Անդրեյ Պլատոնով | Աֆրոդիտե

Անդրեյ Պլատոնով
Միայն այստեղ, որ այրվել էր կրակում, կար այլ մի բան` այստեղ միմյանց հանդեպ կարեկցանքով մարդկանց ստեղծած աշխարհն էր, այստեղ նվազագույն չափով իրականացել էր բարձրագույն կյանքի հույսը, ողջ դժվարին, ինքն իրեն ճնշող բնության փոփոխության ու կենդանացման հույսը` հույս, որը, հավանաբար, ողջ տիեզերքում գոյություն ուներ միայն մարդու սրտի եւ գիտակցության մեջ, եւ ոչ ամենայն մարդու, այլ միայն նրա, ով առաջինը զոհողությամբ, աշխատանքով ու հեղափոխությամբ հասել էր իր ճակատագրի այդ ընկալմանը: Ինչ փոքր է դեռ, ուրեմն, այդ բարի ուժը վիթխարի աշխարհի համեմատ եւ ինչքան է այն պետք պահպանել:

Նազար Ֆոմինի համար տխուր օրեր եկան` քննչական իշխանությունը նրան հաղորդեց, որ կայանը այրվել էր ոչ թե պատահաբար կամ անփութությունից, այլ հրդեհվել էր չարագործ ձեռքով: Դա Ֆոմինը միանգամից չէր կարողանում հասկանալ` այդ ինչպես է, որ այն, որ իր համար բարիք է, կարող է ատելություն առաջացնել եւ չարագործության պատճառ դառնալ: Նա գնաց տեսնելու այն մարդուն, ով հրդեհել էր կայանը: Հանցագործն արտաքնապես նրան սովորական մարդ թվաց, եւ իր արածի համար չէր ափսոսում: Նրա խոսքերում Ֆոմինը զգաց չբավարարված ատելություն, դրանով հանցագործը նույնիսկ կալանքի մեջ սնում էր իր հոգին: Հիմա Ֆոմինը նրա տեսքն ու խոսքերը աղոտ էր հիշում, բայց նա հիշում էր նրա անթաքույց չարությունն իր, ավերակված ժողովրդական ստեղծագործության գլխավոր կառուցողի առջեւ, եւ նրա արարքի բացատրությունը որպես գործողություն, որն անհրաժեշտ էր նրա բանականության եւ խղճի բավարարման համար: Ֆոմինն այն ժամանակ լուռ լսեց հանցագործին եւ հասկացավ, որ նրան խոսքով տարհամոզել անկարելի է, իսկ տարհամոզել գործով` կարելի է, միայն թե նա երբեք գործն ավարտին հասցնելու հնարավորություն չի տալիս, նա մշտապես պիտի ավերի եւ վերացնի ի սկզբանե իր չկառուցածը:

Ֆոմինը տեսավ մի արարածի, որի մասին նա ենթադրում էր, որ այն կամ ընդհանրապես չկա աշխարհի երեսին, կամ էլ այն հեղափոխությունից հետո արդեն անօգ ու անվնաս վիճակում է: Իրականում այդ արարածն ապրում էր ցասումնալից կյանքով եւ նույնիսկ ուներ իր բանականությունը, որի ճշմարտությանը նա հավատում էր: Եվ այդ ժամանակ Ֆոմինի հավատն առ մոտակա երանությունը ողջ երկրի երեսին խախտվեց կասկածով, պայծառ ապագայի ողջ պատկերը նրա մտահորիզոնի առջեւ ասես հեռացավ դեպի մշուշոտ հորիզոնը, իսկ նրա ոտքերի տակ դարձյալ փռված էր գորշ, կարծր, անանցանելի հողը, որի վրայով հարկ է դեռ երկար գնալ մինչեւ այն շողշողուն աշխարհը, որն այնչափ մոտ ու հասանելի էր թվում։ Էլեկտրակայանի գյուղացիները, բանվորներն ու բաժնետերերը ժողով էին արել: Ժողովին նրանք լսեցին Ֆոմինի խոսքերը եւ լռելյայն մտորմունքի մեջ ընկան, իրենց համընդհանուր վիշտը չթաքցնելով: Հետո ելավ Եվդոկիա Ռեմեյկոն եւ հեզահամբույր ասաց, որ պետք է նորից միջոցներ ժողվել եւ դարձյալ կառուցել այրված կայանը` մի տարվա կամ տարիուկեսվա ընթացքում հնարավոր է սեփական ուժերով այրված կայանը վերակառուցել, ասաց Ռեմեյկոն, իսկ գուցե թե ավելի վաղ: «Ինչ է, աղջիկ,- տեղից նրան պատասխանեց զվարթացած գեղջուկը, անհայտ է ով,- մի օժիտդ կրակին տվիր, մյուսն էլ հենց այնտեղ ես խոթում, էդպես դու մինչեւ մահ-գերեզման չես ամուսնանա, էդպես էլ զառամած կթոշնես»:

Քննարկելով գործը, թե որքան կտրամադրի Պետապ.-ը հրդեհի դեպքում, որքան կօգնի պետությունը վարկով, որքան կմնա հավելելու աշխատանքով կուտակածից, բաժնետերերն իրենց առջեւ ընդհանուր հոգս էին դարձրել կայանը երկրորդ անգամ նախնականի պես կառուցելը: «Էլեկտրականությունը մարել է,- ասաց տակառագործության գործով տնայնագործ Եվտուխովը. իսկ մենք ապագայում էլ կապրենք անմար: Իսկ քեզ, Նազար Իվանովիչ, մենք բոլորս ամբողջապես հանձնարարում ենք կատեգորիկ իմաստով սարքել ըստ պլանի ու թափի, ինչպես այն կար»:

Եվտուխովը սիրում էր եւ մեծ, եւ փոքր գործերը հանձնարարել եւ կատեգորիկ իմաստով ի կատար ածել, նա ապրում էր կտրականապես եւ հեղափոխաբար եւ հնարել էր կլոր գնդաձեւ մի տակառ: Ասես ջերմ լույս դիպավ այն ժամանակ Ֆոմինի մռայլված հոգուն: Չիմանալով, թե ինչ ասել կամ անել, նա հպվեց Եվդոկիա Ռեմեյկոյին եւ, մարդկանցից ամաչելով, ուզում էր նրա թուշը համբուրել, բայց համարձակվեց համբուրել միայն ականջավերեւի մուգ մազերը: Այդպես էր այն ժամանակ, եւ երջանկության կենդանի զգացողությունը, Ռեմեյկո աղջկա մազերի հոտը, նրա հեզաբարո կերպարը մինչեւ այժմ պահպանվել էր Ֆոմինի հիշողության մեջ:

Եվ Նազար Ֆոմինն առաջվա տեղում դարձյալ էլեկտրակայան սարքեց, կրկնակի հզոր, քան կրակի մեջ զոհվածը: Այդ աշխատանքի վրա համարյա երկու տարի գնաց: Այդ ընթացքում Աֆրոդիտեն լքեց Նազար Ֆոմինին, նա մի այլ մարդու սիրեց, Մոսկվայից ռադիոհանգույցը մոնտաժելու եկած մի ճարտարագետի, եւ երկրորդ անգամ ամուսնացավ նրա հետ: Ֆոմինը շատ ընկերներ ուներ գյուղացիների ու աշխատավոր ժողովրդի շրջանում, բայց առանց իր սիրելի Աֆրոդիտեի նա իրեն որբ զգաց, եւ նրա սիրտը մենության մեջ սարսռաց:

Նա նախկինում մշտապես մտածում էր, որ իր հավատարիմ Աֆրոդիտեն աստվածուհի է, բայց հիմա նա խղճուկ էր իր կարիքի մեջ, իր նոր սերը բավարարելու պահանջի մեջ, առ ուրախությունն ու հաճույքը իր կապվածության մեջ, որոնք իր կամքից զորեղ էին, նրա հավատարմությունից ու հպարտ տոկունությունից զորեղ էին նրա նկատմամբ, ով նրան սիրում էր մշտապես ու աներկբա:

Սակայն Աֆրոդիտեից բաժանվելուց հետո էլ Նազար Ֆոմինը չէր կարողանում տարընտելանալ նրանից եւ առաջվա պես սիրում էր նրան, նա չէր էլ կամենում մարտնչել իր զգացմունքի դեմ, որն այժմ տառապանքի էր վերածվել. թող որ հանգամանքները խլել էին նրանից կնոջը, եւ նա ֆիզիկապես հեռացել էր նրանից, բայց չէ՞ որ պարտադիր չէ ի մոտո տիրել մարդուն եւ ուրախանալ միայն նրա կողքին` բավական է լինում սիրելի մարդուն զգալը քո սրտի մշտական բնակիչը, դա, ճիշտ է, ավելի տանջալից ու դժվար է, քան մոտիկ, բավարարված տիրապետումը, որովհետեւ սերն առ անտարբերը ապրում է մեն միայն իր հավատարիմ սիրո հաշվին, ոչնչից պատասխան չակնկալելով: Բայց մի՞թե Ֆոմինն ու իր երկրի մյուս մարդիկ փոխում են աշխարհն առ լավ ճակատագիրը հանուն այն բանի, որպեսզի իշխեն նրան կամ այնուհետեւ օգտվեն նրանից, որպես սեփականություն…

Ֆոմինը հիշեց նաեւ, որ այն ժամանակ տարօրինակ միտք հղացավ, որն անբացատրելի մնաց: Նա Աֆրոդիտեից բաժանման մեջ զգաց, որ չարագործ ուժը կրկին հատել է նրա կյանքի ուղին, իր սկզբնապատճառում դա, գուցե թե, միեւնույն ուժն էր, որից այրվել էր էլեկտրակայանը:

Նա հասկանում էր իրադարձությունների տարբերությունը, նա տեսնում էր դրանց անհամապատասխանությունը, բայց դրանք հավասարապես դաժանորեն կործանում էին իր կյանքը, եւ դրանց դիմակայում էր միեւնույն մարդը: Հնարավոր է, որ նա ինքն էր մեղավոր Աֆրոդիտեի առաջ` չէ՞ որ պատահում է, որ չարիքը գործվում է առանց ցանկության, ակամա եւ աննկատ, եւ նույնիսկ այնժամ, երբ մարդ լարվում է այլ մարդուն բարիք գործելու մեջ: Երեւի թե, դա լինում է այն պատճառով, որ յուրաքանչյուր սիրտ տարբեր է մյուսից` մեկը, բարիք ստանալուց, լիովին իր կարիքներին է հարմարեցնում, եւ այդ բարիքից մյուսներին ոչինչ չի մնում, իսկ մեկ այլ սիրտ ունակ է նույնիսկ չարը վերափոխելու, բարու եւ ուժի վերածելու` իրեն եւ այլոց:

Հրդեհից ու Աֆրոդիտեին կորցնելուց հետո Նազար Ֆոմինը հասկացավ, որ համընդհանուր երջանկությունն ու վայելքը կյանքից, ինչպես նա պատկերացնում էր մինչ այդ, սին երազանք է, եւ դա չէ մարդու ճշմարտությունը եւ նրա իրական երանությունը: Հաղթահարելով իր տառապանքը, տանելով այն, ինչը կարող էր նրան կործանել, կրկին կառուցել ավերվածը, Ֆոմինն անսպասելի ազատ բերկրանք զգաց, որը կախված չէր ոչ չարագործից, ոչ էլ պատահականությունից:

Նա հասկացավ իր նախկին միամտությունը, իր ողջ էությունը սկսեց համառել, աճելով արհավիրքներում, եւ սովորել հաղթահարելու ունակությունը, մշակել կենաց ուղում հառնած քարե վիշտը, եւ այդժամ աշխարհն իր առջեւ, մինչեւ այժմ, ինչպես նրան թվում էր, պարզ եւ հասանելի, այժմ ծավալվում էր դեպի հեռավոր խորհրդավոր մշուշը` ոչ այն պատճառով, որ այնտեղ իրոք մութ էր, տրտում կամ սարսափելի, այլ այն պատճառով, որ նա իսկապես ավելի մեծ էր բոլոր ուղղություններով եւ նրան անկարելի է մեկեն զննել` ոչ մարդու հոգում, ոչ էլ սովորական տարածության մեջ: Եվ այդ նոր պատկերացումը ավելի էր բավարարում Ֆոմինին, քան այն մեղկ երանությունը, հանուն որի էլ միայն, ինչպես նա մտածում էր նախկինում, ապրում էին մարդիկ:

Բայց նա այն ժամանակ, իր սերնդի հետ միասին, գտնվում էր սոսկ ողջ ռուս սովետական ժողովրդի կյանքի ուղու սկզբի մոտ, եւ այն ամենը, ինչ այդ օրերին ապրում էր Ֆոմինը, միայն մուտքն էր առ նրա դժվար ճակատագիրը, պատանի մարդու սկզբնական փորձությունը, եւ նրա նախապատրաստությունը անհրաժեշտ պատմական գործին, որի իրականացմանը ձեռք էր զարնել իր ժողովուրդը:

Ըստ էության, միայն քեզ համար երջանկության ձգտման մեջ ինչ-որ անփոփոխ եւ անհաստատ բան կա, լոկ սխրանքից եւ քեզ ծնած ժողովրդի առաջ քո պարտքի կատարումից է սկսվում իսկական մարդը, եւ դա է նրա բարձրագույն բավականությունը, կամ ճշմարիտ հավերժական երջանկությունը, որը արդեն չի կարող կործանել եւ ոչ մի արհավիրք, վիշտ եւ հուսահատություն: Բայց այն ժամանակ նա չէր կարողանում թաքցնել իր տխրությունը իր դժբախտություններից, եւ եթե նրա կողքին մարդիկ չլինեին, որ սիրում էին նրան որպես համախոհի, նա, գուցե եւ, հուսալքվեր եւ այլեւս ուշքի չգար:

«Հանգստացիր,- ըմբռնման տրտմությամբ ասաց նրան մի մտերիմ ընկեր,- դու հանգստացիր: Դու ուրիշ ի՞նչ էիր ուզում,- ո՞վ է մեզ այստեղ ուրախություն ու ճշմարտություն պատրաստել: Մենք ինքներս պետք է դրանք անենք, այդ պատճառով էլ մեր կուսակցությունը իրագործում է կյանքի իմաստը աշխարհում… Մեր կուսակցությունը` մարդկության գվարդիան է, եւ դու գվարդիական ես: Կուսակցությունը դաստիարակում է ոչ թե երանյալ հորթեր, այլ հերոսներ պատերազմների ու հեղափոխությունների մեծ դարաշրջանի համար: Մեր առջեւ ավելի ու ավելի կաճեն խնդիրները, մենք բարձրանում ենք այնպիսի լեռներ, որտեղից կերեւան բոլոր հորիզոնները մինչեւ աշխարհի վերջը: Էլ ուրեմն ինչո՞ւ ես վնգստում ու ձանձրանում: Ապրիր մեզ հետ` ինչ է քեզ պետք, ողջ տաքությունը մի տնային վառարանից եւ մեկ էլ կնոջիցդ, ի՞նչ է: Դու ինքդ խելոք ես, դու գիտես, մեզ պետք չէ անօգ, ինքն իրեն պահպանող տեսակը: Հիմա ուրիշ ժամանակ է վրա հասել»:

Ֆոմինն այն ժամանակ առաջին անգամ լսեց «գվարդիա» բառը… Նրա կյանքը շարունակեց առաջ ընթանալ: Աֆրոդիտեն, Նազար Ֆոմինի կինը, երկրորդ ամուսնու անհավատարմությունից վիրավորված, մի անգամ հանդիպեց Նազարին ու նրան ասաց, որ ինքը տխուր է ապրում, եւ որ կարոտում է նրան, որ ինքը կյանքը ճիշտ չէր հասկանում, կամենալով միայն ուրախանալ նրանում, եւ չիմանալ ոչ պարտք, ոչ պարտավորություններ: Նազար Ֆոմինը լուռ լսեց Աֆրոդիտեին, խանդն ու վիրավորված ինքնասիրությունը դեռ գոյում էին նրանում, ճնշված, համարյա մունջ, բայց դեռեւս կենդանի, ինչպես անմահ էակներ: Բայց նրա ուրախությունը Աֆրոդիտեի դեմքի առաջ, իրեն ընդառաջ եկող նրա սրտի մոտիկությունը, մահացրին նրա խղճուկ տրտմությունը, եւ նա երկու տարուց մի քիչ ավելի բաժանումից հետո համբուրեց Աֆրոդիտեի իրեն երկարած ձեռքը: Եկան կյանքի նոր օրերը: Շատ անգամ հանգամանքները Ֆոմինին զոհ էին դարձնում, մոտեցնում էին կործանման եզրին, բայց նրա հոգին այլեւս չէր կարող հատնել անհուսության կամ մռայլության մեջ: Նա ապրում, մտածում եւ աշխատում էր, ասես մշտապես զգալով մեծ ձեռքը, որը քնքշորեն ու հաստատուն նրան տանում էր առաջ` դեպ հերոսների ճակատագիրը: Եվ միեւնույն ձեռքը, որ անհողդողդ նրան առաջ էր տանում, միեւնույն մեծ ձեռքը ջերմացնում էր նրան, եւ այդ ջերմությունը ներթափանցում էր նրա սիրտը:

***
– Ցտեսություն, Աֆրոդիտե,- բարձրաձայն ասաց Նազար Ֆոմինը:

Որտեղ էլ նա լիներ այսօր, ողջ կամ մեռած, միեւնույն է, այստեղ, այս մարդաթափ քաղաքում, մինչեւ այժմ թաքնված էին նրա ոտնահետքերը հողում եւ մոխրի տեսքով պահպանված էին իրերը, որոնք նա մի ժամանակ բռնել էր ձեռքին, դրոշմելով դրանց վրա իր մատնահետքերը, այստեղ ամենուր գոյություն ունեին նրա կյանքի աննկատ նշանները, որոնք լիովին երբեք չեն վերանում, որքան էլ խորապես աշխարհը փոխվի: Ֆոմինի զգացմունքը Աֆրոդիտեի հանդեպ բավարարվում էր իր համեստությամբ նույնիսկ այն բանով, որ այստեղ մի ժամանակ նա շնչել էր եւ հայրենիքի օդը դեռ պահում է նրա շուրթերի ցրված ջերմությունը եւ նրա անհետացած մարմնի թույլ հոտը` չէ՞ որ աշխարհում չկա անհետ անհետացում:

– Ցտեսություն, Աֆրոդիտե: Ես քեզ հիմա նոր զգում եմ իմ հիշողության մեջ, բայց ես ուզում եմ քեզ ամբողջովին տեսնել, կենդանի ու լրիվ…

Ֆոմինը ելավ նստարանից, նայեց իր ավերակաց մեջ ցածրամած քաղաքին, այժմ ծայրեծայր ազատ տեսանելի, խոնարհվեց նրան եւ նորից դաշտ վերադարձավ: Նրա համբերանքին ընտել սիրտը կարող էր նույնիսկ տանել հավերժական բաժանումը, եւ այն ունակ էր պահպանելու հավատարմությունն ու կապվածության զգացողությունը մինչեւ իր գոյության ավարտը: Ներթաքույց նա իր մեջ կրում էր զինվորի հպարտությունը, որը կարող է անել մարդու ուզածդ աշխատանք ու սխրանք, եւ Ֆոմինը երջանիկ էր, երբ հարվածում էր թշնամուն, որ ներաճել էր բետոնի ու հողի մեջ, կամ երբ իր հոգու հուսալքումը վերածում էր հույսի` հաջողության ու հաղթանակի:

Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյան

Աղբյուրը՝ 168.am

Անդրեյ Պլատոնով | Աֆրոդիտե Անդրեյ Պլատոնով | Աֆրոդիտե Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 30, 2022 Rating: 5
Технологии Blogger.