Ուիլյամ Ֆոլքներ | Կար-չկար մի թագուհի

Ուիլյամ Ֆոլքներ
Էլնորան մտավ ետնաբակ՝ դուրս գալով իր տնակից: Երկարատև կեսօրին հսկայական, քառակուսի տանը, դրան կից հողամասին նինջն էր պատել, և դրանք այնպես խաղաղ էին, ինչպես համարյա միշտ եղել էին հարյուրամյակների ընթացքում, երբ Ջոն Սարտորիսը եկել էր Կարոլինայից և դրել տան հիմքը։ Եվ նա մահացել էր այստեղ, նրա որդին՝ Բեյարդը, ինչպես նաև Բեյադրի որդին՝ Ջոնը ու Ջոնի որդին՝ Բեյարդ կրտսերը, այստեղ էին թաղվել՝ չնայած վերջինս այստեղ չէր մահացել։

Այսպիսով, այժմ այստեղ խաղաղությունը պահպանում էին ընտանիքի կանայք: Երբ Էլնորան անցնում էր ետնաբակով դեպի խոհանոց, հիշեց, թե ինչպես տասը տարի առաջ այս ժամին ծեր Բեյարդը, ով կիսով չափ իր եղբայրն էր (չնայած հնարավոր է, որ ոչ, հավանաբար, նրանցից ոչ մեկը չգիտեր այդ մասին, այդ թվում՝ Բեյարդի հայրը), ծանր-ծանր քայլում էր հետնամուտքով, կոպիտ բղավոցով կանչում նեգր տղամարդկանց և իր վարժեցրած զամբիկին: Բայց նա այժմ մահացած էր, նրա թոռը՝ Բեյարդը, նույնպես մահացել էր քսանվեց տարեկան հասակում, դե իսկ նեգր տղամարդիկ այլևս չկային. Սայմոնը ՝ Էլնորայի մոր ամուսինը, նույնպես թաղված էր այդ գերեզմանատանը, իսկ Կասպեյը՝ Էլնորայի ամուսինը, ուղղիչ տանն էր՝ գողության մեղադրանքով, նրանց որդին՝ Ջոբին, գնացել էր Մեմֆիս, որպեսզի իր նրբաճաշակ հագուկապը ցուցադրեր Բիլի փողոցում։ Այսպիսով, տանը մնացել էին միայն առաջին Ջոն Սարտորիսի քույրը՝ Վիրջինիան, ով իննսուն տարեկան էր և կյանքն ապրում էր անվավոր աթոռի վրա նստած՝ հիմնականում ժամանակն անցկացնելով ծաղկած այգուն նայող վերին հարկի պատուհանի կողքին, և Նարցիսան՝ Բեյարդի երիտասարդ այրին ու նրանց որդին: Վիրջինիա Դու Փրին Միսիսիպի էր եկել 69 թվականին, ընտանիքի վերջին ներկայացուցիչն էր, որ եկավ Կարոլինայից՝ իր հետ բերելով միայն այն հագուստը, որ կրում էր այդ պահին և մի զամբյուղ, որի մեջ Կարոլինայի տան պատուհանի գունավոր ապակիներն էին, ինչպես նաև մի քանի ծաղկաթերթեր ու երկու շիշ պորտվեյն: Նա տեսել էր իր եղբոր մահը, ապա՝ եղբորորդու, ապա՝ եղբորորդու որդու, հետո` երկու մեծ զարմիկների, և այժմ ապրում էր անտերունչ տան մեջ` իր մեծ եղբորորդու կնոջ և նրա որդու` Բենբոուի հետ, ում նա շարունակ Ջոնի էր կանչում՝ շփոթելով վերջինիս հորեղբոր հետ, ում սպանել էին Ֆրանսիայում: Իսկ նեգրերի փոխարեն Էլնորան էր ճաշը եփում, նրա որդին ՝ Այսոմը, հողն էր մշակում, դուստրը՝ Սադդին, ով քնում էր Վիրջինիա Դու Փրիի մահճի կողքին դրված մանկական մահճակալին, երեխայի պես հոգում էր վերջինիս կարիքները։

Սակայն ամեն ինչ կարգին էր։ «Ես կարող եմ նրա մասին հոգ տանել»,-մտածում էր Էլնորան՝ հետնամուտքով քայլելիս։ «Ես օգնության կարիք չունեմ»,-բարձրաձայն ասաց նա՝ ոչ մեկի չդիմելով։ Էլնորան բարձրահասակ, սրճագույն մաշկով կին էր՝ փոքր, նուրբ գլուխը բարձր պահած։ «Որովհետև դա Սարտորիսի գործն է։ Գաննելը գիտեր այդ մասին, երբ մահացավ և ինձ պատվիրեց նրա մասին հոգ տանել։ Ինձ պատվիրեց, որ քաղաքի օտար մարդկանց չվստահեմ»։ Էլնորան խորհրդածում էր այն մասին, թե ինչն էր իրեն ստիպել տուն գալ սովորականից մեկ ժամ շուտ։ Պատճառն այն էր, որ տնակում եղած ժամանակ նկատել էր, որ Նարցիսան՝ կրտսեր Բեյարդի կինը և նրանց տասնամյա որդին կեսօրին իջնում էին արոտավայրերի կողքով։ Մոտեցել էր դռանը և հայացքով հետևել տղային ու խոշորամարմին երիտասարդ կնոջը, որը սպիտակ հագուստով էր և տղայի հետ այդ շոգ կեսօրին արոտավայրերի երկանքով գնում էր գետակի ուղղությամբ։ Էլնորային չէր հետաքրքրում, թե ուր էին նրանք գնում, ոչ էլ, թե ինչու էին գնում, ինչպես կարող էր հետաքրքրել ընտանիքի այլ սպիտակամորթ կանանց: Էլնորան կիսով չափ սևամորթ էր և պարզապես դիտում էր այդ սպիտակամաշկ կնոջը հանգիստ, բայց և արհամարհանքի ծանր զգացումով, ինչպես արհամարհում կամ լսում էր տան ժառանգորդի կնոջ հրամանները, անգամ վերջինիս կենդանության օրոք։ Նույն կերպ էր նաև լսում Նարցիսային երկու օր առաջ, երբ նրան տեղեկացրեց, որ մեկ կամ երկու օրով Մեմֆիս է գնալու, իսկ Էլնորան ստիպված կլինի հոգ տանել ծեր հորաքրոջը։ «Կարծես ես չեմ դա միշտ արել,-մտածեց Էլնորան։-Դու գալուցդ ի վեր շատ քիչ բան ես որևէ մեկի համար արել։ Մենք քո կարիքը երբեք չենք զգացել։ Երբեք մտքովդ չի՞ անցել»։

Սակայն Էլնորան սա չբարձրաձայնեց: Միայն մտքով անցավ, իսկ հետո օգնեց Նարցիսային նախապատրաստվելու ուղևորությանն ու առանց որևէ մեկնաբանության դիտում էր, թե ինչպես է սայլը շարժվում քաղաքի և կայարանի ուղղությամբ: «Կարիք էլ չկա, որ վերադառնաս», - մտածեց նա՝ հետևելով, թե ինչպես սայլն անհետացավ: Բայց այդ առավոտյան Նարցիսան վերադարձել էր՝ առանց բացատրություն տալու զարմանալի ճանապարհորդության կամ հանկարծակի վերադարձի մասին, իսկ վաղ առավոտյան Էլնորան իր տնակի դռան հետևից նկատեց, թե ինչպես է այդ կինը տղայի հետ հունիսյան շոգ եղանակին իջնում արոտավայրով:

-Դե, իր գործն է, ուր ուզում է՝ թող գնա,-բարձրաձայն արտաբերեց Էլնորան՝ ելնելով խոհանոցի աստիճաններով։-Իր գործն է, եթե այդպես մեկնել էր Մեմֆիս, թողնելով Միսս Ջենիին մենակ իր աթոռին նստած, ով բացի նեգրերից, ուրիշ խնամող չունի,-դարձյալ բարձրաձայն ավելացրեց նա՝ մտքում զայրանալով այդ կնոջ վրա։-Զարմացած չեմ, որ գնաց։ Միայն զարմացա, որ հետ եկավ։ Ո՛չ։ Նույնիսկ դա ինձ չի զարմացնում։ Նա չի պատրաստվում հեռանալ այս վայրից, հիմա այստեղ է հաստատվել։

Ապա հանդարտ, լսելի, առանց ոխակալության ու զայրույթի ասաց

-Թափթփու՛կ։ Քաղաքի թափթփուկ։

Նա մտավ խոհանոց: Նրա դուստր Սադդին նստած էր սեղանի մոտ։ Տղան սառը շաղգամով ինչ-որ ճաշատեսակ էր ուտում և աչքի անցկացնում մի մաշված ու կեղտոտ նորաձևության ամսագիր:

- Ի՞նչ ես անում այստեղ,-ասաց Էլնորան։-Ինչու՞ չես բարձրանում վերև, որտեղ կկարողաս լսել միսս Ջենիի ձայնը, եթե նա կանչի քեզ:

-Միսս Ջենիին ոչինչ պետք չէ, - ասաց Սադդին:-Նա այնտեղ գամված է պատուհանի մոտ:

- Ո՞ւր գնաց միսս Նարցիսան:

-Չգիտեմ,-ասաց Սադդին:-Նա և Բորին ինչ-որ տեղ գնացին: Դեռևս չեն վերադարձել:

Էլնորան հառաչեց: Կոշիկների քուղերը չէր կապել և մի երկու շարժումով հանեց դրանք և հեռացավ խոհանոցից, բարձրացավ հանգիստ, բարձր առաստաղով սրահը, որտեղ գրադարանի բաց դռնից տարածվել էր այգուց եկող բույրը և հունիսյան կեսօրի թմրեցնող ու անթիվ-անհամար ձայները։ Պատուհանի կողքին (ապակեկալն հիմա բարձրացրած էր դրա եզրերը պատված էին Կարոլինայից բերված գունավոր ապակու նեղ շերտով, որը ձմռանը շրջանակում էր նրա գլուխը և պատուհանից կախված դիմանկարի տպավորություն ստեղծում) մի ծեր կին նստած էր անվավոր աթոռին։ Նստել էր ուղիղ նա նիհար էր, նուրբ քթով, իսկ մազերը սպիտակեցրած պատի գույն ունեին։ Նրա ուսերին սպիտակ բրդից շալ էր գցած, որը, սակայն, իր սպիտակությամբ չէր համեմատվի սև զգեստին հակադրվող մազերի սպիտակության հետ: Կինը նայում էր պատուհանից դուրս պրոֆիլից աչքի էր ընկնում նրա բարձր ճակատը, դեմքն անշարժ էր: Երբ Էլնորան ներս մտավ, շրջեց գլուխը և նայեց նեգրուհուն՝ դեմքի անհանգիստ և հարցական արտահայտությամբ:

-Նրանք հետ չեն եկել, չէ՞-հարցրեց կինը։

 -Չէ՛,-ասաց Էլնորան:

Մոտեցավ աթոռին: Ծեր կինը նորից դուրս նայեց պատուհանից:

-Ես պետք է ասեմ, որ ընդհանրապես այս ամենը չեմ հասկանում: Միսս Նարցիսան հանկարծակի սկսել է աննպատակ շրջագայել: Իրերն հավաքեց ու․․․

Էլնորան կիպ կանգնեց աթոռի մոտ:

-Ճիշտ ու խելացի քայլ է, - ասաց սառը, հանգիստ ձայնով,- նրա պես ծույլ կնոջ համար:

-Իրերն հավաքել ու ...,-ասաց ծեր կինը և կտրուկ լռեց։-Վերջ տու՛ր նրա մասին այդպես խոսելուն:

-Ես ընդամենը ճշմարտությունն եմ ասում, - ասաց Էլնորան:

-Ուրեմն այն քեզ պահիր: Նա Բեյարդի կինն է: Հիմա Սարտորիս ընտանիքի անդամ է:

-Նա երբեք չի լինի Սարտորիս ընտանիքի անդամ, - ասաց Էլնորան:

Ծեր կինը շարունակում էր նայել պատուհանից դուրս:

-Անսպասելիորեն երկու օր առաջ հավաքել իրերն ու գնալ Մեմֆիս՝ երկու գիշեր այնտեղ անցկացնելու, երբ որդու ծնվելուց ի վեր անգամ մեկ գիշեր նրանից հեռու չի եղել։ Երկու ողջ գիշեր նրան լքելով, հաշվի առ, առանց որևէ պատճառաբանության հետո տուն եկավ և օրվա կեսին տղային տարավ անտառում քայլելու: Չեմ կարծում, թե դա արեց այն պատճառով, որ տղան իրեն կարոտել էր: Կարծում ես՝ տղան առհասարակ կարոտե՞լ էր նրան հեռանալուց հետո։

- Չէ՛, - ասաց Էլնորան: -Սարտորիս ընտանիքի ոչ մի տղամարդ երբեք ոչ մեկին չի կարոտել: Իհա՛րկե, չի կարոտել:

Ծեր կինը դուրս էր նայում պատուհանից: Էլնորան մի փոքր կանգ առավ աթոռի հետևում:

-Նրանք անցա՞ն արոտավայրով:

-Չգիտեմ։ Նրանք տեսադաշտիցս դուրս եկան, երբ դեռ շարունակում էին իրենց ճանապարհը դեպի գետակ։ Ինչի՞ համար։

Էլնորան չպատասխանեց: Նա մի փոքր ձգված կանգնեց աթոռի հետևում հնդկացու նման: Կեսօրն անցնում էր: Արևն այժմ ընկնում էր պատուհանի տակ գտնվող պարտեզից այն կողմ, և շուտով այգում ծաղկած հասմիկից սկսեց երեկոյի բույր տարածվել՝ դանդաղ, գրեթե շոշափելի ալիքներով թափանցելով սենյակ՝ արձակելով թանձր, քաղցր, չափազանց քաղցր բուրմունք: Երկու կանայք անշարժ կանգնել էին պատուհանի մոտ մեկը մի փոքր առաջ էր հակվել անվավոր աթոռին, իսկ նեգրուհին աթոռի հետևում էր` նույնպես անշարժ և արձանասյան նման ուղիղ կանգնած:

Այգու լույսը պղնձագույն էր դարձել, երբ կինն ու նրա որդին մտան պարտեզ և մոտեցան տանը։ Աթոռին նստած ծեր կինը հանկարծ ձգվեց առաջ: Էլնորային թվաց՝ անիվներով աթոռին նստած ծեր կինն այդ շարժումով դուրս է թռչել իր անօգնական մարմնից և անցել այգին՝ երեխային դիմավորելու. մի փոքր առաջ գալով՝ Էլնորան նրա դեմքին տեսավ սիրատածող, անհամբեր և մտացրիվ արտահայտություն: Այսպիսով եկվորները անցան այգու միջով և արդեն տուն էին մտնում, երբ ծեր կինը հանկարծակի կտրուկ հետ նստեց։

-Ինչու՞ են նրանք թրջված,-բացականչեց նա։-Նայիր նրանց հագուստին։ Նրանք շորերը հագին գետակն են մտել։

-Կարծում եմ՝ ավելի լավ կլինի գնամ ընթրիքի պատրաստություններով զբաղվեմ,-ասաց Էլնորան։

II

Խոհանոցում Էլնորան պատրաստեց հազարը և լոլիկը ու կտրեց հացը (դա եգիպտացորենի հաց չէր, և ոչ էլ անգամ թխվածքաբլիթ), որը նրան թխել էր սովորեցրել այն կինը, ում անունը չէր տալիս, մինչև խիստ անհրաժեշտություն չէր լինում: Այսոմը և Սադդին նստել էին պատի մոտ դրված երկու աթոռներին:

-Ես նրա դեմ ոչինչ չունեմ, - ասաց Էլնորան:-Ես սևամորթ եմ, իսկ նա սպիտակամաշկ է: Բայց իմ սևամորթ երեխաները ավելի շատ են իրար կապված, քան նրանք: Ավելի դաստիարակված են:

-Դու և միսս Ջենին կարծում եք, որ ոչ ոք չի ծնվել միսս Ջենիից առաջ,- ասաց Այսոմը:

-Իսկ ո՞վ է ծնվել,-հարցրեց Էլնորան:

-Միսս Ջենին և միսս Նարցիսան իրար հետ լավ են լեզու գտնում, - ասաց Այսոմը:

-Ինձ թվում է, թե նա միակն է, որ այդպես է գտնում: Ես չեմ լսել, որ Ջենին այդպիսի բան ասի:

-Որովհետև միսս Ջենին բարձր դասի ներկայացուցիչ է, - ասաց Էլնորան:-Ահա թե ինչու: Եվ դա մի բան է, որի մասին դուք ոչինչ չգիտեք, քանի որ դուք շատ ուշ եք ծնվել, որպեսզի նման բաներից գլուխ հանեիք, ինչպես նա:

-Ինձ թվում է՝ միսս Նարցիսան էլ է բաձր դասի ներկայացուցիչ, ինչպես ցանկացած մեկ ուրիշը, - ասաց Այսոմը:-Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում:

Էլնորան հանկարծակի սեղանից այն կողմ գնաց: Այսոմը նույնպես հանկարծակի վեր ցատկեց և աթոռը հեռացրեց մոր ճանապարհից: Բայց նա ընդամենը մոտեցավ պահարանին և այնտեղից խոհանոցային տախտակ վերցրեց, վերադարձավ սեղանի մոտ՝ լոլիկները կտրելու:

-Ծնվել Սարտորիս կամ բարձր դասի մեկ այլ ներկայացուցիչ, դա նույնը չէ:- Նա խոսում էր միալար ձայնով, առանց փոխելու ձայնի ելևէջները և ճարպկորեն շարժում շագանակագույն ձեռքերը։ Երբ խոսում էր երկու կանանց մասին, նա անվերապահորեն օգտագործում էր «նա» դերանունը՝ ընդգծելով այն, երբ խոսքը վերաբերում էր միսս Ջենիին:

-Այստեղ եկող ամբողջ ճանապարհը մենակ է անցել մի երկրում, որտեղ դեռ լիքը յանկիներ կան: Կարոլինայի ողջ ճանապարհը, իսկ Նրա բոլոր հարազատները սպանվել են և մահացել, բացառությամբ ծեր Մարս Ջոնից և իրենից, երբ գտնվում էր Միսիսիպիից երկու հարյուր մղոն հեռավորության վրա:

-Այստեղից մինչև Կարոլինա երկու հարյուր մղոնից ավել է, - ասաց Այսոմը:-Դպրոցում եմ սովորել: Մոտավորապես երկու հազար է:

Էլնորայի ձեռքերը շարունակում էին աշխատել: Նա կարծես թե չէր լսում տղային:

-Յանկիները սպանեցին նրա վերջին ազգականներին և ամուսնուն, այրեցին Կարոլինայի տունը՝ Նա ու Նրա մայրը ներսում, և Նա միայնակ եկավ Միսիսիպի այն միակ ազգակցի մոտ, որ դեռ ողջ էր: Հասնելով այստեղ ցուրտ ձմռանը՝ առանց Աստծո այս աշխարհում մի բան ունենալու, բացի մի զամբյուղից, որի մեջ դրել էր մի քանի ծաղիկների սերմեր և երկու շիշ գինի ու պատուհանի գունավոր ապակիներ, որոնք ծեր Մարս Ջոնը ամրացրեց գրադարանի պատուհանին, որպեսզի Նա կարողանա նայել դրանց, ասես Կարոլիանում լինի:

-Նա հասավ այստեղ Սուրբ Ծննդյան օրը՝ մթնշաղին, ու ծերունի Մարս Ջոնը, երեխաներն ու մայրիկս սպասում էին սանդղամուտքի մոտ, իսկ վագոնը բավական բարձր էր, ու ծեր Մարս Ջոնը բարձրացավ Նրան իջեցնելու: Նրանք այնտեղ չհամբուրվեցին, որովհետև մարդիկ կարող էին այդտեղից տեսնել նրանց: Ծեր Մարս Ջոնը պարզապես ասաց. «Դե, Ջենի», և Նա պարզապես ասաց. «Դե, Ջոնի», և նրանք մոտեցան տանը, ձեռք ձեռքի տված, մինչև մտան տուն, որտեղ հասարակայնությունը չէր կարող նրանց լրտեսել: Այնուհետև Նա սկսեց լաց լինել, և ծեր Մարս Ջոնը գրկեց նրան նրանց հետևում մնացել էր չորս հազար մղոն ճանապարհ:

-Այստեղից Կարոլինա չորս հազար մղոն չէ, - ասաց Այսոմը: - Այլ՝ երկու հազար: Այդպես է գրված դպրոցական դասագրքում:

Էլնորան նրան ընդհանրապես ուշադրություն չդարձրեց. նրա ձեռքերը շարունակում էին աշխատել:

-Դա շատ ծանր ազդեցություն էր թողել Նրա վրա: «Դա նրանից է, որ ես սովոր չեմ լաց լինելու, - ասաց Նա: - Ես հետ եմ սովորել դրան: Երբեք ժամանակ չեմ ունեցել: Անիծյալ լինեն այդ յանկիները, - ասաց Նա:-Անիծվե՛ն յանկիները»:

Էլնորան նորից շարժվեց դեպի պահարանը: Ասես նրա ձայնը դադարեց, որպեսզի մերկ ոտքերի հանդարտ քայլքի ձայնը տարածվի խոհանոցում՝ չնայած վաղուց լռել էր: Նա վերցրեց ևս մեկ տախտակ և մոտեցավ սեղանին, ձեռքերը կրկին զբաղվեցին լոլիկով ու հազարով, այն կերակուրի պատրաստությամբ, որը ինքը չէր կարող ուտել։

-Եվ դրանից է, որ նա (այժմ խոսում էր Նարցիսայի մասին երկու սևամորթ փոքրիկները հասկացան դա) կարծում է, որ կարող է հավաքվել ու գնալ Մեմֆիս և զվարճանալ, և Նրան թողնել այս տանը երկու գիշեր մենակ առանց որևէ մեկի, բացի նեգրերից: Տեղափոխվել այստեղ Սարտորիսների տանիքի տակ և տասը տարի շարունակ ուտել Սարտորիսների ուտելիքը, ապա հավաքվել և գնալ Մեմֆիս, ինչպես էքսկուրսիա գնացող նեգր, նույնիսկ առանց ասելու, թե ինչու է գնում:

-Կարծում էի, որ դու էիր ասում, որ միսս Ջենիին երբեք ոչ ոքի հոգատարության կարիքը չի ունեցել, բացի քեզնից, - ասաց Այսոմը:-Կարծում էի, որ դու ասացիր երեկ պետքդ չէ՝ նա կվերադառնա, թե՝ ոչ։

Էլնորան կոպիտ, արհամարհական, սակայն ոչ բարձրաձայն աղաղակեց:

-Նա չվերադառնա՞: Երբ նա հինգ տարի աշխատում էր այնպես անել, որպեսզի ամուսնանար Բեյարդի հետ: Աշխատում էր Միսս Ջենիի վրա, երբ Բեյարդը պատերազմի դաշտում էր: Ես հետևում էի նրան: Այստեղ էր գալիս շաբաթական երկու կամ երեք անգամ միսս Ջեննիի հետ, ով կարծում էր, որ նա պարզապես այցի էր գալիս բարեկրթությունից ելնելով: Բայց ես գիտեի, ես գիտեի, թե ինչ կար նրա մտքին այդ ողջ ընթացքում: Քանի որ ես թափթփուկներին ճանաչում եմ: Ես գիտեմ, թե ինչպես է աղբը իրեն բարձր դասի տեղ դնում: Բարձր դասը չի տեսնում դա, քանի որ բարձր դասից է: Բայց ես տեսնում եմ։

-Այդ դեպքում Բորին նույնպես թափթփուկ է,- ասաց Այսոմը:

Էլնորան այդժամ շրջվեց: Բայց Այսոմն արդեն իջել էր աթոռից, մինչ նա կհասցներ ասել

-Իսկ դու փակի՛ր բերանդ և պատրաստվիր ընթրիք մատուցել:

Հետևեց, թե նա ինչպես գնաց լվացարանի մոտ և պատրաստվեց ձեռքերը լվանալու: Հետո շրջվեց սեղանի կողմը՝ երկար շագանակագույն ձեռքերն ընկղմվելով կարմիր լոլիկի հազարի կանաչ խառնուրդի մեջ:

-Ձևականություններ, - ասաց նա:-Դա Բորիի ցանկությամբ չէ և ոչ էլ Նրա։ Դա հանգուցյալ մարդկանց ցանկությունն է: Հին Մարս Ջոնի ու Գաննելի և պարոն Ջոնի ու Բեյարդի, ովքեր մահացել են և ոչինչ չեն կարող փոխել: Այստեղից էլ այդ ձևականությունները: Ես դա ի նկատի ունեմ։ Եվ ոչ ոք դա չի տեսնում, բացի անտեղ՝ աթոռին նստած կնոջից ու ինձնից՝ մի նեգրից, որ փակված է խոհանոցում։ Ես նրա դեմ ոչինչ չունեմ: Ուղղակի ասում եմ՝ թող բարձր դասը բարձր դասի հետ շփվի: Իսկ դու հագի՛ր այդ վերարկուն: Ամեն բան պատրաստ է:

III

Տղան ծեր կնոջն ասաց այդ մասին: Նա հենվել էր անվավոր աթոռին և պատուհանից դիտում էր, ինչպես է երիտասարդ կինը երեխայի հետ անցնում պարտեզով և տեսադաշտից հեռանում դեպի տան հակառակ կողմը: Դեռ հենված մնալով ու պարտեզը դիտելով՝ լսեց, թե ինչպես են նրանք մտնում տուն և անցնում գրադարանի դռան մոտով, ապա բարձրանում աստիճաններով: Նա չշարժվեց, ոչ էլ նայեց դռանը: Նա շարունակեց նայել այգուն, այժմ այնտեղ աճող հաստ թփերին, որոնք նա բերել էր Կարոլինայից, երբ ընդամենը լուցկուց բարակ ընձյուղներ էին: Այդ այգում էր, որ նա և այդ երիտասարդ կինը ծանոթացան։ Վերջինս պատրաստվում էր ամուսնանալ իր եղբորորդու հետ և նրանից որդի ունենալ: 1918 թվականն էր, կրտսեր Բեյարդը և նրա եղբայր Ջոնը դեռ Ֆրանսիայում էին: Ջոնի սպանվելուց առաջ էր, և շաբաթը երկու կամ երեք անգամ Նարցիսան գալիս էր քաղաքից դուրս՝ իրեն այցելելու, մինչ նա ծաղիկներն էր խնամում: «Եվ նա այդ ողջ ընթացքում նշանված էր Բեյարդի հետ և ինձ չէր ասում», - մտածեց ծեր կինը: «Բայց նա ինձ առհասարակ շատ քիչ բան էր ասում որևէ բանի մասին», - մտածեց նա՝ նայելով այն պարտեզին, որտեղ մթնշաղն էր տարածվում, և որտեղ հինգ տարի ոտք չէր դրել: «Ամեն ինչից շատ քիչ: Երբեմն մտածում եմ, թե ինչպես է նրան հաջողվել նշանվել Բեյարդի հետ՝ այդքան քիչ խոսելով: Միգուցե նա դա արեց պարզապես իր ներկայությամբ, ինչ-որ բաց տեղ լրացնելով, ինչպես ստացավ այդ նամակը»: Այդ օրը Բայարդը հենց նոր էր տուն վերադարձել: Նարցիսան դուրս եկավ և երկու ժամ մնաց դրսում, հետո հեռանալուց առաջ նա ցույց տվեց այդ նամակը: Այն անանուն էր և անպարկեշտ, խելահեղ բովանդակությամբ, և այդ ժամանակ ինքը փորձեց ստիպել Նարցիսային, որ իրեն թույլ տա նամակը ցույց տալ Բեյարդի պապին և ստիպել, որ նա ջանքեր գործադրի այդ մարդուն գտնելու և պատժելու համար, բայց Նարցիսան հրաժարվեց: «Ես պարզապես կայրեմ այն և կմոռանամ դրա մասին, - ասաց Նարցիսան: «Դե, դա քո գործն է », - ասաց ծեր կինը:

-Բայց չպետք է դա թույլ տալ: Լեդիին չպետք է թողնել այդպիսի տղամարդու ողորմածությանը, նույնիսկ եթե փոստով է ասվել: Ցանկացած ջենթլմեն կհամաձայնի, որ պետք է գործողություն ձեռնարկել: Բացի այդ, եթե դու ոչինչ չձեռնարկես, նա նորից կգրի քեզ:

-Այդ դեպքում ես դա ցույց կտամ գնդապետ Սարտորիսին, - ասաց Նարցիսան:

Նա որբ էր, եղբայրը նույնպես Ֆրանսիայում էր:

-Բայց չե՞ք հասկանում՝ ես պարզապես չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ տղամարդ իմանա այդ մասին, որ ինչ-մեկը իմ մասին այդպիսի բաներ է մտածում:

-Դե, ես ավելի շուտ կցանկանայի, որ ամբողջ աշխարհն իմանար, որ ինչ-որ մեկն այդպիսի բաներ է մտածում իմ մասին և մտրակի հարվածներ ստանար դրա համար, քան թե թողնել, որ այդ մեկը շարունակի նման կերպ մտածել և մնա անպատիժ: Բայց դա քո գործն է:

-Ես պարզապես կայրեմ այն և կմոռանամ դրա մասին,-ասաց Նարցիսան: Այնուհետև Բեյարդը վերադարձավ, և կարճ ժամանակ անց նա և Նարցիսան ամուսնացան, ու Նարցիսան եկավ այս տանն ապրելու: Այնուհետև նա հղիացավ, իսկ նախքան երեխայի ծնունդը Բեյարդը սպանվեց օդանավում, իսկ նրա պապը՝ ծեր Բեյարդը մահացել էր արդեն, հետո ծնվեց երեխան։ Երկու տարի էր անցել, երբ իր մտքով անցավ հարցնել հարսին, արդյո՞ք այլևս նամակներ չի ստանում։ Նարցիսան բացասական պատասխան տվեց։

Եվ այսպես, նրանք հանգիստ ապրում էին այդ ժամանակ, իրենց կանացի հոգսերով այդ մեծ տանն ու առանց տղամարդկանց: Հիմա, ինչպես և այն ժամանակ նա համոզում էր Նարցիսային կրկին ամուսնանալ: Բայց վերջինս լուռ հրաժարվում էր, և նրանք տարիներ շարունակ այդպես էլ ապրեցին երկուսով և երեխան, որին նա համառորեն անվանեց իր մահացած հորեղբոր պատվին: Այնուհետև, մեկ շաբաթ առաջ՝ երեկոյան Նարցիսան ընթրիքին հյուր ուներ։ Երբ իմացավ, որ հյուրը տղամարդ պիտի լինի, որոշ ժամանակ անշարժ մնաց նստած իր աթոռին: «Ահ, - հանգիստ մտածեց նա:-Եկել է ժամանակը: Դե, բայց պետք է այդպես էլ լիներ։ Նա երիտասարդ է և միայնակ այստեղ ապրել անկողնային հիվանդ ծեր կնոջ հետ․․․ Լավ, ես թույլ չեմ տա նրան, որ վարվի ինձ պես: Ես չեմ ակնկալում նրանից նման բան: Ի վերջո նա Սարտորիս չէ: Նա նրանց ազգականը չէ, այդ բազում հիմար ու հպարտ ուրվականների»:

Հյուրը ժամանեց: Ինքը չտեսավ նրան մինչև իրեն չբերեցին ընթրիքի սեղանի մոտ: Նկատեց, որ նա ճաղատ, խելացի դեմքով երիտասարդ էր, իսկ ժամացույցից կախել էր Ֆի Բետտա Կապպա բանալի: Բանալին չճանաչեց, բայց միանգամից կռահեց, որ նա հրեա է, և երբ սկսեց խոսել հետը, վրդովմունքը կատաղության վերածվեց։ Հարձակման պատրաստվող օձի պես ջղաձգվեց աթոռի մեջ, շարժումը բավականաչափ ուժեղ էր ու կարողացավ սեղանից հեռու գնալ։

-Նարցիսա, - ասաց ինքը,- ի՞նչ է այստեղ անում այս յանկին:

 Երեքով նստել էին մոմերով լուսավորված սեղանի շուրջ, երեքն էլ վախից քարացած: Քիչ անց տղամարդը խոսեց.

-Տիկին,-ասաց նա,-յանկիներ չէին մնա, եթե ձեր սեռը գրավեր այս ողջ հողատարածքը:

-Պետք չէ ինձ նման բաներ ասել, երիտասարդ,-պատասխանեց ինքը:-Կարող եք շնորհակալություն հայտնել ձեր աստղին, ձեր պապը պարզապես տղամարդկանց դեմ է կռվել:-Հետո կանչեց Այսոմին, ով նրան տարավ ճաշասենյակից՝ առանց ընթրելու: Եվ նույնիսկ իր ննջասենյակում չթողեց, որ լույս վառեն ու հրաժարվեց մատուցարանից, որ Նարցիսան էր ուղարկել: Նստեց իր մութ պատուհանի կողքին, մինչև անծանոթը հեռացավ:

Հետո՝ երեք օր անց, Նարցիսան հանկարծակի և առեղծվածային ուղևորություն է կատարում Մեմֆիս և մնում երկու գիշեր, երբ նախկինում երբեք մեկ գիշերով անգամ չէր բաժանվել իր որդուց, ինչ վերջինս ծնվել էր: Նա գնաց առանց բացատրության և վերադարձավ նույնպես առանց բացատրության, և այժմ ծեր կինը պարզապես դիտում է, թե ինչպես է նա տղայի հետ անցնում այգով, նրանց հագուստները դեռ խոնավ էին, ասես գետն էին մտել:

Այդ մասին տղան իրեն ասաց: Նա մտավ սենյակ նոր հագուստով, բայց մազերը դեռ թաց էին, չնայած այժմ կոկիկ սանրված էր:

Անխոս ներս մտավ և մոտեցավ իր աթոռին:

-Մենք գետակն էինք մտել,- ասաց նա: -Չնայած չէինք լողում: Պարզապես նստել էինք ջրի մեջ: Ուզում էր, որ ցույց տամ իրեն ինչպես այնտեղ լողալ: Բայց մենք չլողացինք: Չեմ կարծում, թե նա կարող է լողալ: Մենք պարզապես հագուստներով նստել էինք ջրի մեջ: Ամբողջ երեկո։ Նա այդպես էր ուզում:

- Ա՜հ, - ասաց ծեր կինը: - Դե, այո, պիտի որ հաճելի լիներ: Նա շու՞տ կիջնի ներքև:

-Եսիմ: Երբ հագնվի:

-Դե... եթե ուզում ես նախքան ընթրիքը ժամանակ ունեն կարճ ժամանակով դուրս գնալու:

-Ես պարզապես կմնամ այստեղ՝ քո կողքին, եթե ուզում ես:

-Ո՛չ, գնա դուրս: Ինձ ոչինչ պետք չի լինի, մինչև Սադդիի գալը:

-Լավ։

Տղան դուրս եկավ սենյակից: Պատուհանից թափանցող լույսն աղոտանում էր մայրամուտի ժամանմանը զուգընթաց: Ծեր կնոջ արծաթագույն գլուխը նույնպես խունացավ՝ նմանվելով պատուհանի կողքին դրված ինչ-որ անշարժ իրի։ Պատուհանը շրջանակված հատուկենտ գունավոր ապակիները նույնպես անրջում էին՝ լուռ ու գունեղ։ Այնտեղ նստած լսեց, թե ինչպես է եղբորորդու կինը իջնում աստիճաններից: Հանգիստ նստել էր, նայելով դռանը, մինչև երիտասարդ կինը ներս կմտներ:

Նա սպիտակ զգեստ էր կրում. խոշորամարմին կին էր, մոտ երեսուն տարեկան, մթնշաղի ներքո ինչ-որ հերոսական բան էր նկատվում նրա արձանային կեցվածքի մեջ:

-Ուզու՞մ ես լույսը վառեմ,-հարցրեց նա։

- Ո՛չ, - ասաց ծեր կինը:-Դեռ ոչ։

Նա ուղղաձիգ դիրքով նստել էր անվավոր աթոռին՝ անշարժ, հայացքով հետևելով, թե ինչպես է երիտասարդ կինը անցնում սենյակով, սպիտակ զգեստը դանդաղ ծածանելով՝ նման հերոսական կարիատիդի, որ հենց նոր է կենդանացել ու իջել տաճարի ճակատից: Նա նստեց։

-Այո նա նրանցից էր ..., - սկսեց:

- Սպասիր, - ասաց ծեր կինը, - նախքան սկսելդ: Հասմիկը: Դու զգում ես նրա հոտը:

-Այո՛: Նրանցից էր։

-Սպասի՛ր։ Միշտ օրվա այս ժամին է այն բուրում: Հունիսին օրվա այս ժամին է սկսում բուրել հիսունյոթ տարի շարունակ: Ես նրանց բերեցի Կարոլինայից՝ զամբյուղով: Հիշում եմ, թե ինչպես առաջին տարին՝ մարտ ամսին, նստել էի ամբողջ գիշեր և թերթերն այրում էի դրանց արմատներին: Զգու՞մ ես հոտը:

-Այո:

-Եթե ամուսնանալու մտադրություն ունես, ես քեզ ասացի: Ես ասացի հինգ տարի առաջ, որ քեզ չեմ մեղադրի: Երիտասարդ կին, այրի: Անգամ եթե երեխա ունես, քեզ ասացի, որ երեխան բավարար պատճառ չէ: Ասացի, որ քեզ չեմ մեղադրի, եթե ինձ նման չվարվես: Այնպես չէ՞:

-Այո, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէ:

-Չէ՞, ինչքա՞ն վատ չէ:

Ծեր կինը ուղղվեց, գլուխը մի փոքր ետ տարավ, նրա նիհար դեմքը տարրալուծվում էր խորը մթնշաղի մեջ:

-Ես քեզ չեմ մեղադրի: Քեզ դա ասել եմ: Դու ինձ հետ պարտավոր չես հաշվի նստել: Իմ կյանքն ավարտված է, ինձ շատ քիչ բան է պետք նեգրերը կհոգան բոլոր կարիքներս: Իմ մասին մի՛ մտածիր, լսու՞մ ես:

Կինը ոչինչ չասաց նա նույնպես անշարժ էր, խաղաղ նրանց ձայները կարծես թե նյութականանում էին երկուսի միջև ընկած աղջամուղջում՝ ասես դուրս չգալով ոչ բերանից, ոչ էլ արտահայտվելով նրանց անշարժ և դժգույն դեմքներին։

-Ուրեմն, դու ինձ պիտի պատմես, - ասաց ծեր կինը:

-Ամեն ինչ սկսվեց այն նամակներից: Տասներեք տարի առաջ. հիշո՞ւմ ես: Մինչև Բեյարդը Ֆրանսիայից կվերադառնար, նախքան կիմանայիր, որ մենք նշանված ենք: Ես քեզ դրանցից մեկը ցույց տվեցի, և դու ուզում էիր այն փոխանցել գնդապետ Սարտորիսին, որ նա պարզի, թե ով է այն ուղարկել, բայց ես թույլ չտվեցի, ու դու ասացիր, որ ոչ մի լեդի իրեն թույլ չի տա անանուն սիրային նամակներ ստանալ, որքան էլ դա ցանկանա:

-Այո, ես ասացի, որ ավելի լավ է ողջ աշխարհն իմանա, որ մի լեդի այդպիսի նամակ է ստացել, քան ինչ-որ տղամարդ թաքուն նման բաներ մտածի նրա մասին և մնա անպատիժ: Դու ինձ ասացիր, որ այրել ես այն:

-Ես ստեցի: Ես պահեցի այն: Եվս տասը ստացա: Ես քեզ չասացի լեդիի վերաբերյալ ասածներիդ պատճառով:

- Ա՜հ, - հառաչեց ծեր կինը:

-Այո, ես դրանք բոլորը պահել էի: Կարծում էի ՝ այնպես եմ թաքցրել, որ ոչ ոք չի կարող դրանք գտնել:

-Եվ կրկին կարդում էիր դրանք: Հանում էիր դրանք և նորից ու նորից կարդում:

-Կարծում էի, որ թաքցրել եմ: Հետո հիշում եք, որ Բեյարդի հետ մեր ամուսնության հաջորդ գիշերն ինչ-որ մեկը ներխուժեց քաղաքի մեր տուն, այն նույն գիշերը, երբ գնդապետ Սարտորիսի բանկի հաշվապահը գումար կողոպտեց և փախավ: Հաջորդ առավոտյան նամակներն անհետացել էին և այդժամ հասկացա, թե ով էր դրանք ուղարկել:

- Այո, - ասաց ծեր կինը:

Վերջինս չէր շարժվում, իսկ մթության մեջ անտես գլուխը նման էր արծաթյա ինչ-որ անշունչ առարկայի:

-Այսպիսով դրանք տարել էին: Նամակներն ինչ-որ այլ տեղում էին։ Սկզբում քիչ էր մնում խելագարվեի: Մտածում էի, թե ինչպես են տարբեր մարդիկ, անծանոթ տղամարդիկ կարդում դրանք, տեսնելով ոչ միայն իմ անունն այնտեղ գրված, այլև աչքերիս թողած հետքերը, երբ դրանք ընթերցել էի նորից ու նորից։ Ես կատաղած էի։ Երբ Բեյարդի հետ մեղրամսի էինք, խելացնոր վիճակում էի։ Չէի կարող մտածել միայն նրա մասին։ Կարծես ստիպված էի միաժամանակ քնել աշխարհի բոլոր տղամարդկանց հետ: Մոտ տասներկու տարի առաջ էր, հետո ծնվեց Բորին ու կարծում էի, թե դա մնաց անցյալում: Համակերպվեցի դրանց անհետացման հետ։ Միգուցե սկսեցի մտածել, որ դրանք տարել են, վերացրել, և ես ապահով եմ: Այնուհետ հիշում էի դրանք, բայց թվում էր՝ ինչ-որ ձևով Բորին ինձ պաշտպանում է, և դրանք կշրջանցեին նրան ու այլևս ինձ չեն հասնի։ Կարծես, եթե պարզապես այստեղ մնայի և՛ լավ կլիներ Բորիին համար, և՛ քո, ապա մի օր կեսօրին՝ տասներկու տարի անց, այդ մարդը եկավ ինձ տեսնելու, այդ հրեան: Նա, ով այդ երեկո ընթրիքի էր եկել:

- Ա՜հ, - հառաչեց ծեր կինը:-Այո՛:

-Նա դաշնային գործակալ է: Նրանք դեռ փորձում են բռնել այն մարդուն, ով կողոպտել էր բանկը, և նամակներս այդ գործակալի ձեռքում են: Գտել է դրանք այնտեղից, որտեղ հաշվապահը կորցրել էր դրանք կամ դեն նետել այդ գիշեր, երբ փախչում էր, իսկ գործակալը դրանք պահել է տասներկու տարի ՝ աշխատելով այդ գործի վրա: Վերջապես նա եկավ ինձ տեսնելու, փորձելով պարզել, թե ուր է գնացել այդ մարդը ՝ մտածելով, որ ես պետք է իմանամ, քանի որ նա ինձ նման նամակներ էր գրել: Դու հիշում ես, թե ինչպես նայեցիր նրան ու ասացիր. «Նարցիսա, ո՞վ է այս յանկին»:

- Այո՛, հիշում եմ:

-Նամակներս այդ մարդու մոտ են: Տասներկու տարի իր մոտ է պահել ...

-Ի՞ր մոտ է պահել,-հարցրեց ծեր կինը,-ի՞ր մոտ։

-Այո, բայց հիմա ինձ մոտ են: Նա դեռ չէր ուղարկել դրանք Վաշինգտոն, ուստի ոչ ոք, բացի նրանից, չի կարդացել նամակները: Եվ հիմա այլևս ոչ ոք չի կարդա դրանք:-Նա լռեց, հանգիստ շունչ քաշեց:-Դու դեռ չես հասկանում, չէ՞: Նրա ձեռքի տակ էր նամակներում եղած ողջ տեղեկությունը, որը նա կարող էր փոխանցել վարչությանը, բայց խնդրեցի դրանք տալ ինձ։ Նա ասաց, որ պետք է դրանք հանձնի, ապա հարցրեցի, թե՞ արդյոք վերջնական որոշումը չի կայացնելու Մեմֆիսում, երբ հարցրեց, թե ինչու՞ Մեմֆիսում, պատասխանեցի, թե ինչու: Գիտեի, որ ես չեմ կարող նրանցից նամակները վերցնել փողի դիմաց։ Ահա թե ինչու ես ստիպված գնացի Մեմֆիս: Այնքան շատ եմ հարգում Բորիին և քեզ, որ ոչ մի տեղ չէի գնա։ Ահա այսքանը։ Տղամարդիկ բոլորը նույնն են՝ իրենց լավ և վատ գաղափարներով: Հիմարնե՛ր:-Նա հանգիստ շունչ քաշեց: Այնուհետև հորանջեց՝ լիովին հանդարտվելով: Ապա դադարեց հորանջել: Կրկին նայեց իր դիմաց նստած կնոջ քարացած, մթության մեջ փայլող արծաթե գլխին:-Դեռ չհասկացա՞ք,- հարցրեց նա,- ստիպված էի դա անել: Դրանք իմն էին, ես ստիպված էի դրանք վերադարձնել: Միակ ձևն էր դրանց հասնելու: Բայց ես ավելիին էի ընդունակ: Այսպիսով, դրանք ինձ մոտ են: Եվ հիմա դրանք այրել եմ: Ոչ ոք այլևս դրանք չի տեսնի: Որովհետև նա չի կարող ոչ մեկի ասել, հասկանու՞մ եք։ Դրանց գոյության մասին հիշատակելը կկործանի նրան։ Դրա պատճառով նրան կարող են անգամ բանտարկել։ Եվ հիմա դրանք մոխրի են վերածվել:

- Այո, - ասաց ծեր կինը:-Եվ այսպես, դու վերադարձար տուն և վերցրեցիր Ջոնիին ու գնացիր դեպի գետակը՝ նստելու հոսող ջրում: Ասես Հորդանանում էիք: Այո, Հորդանան էիք գտել Միսիսիպիում՝ գյուղական արոտավայրից այն կողմ։

-Ես պետք դրանք հետ ստանայի: Չե՞ք հասկանում:

- Այո,-ասաց ծեր կինը,-այո:-Նա մեջքն ուղղեց անվավոր աթոռին:-Լավ, Տե՛ր Աստված։ Ների՛ր մեզ, աղքատ, հիմար կանանցս: Ջոնի՛,-նրա ձայնը սուր էր, հրամայական:

-Ի՞նչ,- ասաց երիտասարդ կինը:-Դու ինչ-որ բա՞ն ես ուզում:

-Ո՛չ, -պատասխանեց:-Կանչե՛ք Ջոնիին:-Գլխարկս եմ ուզում: Երիտասարդ կինը վեր կացավ նստած տեղից:

-Ես այն կբերեմ:

-Ո՛չ, ես ուզում եմ, որ Ջոնին բերի:

Երիտասարդ կինը կանգնած նայում էր նրան, իսկ ծեր կինը շարունակում էր ուղղաձիգ նստած մնալ անվավոր աթոռին՝ իր մազերի՝ մթության մեջ կորած արծաթե պսակի տակ: Հետո նա դուրս եկավ սենյակից: Ծեր կինը չշարժվեց: Այնտեղ մթության մեջ մնաց մենակ նստած մինչև տղան ներս եկավ՝ բերելով մի հնաոճ, փոքրիկ սև կանացի անեզր գլխարկ:

Ինչպես միշտ, երբ ծեր կինը վրդովված էր լինում, նրանք բերում էին այդ գլխարկը, և նա այն դնում էր իր գլխին և նստում պատուհանի մոտ: Տղան մեկնեց գլխարկը: Մայրը նրա հետ էր: Արդեն լրիվ մութն ընկել էր։ Ծեր կինը անտեսանելի էր, բացի, իհարկե, նրա մազերից:

- Հիմա ուզում ես լույսը վառեմ,-հարցրեց երիտասարդ կինը:

- Ո՛չ, - պատասխանեց նա և գլխարկը դրեց գլխին:-Բոլորդ գնացեք ընթրելու և թույլ տվեք հանգստանամ մի փոքր: Բոլորդ էլ գնացեք այստեղից:

Նրանք հնազանդվեցին՝ թողնելով կնոջը այնտեղ նստած իր բարակ, ուղիղ կեցվածքով, (որից միայն մթության մեջ երևում էր մազերի փայլը) անվավոր աթոռի վրա, պատուհանի կողքին, որը հատուկենտ երիզված էր Կարոլիայից բերված մեռյալ ապակիով:

Մինչև տղայի ութ տարեկան դառնալը, նա սեղանի մոտ զբաղեցնում էր իր հանգուցյալ պապի տեղը: Այսօր երեկոյան մայրը վերադասավորեց տեղերը:

-Միայն երկուսով ենք, - ասաց նա:-Արի ուղղակի նստիր կողքիս: Տղան տատանվեց:

- Խնդրում եմ, արի, լա՞վ, ես այնքան միայնակ էի անցած գիշեր Մեմֆիսում: Մի՞թե դու միայնակ չէիր զգում առանց ինձ:

-Ես քնեցի հորաքույր Ջենիի կողքին,- ասաց տղան:-Մենք շատ ուրախ էինք միասին:

-Խնդրում եմ:

 - Լավ, - ասաց տղան ու աթոռը դրեց մոր կողմը:

-Ավելի մոտ,- ասաց նա և աթոռը մոտեցրեց իրեն:-Բայց մենք այլևս երբեք, այլևս երբեք: Այնպես չէ՞:- Նա թեքվեց տղայի կողմը՝ ձեռքը բռնելով:

- Ի՞նչ, չե՞նք մտնի գետակը:

-Այլևս երբեք իրար չենք լքի:

-Ես միայնակ չէի զգում։ Մենք լավ ժամանակ անցկացրեցինք:

-Խոստացի՛ր, խոստացի՛ր, Բորի:

Տղայի անունը Բենhաու էր, մոր ընտանեկան անունն էր եղել:

-Լավ։

Այսոմը՝ պարուսինե բաճկոնը հագին, նրանց ճաշ մատուցեց և վերադարձավ խոհանոց:

-Նա չի՞ պատրաստվում ընթրել,- հարցրեց Էլնորան:

- Ոչ, - ասաց Այսոմը: -Մենակ նստել է պատուհանի մոտ՝ մթության մեջ։ Ասում է, որ չի ուզում ընթրել:

Էլնորան նայեց Սադդիին:

-Ի՞նչ էին անում նրանք, երբ վերջին անգամ անցար գրադարանով:

-Նա և միսս Նարցիսան զրուցում էին:

-Նրանք դեռ խոսում էին, երբ ես գնացի ասելու, որ ընթրիքը պատրաստ է, - ասաց Այսոմը: -Քեզ ասել եմ:

 - Գիտեմ,-ասաց Էլնորան:

Նրա ձայնը կոպիտ չէր և ոչ էլ քնքուշ: Պարզապես հրամայական էր, մեղմ, սառը:

-Ինչի՞ մասին էին նրանք խոսում:

-Չգիտեմ,-ասաց Այսոմը:-Դու ես ինձ սովորեցրել չլսել սպիտակ մարդկանց խոսակցությունները:

-Ինչի՞ մասին էին նրանք խոսում, Այսոմ,-հարցրեց Էլնորան:

Նա տղային էր նայում լուրջ, քննախույզ, հրամայական հայացքով:

-Ինչ-որ մեկի մասին, որ պատրաստվում է ամուսնանալ: Միսս Ջենին ասում էր. «Ես քեզ վաղուց եմ ասել, չեմ մեղադրի քեզ: Քեզ նման երիտասարդ կինը: Ուզում եմ, որ ամուսնանաս։ Մի՛ վարվիր ինձ պես։

- Գրազ եմ գալիս նա մտադիր է ամուսնանալ,-ասաց Սադդին:

-Ո՞վ ամուսնանա,-հարցրեց Էլնորան,-նա՞ ամուսնանա։ Ի՞նչի համար։ Հրաժարվի՞ այստեղ իր ողջ ունեցածից։ Իրականում ամեն ինչ այլ է։ Կցանկանայի իմանալ, թե ինչ է կատարվել այստեղ անցած շաբաթ...

Նրա ձայնը դադարեց, գլուխը շրջեց դռան կողմը, ասես ինչ-որ բանի էր ականջ դնում: Աշխասենյակից լսվում էր երիտասարդ կնոջ ձայնը: Բայց Էլնորան, կարծես, փորձում էր լսել ավելին: Հետո դուրս եկավ սենյակից: Հապճեպորեն չանցավ, բայց նրա երկար, լուռ քայլքը նրան կտրուկ հեռացրեց տեսադաշտից, նման բեմից հեռացող անիվներով շարժվող անշունչ առարկայի։                                          

Հանգիստ մտավ մութ նախասրահ՝ անցնելով ճաշասեղանի դռան մոտով և աննկատելի մնալով սեղանի մոտ նստած երկու անձանց: Նրանք իրար շատ մոտ էին նստել: Կինը խոսում էր ՝ հակվելով տղայի կողմը: Էլնորան անցավ առանց ձայն հանելու՝ նման ստվերների միաձուլման, որտեղ նրա թեթև դեմքը թվում էր, թե սահում է առանց մարմնի, նշմարվում էին միայն նրա ակնախնձորները` թեթևակի սպիտակ: Հետո հանկարծ կանգ առավ: Դեռ չէր հասել գրադարանի դռանը, բայց կանգ առավ՝ անտեսանելի ու անձայն, նրա աչքերը հանկարծ փայլեցին գրեթե անհետացած դեմքին։ Սկսեց ցածրաձայն վանկարկել երգեցիկ ելևէջներով

-Օ՜, Տեր Աստված, օ՜, Տեր Աստված։

Այնուհետև շարժվեց տեղից, արագորեն ներս մտավ գրադարանի դռնով և աչքի անցկացրեց սենյակը, որտեղ անկենդան պատուհանի կողքին անշարժ նստել էր ծեր կինը, միայն նշմարվում էր նրա սպիտակ մազերի այդ թեթևակի փայլը։ Կարծես իննսուն տարվա կյանքը դանդաղ մարել էր նրա վտիտ, ուղղաձիգ մարմնում և մի ակնթարթ մայրամուտի շողերով վերջին անգամ փայլում էր գլխի շուրջ՝ չնայած կյանքն ինքնին կանգ էր առել: Էլնորան ընդամենը մի ակնթարթ աչքի անցկացրեց սենյակը: Այնուհետև շրջվեց և հապճեպ ու կամացուկ քայլերն ուղղեց դեպի ճաշասենյակի դուռը: Կինը, դեռ հակված տղայի կողմը, խոսում էր։ Նրանք միանգամից չնկատեցին Էլնորային: Նա կանգնեց դռան շեմին ամբողջ հասակով՝ չդիպչելով մյուս կողմի կողափայտին: Դեմքը կարծես դատարկ լիներ՝ ո՛չ նայում էր, ո՛չ էլ խոսում որևէ մեկի հետ։

-Կարծում եմ՝ լավ կանեք շուտափույթ գաք,-ասաց Էլնորան՝ մեղմ, սառը, հրամայական ձայնով։

Անգլերենից թագմանությունը՝ Անի Գասպարյան

Տես նաև Ուիլյամ Ֆոլքներ Պատմվածքներ

Ուիլյամ Ֆոլքներ | Կար-չկար մի թագուհի Ուիլյամ Ֆոլքներ | Կար-չկար մի թագուհի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 01, 2022 Rating: 5
Технологии Blogger.