Լև Տոլստոյ | Երեք արջի հեքիաթը

Լև Տոլստոյ
 1

Մի աղջիկ է լինում, էս աղջիկը մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում ընկնում անտառը։ Անտառում մոլորվում է, ճամփի է ման գալիս՝ ճամփա չի գտնում, ու գալիս է դեմ առնում մի տնակի։

Դուռը բաց է լինում։ Նայում է, տեսնում է տանը ոչ ոք չկա։

Ներս է մտնում։ Դու մի՛ ասիլ՝ էս տնակում երեք արջ են ապրում՝ հերը, մերը և իրանց քոթոթը։ Էդ ժամանակ գնացած են լինում անտառը ման գալու։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ մինը սեղանատուն, մյուսը ննջարան։

Էս աղջիկը սեղանատունն է մտնում, տեսնում է սեղանի վրա դրած երեք աման ապուր։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն մի ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։

Աղջիկը առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Հետո վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։

Հետո վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է փոքր ամանի ապուրը համով է։

Ուզում է նստի՝ տեսնում է երեք աթոռ` մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ վեր է ընկնում։ Նստում է միջակ աթոռին՝ տեսնում է անհարմար է։ Նստում է փոքր աթոռին, քեֆը գալիս է, էնքան լավն է լինում։ Վերցնում է փոքր ամանը, դնում է ծնկներին ու սկսում է փոքր գդալով ուտել։

Ուտում է կշտանում ու սկսում է օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկը վեր է ընկնում։

Վեր է կենում, աթոռը ետ բարձրացնում ու մտնում մյուս սենյակը։

Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում, մինը մեծ, մյուսը միջակ, երրորդը փոքր։

Պառկում է մեծ մահճակալի վրա՝ տեսնում է շատ է լեն։ Միջակի վրա է պառկում՝ տեսնում է շատ է բարձր։ Փոքրի վրա պառկում, տեսնում է հենց իրենն է որ կա, ու քնում է։

Արջերը քաղցած գալիս են, որ ճաշեն։ Հերը մոտենում է իր ամանին, մտիկ անում ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Մերը մտիկ է անում իր ամանին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է կերել իմ ամանից։

Քոթոթն էլ, որ տեսնում է իր դատարկ ամանը, ծըմըրում է.

— Էս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հերը նայում է իր աթոռին ու գոռում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Մերն է նայում իր աթոռին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից ժաժ տվել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու ծըմըրում է.

— Էս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակը։

Հերը նայում է իր մահճակալին ու զարհուրելի գոռում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնին ու տրորել։ Մերը նայում է իր մահճակալին ու փնթփնթում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնի վրա ու տրորել։ Քոթոթն է նայում իր անկողնին ու ծըմըրում.

— Էս ո՞վ է պառկել իմ անկողնում։

Հանկարծ աղջկանը նկատում է ու էնպես ճղղում, կարծես թե մորթում էին իրեն։

— Էս ո՞վ է... գտել եմ... հրես բռնեցեք... վայ... վայ... բռնեցեք։

Եվ ուզում է աղջկանը կծի։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բաց անում, տեսնում է՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու էս բոլորը երազ է եղել։


Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյան 


Տես նաև Լև Տոլստոյ Հեքիաթներ

Լև Տոլստոյ | Երեք արջի հեքիաթը Լև Տոլստոյ | Երեք արջի հեքիաթը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 23, 2020 Rating: 5
Технологии Blogger.