Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ երրորդ

Ալեքսանդր Միլն
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Որտեղ Թուխը և դնչիկը որսի են դուրս գալիս և քիչ է մնում բռնեն Բոբոյին


Վինի֊Թուխի լավագույն ընկերը՝ Դնչիկ անունով փոքրիկ խոզուկը, ապրում էր մի մեծ, շատ֊մեծ տան մեջ, մի մեծ, շատ֊մեծ ծառի փչակում։ Ծառը անտառի կենտրոնում էր, տունը՝ ծառի կենտրոնում, իսկ Դնչիկն ապրում էր ճիշտ տան կենտրոնում։ Իսկ տան կողքին ոչ մեծ սյուն կար, սյան վրա՝ մի կոտրված տախտակ, և նա, ով գոնե մի քիչ կարդալ գիտեր, տախտակի վրա կարող էր կարդալ հետևյալ մակագրությունը․

ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՑԱՆՑ Մ․

իսկ շարունակությունը ի վիճակի չէր կարդալու ոչ ոք, նույնիսկ նա, ով շատ լավ էր կարդում։

Մի անգամ Քրիստոֆեր Ռոբինը հարցրեց Դնչիկին, թե ի՞նչ է գրված տախտակի վրա։ Դնչիկն անմիջապես պատասխանեց, որ այնտեղ գրված է իր պապիկի անունը, և որ այդ մակագրված տախտակը ընտանեկան մասունք է, այսինքն՝ իրենց տոհմի հիշատակը։

Քրիստոֆեր Ռոբինն ասաց, որ այդպիսի անուն՝ Կողմնակիանձանց Մ․, չի կարող լինել, իսկ Դնչիկը պատասխանեց, թե ո՛չ, կարող է, չէ՞ որ պապիկին այդպես են անվանել։ Եվ «Մ»֊ն պարզապես կրճատում է, իսկ պապիկի լրիվ անունը եղել է Կողմնակիանձանց Մաքս, իսկ դա էլ Մաքսուելլ Կողմնակիանձանց անվան կրճատ ձևն է։

― Իմ պապիկը երկու անուն ուներ, ― բացատրեց նա, ― հատկապես այն դեպքի համար, եթե հանկարծ մեկնումեկը ինչ֊որ տեղ կորցներ։

― Մեծ բան է։ Ես էլ երկու անուն ունեմ, ― ասաց Քրիստոֆեր Ռոբինը։

― Ա՛հա, տեսնո՞ւմ ես, ― ասաց Դնչիկը։ ― Ուրեմն, ես ճի՛շտ եմ։

Հիանալի ձմեռային օր էր։ Դնչիկը դռան առջևի ձյունն էր ավլում, երբ բարձրացրեց գլուխը և տեսավ Վինի֊Թուխին։ Թուխը քայլում էր դանդաղ, ուշադրությամբ ոտքերի տակ նայելով և այնպես էր խորասուզվել մտքերի մեջ, որ երբ Դնչիկը ձայն տվեց, նա մինչև անգամ կանգ չառավ։

― Հե՜յ, Թո՛ւխ, ― կանչեց Դնչիկը։ ― Ողջո՜ւյն, Թուխ։ Այդ ի՞նչ ես անում։

― Որս եմ անում, ― պատասխանեց Թուխը։

― Ո՞րս ես անում։ Ի՞նչ որս։

― Հետապնդում եմ մեկին, ― խորհրդավոր պատասխանեց Թուխը։

Դնչիկը մոտ վազեց։

― Հետապնդո՞ւմ ես։ Ո՞ւմ։

― Ես էլ շարունակ այդ հարցն եմ ինձ տալիս, ― ասաց Թուխը։ ― Ամբողջն հարցն էլ դա է՝ ո՞ւմ։

― Իսկ ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կպատասխանես այդ հարցին։

― Ստիպված եմ սպասել, մինչև կհանդիպեմ, ― ասաց Վինի֊Թուխը։ ― Այստեղ նայի՛ր ― նա մատնացույց արեց ուղիղ իր ոտքերի առջև։ ― Ի՞նչ ես տեսնում։

― Հետքեր, ― ասաց Դնչիկը։ ― Թաթերի հեթքե՛ր։ ― Հուզմունքից Դնչիկը մինչև անգամ ճղճղաց։ ― Թո՛ւխ։ Դու կարծում ես… որ սա… սարսափելի Բոբո՞ն է։

― Կարող է պատահել, ― ասաց Թուխը։ ― Երբեմն կարծես թե նա է, երբեմն էլ կարծես թե՝ չէ։ Հետքերով դժվար է որոշել։

Եվ նա վճռական առաջ քայլեց, իսկ Դնչիկը մեկ֊երկու րոպե հապաղելուց հետո վազեց նրա հետևից։

Հանկարծ Թուխը կանգ առավ ու կռացավ։

― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց Դնչիկը։

― Շատ տարօրինակ բան, ― ասաց Թուխը։ Հիմա կարծես գազանները երկուսն են։ Ահա սրան՝ Անհայտ մեկին, մոտեցել է մյուսը՝ Անհայտ մեկը, և հիմա նրանք միասին են զբոսնում։ Գիտես ի՞նչ, Դնչիկ, լավ կլինի, որ գաս ինձ հետ, մեկ էլ տեսար՝ սրանք Չար Գազաններ են։

Դնչիկը խիզախորեն քորեց ականջի հետևն ու ասաց, որ մինչև ուրբաթ ինքը բոլորովին ազատ է և հաճույքով կընկերակցի Թուխին, հատկապես, եթե այնտեղ իսկական Բոբո կա։

― Դու ուզում ես ասել՝ եթե երկու իսկական Բոբո կա, ― ճշտեց Թուխը, իսկ Դնչիկն ասաց, որ իր համար միևնույն է, քանի որ մինչև ուրբաթ ինքը ոչ մի անելիք չունի։

Եվ նրանք առաջ գնացին։

Հետքերը պտտվում էին լաստենիների փոքրիկ պուրակի շուրջը… և, նշանակում է, երկու Բոբոները, եթե այդ նրանք էին, նույնպես պուրակի շուրջն էին պտտվում և, հասկանալի է, Թուխն ու Դնչիկը նույնպես պետք է պուրակի շուրջը պտտվեին։

Ճանապարհին Դնչիկը Թուխին հետաքրքրական դեպքեր էր պատմում իր պապիկ Կողմնակիանձանց Մ․֊ի կյանքից։ Օրինակ, ինչպես էր պապիկը բուժում իր հոդացավը որսից վերադառնալիս կամ թե ինչպես նա օր ծերության սկսեց շնչարգելությամբ տառապել, և նման հետաքրքրաշարժ բաներ։

Իսկ Թուխը մտածում էր, թե տեսնես ինչպիսին է եղել այդ պապիկը։ Եվ նա սկսեց մտածել, որ հիմա իրենք հետապնդում են երկու Պապիկների և, հետաքրքիր է, եթե բռնեն այդ Պապիկներին, չի՞ կարելի արդյոք նրանցից մեկին տուն տանել ու պահել, և, հետաքրքիր է, ի՞նչ կասի այդ մասին Քրիստոֆեր Ռոբինը։

Իսկ հետքերը պտտվում ու պտտվում էին պուրակի շուրջը…

Հանկարծ Թուխը զարմանքից քար կտրեց տեղում։

― Նայի՛ր, ― շշուկով գոռաց նա ու մատնացույց արեց ձյունը։

― Ո՞ւր, ― նույնպես շշուկով գոռաց Դնչիկը և սարսափից վեր ցատկեց։ Բայց, որպեսզի ցույց տա, որ վեր է թռել ոչ թե վախից, այլ հենց այնպես, նա տեղնուտեղը մեկ֊երկու անգամ էլ վեր֊վեր արեց, ասես պարզապես ցանկանում էր ցատկոտել։

― Նոր հետքեր, ― ասաց Թուխը։ ― Հայտնվել է երրորդ գազանը։

― Թո՛ւխ, ― ճղճղաց Դնչիկը, ― դու կարծում ես, որ դա՞ էլ է Բոբո։

― Չէ, չեմ կարծում, ― ասաց Թուխը, ― որովհետև այս հետքերը տարբերվում են… Այստեղով, հավանորեն, անցել են երկու Բոբո, և մեկ, ասենք… ասենք՝ Բեբո… Կամ էլ հակառակը, երկու Բեբո և մեկ, ասենք… ասենք՝ Բոբո… Ոչինչ չես կարող անել, պետք է գնալ նրանց հետևից։

Եվ նրանք քայլեցին առաջ արդեն փոքր֊ինչ հուզված, որովհետև այդ երեք Անհայտ Գազանները կարող էին Շատ Չար Գազաններ լինել։ Եվ Դնչիկը սարսափելի ուզում էր, որ իր սիրելի պապիկ Կողմնակիանձանց Մ․֊ն հիմա իր կողքին լիներ և ոչ թե անհայտ մի տեղում։ Իսկ Թուխը մտածում էր, որ վատ չէր լինի, եթե իրենք հանկարծ, բոլորովին֊բոլորովին պատահաբար հիմա Քրիստոֆեր Ռոբինին հանդիպեին, որովհետև ինքը Թուխը շատ է սիրում նրան։

Եվ այստեղ միանգամայն անսպասելիորեն Թուխը կանգ առավ երրորդ անգամ և լիզեց քթի ծայրը, որովհետև հանկարծ զգաց, որ սարսափելի շոգ է։ Հիմա նրանց առջև չորս գազանների հետքեր էին երևում։

― Դնչիկ, նայիր, նայի՛ր։ Տեսնո՞ւմ ես։ Մի Բոբո էլ է ավելացել։ Հիմա նրանք դարձել են երեք Բոբո և մի Բեբո…

Այո, ամեն ինչից երևում էր, որ Թուխը չի սխալվում։ Հետքերը, ճիշտ է, փոքր ինչ խառնվում ու խաչաձևում էին միմյանց, բայց միանգամայն անկասկած էր, որ դրանք չորս զույգ թաթերի հետքեր են։

― Գիտե՞ս ինչ, ― ասաց Դնչիկը, իր հերթին լիզեց քթի ծայրը և համոզվեց, որ դա շատ քիչ է օգնում։ ― Գիտե՞ս ինչ։ Իմ կարծիքով, ես ինչ֊որ բան հիշեցի։ Այո, այո՛։ Ես հիշեցի մի գործի մասին, որը երեկ մոռացել եմ անել, իսկ վաղը ուշ կլինի… մի խոսքով, ես պետք է անմիջապես տուն գնամ և անեմ այդ գործը։

― Ճաշից հետո կանենք այդ գործը, ― ասաց Թուխը, ― ես քեզ կօգնեմ։

― Հասկանում ես, դա այնպիսի գործ է, որ չի կարելի ճաշից հետո անել, ― շտապեց ասել Դնչիկը։ ― Դա հատուկ առավոտյան գործ է։ Պետք է անել անպայման առավոտյան և ամենից լավ է ժա՜մը… Դու չգիտե՞ս ժամը քանիսն է…

― Տասներկուսը, ― ասաց Թուխը, նայելով արևին։

― Ահա, տեսնում ես, այդ գործը պետք է անել տասներկուսից մինչև տասներկուսն անց հինգ րոպե։ Այնպես որ ինձանից չնեղանաս, ես գնա… Վա՜յ, մայրիկ։ Ո՞վ կա այնտեղ։

Թուխը նայեց երկնքին, իսկ հետո, կրկին լսելով ինչ֊որ մեկի սուլոցը, նայեց մեծ կաղնուն և ճյուղի վրա ինչ֊որ մեկին տեսավ։

― Ախր սա Քրիստոֆեր Ռոբի՛նն է, ― ասաց նա։

― Ա՛ա՜, այդ դեպքում ամեն ինչ կարգին է, ― ասաց Դնչիկը, ― նրա հետ դու կարող ես ոչ մի բանից չվախենալ։ Ցտեսությո՜ւն։

Եվ նա մի շնչով սլացավ տուն՝ շատ գոհ, որ ազատվեց սոսկալի վտանգից։

Քրիստոֆեր Ռոբինը առանց շտապելու իջավ ծառից։

― Իմ հիմա՜ր արջուկ, ― ասաց նա, ― դու այստեղ ինչո՞վ ես զբաղված։ Սկզբում դու մենակ երկու անգամ պտտվեցիր այս պուրակի շուրջը, հետո քեզ մոտեցավ Դնչիկը, և դուք սկսեցիք երկուսով պտտվել… Հիմա, իմ կարծիքով, դուք պատրաստվում էիք չորրորդ պտույտը կատարել ձեր իսկ սեփական ոտնահետքերով…

― Մի րոպե, ― թաթը տնկելով ասաց Թուխը։

Նա նստեց ու մտքի մեջ ընկավ՝ խորը֊խորը։ Հետո նա իր թաթը դրեց մի հետքի վրա… Հետո նա երկու անգամ քորեց ականջի հետևն ու ոտքի ելավ։

― Այո֊ո՛ ― ասաց նա։ ― Հիմա ամեն ինչ հասկացա, ― ավելացրեց նա։ ― Ես նույնիսկ չգիտեի, որ այդքան հիմար ուն անխելք եմ, ― ասաց Վինի֊Թուխը։ ― Ես աշխարհի ամենաբթամիտ արջուկն եմ։

― Ինչե՛ր ես ասում։ Դու աշխարհի ամենալավ արջուկն ես, ― մխիթարեց Քրիստոֆեր Ռոբինը։

― Ճշմարի՞տ ― հարցրեց Թուխը։ Նա նկատելիորեն մխիթարվեց։ Իսկ հետո հանկարծ բոլորովին պայծառացավ։ ― Ինչ ուզում ես ասա, բայց արդեն ճաշելու ժամանակն է, ― ասաց նա։

Եվ տուն գնաց՝ ճաշելու։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ երրորդ Ալեքսանդր Միլն | Վիննի Թուխը և բոլորը-բոլորը | Գլուխ երրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 13, 2021 Rating: 5
Технологии Blogger.