձված տափաստանները ճանապարհին ինչո՞ւ չեն կարողանում քաշել ու կողոպտել, երկնքից իջեցնել, քամել-կողոպտել մեր ամպերը. խանձված անապատների վրայով մեր ամպերը երևի շատ երկնքից են անցնում, անապատների շունչը չի հասնում ամպերին: Ոչ, ծանր ամպերը չեն կարող անցնել անապատների վրայով շատ երկնքից, ծանր ամպերը շարժվում են երկիրը լիզելով: Ամպերը ունեն մեր ձորը մտնելու հատուկ իրենց ճանապարհը. ծովից դուրս են գալիս ու գետն ի վեր, գետն ի վե՜ր ձորերով գալիս. գետից նույնպես ջուր են վերցնում, և շատ չեն վերցնում՝ որպեսզի տեղնուտեղը չպայթեն, քիչ չեն վերցնում՝ որպեսզի ծանր լինեն և քամին ձորից չհանի. սարն անցնում են գիշերով, լսվում է թե նրանք ինչպես են խշշում ոչխարի բրդի մեջ, և մանր ձորակներն ի վար մտնում են մեր կիրճ. չոբանը սարի գլխից նայում ու տեսնում է, որ դեղին անապատը մնացել է դեղին անապատ, իսկ ամպը մի քիչ խոնավացրել է ոչխարների բուրդը և կիրճն ի վար հեռանում է: Չոբանը թքում ու հայհոյում է ամպի ետևից: Ի՞նչ է հայհոյում: Թուրքերեն չգիտեմ: Ամպը անապատն անցավ. մեր ամպը գալիս է դեպի մեր անտառ, իսկ չոբանը սարի գլխին ծարավ մնաց: Նրա ոչխարները իրար վրայից լիզում են խոնավ բուրդը: Ոչխարները բուրդ են ուտում, և չոբանը գժվում է, որովհետև ամբողջ հոտը կկոտորվի: Չոբանն ուզում է հոտը խրտնեցնել, ցրել, չոբանը թուրքերեն մի հատուկ ծղրտոց է հանում, հոտը ցրվում է, հետո կանգնում, մայում ու մայելով իրար մոտ են գալիս: Չոբանի քուրքը խոնավ է, չոբանը բղավում է, բայց ոչխարները չեն փախչում, հավաքվում ու կրծում են չոբանի քուրքը, ձեռքերը, լիզում են աչքերը: Ինչ անեմ, ասաց տղան, դու էլ քոչիր քաղաք:
Տղան ձեռքերը թևքերի մեջ քաշեց, և չոբանն ինքը չէր, բայց այդպիսի մի բան այդ պահին որևէ տեղ լինում էր: Տղան տնքաց ու լսեց իր տնքոցը: Եվ իր հոր տնքոցը: Եվ իր ցեղի տնքոցը: Եվ ամբողջ դպրոցի ծիծաղը իր տնքոցի վրա: Եվ մեծերի անցողիկ լուռ հայացքը իր հորը, «Եղիշը մտածում է», և նրանց հայացքը լիքն է կծված հեգնանքով: Նրանց հայացքում ոչինչ չի գրված միայն եղնիկ խժռելու մասին, նույնիսկ ընդհակառակն էլ չի գրված, գրված է միայն, որ շիլ Եղիշը տասներկու շլդո ունի և տասներկու շլդոն տասներկու ծառի տակ նստած մտածում են անապատի թուրքի մասին ու տնքում:
Տղան ելավ, կանգնեց ու ծառերի արանքով տեսավ գյուղը: Տղան վերցրեց դույլը, դույլը ծանր էր, և ամբողջ գյուղի դեմ կանգնեց իր բեռը ձեռքին:
II
– Ուրուր-ուրուր-ուրուր, հո՜ւյ: Հույ-հո՜ւյ:– Տատը գործ էր անում – րոպեն մեկ թաղի հավերին իմաց էր տալիս ուրուրի մասին և կարծում էր գործ է անում:
Ուրագը թե կացինը փայտի վրա խուլ թխկաց, թխկաց, թխկաց, չխկչխկաց ու սուր զնգաց. ուրեմն կացինն էր, երկաթե սեպը դուրս պրծավ: Հորեղբայրը սայլ էր սարքում, հիմա առեղ էր ճղում, երկաթե սեպը թեքվեց ու թռավ միջից: Հորեղբայրը չհայհոյեց: Հորեղբայրը հայհոյող չէ: Սեպի ետևից լուռ նայում է, հետո ճոճվելով գնում, մի րոպե կանգնում է սեպի մոտ և կոտրվելու պես հանկարծ կռանում-վերցնում ու գալիս: Ճոճվում է ոչ թե կողքից կողք, այլ՝ ետուառաջ, գնացող ձիու գլխի պես: Կացինն ու սեպը թե կռանն ու սեպը չխկացին, չխկչխկացին ու միանգամից ծանր վնգացին: Նորից վնգացին: Նորից: Վերջինը կարճ ու խուլ էր: Սեպն այնտեղ մինչև վերջ խրվել էր փայտի մեջ, իսկ տղան անտառում ատամները սեղմած սպասում էր լսելու ճղվող փայտի ճայթյունները: Փայտը լուռ ու խուլ էր, փայտի մեջ խեղդվում էր սեպը, և սեպի հետ խեղդվում էր տղան: Եվ հորեղբայրը սեպին չէր օգնում: Հորեղբայրը կռանը ձեռքին կանգնել էր և սպասում էր, թե փայտն արդեն կճեղքվի, և հայացքով ուրիշ սեպ էր փնտրում, բայց ավելի շատ սպասում էր, թե փայտն արդեն կճեղքվի:
– Արայիկ ջան, Արայի՜կ... Արայիկ, Արա՜...
Տղան ծամածռվեց ու ականջներից թոթափեց այդ կանչը և հասկացավ, որ հորեղբայրը պատի տակից վերցրել է, ճոճվելով բերում է սեպը: Հիմա հասավ, հիմա կանգնած է փայտի մոտ և լսում է փայտի խուլ տնքոցը, հիմա կոտրվելու պես հանկարծ կռացավ, սեպի ծայրը դրել է փայտի այն տեղին, որտեղից արդեն անցել է ճեղքը, բայց չի երևում: Հորեղբայրը կացինը հիմա բարձրացրել է, սեպը տեղում հաստատելու է:
Կացինը չէր իջնում: Լուռ էր: Միակ սեպը խեղդվում էր փայտի մեջ, իսկ հորեղբայրը չէր օգնում: Թե՞ փայտն արդեն արևի մեջ իր սպիտակ միջուկը բացել ու արդեն մարմրում էր արևի մեջ, իսկ հորեղբայրը աչքերը թարթում և ուզում էր սպիտակ միջուկի վրա որևէ իմաստ մտածել ու չէր կարողանում: Տղան հասկացավ, որ լինելու է այնտեղ հորեղբոր դռանը, ճեղքված հացենու վրայով հորեղբորն է պարզելու մոռ՝ կռատուկի թերի մեջ, իր ձեռքը մի պահ այդպես մեկնված է լինելու հորեղբորը, և այդ լինելու է փայտի թարմ բույրի մեջ: Եվ այդպես լուռ միմյանց են նայելու սպիտակ միջուկը – ինքը – հորեղբայրը: Եվ արևածաղիկը:
Չի կարելի հորեղբորը հիմար հարցեր տալ: Ձին մտածո՞ւմ է թե չի մտածում. երբ մառախուղը սողում է ձորերով վեր դեպի ուրթ և դու նստած ես ու նայում ես՝ ինչո՞ւ է մի տեսակ ահալի, քո մեջքն ինչո՞ւ է փշաքաղվում. մոնղոլի աչքերն ինչո՞ւ են նեղ, թող նեղ լինեն, տեսնում են՝ բավական է, բայց դու չես հասկանա, թե այդ նեղ աչքերի ետևում ի՞նչ նպատակ ունի մոնղոլը քո մասին՝ մտածում է սպանե՞լ թե բարևել: Թուրքերը մոնղո՞լ են: Թուրքերը լաց լինո՞ւմ են: Թուրքերը ծիծաղո՞ւմ են: Նրանց ծիծաղը նմա՞ն է մեր ծիծաղին թե մի ուրիշ տեսակ է՝ չգիտես ծիծաղ է թե չար միտք. ոչխարը ծարավից իրո՞ք խելագարվում է, իսկ կարո՞ղ է պատահել, որ հին թուրքերի դրոշին խելագար ոչխար էր նկարած և մեր հայերը վախից փախչում էին: Հորեղբոր դռանը կարելի է նստել, տնքալ և չհիշել քո հին հարցերը, որովհետև այնտեղ հորեղբայրն է, մեղվանոցը և տանձենին: Եվ արևածաղիկը: Տղան իրենց դռանը արևածաղիկ ցանեց. այդ շուտ էր՝ երբ տղան փոքր էր, տղան մի քանի օր նստեց հորեղբոր դռանը, բայց հորեղբայրը չհասկացավ իր ուրագը նվիրել տղային: Իսկ տղայի արևածաղիկը հենց որ ուզում էր պայծառ լինել՝ շլդոները չքացրին: Եվ լավ եղավ, որ հորեղբայրը չհասկացավ, որ երբ տղան նստած տնքում էր տանձենու մոտ փայտի բուրմունքի մեջ՝ մտքի մեջ ուզում էր հորեղբոր ուրագը. այդքան շլդոների մեջ անհնար է ունենալ որևէ բան: Ինչը որ տղայինն է և շլդոները չեն կարող խլել ու խժռել՝ հորեղբոր դռանը նստելն է: Օրվա մեջ ու ամառվա մեջ տղան հարյուր տեղ է լինում, բայց հետո միայն հիշում է, որ ինքը նստած էր հորեղբոր դռանը փայտի բուրմունքի մեջ:
Հարկավոր էր գյուղ իջնել, տուն գնալ, բայց տղան չէր ուզում գնալ: Տղան զգում էր, որ չի ուզում գնալ և կարծում էր չի ուզում գնալ այն պատճառով, որ իր դույլը գոնե, շլդոների կույտի տակ ընկնելուց առաջ, մի քիչ էլ մնա իր մոտ, հաճարենու տակ, լռության մեջ: Ապա տղան տեսավ, որ ինքն ու հորեղբոր անունը լռության մեջ վաղուց իրար կողքի են:
ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՌ
1916 թ
խոզ էի պահում
մի ամպոտ օր էր
Իր ժամանակից տղան հանեց հորեղբոր ժամանակը՝ և այդպես քիչ էր, քառասունմեկ տարի էր, տղան սակայն վախեցավ իջնել հորեղբոր ժամանակի մեջ: Եվ տղան չհասկացավ՝ անցած այդ ժամանակը, երբ թուրքերը Ղազարյան Մեսրոպ պապի հորն սպանել են և թաքուն ուրիշ երկուսի էլ են սպանել, և հաճարենին այդպես կանգնած է եղել, գիրն այդպես դաջված է եղել լուռ կեղևին և միջուկն այդպես ներսում, ներսի ներսում, խուլ, լուռ, մութ... այդքանը այդպես շա՞տ ժամանակ է թե քիչ, թե՞ ժամանակը չէ, մի ուրիշ բան է: Երևի հաճարենու ժամանակ է, ձիու ժամանակ է՝ երբ ձին կանգնած մտածում է, ձեր դասերը վերջացել են, քեզ ուղարկել են խանութ և դու գնացել ու եկել ես, հիմա աղջամուղջ է, դու գետակն անցել ես, գետակը կայծկլտում ու քչփչում է, գնում ես ուլը բերելու, ձեր ժամանակն ու ձայներն անցնում են ձիու ականջների վրայով, իսկ ձին կանգնած է մի տեսակ ինքն իր ներսում, իր ժամանակն էլ իր ներսում է, և մտածում է:
Տղան նստեց բնի մոտ ծառի տակ, ձեռքը քսեց ու պահեց բնին և նայեց ծառի հասակն ի վեր: Բունը գնում ու գնում էր, տղայի շունչը կտրվեց, իսկ բունը դեռ գնում էր, մինչև որ երկուսվեց, դարձավ երկու բուն. գլուխը ետ նետած, ցավագին տնքալով՝ տղան շունչ առավ, մի քիչ սպասեց և բներն ի վեր ելավ մինչև կատարները, և վերևն այլևս սպիտակ երկինքն էր, բռնելու տեղ չկար: Կատարները ճոճվում էին: Գնում ու գալիս էին: Կատարները գնում էին, գնում էին դանդաղ ու համառ, կարող էին գնալ ու գնալ, բայց մի պահի անշարժանում էին, ծառը տնքում էր, տղան ծառի հետ տնքում էր, կատարներն սկսում էին գալ: Գալիս էին ակամա և հենց որ կանգնում էին բնի ուղիղ գլխին՝ ծառը ինքը իրեն թոթափում ու ելնում էր վեր, մի քիչ էլ վեր: Ծառը բարձրացել էր այդպես ճոճվելով, ճոճվելով: Դանակի կոթը պինդ բռնած, պարանոցը ցավելու չափ գլուխը ետ գցած, տղան սկսեց իջնել զույգ բներն ի վար, իջավ ու խցվեց զույգ բների արանքը: Մնացյալը, մինչև գետին, լրիվ ողորկ էր ու հաստ: Տղան հասկացավ, որ զույգ բները միասին չեն ճոճվում, այլ մոտենում, սեղմվում ու հեռանում են, և ծառը տնքում է այն ժամանակ՝ երբ հեռանում են, և տնքում է՝ երբ սեղմվում են: Զույգ բները անկենդան ուժով իրար են գալիս և արանքը սեղմվում է, բայց բունը ողորկ ու հաստ էր, կարելի էր կատվի պես ծեփվել ու մնալ բնին կպած, սակայն անհնար էր իջնել այդ բունն ի վար, և տղան արանքից դուրս եկավ ու, ոչ այնպես արագ ինչպես մտքով է լինում և ոչ այնպես դանդաղ ինչպես իրոք է լինում, մագլցեց դեպի կատար՝ վախենալով նայել ներքևի նեղ արանքին: Կատարներից դենը գլխապտույտ երկինքն էր, բռնելու բան չկար, ճյուղերը բարակ էին, թանձր ամպի տակ արծիվն ազա՜տ ճախրում էր: «Իմ գործը չի, դու բարձրացել ես՝ դու էլ իջիր», ասաց տղան և տեսավ, որ իր ձեռքը ծառի բնին է, ծառի բունն ու իր ձեռքը միասին են, իր ձեռքը ժամանակավոր է ծառի բնին, ամեն պահի կարող է անջատվել բնից, և ծառն ապրում է ինքն իր մեջ և տնքում է ինքն իր ներսում, և ծառի հետ ապրում է հորեղբոր անունը: Ծառը գրերն առել էր իր մեջ և իր հետ լայնացրել, իր հետ ձգել, կեղևի մեջ գրերը ցրվել էին:
ՔԱՌ այսինքն Քառյան: ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՌՅԱՆ – ԱՐԱՅԻԿ ՔԱՌՅԱՆ: Տարօրինակ էր, որ հորեղբայրը միաժամանակ այնտեղ էր, «խոզ էր պահում», և այստեղ էր, սայլ էր սարքում: Մի տեսակ՝ ձիու ժամանակ էր: Հորեղբոր նստած տեղը, տղան նստել էր ճիշտ հորեղբոր նման՝ ոտքերը չռած, աճուկները ցավում էին, ինչպես որ հորեղբոր աճուկներն էին ցավել, բայց նա դիրքը չէր փոխում, որովհետև այդ ծառին որևէ բան գրելու ամենահարմար դիրքն այդ էր: Հորեղբայրը Քառյան էր – և ինքն էլ Քառյան էր, հորեղբոր աճուկները ցավել էին – և իր աճուկներն էին ցավում, և ինքը հորեղբոր հետ հին ծառային ժամանակի մեջ էր, «խոզ էր պահում». տղան ելավ, աճուկները ցավում էին, ոտքերն իրարից հեռու կանգնեց ու նայեց.
ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՌ
1916 թ.
խոզ էի պահում
մի ամպոտ օր էր
ԱՐԱՅԻԿ ՔԱՌ
– Արայիկ, Արայի՜կ... Ինչքան քաղել ես՝ քաղել ես, արի, արի՜...
Տղան հասկացավ, որ ինքն անտառում է արդեն շատ ժամանակ, մոր ձայնն իր ականջների վրայով անընդհատ է անցել, որ տատն էլ այդպես կանչել է, և իր ականջներում է հեռու ժամանակների մեջ տատի կանչը հորեղբորը՝ Անդրանիկ, Անդրանի՜կ... խոզերը թող՝ արի՜, խոզերը թող՝ արի՜... «Հիմա կգամ», մտքի մեջ պատասխանեց տղան, ծառից հեռացավ, կանգնեց:
Կանգնեց, ձեռքերը գրպաններն առավ, նայեց ուրիշ կողմ և դարձավ գյուղից իր համար միամիտ եկող-անցնող: Եկող-անցնող, որ մտածում է... որ գնում է, այսպես, բերելու իրենց ուլը և ոչ թե փնտրում է հաճարենու բնին Քառանց Անդրանիկի-Քառանց Արայիկի անունները: Ուլի մասին մտածելով տղան գնաց, ուլի մասին մտածելով կողքանց գողունի նայեց, ուզեց չտեսնել, իր կարծիքով կարողացավ չտեսնել, բայց տեսավ, և տհաճ էր. հին ծառային ժամանակների մեջ խոզ էին պահում ծառը, Անդրանիկը, «մի ամպոտ օր էր»...

Հրանտ Մաթևոսյան | Սկիզբը Հրանտ Մաթևոսյան | Սկիզբը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 14, 2020 Rating: 5
Технологии Blogger.