Կառլո Կոլլոդի | XXIV. Պինոքիոն գալիս է «Աշխատասեր Մեղուների» կղզին և նորից գտնում Ֆեյային

Կառլո Կոլլոդի
Պինոքիոն հորն օգնություն ցույց տալու համար ողջ գիշերը լող տվեց ժամանակին տեղ հասնելու հույսով։

Իսկ գիշերը որքա՜ն էր սարսափելի. հեղեղ, կարկուտ, ամպերի սոսկալի որոտ․․․ Մեկ-մեկ էլ կայծակն այնպես էր խփում, որ թվում էր, թե ցերեկ է։

Լուսադեմին նրան հաջողվեց նկատել ոչ հեռու գտնվող մի երկարավուն ցամաք։ Դա մի կղզի էր։

Նա ուժ գործադրեց՝ ափ դուրս գալու համար, բայց անօգուտ։ Թավալվող ալիքները հասնելով նրան, վերցնում էին ու ետ շպրտում, կարծես թե տաշեղի կամ ծղոտի կտոր լիներ։ Վերջապես նրա բախտից մի հսկայական և ուժեղ ալիք եկավ ու այնպես խփեց, որ նա ընկավ ափ, ավազների վրա։

Հարվածն այնքան ուժեղ էր, որ ափ ընկնելիս Պինոքիոյի կողերն ու հոդերը ճռճռացին, բայց ինքն իրեն անմիջապես մխիթարեց ասելով.

— Այս անգամ էլ լավ պրծա։

Երկինքը կամաց-կամաց պարզվեց, արևը դուրս եկավ ամբողջ իր փայլով, և ծովն էլ խաղաղվեց ու սկսեց շողշողալ, ասես երեսին յուղ էր քսած։ Բուրատինոն շորերը փռեց արևի տակ չորացնելու և սկսեց այս ու այն կողմ նայել. միգուցե պատահաբար ջրի այդ հսկայական հարթության վրա մի նավակ նկատեր՝ մարդը միջին։

Բայց ոչինչ չտեսավ, բացի երկնքից, ծովից ու ինչ-որ նավի առագաստից, այն էլ այնքա՜ն հեռու, այնքան հեռու, որ թվում էր, թե ճանճ է։

— Գոնե այս կղզու անունն իմանայի,— ասաց Պինոքիոն։— Գոնե իմանայի, թե այս կղզում քաղաքավարի՞ մարդիկ են բնակվում, թե չէ, ուզում եմ ասել՝ այնպիսի մարդիկ, որոնք չեն տառապում երեխաներին ծառերի ճյուղերից կախելու ախտով։ Բայց ո՞ւմ կարող եմ հարցնել, ո՞ւմ, քանի որ ոչ ոք չկա․․․

Մեծ ու անբնակ այդ երկրում. բոլորովին մեն-մենակ գտնվելու գիտակցությունը նրան այնքան հուզեց ու տխրեցրեց, որ էն է հա՛, լաց էր լինում, երբ հանկարծ ափից ոչ հեռու մի մեծ ձուկ նկատեց, որը շատ հանգիստ, գլուխն ամբողջապես ջրից դուրս հանած, իր գործին էր գնում։ Չիմանալով, թե ինչ է նրա անունը, բուրատինոն բարձր ձայնով գոռաց, որպեսզի լսել տա իրեն.

— Է՛յ, սինյոր Ձուկ, թույլ կտա՞ք ինձ միայն մի բառ։

— Երկուսն ասեք,— պատասխանեց Ձուկը, որը մի քաղաքավարի Դելֆին էր, ինչպիսին շատ քիչ կա ամբողջ աշխարհի ծովերում։

— Բարի չե՞ք լինի ասել ինձ, թե կա՞ արդյոք այս կղզում այնպիսի մի վայր, որտեղ կարելի է կերակրվել, առանց կերակուր դառնալու վտանգի։

— Իհարկե, կա,— պատասխանեց ԴելՖինը։— Այդպիսի մի վայր կգտնես հենց այստեղ ոչ հեռու։

— Իսկ ինչպե՞ս կարելի է գնալ այնտեղ։

— Պետք է բռնես ահա այն ձախ կողմի շավիղը ու քայլես միշտ քթիդ ուղղությամբ։ Երբեք չես սխալվի։

— Ասացեք ինձ մի ուրիշ բան։ Դուք, որ շրջում եք ծովում ամբողջ ցերեկն ու գիշերը, չե՞ք հանդիպել պատահաբար մի փոքրիկ նավակի, որի մեջ իմ հայրն է։

— Իսկ քո հայրն ո՞վ է։

— Նա աշխարհի ամենալավ հայրն է, ինչպես ես՝ ամենավատ որդին, որ կարող է գոյություն ունենալ։

— Այս գիշեր փոթորկի ժամանակ,— պատասխանեց Դելֆինը,— նավակն ըստ երևույթին խորտակված կլինի։

— Իսկ հա՞յրս։

— Նրան էլ այդ ժամանակ կուլ տված կլինի Շնաձուկը, որը մի քանի օր է, ինչ եկել է մեր ջրերում մահ ու ավերածություն տարածելու։

— Իսկ այդ Շնաձուկը շա՞տ է մեծ,— հարցրեց Պինոքիոն, որ վախից սկսել էր արդեն դողդողալ։

— Հը՛մ, մեծ է․․․— պատասխանեց Դելֆինը։— Որպեսզի կարողանաս գաղափար կազմել, քեզ ասեմ, հինգհարկանի տանից մեծ է։ Մի այնպիսի լայն ու խոր բերան ունի, որ գնացքն իր շոգեքարշով հանգիստ կերպով ներս կմտնի։

— Մայրի՜կ,— բացականչեց սարսափահար բուրատինոն և, շտապ-շտապ նորից շորերը հագնելով, շուռ եկավ դեպի Դելֆինն ու ասաց.

— Մնաք բարով, սինյոր Ձուկ, ներեցեք պատճառածս նեղության համար և ընդունեք խորին շնորհակալությունս ձեր քաղաքավարության դիմաց։ Այսպես ասելով՝ անմիջապես բռնեց այն շավիղը և սկսվեց շտապ-շտապ քայլել, այնքան շտապ, որ թվում էր, թե վազում է։ Յուրաքանչյուր փոքրիկ շրշյուն լսելիս ետ էր դառնում, վախենալով տեսնել այն սարսափելի Ձկանը, որը հինգհարկանի տան չափ մեծ էր, և գնացքն էլ բերանի մեջ։

Կես ժամից հետո հասավ մի փոքրիկ բնակավայր, որը կոչվում էր «Աշխատասեր Մեղուների երկիր»։ Փողոցները եռում էին մարդկանցով, որոնք, տարված իրենց գործերով, այս ու այն կողմ էին վազվզում։ Բոլորն էլ աշխատում էին, բոլորն էլ մի բան ունեին անելու։ Եթե ճրագով էլ ման գայիր, չէիր կարող մի պարապ կամ թափառաշրջիկ մարդ գտնել։

— Հասկանալի է,— անմիջապես ասաց այդ ծույլ Պինոքիոն,— այս երկիրն ինձ համար չէ շինած, ես չեմ ծնվել աշխատելու համար։ Մինչդեռ քաղցը նրան տանջում էր, որովհետև արդեն գրեթե քսանչորս ժամ էր, ինչ նա բոլորովին ոչինչ, նույնիսկ մի վիկ չէր կերել։ Ի՞նչ անել։

Քաղցը հագեցնելու միայն երկու միջոց էր մնում, կամ մի փոքրիկ աշխատանք խնդրել, կամ մուրալ մի քանի սոլդո, կամ մի կտոր հաց։ Մուրացկանություն անելուց ամաչում էր, որովհետև հայրը միշտ խրատում էր, ասելով, որ մուրացկանություն անելու իրավունք ունեն միայն ծերերը և հաշմանդամները։ Այս աշխարհում իսկական աղքատները, որոնք կարիք են զգում օգնության ու կարեկցության, միայն նրանք են, ովքեր ծերության կամ հիվանդության պատճառով ի վիճակի չեն իրենց հացը սեփական ձեռքերով վաստակել։ Մյուսները պարտավոր են աշխատել, իսկ եթե չեն աշխատում ու մնում են քաղցած, ավելի վատ իրենց համար։

Այդ միջոցին փողոցով անցավ ամբողջովին քրտնած ու հեթեթացող մի մարդ, որը մեծ դժվարությամբ ածուխով լի երկու սայլակ էր քաշում։ Պինոքիոն նրան բարի մարդու տեղ դնելով, մոտեցավ և, ամոթից աչքերը կախ գցվելով, ասաց կիսաձայն.

— Բարի եղեք մի սոլդո փող տվեք ինձ, որովհետև քաղցից մեռնում եմ։

— Ոչ միայն մի սոլդո,— պատասխանեց ածխագործը,— այլ չորսն էլ հետը կտամ, բայց այն պայմանով, որ օգնես ինձ՝ այս երկու ածխի սայլակները քաշել մինչև տուն։

— Զարմանում եմ,— գրեթե վիրավորված պատասխանեց բուրատինոն,— թող ձեզ ի գիտություն լինի, որ ես երբեք էշություն չեմ արել. ես երբեք սայլակ չեմ քաշել։

— Ավելի վատ քեզ համար,— պատասխանեց ածխագործը,— այդ դեպքում, տղաս, եթե դու իսկապես քաղցից մեռնում ես, քո գոռոզությունից մի երկու դիլիմ կեր, բայց զգույշ, որ ստամոքսդ չխանգարես։

Մի քանի րոպեից հետո ճանապարհով անցավ մի որմնադիր, որը ուսին մի զամբյուղ կիր էր տանում։

— Ի՞նչ կլինի, բարեկիրթ քաղաքացի, մի սոլդո փող տաք մի խեղճ տղայի, որը քաղցից հորանջում է։

— Ուրախությամբ, եկ այս կիրը հետս տար,— պատասխանեց որմնադիրը,— և ես քեզ մի սոլդոյի փոխարեն հինգը կտամ։

— Բայց կիրը ծանր է, իսկ ես չեմ ուզում ինձ նեղություն տալ։

— Եթե չես ուզում քեզ նեղություն տալ, տղաս, զվարճացիր հորանջելով, անուշ լինի։

Մի կես ժամվա ընթացքում անցան ևս մի քսան հոգի. Պինոքիոն բոլորից էլ ողորմություն խնդրեց, բայց բոլորն էլ պատասխանեցին.

— Բա չե՞ս ամաչում։ Փողոցում անգործ թափառելու փոխարեն լավ չէ՞ր լինի գնայիր մի աշխատանք որոնեիր և սովորեիր հացդ վաստակել։ Վերջապես մի սիրալիր տիկին անցավ, որը երկու սափոր ջուր էր տանում։

— Չե՞ք դժգոհի արդյոք, բարի տիկին, եթե ես ձեր սափորից երկու ումպ ջուր խմեմ,— ասաց Պինոքիոն, որը ծարավից այրվում էր։

— Խնդրեմ, խմիր, տղաս,— պատասխանեց տիկինը, սափորները գետնին դնելով։

Մի լավ ծծելուց հետո, Պինոքիոն բերանը սրբելով մռթմռթաց.

— Ծարավս կոտրեցի, եթե այսպես մի լավ էլ կարողանայի քաղցս հագեցնել․․․

Բարի տիկինը, լսելով այս բառերը, անմիջապես ասաց.

— Եթե օգնես այս սափորներից մեկը տուն տանել, մի մեծ կտոր հաց կտամ քեզ։

Պինոքիոն նայեց սափորին, բայց ոչ հա՛ ասաց, ոչ էլ՝ չէ՛։

— Հացի հետ միասին մի լավ ափսե էլ քացախով ու յուղով սարքած գունավոր կաղամբի մարինադ կտամ,— ավելացրեց բարի տիկինը։

Պինոքիոն մի անգամ ևս նայեց սափորին ու կրկին ոչ հա՛ ասաց, ոչ էլ՝ չէ՛։

— Իսկ գունավոր կաղամբից հետո մի լավ կոնֆետ կտամ, որի մեջ լիքը լիկյոր է։

Գայթակղված այս վերջին քաղցրեղենի անունը լսելուց, Պինոքիոն այլևս դիմադրել չկարողացավ և որոշակիորեն ասաց.

— Համբերությո՛ւն. ես ձեր սափորը կտանեմ մինչև տուն։

Սափորը շատ ծանր էր. տեսնելով, որ ձեռքին տանելը դժվար է, բուրատինոն ստիպված դրեց գլխին ու տարավ այդպես բռնած։

Տուն հասնելուն պես բարի տիկինը Պինոքիոյին նստեցրեց սփռոցով ծածկած մի փոքրիկ սեղանի մոտ և հացը, գունավոր կաղամբի մարինադն ու լիկյորով լիքը կոնֆետն էլ դրեց առաջը։

Պինոքիոն ոչ թե կերավ, այլ կլանեց։ Թվում էր, թե նրա ստամոքսը հինգ ամիս դատարկ և անբնակ մնացած տուն է։

Քաղցի կատաղի խայթոցները կամաց-կամաց հանգստացնելուց հետո, նա գլուխը վեր բարձրացրեց՝ իր բարեգործուհուն շնորհակալություն հայտնելու. բայց դեռ ակնապիշ նայում էր նրա երեսին, երբ հանկարծ՝ զարմանքի մի երկար «վա՜հ-հ-հ» բաց թողեց․․․ ու աչքերը չռած, պատառաքաղն օդում, բերանն էլ լիքը հաց և գունավոր կաղամբ, մնաց տեղն ու տեղը։

— Ի՜նչ զարմանք է,— ծիծաղելով հարցրեց բարի տիկինը։

— Նա՛ է․․․— շփոթված՝ պատասխանեց Պինոքիոն,— նա՛ է․․․ այդ նա՛ է․․․ որին դուք այնքան նման եք․․․ դուք ինձ հիշեցնում եք․․․ Այո՛, այո՛, այո՛, միևնույն ձայնը․․․ միևնույն աչքերը․․․ միևնույն մազերը․․․ Այո՛, այո՛, այո՛․․․ Ձեր մազերն էլ են կապույտ․․․ ինչպես նրանը․․․ Օ՜, իմ Ֆեյա․․․ Օ՜, իմ Ֆեյա․․․ Ասացեք, որ այդ դուք եք, ուղղակի դո՛ւք․․․ Էլ մի՛ ստիպվեք ինձ լաց լինել․․․ Եթե իմանայի՜ք․․․ ես այնքա՜ն եմ լացել, այնքա՜ն եմ լացել․․․

Այսպես ասելով, Պինոքիոն բարձրաձայն արտասվեց և ծունկ չոքած գրկեց այդ խորհրդավոր կնոջ ծնկները։


Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Կառլո Կոլլոդի | XXIV. Պինոքիոն գալիս է «Աշխատասեր Մեղուների» կղզին և նորից գտնում Ֆեյային Կառլո Կոլլոդի | XXIV. Պինոքիոն գալիս է «Աշխատասեր Մեղուների» կղզին և նորից գտնում Ֆեյային Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 02, 2022 Rating: 5
Технологии Blogger.