Սոմերսեթ Մոեմ | Նեղ օրվա ընկերը

Սոմերսեթ Մոեմ
Մաս 1-ին

Այս էլ երեսուն տարի է, ինչ ուսումնասիրում եմ իմ նմաններին: Ես շատ բան չգիտեմ նրանց մասին: Անշուշտ, հազիվ թե ծառա վարձեի նրա դեմքին նայելով, և այնուհանդերձ, ըստ իս, մենք մեզ հանդիպողների մասին դատում ենք մեծ մասամբ նրանց դեմքերով: Եզրակացություն ենք անում՝ նայելով ծնոտի ձևին, աչքերի հայացքին, բերանի գծագրությանը: Կարծում եմ, որ ավելի շատ սխալ ենք լինում, քան ճիշտ: Ինչո՞ւ են վեպերն ու պիեսներն այդքան կյանքից հեռու: Որովհետև, հեղինակները, գուցեև անհրաժեշտությունից դրդված, խիստ ամբողջական կերպարներ են կերտում: Նրանք հնարավորություն չունեն այդ հերոսներին հակասական պատկերելու, քանզի դրանից նրանք անըմբռնելի են դառնում, և, այնուամենայնիվ, մենք՝ մարդիկս մեծամասնությամբ հենց հակասական ենք, որ կանք:

Մենք փոփոխական, իրար հակասող հատկությունների պատահական մի փունջ ենք: Տրամաբանության դասագրքում կկարդաք, որ անմտություն է ասելը, թե դեղինը սնամեջ է կամ երախտապարտությունն օդից ծանր է, բայց անհամատեղելիությունների այն խառնուրդում, որ կազմում է մարդկային «ես»-ը, դեղինը շատ հանգիստ կարող է ձի լինել ու կառք, և երախտապարտությունը՝ հաջորդ շաբաթվա մեջտեղը: Ես ուսերս թոթվում եմ, երբ ինձ ասում են, թե իրենց առաջին տպավորություններն ուրիշների մասին միշտ ճիշտ են: Մտածում եմ՝ կամ այս մարդը խորաթափանց չէ, կամ չափից դուրս մեծ կարծիքի է իր մասին: Ինչ վերաբերում է ինձ, ապա որքան ավելի լավ եմ ճանաչում մարդկանց, այնքան նրանք ավելի հանելուկային են ինձ թվում, իմ ամենավաղեմի ընկերները հենց նրանք են, որոնց մասին կարող եմ ասել, որ ոչ մի բան էլ չգիտեմ:

Այս մտքերը գլուխս եկան, որովհետև առավոտյան լրագրում կարդացի, որ Էդուարդ Հայդ Բարթնը մեռել է Կոբեում:

 

Մաս 2-րդ

Այս մտքերը գլուխս եկան, որովհետև առավոտյան լրագրում կարդացի, որ Էդուարդ Հայդ Բարթընը մեռել է Կոբեում: Նա առևտրական էր և երկար տարիներ աշխատել էր Ճապոնիայում: Ես Բարթընին վատ գիտեի, սակայն նրանով հետաքրքրվում էի, որովհետև ժամանակին մի առիթով շատ էր զարմացրել ինձ: Եթե այդ պատմությունը հենց իր բերանից լսած չլինեի, երբեք չէի հավատա, թե նա ընդունակ է նման արարքի: Դա առավել ևս ցնցող էր, քանի որ թե՛ արտաքինով և թե՛ շարժուձևերով նա շատ որոշակի տպավորություն էր թողնում: Ահա իրոք մի մարդ, որն ամբողջական էր: Դա մի նվազ, փոքրահասակ անձնավորություն էր, հասակը ոչ ավելի, քան հինգ ոտնաչափ չորս դյույմ, շատ բարեկազմ, ալեհեր, կարմիր, շատ կնճռոտ երեսով և կապույտ աչքերով: Կարծում եմ, որ երբ հետը ծանոթացա, մոտ վաթսուն տարեկան կլիներ: Նա միշտ շատ խնամքով և համեստ էր հագնված լինում՝ համապատասխան իր տարիքին ու դիրքին:

Թեև Բարթընի գրասենյակները Կոբեում էին, նա հաճախ էր գալիս Յոկոհամա: Ես էլ մի առիթով մի քանի օր այնտեղ էի՝ նավի էի սպասում, և ինձ բրիտանական ակումբում ծանոթացրին Բարթընի հետ: Մենք միասին բրիջ խաղացինք: Նա լավ խաղացող էր և չէր խուսափում մեծ գումարներից: Շատ չէր խոսում ոչ այդտեղ, ոչ էլ հետո՝ երբ խմում էինք, բայց ասածները խելամիտ բաներ էին: Մեղմ, զուսպ հումոր ուներ: Երևում էր, որ ակումբում Բարթընը ժողովրդականություն է վայելում, և հետո, երբ արդեն գնացել էր, նրան նկարագրեցին որպես ամենալավ անդամներից մեկի:

Այնպես ստացվեց, որ երկուսս էլ Գրանդ Օթելում էինք ապրում, և հաջորդ օրը Բարթընը խնդրեց, որ իր հետ ճաշեմ: Հանդիպեցի նրա կնոջը՝ գեր, տարեց, ժպտուն, և երկու դուստրերին: Ակներևորեն համերաշխ ու սիրով ընտանիք էր: Ինձ թվում է, որ Բարթընի մեջ առաջին հերթին աչքիս զարնեց նրա բարությունը: Մի ինչ-որ շատ հաճելի բան կար նրա մեղմ, կապուտակ աչքերում: Ձայնը հանդարտ էր, դժվար էր երևակայել անգամ, թե զայրույթի րոպեին այն կարող է բարձրանալ, ժպիտը՝ քնքուշ: Ահա մի մարդ, որ գրավում էր քեզ, որովհետև զգում էիր, որ նա անկեղծ սիրում է յուր նմաններին: Հմայքի տեր անձնավորություն էր Բարթընը: Սակայն միաժամանակ ոչ մի քաղցր-մեղցր բան չկար նրանում, սիրում էր իր թղթախաղը և կոկտեյլը, կարողանում էր համով-հոտով լավ ու հետաքրքրաշարժ պատմություններ պատմել, իսկ երիտասարդ հասակում սպորտով էր զբաղվել: Բարթընը հարուստ մարդ էր. նա սեփական ձեռքերով էր վաստակել իր ամեն մի գրոշը: Երևի պատճառներից մեկը, որ համակրանք էր առաջացնում նրա հանդեպ, այն էր, որ Բարթընն այդքան փոքր էր ու փխրուն. նա մարդու մոտ հովանավորողի բնազդներ էր առաջացնում: Զգում էիր, որ ճանճին անգամ չի կարող վնասել:

 

Մաս 3-րդ

Մի օր ցերեկը ես նստած էի Գրանդ Օթելի ճեմասրահում: Դա երկրաշարժից առաջ էր, և կաշվե բազկաթոռները դեռ չէին հանել: Պատուհանից լավ երևում էր նավահանգիստն իր մարդաշատ անցուդարձով: Հսկայական լայներներն ուղևորվում էին Վանքուվեր ու Սան Ֆրանցիսկո, կամ Եվրոպա՝ ճանապարհին անցնելով Շանհայով, Հոնկոնգով և Սինգապուրով: Չորս կողմը ինչ երկրի ասես պատկանող մեծ ու փոքր շոգենավեր էին՝ ծակծկված ու հալումաշ եղած, վեր ցցված քթերով ջոնկեր, հսկայական գունավոր առագաստանավեր և անհաշիվ փոքր նավակներ: Դա մի եռուզեռով լի, աշխույժ պատկեր էր, միաժամանակ սակայն, չգիտես ինչու, հոգու համար հանգստացուցիչ: Ահա և ռոմանտիկան, և թվում էր, թե բավական է ձեռքդ պարզես և կշոշափես այն:

Շուտով ճեմասրահ մտավ Բարթընը և անմիջապես նկատեց ինձ: Նա եկավ ու նստեց կողքիս բազկաթոռին:

 - Ի՞նչ կարծիքի եք, մի բան չխմե՞նք:

 Նա ծափ զարկեց՝ կանչեց բոյին և երկու ջինով կոկտեյլ պատվիրեց: Մինչ բոյը խմիչքն էր բերում, դրսում փողոցով մի մարդ անցավ և ինձ տեսնելով՝ ձեռքը թափահարեց:

- Դուք ճանաչո՞ւմ եք Թըրնըրին, - ասաց Բարթընը, տեսնելով, որ ի պատասխան շարժեցի գլուխս:

- Ես նրան ակումբում եմ պատահել: Ասում են, հարազատներից ուղարկված փողով է ապրում:

- Այդպես էլ կլինի: Այստեղ դրանցից շատ կան:

- Լավ բրիջ է խաղում:

- Սովորաբար նրանք բոլորն են լավ խաղում: Անցյալ տարի այստեղ մեկը կար, որքան էլ, որ տարօրինակ է՝ իմ անվանակիցը, նա կյանքումս երբևէ հանդիպած ամենալավ բրիջ խաղացողն էր: Իրեն կոչում էր Լենի Բարթըն: Նա երևի ժամանակին շատ լավ ակումբների անդամ էր եղել:

- Չէ, այդպիսի անուն չեմ հիշում:

- Նա գերազանց խաղացող էր: Խաղաթղթերի նկատմամբ մի տեսակ բնազդ ուներ: Գերբնական բնազդ: Ես շատ եմ հետը խաղացել: Նա մի որոշ ժամանակ Կոբեում մնաց: Բարթընը մի կում արեց:

- Դա բավականին ծիծաղելի պատմություն է, - ասաց նա: - Այդ Բարթընը վատ տղա չէր: Ինձ դուր էր գալիս: Միշտ լավ ու խնամքով հագնված էր: Յուրովի գեղեցիկ էր՝ գանգուր մազերով և վարդագույն, սպիտակ այտերով: Կանայք նրանով շատ էին հետաքրքրվում: Անվնաս արարած էր, ուղղակի մի քիչ բռնկվող էր: Իհարկե, չափից դուրս շատ էր խմում: Այդ տեսակի մարդիկ միշտ են շատ խմում: Չորս ամիսը մեկ մի քիչ փող էր ստանում Անգլիայից, և նա այդ գումարը մի քիչ ավելացնում էր թուղթ խաղալով: Ես գիտեմ, իմ փողերից շատ է տարել: Բարթընը բարեսրտորեն քմծիծաղ տվեց: Ես սեփական փորձովս գիտեի, որ նա բրիջ խաղալիս կարողանում էր փող տանուլ տալ, ինչպես ջենտլմենին է վայել: Նա իր բարակ ձեռքով շփեց սափրած կզակը, զարկերակները փքված էին, և ձեռքը թափանցիկության աստիճան գունատ էր:

 

Մաս 4-րդ

- Կարծում եմ, այդ պատճառով էլ ինձ մոտ եկավ, երբ սնանկացավ, և՝ որովհետև անվանակիցս էր: Մի օր եկավ իմ գրասենյակ և գործ խնդրեց: Ես բավական զարմացա: Նա ասաց, որ այլևս տնից փող չի ստանում և ուզում է աշխատել: Ես հարցրի, թե քանի տարեկան է:

- Երեսունհինգ, - ասաց նա:

- Իսկ ի՞նչ եք արել մինչև այժմ, - հարցրի ես:

- Ը՜մ, առանձնապես ոչինչ, - պատասխանեց նա:

Ես հազիվ ինձ զսպեցի, որ չծիծաղեմ:

- Վախենում եմ, որ ներկա րոպեիս ձեզ համար ոչինչ անել չեմ կարող, - ասացի: Մի երեսունհինգ տարի էլ որ անցնի, եկեք մոտս, տեսնենք ինչ կարող ենք անել: Նա չշարժվեց: Բայց խիստ գունատվեց: Մի րոպե երկմտեց, հետո սկսեց պատմել, որ վերջերս թղթախաղում բախտը չի բերել: Չի բավարարվել բրիջով, փոկեր է խաղացել և կլպվել է: Հիմա գրոշ անգամ չունի: Եղած-չեղածը գրավ է դրել: Էլ չի կարող հյուրանոցի վարձը վճարել, իսկ պարտք այլևս չեն տալիս: Մի խոսքով, քայքայված, անհույս վիճակում է: Եթե մի գործ չճարի, ինքնասպան կլինի:

Ես մի երկու րոպե նրան նայեցի: Հիմա տեսնում էի, որ լրիվ հալումաշ է եղել: Սովորականից շատ էր սկսել խմել և հիսուն տարեկան էր երևում: Աղջիկներն այդքան նրանով չէին հետաքրքրվի, եթե հիմա տեսնեին:

- Լավ, թուղթ խաղալուց բացի, ոչ մի բան անել չգիտե՞ք,- հարցրի ես:

- Ես կարող եմ լողալ, - ասաց նա:

- Լողա՞լ:

Ականջներիս հազիվ էի հավատում՝ չափից դուրս անմիտ էր հնչում պատասխանը:

- Ես համալսարանի թիմում եմ լող տվել:

Հիմա մի փոքր ըմբռնեցի, թե ինչ էր ուզում ակնարկել: Ես շատ գիտեի այդպիսիններին, որոնք սուտ կիսաստվածներ են եղել իրենց համալսարաններում, որպեսզի տպավորվեի դրանից:

- Ես ինքս էլ ջահել ժամանակ բավականին լավ լողորդ եմ եղել, - ասացի ես:

Ու հանկարծ գլխովս մի միտք անցավ:

Դադարեցնելով պատմել, Բարթընը դիմեց ինձ:

- Դուք Կոբեն գիտե՞ք, - հարցրեց նա:

- Ոչ, - ասացի ես: - Եղել եմ այնտեղ, բայց միայն մի գիշերով:

- Ուրեմն չեք իմանա Շիոյա ակումբը: Երբ ես ջահել էի, այնտեղից լող տվեցի մինչև փարոս և ափ դուրս եկա Թարումիի գետաբերանում: Համարյա երեք մղոն ճանապարհ է և բավական դժվար, որովհետև փարոսի շուրջը ծովային հոսանքներ կան: Դե, ես էլ իմ երիտասարդ անվանակցին պատմեցի այդ մասին ու ասացի, որ եթե կրկնի արածս, աշխատանք կստանա:

 

Մաս 5-րդ

Ես տեսա, որ նրա դեմքը փոխվեց:

- Ասում եք, լավ լողորդ եք:

- Այնքան լավ մարզավիճակում չեմ, - պատասխանեց նա: Ես ոչինչ չասացի: Միայն ուսերս թոթվեցի: Նա մի րոպե ինձ նայեց, ապա գլխով արեց:

- Լավ, - ասաց նա: - Ե՞րբ եք ուզում անեմ:

Նայեցի ժամացույցիս: Հազիվ տասն անց էր:

- Լողը ձեզնից մի ժամ տասնհինգ րոպեից ավել չի խլի: Ես մեքենայով գետաբերան կգնամ և տասներկուսն անց կես քեզ կհանդիպեմ: Ետ կտանեմ ակումբ, կհագնվեք ու հետո միասին կճաշենք:

- Եղավ, - ասաց նա:

Մենք իրար ձեռք սեղմեցինք: Ես նրան հաջողություն մաղթեցի, և նա գնաց: Այդ առավոտ շատ գործ ունեի և հազիվ հասցրի ժամը տասներկուսն անց կես Թարումիի գետաբերանում լինել: Սակայն կարիք չկար, որ շտապեի. նա չհայտնվեց:

- Ի՞նչ է, վերջին րոպեին վախեցա՞վ, - հարցեցի ես:

- Ոչ, չվախեցավ: Սկսեց, ինչպես պայմանավորվել էինք: Բայց, իհարկե, նա իր օրգանիզմը քայքայել էր խմելով ու անկանոն կյանքով: Փարոսի շուրջը հոսանքները ավելի շատ էին, քան նա ի վիճակի էր հաղթահարել: Երեք օր չէինք կարողանում մարմինը հանել:

Մի երկու րոպե ես ոչինչ չասեցի: Թեթևակի ցնցված էի: Հետո հարց տվեցի Բարթընին:

- Երբ դուք նրան այդ գործն առաջարկեցիք, գիտեի՞ք, որ կխեղդվի:

Նա կամացուկ, մեղմորեն քմծիծաղ տվեց և նայեց ինձ իր բարի ու վճիտ կապուտակ աչքերով: Ձեռքով շփեց ծնոտը:

- Դե, ես այդ ժամանակ գրասենյակում ազատ տեղ չունեի:

Տես նաև Սոմերսեթ Մոեմ Պատմվածքներ

Սոմերսեթ Մոեմ | Նեղ օրվա ընկերը Սոմերսեթ Մոեմ | Նեղ օրվա ընկերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 26, 2022 Rating: 5
Технологии Blogger.